Ես կարդացել եմ «Մուսա լեռան քառասուն օրը»

Հեղինակ:

 

mark-moogalianՈղջ աշխարհը ցնցվեց օգոստոսի 21-ին Ամստերդամ-Փարիզ գնացքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից, որի ժամանակ մարոկկացի ծայրահեղ իսլամիստ, ահաբեկիչ Այուբ Էլ-Խազանիին դիմադրել էր Փարիզի Սորբոնի համալսարանի 51-ամյա դասախոս Մարկ Մուգալյանը:

Մուգալյանի միջամտությունը գնացքի ահաբեկչական հարձակման ժամանակ շատ որոշիչ է եղել սարսափելի ողբերգությունից խուսափելու համար: Նա օգնության է հասել ֆրանսիացի մի երիտասարդի, որը նույնպես փորձում էր դիմադրել ահաբեկչին: Մուգալյանի խոսքով՝ ինքը գործել է բնազդաբար՝ ցանկանալով պաշտպանել իր կնոջը՝ Իզաբելային, ով նույնպես գտնվել է գնացքում: Մուգալյանը ահաբեկչի ձեռքից խլել է ԱԿ-47 տեսակի «Կալաշնիկով» ինքնաձիգը, սակայն Էլ-Խազանին մեկ այլ զենքով կրակել է նրան: Գնդակը դիպել է Մուգալյանի մեջքին, վնասել երկու կողերը, նյարդային հանգույցներ և կենսական երակը: Այդ պահին ամերիկացի երեք ուղևորներ, որոնցից երկուսը զինծառայողներ էին, և մեկ բրիտանացի գործարար օգնության են հասել և զինաթափել ահաբեկչին։

Օգոստոսի 21-ին Ամստերդամ-Փարիզ գնացքում տեղի ունցած ահաբեկչական հարձակումը առիթ հանդիսացավ, որ մենք ճանաչենք մի շատ խիզախ և միևնույն ժամանակ շատ համեստ մարդու՝ Սորբոնի համալսարանի պրոֆեսոր, նկարիչ, քանդակագործ, երաժիշտ և ծագումով հայ Մարկ Մուգալյանին:

Գնացքի հերոսին գտնելու իմ հուսահատ ջանքերը ավարտվեցին նրանով, որ Մուգալյանն ինքն ընդառաջեց և անձամբ զանգահարելով հարցրեց, թե ինձ որտեղ է ավելի հարմար հանդիպել հարցազրույց տալու համար:

Իր բացառիկ հարցազրույցում Մարկ Մուգալյանը պատմեց օգոստոսի 21-ի միջադեպի մանրամասները, խոսեց իր հայկական ծագման և Հայաստան այցելելու իր մեծ ցանկության մասին:

 

Ինչպե՞ս տեղի ունեցավ գնացքի միջադեպը:

 

-Ես և կինս Ամստերդամ-Փարիզ գնացքում էինք, մեր նստատեղերը գնացքի զուգարան տանող ապակյա դռների մոտ էին, ու ես նկատեցի, թե ինչպես մի տղամարդ մեծ ճամպրուկը ձեռքին մտավ զուգարան: Մտածեցի, որ դա շատ տարօրինակ է, սովորաբար գնացքում մարդիկ ճամպրուկով զուգարան չեն մտնում: Հետո մոռացա այդ մասին, բայց մոտ տասնհինգ րոպե անց, երբ դեռ քառասունհինգ րոպեի ճանապարհ կար մինչև Փարիզ, հանկարծ հիշեցի և որոշեցի գնալ տեսնել, թե ինչ է կատարվում: Մոտեցա և բացեցի ապակյա ավտոմատ դռները և նույն պահին էլ տեսա այն մարդուն՝ զենքով և տեսա իմ ձախ կողմում մի ֆրանսիացի երիտասարդի:

Առաջին պահին չհասկացա, թե ինչ է կատարվում, մի քանի վայրկյան չէի կողմնորոշվում, թե ինչ է տեղի ունենում, հետո այդ ֆրանսիացի երիտասարդը հարձակվեց ահաբեկչի վրա և փորձեց բռնել նրա ձեռքերը: Հենց այդ պահին էլ ես գիտակցեցի, որ այդ ամենն իրականություն էր: Ապակյա ավտոմատ դռները փակվեցին, և ես անմիջապես մտածեցի իմ կնոջ մասին, մտածեցի, որ պետք է պաշտպանեմ կնոջս: Եվ շրջվեցի ու կնոջս ձայնեցի, որ հեռանա այդտեղից, քանի որ նա հենց դռան մոտ էր նստած և առաջին զոհը կլիներ, եթե զինված մարդը սկսեր կրակել: Հետո գոռացի, որ բոլոր ուղևորները հեռանան այդ վագոնից, իսկ ես հետ վազեցի զինված ահաբեչի մոտ: Այդ ամենն ընդամենը ակնթարթ տևեց:

Իսկ այդ պահին պայքար էր տեղի ունենում ֆրանսիացի երիտասարդի և ահաբեկչի միջև: Երիտասարդը, ով չցանկացավ, որ իր անունը հրապարակվի մամուլում, փորձում էր բռնել ահաբեկչի թևերից: Դրանց օգտվելով՝ ես հարձակվեցի ահաբեկչի վրա և նրա ձեռքից խլեցի ավտոմատը:

Խլելով ավտոմատը՝ շրջվեցի և ավտոմատը ձեռքիս վազեցի, քանի որ ուզում էի զենքը հեռացնել ահաբեկչից, չպատկերացնելով անգամ, որ, հնարավոր է, ահաբեկիչը մեկ այլ զենք ունենա: Ես գոռացի կնոջս՝ «Ես խլել եմ զենքը», բայց հազիվ էի չորս-հինգ քայլ արել, երբ ահաբեկիչը կրակեց իմ մեջքին: Ես ընկա, ավտոմատը գցեցի և փորձելով սողալ նստարանների երկու շարքերի միջով՝ հենվեցի մեկ այլ ուղևորի:

Զգում էի, թե ինչպես եմ արյուն կորցնում, վերնաշապիկս շատ տաք էր հոսող արյունից, գնդակը կենսական երակ էր վնասել, և արյունս շատ արագ հոսում էր:

Երկու նստարանների արանքից հանկարծ տեսա կնոջս, և մեր աչքերը հանդիպեցին: Ես նրան անգլերեն ասացի՝ «Ինձ կրակել են» և ավելացրի ֆրանսերեն՝ «Ամեն ինչ ավարտված է»: Մենք հայացքով հրաժեշտ տվեցինք միմյանց, քանի որ մտածում էի, որ մահանում եմ, սակայն չէի ուզում վախի մեջ մահանալ: Իհարկե, ինձ բնավ դուր չէր գալիս այն միտքը, որ մահանում եմ, սակայն եթե պիտի մահանայի այդ պահին, ուզում էի խիզախությամբ ընդունել մահը:

Ապա ես շրջվեցի աջ և տեսա ահաբեկչին, որը վերցրեց ավտոմատը և շարժվեց դեպի ինձ: Մտածեցի, որ այս անգամ նա հաստատ կրակելու է գլխիս, որ վստահ լինի, որ սպանել է ինձ: Ակամա որոշեցի փակել աչքերս և մահացած ձևանալ:

Չգիտեմ, թե քանի վայրկյան էի աչքերս փակ մնացել, երբ աղմուկ լսեցի և, բացելով աչքերս, տեսա, թե ինչպես ինչ-որ մեկի մարմինը թռչում է իմ գլխավերևով: Ամերիկացի զինվորական Սպենսեր Սթոունն էր, ով հարձակվեց ահաբեկչի վրա և կռվի բռնվեց նրա հետ: Ես թեթևացած շունչ քաշեցի, քանի որ արդեն վստահ էի, որ ահաբեկիչը ոչ ոքի չի կարող վնասել. նրան ծեծելով գետնին տապալեցին:

Ինձ հաջողվեց սողալով դուրս գալ վագոնի կենտրոն, սակայն դժվարանում էի, քանի որ անընդհատ կորցնում էի գիտակցությունս: Մի պահ կարծես երազ տեսա. տեսա մայրիկիս, որը մահացել էր երկու ամիս առաջ. տեսա մայրիկիս մեր հին տանը, որտեղ ես մեծացել եմ, և շատ գեղեցիկ պատկեր էր, ուզում էի շարունակ նայել այդ պատկերին, սակայն ինչ-որ ձայն, որը, հասկացա, իմ ձայնն էր, ինձ ասում էր.

«Հեյ, շատ երկար մի նայիր այդ պատկերին, քանի որ դու շատ ծանր վիճակում ես, պետք է բացես աչքերդ»:

Ես բացեցի աչքերս և զգացի, որ մեջքիս վրա եմ պառկած, զգացի անտանելի ցավը և շուրջս տիրող աղմուկը: Լսում էի, որ կինս գոռում էր, որ օգնություն է կանչում: Բարեբախտաբար պարզվեց, որ ամերիկացի Սպենսերը զինվորական բուժաշխատող է (ֆելդշեր): Նա փակեց վնասված երակս և այդպես պահեց մոտ տասնհինգ րոպե: Փաստորեն նա փրկեց կյանքս: Եվ որպեսզի գիտակցությունս չկորցնեմ, անընդհատ խոսում էր ինձ հետ, ասում էր. «Լսիր, դու հերոս ես, դու այսքան կյանք ես փրկել, երբ այս ամենը ավարտվի, կգնանք միասին գարեջուր խմելու»:

Վերջապես գնացքը կանգ առավ ֆրանսիական Արաս քաղաքի մոտ, և ինձ տեղափոխեցին հիվանդանոց, որտեղ ապաքինվեցի երկու շաբաթ:

 

Ի՞նչ զգացիք առաջին պահին, երբ տեսաք զինված ահաբեկչին:

 

-Առաջին պահին տարակուսանքի մեջ էի, չէի հասկանում, թե ինչ է կատարվում: Իմ ուղեղը չէր ուզում գիտակցել իրավիճակը: Մտածեցի՝ գուցե կատակ է, քանի որ անմիջապես չպատկերացրի, թե ինչ է տեղի ունենում:

Առաջին միտքը, որ անցավ գլխովս, կնոջս պաշտպանելն էր, քանի որ կինս նստած էր հենց դռան մոտ, և նա առաջին զոհն էր լինելու, եթե ահաբեկիչը սկսեր կրակել:

Երկրորդ միտքն այն էր, որ պետք է հենց հիմա մի բան անեմ, մի բան պետք է ձեռնարկեմ, որպեսզի կանգնեցնեմ ահաբեկչին, եթե նրան չկանգնեցնեինք այդ պահին, նա բազմաթիվ մարդկանց կսպաներ:

Այդ պահին ես չհասցրեցի նույնիսկ վախենալ, այնքան շոկի մեջ էի, որ ժամանակ չունեցա վախի մասին մտածելու: Իմ արարքն ավելի շատ նման էր բնազդի, պաշտպանողական բնազդի: Նույնիսկ այն պահին, երբ հասկացա, որ արդեն մահանում եմ, մի փոքր վշտացած էի այդ մտքից, բայց վախ չէի զգում. վախենալու ժամանակ չունեի: Երբ ես հայտնվեցի ապակյա դռների արանքում, այնտեղ կան•նած ֆրանսիացի երիտասարդը պայքարի մեջ էր ահաբեկչի հետ, և դա ինձ հնարավորություն տվեց խլել զենքը: Մենք երկուսով դա արեցինք, այդ ֆրանսիացի երիտասարդը և ես: Այդ տղայի բախտը բերեց, որ նա վնասվածք չունեցավ:

 

Կարո՞ղ եք պատմել ձեր ընտանիքի մասին, ձեր հայկական ծագման մասին:

 

-Իմ հայրական պապիկը Հայաստանից հեռացել է 20-րդ դարի սկզբին, հայերի համար շատ վտանգավոր շրջանում: Ցեղասպանության ընթացքում նա ականատես է եղել իր ողջ ընտանիքի սպանությանը: Պապիկս հասել է Ամերիկա նավով և ստիպված է եղել ներկայանալ որպես մեկ այլ կնոջ զավակ, որպեսզի կարողանա նավով փախչել, քանի որ նա կորցրել էր իր մայրիկին:

Երբ պապիկս հասավ Ամերիկա, նա միայնակ էր: Հետագայում նա հանդիպեց մի իտալացի կնոջ՝ Նեապոլ քաղաքից, ով դարձավ իր կինը: Իմ հայրն ամուսնացավ ամերիկուհու հետ, ում հանդիպեց, երբ սովորում էր Վերջինիայի համալսարանում: Իսկ ես ծնվել եմ 1964-ի ապրիլի 24-ին Հյուսիսային Կարոլինայի Դարեմ քաղաքում:

Շատ ցավում և ափսոսում եմ, որ երբեք չեմ եղել Հայաստանում, ցանկություն ունեմ մի օր անպայման այցելել Հայաստան: Երբ ես մտածում եմ Հայաստանի մասին, ես մտածում եմ Արարատ լեռան մասին, շատ կցանկանայի տեսնել այն իրականում: Գիտեմ, որ հայերը իրենց ողջ պատմության ընթացքում շատ բարի գործեր են արել, շատ առատաձեռն ու ստեղծագործ ժողովուրդ են: Հայերը երբեք ագրեսիվ չեն եղել և երբեք նեղություն չեն տվել հարևան ազգերին:

Ես կարդացել եմ «Մուսա լեռան քառասուն օրը» և գիտեմ, թե հայերը որքան քաջ են եղել և պայքարել են, գիտեմ, թե հայերը ինչ տանջանքների միջով են անցել՝ քայլելով մահվան անապատով երկար ժամանակ: Ես գիտեմ և վստահ եմ, որ այն, ինչ տեղի է ունեցել հայ ժողովրդի հետ, ցեղասպանություն է եղել:

Հնարավոր է, որ ահաբեկչության օրը իմ մեջ արթնացել էր հայ հերոսներից մեկի, ասենք՝ Միսաք Մանուշյանի ոգին, հավանաբար արյան կանչով, վստահ չեմ: Սակայն կարծում եմ, որ դա հնարավոր է, համենայդպես դա ինձ չէր զարմացնի:

 

Կխոսե՞ք ձեր վնասվածքի մասին, այն հե՞տք է թողել ձեր առողջության վրա:

 

-Ինչ վերաբերում է իմ վնասվածքին, ահա այստեղ (ցույց է տալիս պարանոցի վերքի սպին) փամփուշտի ելքի վերքն է, այն բավականին փոքր է հիմա: Ահաբեկիչը կրակեց մեջքիս՝ վնասելով ձախ ուսիս հանգույցները: Գնդակը, կոտրելով երկու կողերս, անցել է կոկորդիս միջով և վնասել կենսական երակս, այդ պատճառով շատ արյուն կորցրի: Վնասել է նաև նյարդային շատ հանգույցներ, և հիմա ձախ թևս ու  ձեռքս միայն կիսով չափ են գործում:

Ձեռքիս շարժումները շատ սահմանափակ են հիմա: Ինձ համար դժվար է, քանի որ շատ եմ սիրում կիթառ նվագել, իսկ հիմա չեմ կարող: Այժմ շարունակում եմ Փարիզում շաբաթը երկու անգամ հիվանդանոց այցելել: Դա ռազմական հիվանդանոց է, որտեղ մի ամբողջ օր թևի և ձեռքի վերականգնողական վարժություններ եմ անում, որոնք տևելու են վեց ամսից մինչև մեկ տարի: Իսկ անմիջապես դեպքից հետո ես երկու շաբաթ Լիլ քաղաքի հիվանդանոցում էի:

 

Կպատմե՞ք Ֆրանսիայի նախագահի հետ ձեր հանդիպման մասին:

 

-Կարծեմ մոտ տասը օր առաջ էր, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ելիսեյան պալատում հյուրընկալեց ինձ և տիկնոջս: Նա շատ հաճելի և ջերմ մարդ է, մենք զրուցեցինք մոտ քառասունհինգ րոպե այն մասին, թե ինչ էր տեղի ունեցել ահաբեկչության օրը:

M. MagoolianՆա ասաց, որ պատրաստ է սատարել ինձ և հանձնելու է Պատվո լեգեոնի շքանշան: Օլանդն ինձ հարցրեց, թե արդյոք ես ցանկություն ունե՞մ այդ պահին ստանալ շքանշանը, և իմ պատվին հատուկ հանձման արարողություն կազմակերպեն ա՞յդ պահին, թե՞ կցանկանամ ստանալ ահաբեկչության մյուս հերոս-մասնակիցների հետ, հունվարին տեղի ունենալիք մեծ արարողության ժամանակ : Ես ասացի, որ գերադասում եմ բոլորի հետ միասին ստանալ շքանշանը, քանի որ դա մեր բոլորի պարգևն է:

Ուրախ եմ, որ արժանացել եմ Ֆրանսուա Օլանդի կողմից ջերմ ընդունելության և շքանշանի, սակայն հանձման արարողությունը կլինի մի փոքր ուշ:

 

Ի՞նչ կցանկանայիք ասել մեզ ընթերցող հայ հանրությանը:

 

-Ես մեծ ցանկություն ունեմ այցելել Հայաստան, վստահ եմ, որ մի օր կգնամ Հայաստան: Ուզում եմ ասել բոլոր այն հայերին, ովքեր հիմա ընթերցում են ինձ, որ հայերը հրաշալի ժողովուրդ են, և ես շատ հպարտ եմ, որ իմ երակներում հայկական արյուն է հոսում, և ես անպայման մեկ օր կայցելեմ Հայաստան:

Ես շատ զգացված եմ և հպարտ եմ այս գեղեցիկ խորհրդանիշը կրել կրծքիս (ցույց տալով անմոռուկը), շատ շնորհակալ եմ այս նվերի համար:

 

Ի՞նչ նախասիրություններ ունեք, ինչո՞վ եք զբաղվում դասախոսությունից զատ:

 

-Ես սիրում եմ միշտ զբաղված լինել, հետևաբար՝ շատ տարբեր զբաղմունքներ ունեմ: Բացի այն, որ Սորբոնի համալսարանում անգլերենի դասախոս եմ, նաև մետաղից քանդակներ եմ անում, ահա իմ աշխատանքներն են այստեղ (ցույց է տալիս քանդակները), այս մեկը շատ հին գործ է: Ընդհանուր առմամբ մոտ հարյուր քանդակ ունեմ, այս փետրվարին Փարիզում իմ քանդակների ցուցահանդեսն էր: Նաև սիրում եմ նկարել, սակայն շատ կտավներ չունեմ: Իսկ իմ առաջին և համար մեկ կիրքը երաժշտությունն է: Ես նվագում եմ տարբեր երաժշտական գործիքներ, ես և կինս մի փոքրիկ դուետ ենք ստեղծել, կոչվում է Secret season: Ձայնագրած ալբոմներ ունենք, վաճառվում են ինտերնետում, սակայն դա պարզապես հաճույքի համար է, դրանով գումար չեմ վաստակում: Ես նաև գիրք եմ գրում, վերջինը լույս է տեսել 2009-ին: Այո, թույլ տվեք կրկնել՝ ես սիրում եմ միշտ զբաղված լինել, սիրում եմ ստեղծագործել և արարել:

 

 

Տարօրինակ ազգ ենք մենք՝ հայերս. Միսաք Մանուշյանից սկսած, ըստ էության, աշխարհի ցանկացած անկյունում մեր մեջ միշտ հայտնվում է մեկը, ով քաջաբար դեմ է կանգնում մարդկության թշնամիներին և մարդու թշնամուն: Պրոֆեսոր Մարկ Մուգալյանը ևս մեկ անգամ հաստատեց հայի բնավորության ինքնազոհության և մարդասիրության այդ լուսավոր գիծը…

Մարիամ Տեր-Գուլանյան

Փարիզ, Ֆրանսիա

 

Անդին 7-8, 2015

Share

Կարծիքներ

կարծիք