D’Black Blues Orchestra-ն Երևանում է

slug-36197

«Շատ եմ հավանում Էրիկ Կլեպտոնի արվեստը։ ԽՍՀՄ տարիներին բավականին դժվար էր լսել արտասահմանյան երաժշտություն։ Ռադիոընդունիչներով էինք լսում տարբեր համերգներ։ Այդ ժամանակ էր, որ առաջին անգամ լսեցի այն ստեղծագործությունները, որոնք ընդգրկված են նաև մեր առաջիկա համերգային ծրագրում։ Անձամբ չեմ ճանաչում Կլեպտոնին, բայց եղել եմ նրա Լոնդոնի գրասենյակում։ Մակագրել ու աշխատակիցներից մեկի միջոցով ինձ է նվիրել իր կիթառներից մեկը։ Հեռակա կարգով, բայց մենք իրար գիտենք»,-փետրվարի 12–ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեց D’Black Blues Orchestra նվագախմբի ղեկավար և մենակատար Վլադիմիր Ավետիսյանը։

Փետրվարի 14–ին ժամը 19:00–ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում D’Black Blues Orchestra-ն հանդես կգա ճանաչված բրիտանացի երաժիշտ և երգահան Էրիկ Կլեպտոնի 70–ամյակին նվիրված բացառիկ համերգով։ Կհնչեն կատարումներ ինչպես Կլեպտոնի երգացանկից, այնպես էլ Բոբ Մառլիի ստեղծագործություններից։ Համերգին կմասնակցի նաև Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր`Սերգեյ Սմբատյան):

«Նվագախումբը փորձում է ներկայացնել տարբեր ձևաչափեր, ոճեր, բայց այս համերգը շատ եմ կարևորում, որովհետև խոսքը կայացած խմբի մասին։ Կհնչի հայտնի ու սիրված երաժշտություն՝արժեքավոր հնչյունային գամմայով»,-ասաց Սերգեյ Սմբատյանը։DSC04405

Վլադիմիր Ավետիսյանն ու Սերգեյ Սմբատյանը ծանոթացել են ասուլիսից րոպեներ առաջ։ Ավետիսյանն ասում է՝ մեր առաջին երաժշտական հանդիպումը բեմի վրա է լինելու, բոլորի աչքի առաջ։

«Ինչպես երաժշտության մեջ, այնպես էլ կյանքում հաջողությունը գալիս է նրա մոտ, ով ձգտում է, գնում է դեպի իր նպատակակետը։ Տեղում դոփել չի կարելի, դրա համար էլ շատ տարբեր ձևաչափեր ենք փորձում։ Կլեպտոնի երաժշտությունը համառություն և խիզախություն կպահանջի դասական երաժիշտներից»,-նշեց D’Black Blues Orchestra-ի մենակատարը։

2000 թվականին ստեղծված D’Black Blues Orchestra-ն ելույթ է ունեցել աշխարհի տարբեր երկրներում`ներկայացնելով դասական բլյուզային և ջազային ստանդարտները թարմ մոտեցմամբ: Խմբում ընդգրկված են տաղանդավոր երաժիշտ-կատարողներ աշխարհի հինգ երկրներից`Ռուսաստան, ԱՄՆ, Բելգիա, Շվեյցարիա, Իսպանիա: 2008թին նվագախումբն իր երկրորդ ծնունդն ապրեց ղեկավար և մենակատար Վլադիմիր Ավետիսյանի շնորհիվ: Ավետիսյանն իր երաժշտական գործունեության ընթացքում D’Black Blues Orchestra-ի հետ 2013թին համերգներ է ունեցել Դիլիջանում և Արցախում:

Մարզահամերգային համալիրում կայանալիք համերգից մեկ օր առաջ՝ փետրվարի 13-ին Yans ակումբում տեղի կունենա ջեյմսեյշն (Jam Session):

Share

Կարծիքներ

կարծիք