Սիամանթո. Չարտասանված Նոբելյան ճառ

Հեղինակ:

Մեծահարգ լսարան, պիտի հայցեմ ձեր ներողամտությունը, քանի որ այս ճառը ոչ միայն, ավելի ճիշտ՝ ոչ այնքան գրականության, որքան նրա ակունքներից մեկի՝ մեզ շրջապատող աշխարհի մասին է: Այս բարձր պարգևին արժանացած մարդկանցից իրավացիորեն ակնկալվում է կյանքի և հույսի խոսք: Սակայն պիտի հիասթափեցնեմ ձեզ, ավելին՝ տխրեցնեմ: Միակ արդարացումս թող լինի ժողովրդիս ու հայրենիքիս ճակատագիրը, որը մարմին առած ահա կանգնած է ձեր առջև:

Այս պահն ինձ հիշեցնում է մի անսկիզբ ու անավարտ մենախոսություն, և որքան էլ այս սրահում լուսավոր է, բայց ես այժմ նման եմ մի ստվերի, որ գիշերվա մեջ արթուն կանգնած խոսում է ինքն իր հետ: Ձայնս, ինչպես տեսնում եք, դողում է, սիրտս լեցուն է սիրով, բայց ոտքերս՝ մոխիրների մեջ, և ինքս էլ, հավատացեք, ավելի գեղեցիկ, քան այն, ինչ կասեմ ձեզ: Իմ հայացքից և՛ արցունք, և՛ կայծեր են արձակվում, և հոգիս միայն և միայն Ցեղիս հոգին է: Եվ այսօր ուզում եմ միաժամանակ լինել և՛ իմ տառապանքի զոհը, և՛ երազանքներիս հերոսը: Հայրենիքիս վրեժն ու տառապանքը ուղեղիս մեջ՝ արյան քաղաքներից ուրիշ քաղաքներ և գյուղերից գյուղեր եմ քայլել, քայլել եմ հոգնած ու ըմբոստ, ճշմարտախնդիր ու մենակ: Ձայն չկար: Ամենուրեք մռյալ լռություն ու ավերակներ, ամեն երդիկ՝ փլուզված իր տանտիրոջ վրա, և ամեն աղբյուր՝ լռած իր երջանիկ երգի վրա: Արյամբ ոռոգված արոտավայրեր և գերեզմանոցներ հիշեցնող գինու հնձաններ, ճամփաների վրա՝ որբերի լաց ու կոծ, այրիներ ու դառնադեմ հուսահատներ, անագորույն օրենքի դեմ ծառացած ըմբոստներ և ջախջախված նորածիններ գետեզերքի քարերի դեմ: Արդարություն պաղատողներ և ուրիշներ, որ տակավին փաթաթված են խաչափայտերին: Մոխիրներից դուրս ցցված դիակներ, ավազանների վրա լողացող դիակներ, կիսամեռ մարդկանց ձեռքեր, որ դեռևս կյանքի արեգակն են աղերսում, այլք, որ կուզեին դեռ ապրել մահվան ճանապարհից անդին, և քիչ այն կողմ՝ հայրենի հողը ողբացողներ: Եվ ահա չգիտեմ՝ դիակների այդ անեզրությունն ինչպես չափեմ, արյուն է, որ բուրում է, և ես՝ թափառականս, արյուն է, որ կշնչեմ: Տեսնես երբվանից են տխրաքայլ ոտքերս այսպես կպչում կարմիր հողին, և ինձ թվում է, թե այստեղ մարդ արարածը ո°չ ծնվել է, ո°չ էլ մեռել: Սա երևի չարաշուք բնությունն է, որ իր կողերից դիակներ է արարել, և երկինքն իր աստղերից մեզ վրա է թափում իր արյունը: Ես՝ տարիների ճամփորդս, հարցնում եմ ինձ՝ ո՞ւր է ճամփաս, ո՞ւր է սուրս, ո՞ւր՝ վերարկուս, ո՞ւր՝ լապտերն իմ սարսափի: Ի վերջո, նպատակս պարտվե՞ց, թե՞ արժանի չեմ նրա խոսքին: Այս ի՞նչ կնճիռ է ակոսել ճակատս, խղճի խայթի՞ կնճիռը, թե՞ բռնակալ ժամանակի: Ո՞ւր են այն փարոսները, որոնց լույսերից արբած այստեղ հասա: Եվ ե՞րբ մարեցին այդ լույսերը: Եվ հանկարծ մի ձայն եմ լսում. «Ոչ, դեռ վառվում են լույսերը, առաջ գնա, դեռ վառվում են»: Դա ջրի ձայնն էր. ճանաչեցի. Եփրատն էր: Ահա և Վանա ծովը, որն ասաց. «Առաջ գնա Արարատից էլ անդին»:

Այժմ գամ այն հարցին, թե երբևէ ինչ էր ինձ համար Հույսի ճամփան: Ես, որ կարծում էի, թե ի՛նքս պետք է լինեմ Հույսի առաջնորդներից մեկը, ավաղ, ոչ իմ կամքով կանգ առա ճանապարհիս սկզբին և ստիպված եղա լսել այդ մարմարեղեն Հույսի՝ ինձանից ավելի հսկա ռահվիրաներին, որ ըմբոստության ապառաժներն իրենց արյունած ճակատներին և աչքերից անասելի արհավիրքների շանթեր արձակելով, փշրվող ատամների տակ հրաշեկ դաշույններ պահած, ավերակների մի քառուղու վրա կանգնած՝ ինձ ասացին, որ ես ընդամենը մի երազող եմ, որ տառապանքի տեսարաններից սարսափահար՝ իմ երգերի եղերական հանգիստն եմ միայն տալիս տառապյալ եղբայրներիս: Եվ պատգամեցին ինձ, որ նվիրական ցավը նետեմ նույն ցավի մեջ, քանի որ ի վերուստ կոչված եմ ողջակիզվելու, և երբեք չհամարձակվեմ խռովել ընկածների խաղաղությունը և Տառապանքը դարերի համար միայն քանդակեմ: Միևնույն ժամանակ, Հույսի առաջնորդներն իմ տեսիլներում պատվիրեցին ինձ մոլեգնաբար Մահը հոտոտել, չէ՞ որ Հույսի ճամփաները բացելու համար անհնար է չբախվել Մահվան հետ, և որ միայն այդ դեպքում Երազի երիվարները Հաղթանակի բարձունքներում կկանգնեն: Եվ ես վճռեցի լսել մեռյալների ձայնը, որ գերեզմանների և քանդված քաղաքների տակից բարձրանալով և փրկության հույսերով կենդանացած՝ դեպի Հույսի բացատներն էր տարածվում: Ես նրանց հավատքի կիրքը տեսա և սիրտ առա, նրանց ուսերին տեսա ծանր քարերն ու սև խաչափայտերը, և տեսա գլխավորը. նրանք միմյանց համար անվերջ մեռնելու երդումներ էին տալիս իրար: Եվ նրանք, որ մեր ընդվզումի հերոսներն էին, որոնց խոսքերը մեր խոսքերն էին, պիտի հոգի դառնային ու մեր պաշտապունքը դառնային առհավետ: Հույսի ճամփի որոնումներում ես տեսա պայծառորեն մոտեցող առավոտը և ճանաչեցի Հույսի ռահվիրաների հոգին և մի կողմ թողեցի երազելը և նորից կյանք առա՝ հանուն այդ  վայրկյանի և հավերժության: Նրանք իմ՝ արդեն կտրիճ ձեռքս տվեցին փայլակե սուրը, և դրանով մաքուր աստղերի ներքո խաչաձևցի՝ որպես նրանց և իմ երդում: Եվ վերջում ասացին ինձ. «Փորձիր գեթ մեկ անգամ ինքդ քեզանից բարձրանալ և եթե կարող ես, մեզ հետ քայլիր»: Եվ ես վճռեցի. դա՛ է Հույսի ճամփան:

Հույսի ճամփան գտնելով՝ ես սպասեցի արշալույսներին: Բայց ահա թե ինչ տեսա: Նահատակներն ասես կյանք էին առել ու երգում էին, թե այսուհետև թող մեր երգերը իրենց երգերը լինեն, և մեր պողպատե սուրերը ծիածանի պես մինչև երանելի Նպատակը հասնելը լուսավորեն մեր քարքարոտ ու դաժան, մութ ու անողորմ ճամփան: Որքան էի ուզում, որ այդ եղերալույս երգը դադարեր, և անծայրածիր ու հեռավոր արտերում հայտնվեին բոլոր երիտասարդ հերկողները մեր վաղնջական հողերի և իրենց խելահեղ եզները լծած՝ համառորեն արորեին իմ հայրենիքի արգասավոր արշալույսները:

Վրեժի մասին: Ես գիտեմ, որ իմ քնարը Հայրենիքի կարոտն է երգում այնպես, ինչպես որ բազում դարերի հեռվից հայոց վրեժն է իր երգը մեզ երգում: Եվ ես կամեցա քնարիս լարերը զենիթի շանթերից խուրձ առ խուրձ հափշտակեմ, բարձրացնեմ ձեռքերս և գիշերվա դեմ կարկառեմ, կամեցա, որ գլուխս փառազարդվի առավոտյան աստղերի լուսածոր բույլով, և խնկարկեմ անմահության տաճարներին, ծնրադրեմ և պաշտեմ Հայրենիքս, և երբ ժամը հասնի, ողջակիզվեմ նրա համար, փշրեմ հողեղեն ճակատս նրա մարմարե կոթողին և գոչեմ ի լուր աշխարհի. «Ես եմ, ես եմ, ես եմ, իմ անունն է Պայքար և վախճանս՝ Հաղթանակ»: Եվ իմ ստեղծագործական ճանապարհի մի կարևոր հանգրվանին լսեցի ամենաթանկ ձայնը՝ Հողի ձայնը: Հետո հասկացա, որ դա հենց ի՛մ ձայնն էր: Եվ ես ասում եմ: Եթե ուզում ենք, որ մեր հինավուրց ազգը հարատևի, որ երկիրը ներքուստ ևս մեկ անգամ չկործանվի, որ ազատության հերոսներ նորից ծնվեն, որ հայոց գետերը դիակներով բեռնված չգալարվեն, որ աստղերը շողան, և բլուրները ծաղկեն, եթե ուզում ենք, որ մեր աղբյուրները երազների պես ճառագայթեն, որ մեր բարեբեր դաշտերը նորից իրենց ցորյանները ծովացնեն, որ մայրության կաթով մեր այգիները ոռոգվեն, որ արշալույսները մերկանան, և արեգակները ծագեն, որ մեր հովիտներն այլևս մահվան շնչի տակ չհեծկլտան, որ սերունդները բարգավաճեն, և հողի դեմքը գոնե մեկ անգամ ժպտա, եթե ուզում ենք, որ տիրի խաղաղություն մեր տանը, որ մեր տաք արյունը չհոսի մեր հողի քարերի վրա, եթե ուզում ենք, որ մեր Վրեժը հատուցվի և մեր ատելությունը լռի, որ Արդարությունը հաղթանակի և իր ոստանը կառուցի, եթե ուզում ենք, որ Հայկաշենն ու Արմավիրը, Տիգրանակերտն ու Արտաշատը վերականգնվեն, որ մեր հոգիները զորանան և մեր ճակատները լուսավորվեն, ուրեմն պիտի լսենք Հողի ձայնը և հասնենք նրան արիացման անդառնալի ընդվզումներով, հուսավառված, սպառազեն ու հաղթանակով:

Այժմ ճարահատյալ պիտի ասեմ այն, ինչ այնուամենայնիվ տեսնում եմ այս պահին: Տեսնում եմ այնպես թանձր ու առարկայական, ինչպես ձեր դեմքերը, ինչպես այս սրահը, ինչպես այս աշխարհը: Բոլոր կյանքերը պիտի կործանվեն, բոլոր ամուսնական զույգերը պետք է այրիանան, բոլոր այրիները պիտի մեռնեն, բոլոր նորածիններն իրենց արյունոտ օրորոցներում այդպես էլ կյանք չտեսած աչքերը մահվան մեջ են բացելու, բոլոր դիակները մեկ անգամ ևս պիտի հոշոտվեն և սրածվեն իրենց կտավե պատանքներում, առավոտյան բոլոր արգասաբեր արտերն ու խարտյաշ հունձքերը, այգեստաններն ու ծաղկադաշտերը պիտի մոխրանան, բոլոր վանքերն իրենց գմբեթներով պիտի քանդվեն, բոլոր քաղաքները պիտի մնան քաղաքների, իսկ գյուղերը՝ գյուղերի տակ, իսկ բերդերը, պատնեշներն ու աշտարակները այս ամենի տակ պիտի մնան:

Բայց ինչպես ամեն ինչ այս աշխարհում, մահը նույնպես հոգնեց, և Արևմուտքը մեզ իր սրբության մատյանը բերեց մի կտոր հացի հետ: Եվ այդ կեղծ ձեռքերը սկսեցին մեր մատաղ հոգիների մեջ իրենց ստի սերմերը ցանել: Խոսեցին աստվածների անունից, փրկության դռներ ցույց տվեցին, իբր ողորմություն ցնցոտիներ նետեցին մեր մերկ ու չորացած մարմինների վրա, թակարդներ հյուսեցին մեր անբիծ անմեղությունը վանդակելու համար և թշնամու սուրերի փոխարեն իրենց շահախնդիր ու մեղավոր խաչերը շարժեցին: Իրենց բարի ժպիտը կեղծ էր, խոստումները՝ մահաբույր, նայվածքը՝ ծածկամիտ: Իրենց բուրվառի մեջ մեր արյունն էր, որ խունկի պես կծխար, իրենց սկիհը և մեզ նետված հացը լցված էին մեր արցունքով: Ահա այդչա՛փ էր մեր թշվառության և տառապանքի գինը: Նրանք էին, որ ծամածռեցին Քրիստոսի խոսքը՝ օրհնաբանելով ստրկության օրենքները, և ուզեցին մեր դողդոջ կյանքի վրա Արևմուտքի սակարանների հիմնաքարերը շարել: Մենք ապրել էինք ուզում, մեր կապանքները փշրել էինք ուզում, մեր աչքերը սրբել էինք ուզում, որովհետև մենք էլ նախահայր էինք և՛ գեղեցկության, և՛ զգացումի, և՛ ազգերի: Մենք հպարտ էինք մեր անցյալով, մեր մտքերով, մեր ուժով և կարմիր փառքով, մենք էլ մեր ոսկի ձայնն ենք ունեցել հնօրյա մարդկության մրրիկներում: Մենք էլ երգեր ենք երգել և հաղթել, ճարտարակերտել և ոստաններ կառուցել: Մենք էլ եղել ենք ջահակիր, սերմնացան, գաղափարապաշտ, և՛ արքա, և՛ դյուցազուն: Եվ վերստին ապրել ենք ուզում: Եվ ես ասում եմ իմ ժողովրդին, որ իր ձեռքերը հետ քաշի օտարի հպումից, նրանք մեր փլատակների վրա իրենց կեղծ քարոզը կուզեն ցանել: Իսկ ես ձեզ հետ եմ, ո՛վ մահվան արգանդից նորից արարվող որբեր: Մենք պիտի՛ ապրենք կյանքի համար, հույսի համար, արգասաբեր հողի և մայրական Հայաստանի համար:

Դե ինչ, ահա և ձեզ ընծայեցի իմ ժողովրդի արյան վերջին սափորը: Ըմպեցեք այն ցմրուր, եթե դրան դեռ ծարավ եք:

Անդին 6, 2015

 

տեսաֆիլմը՝ այստեղ

Share

Կարծիքներ

կարծիք