«Լավագույնը Բրիտանիայից»

bff_2016  Քաղաքային կանոնների համաձայն չամուսնացած մարդիկ ձերբակալվում են և տեղափոխվում հյուրանոց։ 45 օրվա ընթացքում նրանք պետք է գտնեն  իրենց կյանքի կեսին։ Եթե չկարողանան, ապա կփոխակերպվեն կենդանու և կհայտնվեն անտառում։

Ռեժիսոր Յորգոս Լանթիմոսի «Ծովախեցգետինը» ֆիլմի հիմքում սիրային պատմություն է, որ տեղի է ունենում ոչ հեռավոր ապագայում։ Մարդը հուսահատվում է, փախչում անտառ՝ միայնակների ապրելու տարածք։ Սիրահարվելը հակասում է անտառի կանոններին։ Կհաջողվի արդյո՞ք մարդուն պահպանել այդ կանոնները։ Պատասխանը կարող ենք տալ ֆիլմը դիտելուց հետո միայն։

«Ծովախեցգետինը», ինչպես նաև «Լեդին ֆուրգոնում», «Միստր Հոլմս», «45 տարի», «Էմի», «Լսիր ինձ, Մառլոն», «Լոնդոնյան ճանապարհ» ֆիլմերը կցուցադրվեն «Մոսկվա» կինոթատրոնում փետրվարի 20-26-ը անցկացվելիք բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնի շրջանակներում։ Փառատոնային ծրագրում ընդգրկված ֆիլմերի մեծ մասը առաջադրված է եղել «Օսկարի»։

«Փառատոնը հրաշալի հնարավորություն է` ներկայացնելու բրիտանական ֆիլմարտադրության լավագույն նմուշները: Մշակույթը հիանալի միջոց է այնպիսի երևույթների մասին տեսակետների փոխանակման համար, ինչպիսիք են մարդու իրավունքները, արդարադատությունը և բազմազանությունը: Առաջարկվող ֆիլմերը, իսկապես, շատ լավն են։ Պատրաստվում եմ գալ ու դիտել դրանք»,- փետրվարի 12–ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը։

DSC04422

Բրիտանական ֆիլմերի 14–րդ փառատոնը կրում է «Լավագույնը Բրիտանիայից» խորագիրը։ Փառատոնի ծրագիրը բազմաժանր է՝ կատակերգությունից և հոգեբանական թրիլլերից մինչև փաստագրական դրամա։ Ֆիլմերի հանդիսատեսը հնարավորություն կունենա ծանոթանալու ժամանակակից Բրիտանիային, բրիտանական հասարակությանը, իմանալու երկրի անցյալն ու ներկան, մշակույթը, ապրելակերպն ու ավանդույթները։ Ֆիլմերը լավ առիթ են նաև անգլերենի իմացությունը բարելավելու համար։

Փառատոնի հատուկ հյուրն է լինելու Սայմոն Ուիլքինսոնը, ով փետրվարի 23-ին և 24-ին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում հանդես կգա «Խորանարդ» ֆիլմ-ներկայացմամբ և  դասախոսությամբ: «Խորանարդը» վիրտուալ իրականության, թատրոնի, կինոյի և լուսանկարչության միաձուլում է: Ուիլքինսոնը հրավիրյալ դասախոս է Նիդեռլանդների կինոակադեմիայում և Լոնդոնի տարբեր համալսարաններում: Ինքն իրեն բնորոշում է որպես միջպլատֆորմային արվեստագետ։ Ուիլքինսոնի աշխատանքը ներառում է աուդիովիզուալ միջոցներ, ինստալյացիա, վիրտուալ իրականություն, էլեկտրոնային երաժշտություն և առցանց ու կատարողական արտահայտչամիջոցներ՝ հաճախ միաժամանակ համատեղելով բոլոր այս մոտեցումները։

Փառատոնը կմեկնարկի «Լեդին ֆուրգոնում» ֆիլմով։ Բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա փետրվարի 20-ին ժամը 16.30-ին «Մոսկվա» կինոթատրոնում։ Ֆիլմերը կցուցադրվեն ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում՝ Ապարան, Դիլիջան և Ալավերդի քաղաքներում։ Բոլոր ֆիլմերի համար մուտքն ազատ է։

Փառատոնը կազմակերպում է Բրիտանական խորհուրդը` ՀՀ Մշակույթի նախարարության, Երևանում Բրիտանական դեսպանատան և Beeline ընկերության աջակցությամբ:

Կարծիքներ

կարծիք