Չարտասանված նոբելյան ճառեր: Անդինի հյուրն է Արթուր Բախտամյանը

Հեղինակ:

ԼուսանկարԵրբ ամիսներ առաջ Լևոն Գալստյանը Անդինի խմբագրությունում հատվածներ էր կարդում Ռուբեն Սևակի` երբևէ չարտասանված նոբելյան ճառից, մենք չէինք էլ կարող պատկերացնել, որ այսօր այդ տողերը պետք է մի հրաշալի ֆիլմի հիմք դառնան: Իսկ օրեր առաջ մեր խմբագրությունում հյուրընկալեցինք ֆիլմի հեղինակ Արթուր Բախտամյանին և զրուցեցինք այդ չարտասանված նոբելյան ճառերի մասին:

 

 

 Մեկուկես միլիոնը՝ թվաբանություն

 

-Երբ բոլորում էր Մեծ եղեռնի 100-ամյակը, կատարվածը վերագնահատելու մեծ պահանջ կար, բայց ոչ թե պատմական իրականության և վիճակագրական տվյալների մեջ, այլ դրանից դուրսª արժեքների դաշտում:

Մեկուկես միլիոնն այսօրվա մարդուն մի քիչ բթացած թվաբանություն է հիշեցնում, որից անդին նա չի տեսնում առանձին անձանց, հենց ում կորուստը որակի պակաս դարձավ: Եվ Լևոն Գալստյանի հետ, ով ֆիլմի սցենարի հեղինակն է, մենք ընտրեցինք Նոբելյան մրցանակի ձևաչափը, որտեղ պետք է երևա ու տեսանելի դառնա մարդկային այն տեսակը, որը կորսվեց մեկուկես միլիոնի մեջ և ավելի մեծ կորուստ դարձավ, քանի որ վտանգեց որակը և ոչ միայն քանակը:

Նախա•իծը մեկ ընդհանուր՝ «Չարտասանված նոբելյան ճառեր»  խորագրի ներքո չորս կարճ մասերից բաղկացած ֆիլմաշար է: Ֆիլմը մտահայեցողություն է, թե ինչպիսին կլինեին հայ այս չորս գրողների Նոբելյան ճառերը, եթե նրանց կյանքը չընդհատվեր 1915-ին:

 

 

Ինչո՞ւ հենց Նոբելյան ճառ

 

-Նոբելյան մրցանակը գրականության ոլորտում իր նշանակությամբ շատերին է հայտնի: Այս հեղինակավոր մրցանակին գրողներն արժանանում են իրենց ստեղծագործություններում բարձր արժեքների, մարդասիրական գաղափարների արծարծման և այլ հատկանիշների դրսևորման համար: Մենք ընտրեցինք Ռուբեն Սևակի, Սիամանթոյի, Դանիել Վարուժանի և Գրիգոր Զոհրապի կերպարները ոչ միայն այն պատճառով, որ նրանց կենսագրությունները հոմանիշվում են Ցեղասպանությանը, և մեզ քիչ թե շատ ծանոթ հեղինակներ են, այլև ժամանակի ընթացքում ավելի խորը ուսումնասիրելով նրանց ստեղծագործությունները՝ մենք եզրահանգեցինք, որ այս անուններն աներկբա կարող էին գրվել համաշխարհային գրականության կարկառուն անունների կողքին, և նրանց ճառերը ևս արժանի կլինեին հնչելու Ստոկհոլմի հանդիսաշատ բեմից:

 

Եթե հայ գրողների կյանքը չընդհատվեր 1915-ին

 

-Մենք չենք փորձել նախորդ դարասկզբի պատմական իրականությունը վերաբեմադրել, դիտողը չի տեսնի այն ժամանակների Կոստանդնուպոլիսը, այլ հարյուր տարի անց նույն քաղաքը, որտեղ ապրել ու ստեղծագործել են այդ գրողները՝ իրենց անցյալի հիշատակներով: Եվ նրանց երբևէ չարտասանված նոբելյան ճառն արտասանվում է այսօրվա Ստամբուլի փողոցներում, քաղաքային եռուզեռի մեջ՝ ցույց տալով, թե որքան հեռատես են եղել այդ գրողները, ում չարտասանված խոսքերը այսօր էլ համահունչ են ժամանակի բութ արևելյան և անտարբեր եվրոպական բզզոցի մեջ:

Նրանք Պոլսի հազարամյա բնակիչն էին և քաղաքային մշակույթի կրողները, նրանց պակասը այսօր ոչ թե ապրելու ավելի մեծ տարածք է ստեղծել թուրքերի համար, այլ անտերություն է առաջացրել այն արժեքների նկատմամբ, որ ստեղծել է հայի այդ հզոր տեսակը:

Ֆիլմում գրողին մարմնավորող կերպար, որպես այդպիսին, չկա: Լուսային հնարքների, ստվերների միջոցով կա մարդու ներկայության տպավորությունը: Հստակ և հատու է ձայնը, որի արտասանած ճառն ուղեկցվում է տվյալ գրողի կյանքին վերագրվող տեսարաններով. Կեդրոնական վարժարանով, Սուրբ Փրկիչ հիվանդանոցով, Հայ Կաթողիկե պատրիարքարանով կամ հին գրավաճառների կրպակներով, որտեղ դեռ պահպանվում էին այս գրողների առաջին օսմաներեն գրքերը:

Ֆիլմը պատրաստվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ և ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հասարակական կազմակերպություններին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:

«Չարտասանված նոբելյան ճառերը» մեծ էկրաններին չի լինի, կցուցադրվի հեռուստատեսությամբ, հայկական և արտասահմանյան համալսարաններում, գրադարաններում և տարբեր մշակութային համայնքներում: Նախատեսում ենք թարգմանել նաև այլ լեզուներով, մասնավորապես թուրքերեն, ֆրանսերեն և անգլերեն, և հնչեցնել հենց այդ լեզուները կրողների ձայնով: Ինչպես նաև մտադրություն կա ֆիլմի սցենարը հրապարակել ձայնային և տեքստային տարբերակներով:

 

 

Վերջապես եզրահանգման մասին

 

-Մարդկային տեսակն ավելի հեշտ է վերականգնվում, քան մշակույթը: Այդ դատարկությունը ֆիլմի նկարահանման ընթացքում ամեն օր ավելի ու ավելի էի զգում մեր հոգևոր ու նյութական արժեքների անտերության մեջ կանգնած: Եվ դատարկությունն ավելի խորն է այստեղ, մեր այս Հայաստանում, որտեղ այդ տեսակի շարունակողը, չգիտես ինչու, ետ է մնացել իր այդ նախորդից:

 

 

Լևոն Գալստյան. մանկական ընկերս է Արթուր Բախտամյանը՝ մեր հին ու անչար տարիների ներկայությունն այս մոլոր ու թափառ օրերում: Հարդագողի ճամփորդներ էինք և փնտրում էինք Չարենցի ուղիները ոսկեման… Գտա՞նք: Հազիվ թե: Բայց պահեցինք անծայրածիր հեռուների երազը… Ու ահա արդեն այրացած, բայց դեռևս չհոգնած՝ որոշեցինք այդ հեռուների ակունքը գտնել մեզանից ավագ ճամփորդների՝ Սևակի, Վարուժանի, Սիամանթոյի ու Զոհրապի տողերի խորքում:

Մի էական հանգամանք: Ամբողջ տեքստը շարադրված է բացառապես հեղինակների գրավոր ժառանգության տողերով, այլ կերպ՝  նրանք այս ամենն ասել են զանազան գրվածքների համատեքստերում, սակայն իրե՛նք են ասել, իսկ ես ընդամենը համարձակվել եմ լինել նրանց այն դպիրը, որը փորձում է կողք կողքի դնել տարածությամբ միմյանցից հեռու, բայց իմաստով այնքան միասնական ու ներդաշնակ ասելիքը՝ թող որ չարտասանված, բայց ԱՍՎԱԾ ասելիքը:

 

Անդին 6, 2015

Share

Կարծիքներ

կարծիք