Մահվան ֆուգա

Հեղինակ:

 

Սև կաթ վաղորդայնի մենք այն խմում ենք երեկոյան

մենք խմում ենք կեսօրին և առավոտյան խմում ենք գիշերը

խմում ենք և խմում

մենք օդերում գերեզման ենք փորում այնտեղ ազատ կարելի է պառկել

Տանը մի մարդ է ապրում նա խաղում է օձերի հետ նա գրում է

երբ մթնում է նա գրում է Գերմանիա քո ոսկյա մազերը Մարգարետ

նա գրում է այսպես և ելնում է տան դեմ և աստղերն են շողում նա սուլելով կանչում է իր գամփռներին

նա սուլելով դուրս է կանչում իր հրեաներին ստիպում է հողում մի գերեզման փորել

նա մեզ հրամայում է իսկ հիմա մի պարեղանակ փչեք

Սև կաթ վաղորդայնի մենք քեզ խմում ենք գիշերը

մենք քեզ խմում ենք առավոտյան և կեսօրին մենք քեզ խմում ենք երեկոյան

խմում ենք ու խմում

Տանը մի մարդ է ապրում նա խաղում է օձերի հետ նա գրում է

երբ մթնում է նա գրում է Գերմանիա քո ոսկյա մազերը Մարգարետ

Քո մոխրե մազերը Սուլամիթ մենք օդերում գերեզման ենք փորում այնտեղ ազատ կարելի է պառկել

Նա գոչում է բահերը ավելի խոր խրեք հողը դուք այդտեղ և դուք այնտեղ երգեք և նվագեք

նա քաշում է ատրճանակը գոտու տակից ճոճում է այն նրա աչքերը կապույտ են

բահերը խոր խրեք դուք այդտեղ և դուք այդտեղ շարունակեք պարեղանակ փչել

Սև կաթ վաղորդայնի մենք քեզ խմում ենք գիշերը

մենք քեզ խմում ենք կեսօրին և առավոտյան մենք քեզ խմում ենք երեկոյան

խմում ենք ու խմում

Տանը մի մարդ է ապրում քո ոսկյա մազերը Մարգարետ

քո մոխրե մազերը Սուլամիթ նա խաղում է օձերի հետ

Նա գոչում է ավելի քաղցր նվագեք մահը գերմանացի վարպետ է

Նա գոչում է ջութակները ավելի մռայլ հնչեցրեք ապա ծխի պես ելեք օդ

այնտեղ դուք ձեզ մի գերեզման կգտնեք ամպերի մեջ այնտեղ ազատ կարելի է պառկել

Սև կաթ վաղորդայնի մենք քեզ խմում ենք գիշերը

մենք քեզ խմում ենք կեսօրին մահը գերմանացի վարպետ է

մենք քեզ խմում ենք երեկոյան և առավոտյան խմում ենք ու խմում

մահը գերմանացի վարպետ է նրա աչքերը կապույտ են

նա դիպչում է քեզ արճիճե գնդակով նա քեզ ինչ դիպուկ է դիպչում

տանը մի մարդ է ապրում քո ոսկյա մազերը Մարգարետ

նա մեզ վրա է բաց թողնում իր գամփռներին նա մեզ մի գերեզման է նվիրում օդում

նա խաղում է օձերի հետ և երազում մահը գերմանացի վարպետ է

քո ոսկյա մազերը Մարգարետ

քո մոխրե մազերը Սուլամիթ

 

Թարգմանությունը` Հակոբ Մովսեսի

 

Անդին 6, 2015

Կարծիքներ

կարծիք