Դանիել Վարուժան. Չարտասանված Նոբելյան ճառ

Հեղինակ:

Հարգարժան բարեկամներ, իմ մանկությունն օրորել են հայրենի գյուղի գետեզերքին թախծող ուռիները: Այդ օրորոցում մի վարդ էր բացվում, ու վախենում էի, թե կդիպչեն նրան: Չէ՞ որ ամեն հպումից թափվում են նրա թերթերը: Վարդը լալիս է աշխարհի առաջին զգացման վրա և չգիտե ինչի համար: Իսկ այդ լացն առաջընթաց ստվերն է մրրկոտ գիշերվա:

Միշտ ցանկացել եմ պատանի տարիքից մրրիկների դեմ մաքառել և գլխով զարնվել Աստծու գաղտնիքներին: Կարողացա մի կողմ թողնել խաղն ու պարը և ընծայվել գաղափարի աշխարհին: Բայց տեսա, որ բնությունը սարսռում է մատներիս տակ, ինչպես մայրական կուրծքը՝ մանկան շուրթերին հպվելիս: Հասկացա, որ աստղերն էլ լեզու ունեն, և որ բնությունն ու Աստված բանաստեղծության ակունքն են: Եվ հիմա, որ այստեղ եմ, հավանաբար, այդ ամենը հասկանալու արդյունքն է:

Ինքս ինձ հաճախ եմ հարց տվել՝ ի վերջո ի՞նչ է ոճը: Մեկ բանում վստահ եմ. այն բառերի ճիշտ իմաստը ըմբռնելու և դրանց՝ միմյանց հետ ունեցած կապը գիտենալու արվեստ է: Մենք բոլորս էլ գրեթե նույն բանն ենք մտածում, բայց տարբերվում ենք արտահայտման կերպով, որն ինքը ոճն է: Ընդ որում, շատ բան իմանալով՝ լավ գրել չես սովորի: Շատ գիտուններ կան, որ գրող չեն, բայց բազում գրողներ կան, որ առանձնապես շատ բան չգիտեն: Արվեստը մի խենթություն է, որը վեր է հեղափոխություններից: Ինքնին լինելով յուրատեսակ կրոնական մոլեռանդություն՝ արվեստն, այնուամենայնիվ, վեր է ամեն մի կրոնից:

Իմ բանաստեղծության ծաղիկները Արևմուտքում ընձյուղ տվեցին, բայց Արևելքի խորշակները փորձեցին չորացնել դրանք: Իմ Մուսան ինձ հարցրեց՝ կուզե՞ս այն ներշնչանքը, որի մեջ կործանիչ ջանքեր կան: Այդ պահին ես չգիտեի, որ խեղճերի սև զգեստների տակ արշալույսներ են շողում, և Մուսաս ինձ ասաց՝ ուզածդ այս դագա՞ղն է, ես ասացի՝ եղավ, տուր: Ես տեսա, որ ամենուր Դևի փորձություններն ու Աստծու համբերությունն են պայքարում, իսկ այնտեղ, այնուամենայնիվ, ժպիտներ են մսուրներում և արշալույսներ՝ սարդոստայններում: Բայց դրսում միշտ հրանոթներն են, հրանոթները, որոնք կրակ ու մահ են փսխում: Եվ ռումբերը պայթում են այնտեղ, որտեղ Բեթղեհեմի աստղն է՝ ածխացած կուպրի պես: Եվ մսուրներում շարունակում են ժպտալ մանուկ Հիսուսները:

Ես բանաստեղծ եմ: Բանաստեղծության հոգին անկեղծությունն է. երբ այն անկեղծ չէ, բանաստեղծություն չէ: Դիմակավոր մարդկանց դեմքը չի լուսավորվի արևից: Տողերը պետք է սրտից ելնեն, երակներից բխեն: Ամեն ստեղծագործություն հեղինակի սրտից պոկված փերթ է՝ թարմ, կյանքով ու արյունով դեռ բաբախուն: Մայր լինել և բանաստեղծ լինել նույն բանն է: Երկուսն էլ արյունով են բաժանվում և անմահանում ուրիշ էակների մեջ. այլ հարց է, որ մեկն ապրում է տասը հոգու մեջ, մյուսը՝ միլիոնների: Բանաստեղծը նկատում է մարդկային ժպիտը, որ միշտ գեղեցիկ է, եթե նույնիսկ պրկված նյարդերի արդյունք է այն:

Բանաստեղծության ներսում բանականությունն է: Ուղեղներ կան, որոնք սպունգներ են, որ ուրիշի հյութն են խմում. դրանք միջակների՛ ուղեղներն են: Ուղեղներ կան, որ լեղապարկեր են. դրանք չարերի՛ ուղեղներն են: Ուղեղներ կան, որոնք աղիքներ են. դրանք փողոցի մարդկանց ուղեղներն են: Ուղեղներ կան, որոնք ավազակույտեր են, երբ անհագորեն կլանում են անձրևը, իրենց միայն Արևը կարող է չորացնել. դրանք բարիների ուղեղներն են: Ուղեղներ կան, որոնք վառոդամաններ են և մի կայծից կարող են պայթել. դրանք հերոսների ուղեղներն են: Ուղեղներ կան, որոնք ադամանդներ են, առանց մեկ ուրիշից լույս խլելու լույս են սփռում շուրջը, նրանք ոչ թե ծռվում են, այլ փշրվում և չեն մարում. դրանք բանաստեղծների ուղեղներն են: Ուղեղներ կան, որոնք արևների շուրջն են պտտվում, արարածներ են ապրեցնում, նրանց ոչ ծնունդն է հայտնի, ոչ էլ վախճանը, նրանք պատկանում են հավիտենությանը. դրանք հանճարների ուղեղներն են: Եվ մի ուղեղ կա, որին մյուս ուղեղները մտքով մերժում են, բայց սրտով՝ ընդունում. դա Աստծո ուղեղն է:

Գրականությունը երկու թշնամի ունի՝ լրագրությունը և քաղաքականությունը: Նրանք դարանակալել են գրականությանը և սպասում են իրենց ժամին: Ես ոչ թե դեմ եմ լրագրությանն ու քաղաքականությանը որպես այդպիսինների, այլ ըմբոստանում եմ, երբ նրանք փորձում են գրականության անունով ներկայանալ կամ այդ գրականությունը զենք դարձնել իրենց նպատակների համար: Եվ նրանք խոսում են միայն համընդհանուր մարդու անունից: Դա կարևոր է գիտակցել մանավանդ իմ տառապյալ ժողովրդի պարագայում, քանի որ ինչպես ինքը՝ ժողովուրդն է ասում, «Ուր դիակ կա, այնտեղ ագռավներն են հավաքվում»: Եվ մենք՝ հայերս, որ այդպիսի ագռավների պակաս չենք զգացել, մանկան մեջ Մարդուն փրկելու փոխարեն պարտավոր ենք նրա մեջ վտանգված Հայությունը փրկել: Իր ազգին օգտակար եղողն անպատճառ կարող է օգտակար լինել Մարդկությանը: Առանց հայ հոգու չկա հայ գրականություն և հայ արվեստ: Ամեն ճշմարիտ արվեստագետ միայն իր ցեղի հոգին է արտահայտում: Հայ հոգին իմացական տիեզերքում մի տարր է, որի հայտնությունը պետք է զարմացնի մտածող մարդկությանը: Պարզել այդ հոգին. սա է ամեն հայ արվեստագետի պարտականությունը: Ես հայ հոգին տեսնում եմ գողթան ու միջնադարյան փանդիռների լարերի վրա, մեր ժողովրդական ավանդավեպերում: Գիտեմ, որ ամեն հայի մեջ թաքցված է այդ հոգին, որը եթե ուզում է ազատագրվել, պիտի խոսի: Հայ հոգին Լույսն է, Ուժն է, կյանքն է՝ մարմնավորված Արիական ցեղի մեջ: Եվ հայ արվեստը մի սրբազան խենթություն է, որ վեր է ամեն հեղափոխություններից և հետադիմումներից: Եվ վերջապես, այն ազգը, որն ուզում է ապրել, պետք է ստեղծի: Եվ տաճար պետք է կանգնեցնի: Ես ուզում եմ ծառայել նրա կառուցմանը: Մեր հայկական և խորապես արիական հոգին՝ մերթ անսպասելի և տարօրինակ, թերևս երբեմն անախորժ, թերևս ըմբոստացող, բայց միշտ անկեղծ է: Ես ուզում եմ կերտել այդ հոգու տաճարը: Եվ ով հավատում է դրան, թող ներս մտնի՝ դռան առջև թողնելով անցյալն ու ներկայի հանդեպ նախապաշարումները:

Ես միշտ երգել եմ ոչ թե սրբերին կամ հանճարներին, այլ Հերոսին: Դա ինձ ստիպել է իմ ժողովրդի ճակատագիրը: Իսկ ո՞վ է նա՝ այդ Հերոսը: Հները նրան աստվածների դասին էին վերագրում, հներն իրենց կրոնները հենց հերոսներից բխեցրին. և բարձրացան մարդուց դեպի հերոսը և հերոսից առ Աստված: Նրանք Հերոսի մեջ տեսան Աստծո սաղմը: Բայց հերոս լինելու համար հարկավոր է, որ մարմինը հոգուն հավասար աստվածանա: Մարգարեն տեսնում է ապագան, Հերոսը նախապատրաստում է այն: Մեկը օրենսդիրն է, մյուսը՝ գործադիրը: Առաջինն Աստծո դեռ չսերմանված խոսքն է հնձում, մյուսը դեռ չհնձված խոսքն է սերմանում: Եվ Հերոսը մոտ է երկրաբնակներին, որոնց ձեռքերին հաճախ խառնվում է իր ձեռքը, նրանցից առնում է և՛ վահանը, և՛ սուրը: Իմաստասերները գալիս են շաղվելու առաջադիմության շաղախին, բայց Հերոսն է, որ դնում է հիմքը ապագա լավագույն կյանքի շենքի, մինչև որ կերտվի քաղաքակրթության տաճարը:

Հերոսը զոհ է, իսկ այդկերպ զոհը՝ Հերոս: Ես էլ փորձեցի այդպես վարվել: Նայեցի շուրջս, փնտրեցի մեծ մարդկանց, մեծ կրքեր և ուժ փնտրեցի, բայց չգտա: Եվ հայացքս շրջվեց դեպի անցյալ, որտեղ փնտրեցի այդ ամենը միացնող գեղեցկությունը: Ես տեսա, որ Գեղեցկությունը ծնվում է միայն Զորության հորձանքից, ինչպես մարգարիտը՝ օվկիանի անդունդներից: Եվ ներխուժեցի այդ մարգարտածին անդունդները, որ հեթանոսական աշխարհ է կոչվում: Եվ ծնրադրեցի Գեղեցկության արձանի առջև, կամեցա լինել նրա մարմարե հիմքը, որ Օլիմպոսի ամենախոր արգանդից է  ծնունդ առել: Եվ կամեցա, որ նա մերկ լինի բանաստեղծի՛ հոգու պես, և որքա՜ն կամեցա ինքս ինձ զոհել նրա բագինի վրա… Եվ երգեցի փառքը ասպետական դարերի մեծազոր կենցաղի, ուր պաշտվում էին Գեղեցիկն ու Զորությունը և անմահ գեղեցկության խորհրդանիշ դիցուհուն: Փառքը երգեցի հին դարերի ասպետի, որի զրահապատ կրծքի տակ բաբախում էր հավետ անձնվեր մի սիրտ, և բաբախում էր նա հանուն գեղանի կնոջ: Փառաբանեցի նրանց վիշապասպան թրերը, որոնք չէին հասցնում ժանգոտել: Եվ գեղանի կանայք իրենց տարփանքն ու համբույրը տալիս էին ոչ թե ոսկե հորթերին, այլ քաջ առյուծներին: Ամբողջ սրտով երգեցի հին դարերի փառքը, երբ մարդիկ հզոր ու անկեղծ էին գինու պես: Բայց, ավաղ, մեր բոլոր անտառներն ու ծովերը, աղբյուրներն ու խաղաղ երդիկներն ամայացան, և այժմ հայ մարդն ընկած է մի օտար խուլ աստծու գարշապարի տակ: Այսօր առաքինի քաջության տեղը բռնել է նենգությունը, հոլանի տեգի փոխարեն պատյանի մեջ թաքցրած դաշույնն է, որ շողում է մթան մեջ և ժանգոտում արևի ազնիվ շողերից: Եվ բոլոր ոճիրները լռության այդ խավարի մեջ են դարբնվում մխոտ ճրագի լույսի տակ ծռված գունատ մարդկանց կողմից: Եվ, գիտե՞ք, առհասարակ բոլոր ոճիրները գործում են միայն այն ժամանակ, երբ ննջում է արեգակը:

Բարեկամներ, ինձ համար բանաստեղծությունը մի մեծ ճանապարհ է դեպի լույսի աղբյուրը, որը երկնային հանքերի մարմարն է, որով Արվեստը մի անմահ երազով կերտում է ձյունամարմին աստվածներ, և նրա գրկում են ծնվում տիեզերական Հոմերոսներն ու Դանթեները, այդ լույսի գրկում է ծնվում իմաստությունը, որը խոր գիշերվա պահին բանաստեղծները կլանում են աստղերից: Լույսն իրեն ամբողջովին տալիս է ամենքին, ամենքին տրվում է, բայց ինքը մնում անտրոհելի: Ես ուզում եմ, որ ինձ խաչ հանող մարդիկ միայնակ թողնեն ինձ դեպի լույսը գնալու իմ ճամփին: Այնքան մենակ ու լուռ լինեմ, որ լսեմ սրտիս զարկերը: Չեմ ուզում, որ նրանք արևով լի ուղեղիս վրա սփռեն իրենց շուքը արծվի մռայլ թևի պես և չկանչեն ինձ իրենց զվարթ խնջույքներին, որտեղ պղծվում են լույսի  նվագները:

Երկար է  դեպի լույսը տանող ուղին՝ դժվարին ու տատասկոտ, ճառագայթի պես շեղ է այն: Եվ այժմ այս բարձր պարգևին արժանանալու պահին այնուամենայնիվ զգում եմ, որ սիրտս մի դատարկ սափոր է, բայց, միևնույն է, գնում եմ դեպի աղբյուրը լույսի: Լույսը բարի է, իր բարձրության մեջ՝ հոսանուտ, խոնարհումի մեջ՝ արդար:

Վերջում չեմ կարող չհիշել այս դրվագը: Մի օր մորս հոգու մի մասը տեսա իր դալար շիրմի վրա: Այն նման էր մեծ, սպիտակ թիթեռնիկի և թևածում էր պատուհանիս դիմաց: Եվ պարզ եղավ ինձ համար. դա՛ է լույսի աղբյուրը:

 

Անդին 6, 2015

տեսաֆիլմը՝ այստեղ

Կարծիքներ

կարծիք