Մեր ժամանակների ծաղկողը

DSC08684

1990-ականներն էին, երբ գյումրեցի Սարգիս Սարգսյանը սկսեց  հետաքրքրվել մանրանկարչությամբ։ Սարգսյանի խոսքով՝ երկրաշարժից հետո ամեն բառ շուռ էր եկել, ինչն էլ մի նոր բան ստեղծելու ցանկություն էր առաջացրել։ Սկսել է միջնադարյան ծաղկողներին ուսումնասիրելուց, հետո ստեղծվել են հեղինակի առաջին մագաղաթանման թերթիկները։

Այսօր արդեն Սարգիս Սարգսյանի «Ձեռագիր մատյան» առաջին ցուցահանդեսը ներկայացված է Նարեկացի արվեստի միությունում։ Ցուցադրված 7 մատյանները հեղինակի նվերներն են ընկերներին և ընտանիքի անդամներին։ Ցուցահանդեսի առիթով խնդրել է ու բերել։ Սարգսյանի թոռնիկը՝ Լևոնը, չգիտի, որ գիրքն այս պահին իրենց տանը չէ, թե չէ շատ կտխրի։

«Լևոնը դեռ երկու տարեկան չկա, բայց շատ ուշադիր է իր «Նարեկի» հանդեպ։ Ոչ ոքի չի թողնում ձեռք տալ։ Ասում է՝ գիրք, պապի, այսինքն՝ պապիկի գիրքը։ Հուսամ՝ երբ մեծանա, գիրքը կփոխանցի իր թոռներին և այդպես շարունակ»,-«Անդինի» հետ զրույցում անկեղծացավ Սարգիս Սարգսյանը։

Ձեռագիր մատյանի ստեղծումը բարդ աշխատանք է։ Ամեն մատյան մեկ տարվա ստեղծման պատմություն ունի։ Թղթերը մի քանի մշակման փուլ են անցնում մինչև մագաղաթանման դառնալը։ Այս է պատճառը, որ մատյանները տեսնելիս հեղինակին հաճախ են հարցնում՝ ո՞ր դարի աշխատանք է։

«Կան նկարիչներ, որ կարծում են, թե մեր մանրանկարչությունը կորած, նեխած վիճակում է։ Ասում են՝ ի՞նչ պետք է, հասկացանք, Մատենադարան ունենք, հերիք է։ Ես համամիտ չեմ։ Դեռ շատ բան կարող ենք անել»,-վստահեցնում է Սարգսյանը։

Դպրոցական տարիներին Սարգսյանը սովորել է Գյումրու Մերկուրովի անվան նկարչական դպրոցում։ Ասում է՝ ամբողջ Հայաստանի դարբնոցն էր։ Բարձրագույն կրթություն է ստացել Գյումրու Մ․Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի ֆակուլտետում։ Երկար տարիներ մանկավարժական գործունեություն է ծավալել ինչպես  դպրոցներում, այնպես էլ իր ուսանած համալսարանում։ Հարցին, թե ինչպես ստացվեց, որ անցում կատարեց դեպի մանրանկարչություն՝ կեսկատակ-կեսլուրջ պատասխանեց, թե՝ ֆիզիկա-լիրիկա կապված են․ «Կային «Ավետարաններ», «Նարեկներ», բայց ոչ նկարազարդված, պարզապես մի գրքից մյուսն արտագրված։ Որոշեցի, որ իմ «Նարեկները»  պետք է առաջինից մինչև վերջին էջը լինեն նկարազարդված ըստ թեմայի, ըստ գլուխների»։

Ներկա պահին Սարգսյանը պատրաստվում է ավարտել «Տիրամայրը» մատյանը, ստեղծել «Ավետարանն ըստ Հովհաննեսի»՝ չորս ավետարանիչների շարքը ամբողջացնելու համար։ Մտադիր է հետագայում ձեռագիր մատյանի վերածել նաև Մովսես Խորենացու, Եղիշեի «Հայոց պատմությունները»։

Նարեկացի արվեստի միությունում «Ձեռագիր մատյան» ցուցահանդեսը բաց կլինի մինչև փետրվարի 14–ը։

 

DSC08650 DSC08670 DSC08691

Կարծիքներ

կարծիք