Բացակայություն

DSC05514k

Նվիրում եմ երկրաշարժի զոհերի հիշատակին

 

«Շտապ արի, պապի տունը գնող կա»,- հորեղբոր հեռագիրը տակնուվրա արեց ներսը:

Օդանավակայանում տաքսի վարձեց: Քաղաքի վրա կախված ծոցվոր ամպերը ծննդկանի պես ցավագին, այսուայնտեղ մորմոքելով, հազիվ մի քանի կաթիլ էին քամում:

-Ի՞նչ կա-չկա,- հարցրեց անթրաշ վարորդին:

-Հեչ, էլի նույնը,- մարդը կոպերն անգամ չբարձրացրեց,- հազար տարի էլ անցնի, բան չի փոխվի էս քաղաքում:

Պատասխանը թաց կաթիլքի պես լցվեց աչքերը: Ջրափոսի մեջ ընկած մեքենայի անիվը մի քանի անգամ տեղում պտույտ տվեց և ի վերջո ցեխաջրի մի լայն շերտ շփելով դիմացի ապակիներին՝ պոկվեց տեղից: Այժմ քաղաքը դիմացից երևում էր ավելի աղոտ, շերտ առ շերտ մուգ բծերի արանքից: Վարորդը միացրեց դիմապակու մաքրիչները: Քաղաքի պատկերը քիչ-քիչ պարզվում էր:

-Էս անտերն էլ էնպես վռազ-վռազ գուքա, կըսես թե մենակ իրան կսպասենք,- պապը շռշռացող անձրևի երեսին շպրտեց դուռն ու թաց գլխարկը կախիչին գցելով՝ ոտքերը քստքստացնելով սրբեց դռան թաց փալասին: Գլխարկը ճոճվեց ու ընկավ, և նույն պահին էլ Աշոտի գրկում քնած փիսիկը թռավ գլխարկի վրա:

-Փիշտ, է՜,- Հակոբը հերսոտած փախցրեց փիսիկին: Տղան քրքջաց ու վազեց նրա ետևից: Փիսիկն այս անգամ էլ թռավ տատի գլորած թելի կծիկի ուղղությամբ:

Տատն ու պապն էլ ծիծաղեցին:

Տղան գրկեց փիսիկին, շոյեց սև, փափլիկ վիզն ու կողերը, թաց քթիկը կպցրեց քթին, մշմշաց ու կուչուրեց թախտին, պապի ու տատի արանքում:

Տատի շյուղերի վերուվար խաղն աստիճանաբար դանդաղեց, գույնզգույն կծիկներն անշարժացան ծղոտե զամբյուղի մեջ: Տատը գլուխը կախեց կրծքին, պապն ախուվախով, մի կերպ ոտքը ծալեց, հարմար տեղավորեց Աշոտիկի կողքին, նրա գլուխը դրեց ծնկներին ու շոյեց, շոյեց, շոյեց: Փիսիկն ու թոռը սսկվեցին: Նավթավառը ճտճտում էր, աղոտ լույս ու ջերմություն առկայծում: Դանդաղ մթնում էր: Վրահաս գիշերվա տերը անձրևն էր:

Թախտը դատարկ էր: Գորգին կախված լուսանկարները ավելացել էին ևս երկուսով: Ժամացույցի երկար ու կարճ թևերը քարացել-մնացել էին նույն թվերի վրա:

Ննջասենյակում չորս դատարկ անկողին կար:

-Պապ, ես գնում եմ խաղալու,- տղան փիսիկին գրկած դուրս եկավ: Ճերմակ հիվանդանոցի բակի ծառերն արդեն չորացել էին: Լավ կլինի նրան տանի զբոսայգու մեծ ծառերի բներով մագլցել սովորեցնելու: Ինքը դեռ դպրոց չի գնում, բայց պապն ուզում է, որ շուտ մեծանա, ինչո՞ւ:

Փիսիկը հոտոտում է օդը, խրտնում աղմուկից ու գրկի մեջ շուտ-շուտ վախից ցնցվում:

Փիսիկին դրեց ծառաբնին: Սա սողալով, փորը կոշտ կեղևին քսմսելով շարժվեց: Փոքրիկ ճանկերը հուսահատ ճանկռտեցին կեղևը, բայց մարմինը չպահեցին, ու նա սղղալով վար ընկավ: Ապարդյուն անցան նաև հաջորդ փորձերը: Ծառաբնին կառչած փիսիկը ամեն անգամ վախվորած փորձում էր վեր շարժվել, բայց ցավագին թրմփոցով վար էր ընկնում: Վերջապես փիսիկը հուսահատվեց, սկսեց անզոր ճանկռտել Աշոտի ձեռքերն ու իրեն վար նետելով փախավ: Փիսիկի ցավն ու զայրույթը փոխանցվեց տղային: Նա ետ-ետ գնաց, մի հայացքով չափեց իր և ծառի միջև ընկած տարածությունը և թափով առաջ վազելով՝ գրկախառնվեց ծառի հետ: Մի պահ ոտքերը կտրեց հողից, թաթիկները ափլփեցին պինդ կեղևամաշկը, ծնկները զարնվեցին ծառաբնին, ու մի ուժ նրան ներքև տապալեց:

Պառկած դիրքից նայեց երկնքին ու կանաչ սաղարթին: Այնքա՜ն հեռու էին: Նորից ետ-ետ գնաց, շունչը պահած վազեց ու թափով բախվեց ծառին: Մի քանի վայրկյան իրեն պահեց ծառի վրա: Մատների ծայրերը տրոփում էին, արյունը լցվում էր եղունգների տակ, ճակատի հարվածի ցավը լցվում էր աչքերը: Մարմինը պարկի պես օրորվում էր, իսկ ոտքերը մերթ կառչում էին ծառից, մերթ էլ սղղալով վար փախչում: Մի թիզ անգամ չկարողացավ բարձրանալ: Նորից տապալվեց: Հուսահատ նստեց ծառի տակ: Աչքն ընկավ մրջնաբնին: Մրջյունները սև ուլունքների նման պտտվում էին բնի շուրջը, աշխույժ ներսուդուրս անում: Մի ճյուղ վերցրեց, սկսեց փորփրել բույնն ու փակեց փախչողների ճանապարհը: Գուցե չլքե՞ն իրենց բույնը: Չէ, վտանգն զգալով՝ վազվզում էին՝ փորձելով շրջանցել ճյուղը, մոլորված պտտվում էին ճյուղի շուրջը, մտնում տակն ու ելքը գտնելով հեռանում:

Փիսիկը գաղտագողի մոտեցել էր տղային: Թռավ գիրկը, հետո ուսին: Թույլ տալով, որ նա իր ուսի վրայով անցնի ծառին, տղան ձևացրեց, թե իբր չի նկատում նրան ու անշարժացավ: Փիսիկը դանդաղ, անշտապ մագլցում էր ծառը: Մի մրջյուն շրջանցեց իր ճանապարհը փակող ճյուղն ու վեր բարձրացավ: Սկզբում վերուվար վազվզեց՝ հանդիպելով մի ոստի, արագ շրջանցեց այն, ետ դարձավ: Հավանաբար նրան հարթ տարածք էր պետք: Նորից ելման կետից սկսեց իր ճանապարհը՝ այս անգամ ոստից մի փոքր հեռու: Տղան համբերությամբ հետևում էր մրջյունի համառ ընթացքին: Կհաղթահարի՞ արդյոք: Էլի ետ դարձավ ու մի ծեղ քթի տակ՝ սուրաց առաջ: Բեռը քթատակին հասավ ճյուղի մեջտեղը, տեղում պտույտ տվեց, հավանաբար բեռը թաքցնելու նպատակով, ապա փոշմանելով սկսեց վայրէջքը: Տղան թեթևակի շարժեց ճյուղը: Մրջյունը մի պահ հապաղեց, ապա, դրան էլ հարմարվելով, փոխեց ճանապարհն ու արագընթաց իջավ հողին: Հետո պտտվեց տեղում ու բեռով հանդերձ կորավ ծառի տակ:

…Տղան առանց ետ նայելու զգում էր, որ փիսիկը շուտով կհասնի առաջին ճյուղերին: Բարակ մլավոցը ցնծությամբ լցրեց հոգին: Իր փիսոն արդեն ծառի վրա էր, այն էլ միայնակ: Երկար նայեց ճյուղից-ճյուղ կարճ ցատկերով անցնող իր կատվին, մինչև որ նա կորավ տեսադաշտից: Պիտի ծառը ելնել: Նորից: Տղան սկզբում ափերով շոշափեց ծառաբունը, գտավ մի քանի ելուստ, պտտվեց ծառի շուրջ, փարվեց բնին, գլուխը հենեց նրան և դանդաղ, ասես ծառին համոզելով, սկսեց վերելքը: Ձեռքերն ամուր կառչեցին ոստերից, ոտքերն օդում ճոճվեցին և վերջապես փաթաթվեցին ծառին: Մարմինն առաջ մղվեց: Մի ձեռքը բաց թողեց և բռնեց հաջորդ ոստը: Մի փոքր առաջ մղվեց: Կարծես թե ստացվեց: Մարմինը լարվեց, ոտքերը վեր մղվեցին: Մի տեսակ ծառին հեծած փորձում էր առաջ գնալ: Առաջին քայլերն արված էին: Չհասկացավ ինչպես հասավ ճյուղաբաժան գոգին: Նստեց: Շո՞գ էր, թե՞ ինքն էր շոգում: Հոգում ցնծություն կար:

-Հե՜յ-հե՜յ, էստեղ եմ, չվախենաք,- ձայնեց չգիտես ում՝ պապին, տատին, հորեղբորը:

Մյուսների մասին մտածելն արգելված էր:

Պապուտատին տրված հարցերը պատասխան չունեին:

-Կմեծանաս, կիմանաս,- պատասխանը հո•ոց էր ու հառաչանք:

-Էստեղ եմ ելե՜լ, մենա՜կ,- կողքի կատուն ուրախ պոչն էր շարժում,- ես ու կատուս ենք, հե՜յ-հե՜յ…

Տղան ելավ վեր ու վեր, վեր ու վեր, մինչև որ քաղաքը փոքրացավ-փոքրացավ, դարձավ տատի գույնզգույն թելերով լցված զամբյուղի չափ:

Մի քիչ էլ նստեց: Արևը հասավ գլխավերևին, վառեց, ասաց՝ տեղդ փոխիր: Փոխեց: Էս անգամ էլ աչքի առաջ տատի զամբյուղից գլորած ճամփան էր՝ Չերքեզի ձորը, որտեղ հայրիկի հետ ամռանը լողանում էին: Հայրիկը քամում էր շորերը, փռում մեծ, ճերմակ քարին: Ինքը մորեմերկ ցատկում էր ու սուզվում ջուրը:

-Տեսեք ի՜նչ մեծ ձուկ եմ բռնել,- ջրի մեջ հայրիկը բռնում էր իրեն ու գլխից վեր պահած տանում: Մայրիկն ու քույրիկը ափին նստած խնդմնդում էին:

-Նրանց մասին մտածել չի կարելի,- հիշեց հորեղբոր խոսքը,- պապիկն ու տատիկը մեղք են: Մեկ էլ պատի ժամացույցի մասին, որ վաղուց չի աշխատում:

-Փչացե՞լ է,- հարցնում է հորեղբորը:

-Չէ, ուրիշ պատճառ կա: Մեծանաս՝ կիմանաս:

Երբ առաջին անգամ հասկացավ, որ երեկոյան քնելիս հոր ու մոր անկողինները չեն բացվում, երկար լաց եղավ: Հասկացավ, որ նրանք այլևս տուն չեն գա:

-Գուքան, գառ ջան, կքնին ու շատ շուտ կերթան, գործ ունին,- տատը հուսահատ, թուլացած ձեռքով շոյում էր գլուխը՝ ինքն էլ չհավատալով իր խոսքին:

-Է•ուց օր էկան, գիշերը քեզի ձեն կուտամ, իրանց կտեսնիս:- Դա եղավ ծնողների մասին վերջին հարցուփորձը:

Այդպես էլ տատը ոչ մի գիշեր իրեն ձեն չտվեց: Փոխարենը բաց թողեց նրանց անկողինները: Զօր ու գիշեր: Մշտապես:

Քսանամյա խոնավության շունչ էր պատել տանը: Վարա•ույրները թափանցիկ, փոշե շղարշների պես փշրվել-ցած էին թափվել, իրերի հնաբույր շունչը գլխապտույտ էր առաջացնում: Հին նավթավառի աչքը մրոտվել-ճաքճքել էր: Անկյունում գլուխ-գլխի լցված տատի թելերը գունաթափվել էին: Ժամացույցի ճոճանակը ժանգոտվել էր, փակ պատուհանի պատկերը՝ խամրել: Կռացավ, խառնշտորեց զամբյուղը. մի զույգ նախշուն գուլպա ձեռքն ընկավ: Իր գուլպաներն էին, որ այն ձմեռ չհագավ: Գուլպաները շուռումուռ տվեց, դրեց թախտին: Մտավ ննջասենյակ: Ծնողների անկողինները բաց էին: Մատների ծայրով շոյեց բարձերն ու դուրս եկավ:

Փիսիկն իրենից առաջ ընկած ցատկում էր մանրիկ ճյուղերով ու իրեն վեր կանչում: Հասան ամենաբարձր սաղարթին, որտեղից սկսվում էր կապույտը: Բարձրանալիս վախ չկար: Անհաղթահարելի մի ուժ նրան վեր էր տանում: Տագնապը հայտնվեց ցած իջնելիս: Արևը տեղը փոխել էր, իսկ ինքն այլևս չէր ուզում շարժվել: Ոչ վեր, ոչ վար:

Տեսավ, թե ինչպես արևը սուզվեց, ամպերը փշերը ետ-ետ քաշեցին, ու նրա կարմիր երեսը, կամաց-կամաց դեղնելով, կորավ:

Անարև երկինքը վախեցրեց տղային: Փիսիկը ճյուղից իջավ գիրկը, հետո ներքև իջնելու նշաններ արեց: Ուրեմն պիտի հետևի նրան: Երկար նստելուց ոտքերը թմրել էին: Այգում երեքն էին՝ տղան, փիսիկն ու ծառերի խշշոցը: Եվ հանկարծ՝

-Աշոտի՜կ, Աշոտի՜կ,- ավելի հստակ լսեց իրեն կանչող ձայնը: Նայեց ներքև: Ոչ-ոք չկար: Փիսիկն էլ չէր երևում: Ահն ընկավ սիրտը:

-Էստեղ եմ, պապ,- ձայնը փորն ընկավ, պապին չհասավ: Նորից իրար ձայնեցին: Պապի ձայնն աստիճանաբար հեռանում էր, մարում: Տղան միայն մի պահ վարանեց: Հաջորդ պահին իր ցատկը գլխապտույտ բախում էր, ցավ ու ճիչ:

Հիվանդանոցում Լալային կարմիր, փոմփուլավոր մաշիկներ էին բերել: Տատը մաշիկները դրեց աղջնակի անկողնուն: Տղան զարմացած նայեց: Ախր նրա ինչի՞ն է պետք: Աղջնակը կարոտով շուռումուռ տվեց մաշիկները, հագավ ձեռքերին, քսմսեց դեմքին: Տղան մի կերպ շրջեց վիրակապերից ծանրացած գլուխը: Լացը գալիս էր: Օդանավում հորեղբոր ուսին հենված՝ սրտխառնուք էր զգում: Աչքերի առջև վերուվար էին ցատկում Լալայի կարմիր, փոմփոլավոր մաշիկները:

Օդանավից ցած նայեց: Քաղաքը տատի զամբյուղից ավելի փոքրացավ, փոքրացավ ու կորավ հայացքից:

Չուզեց գիշերել հորեղբոր տանը: Ետ եկավ տուն: Դուռը բացելիս մի սև, շարժուն բան նկատեց: Կռացավ, տնտղեց: Կուչ եկած կատուն էր: Գրկեց: Ներս մտավ: Վառեց լույսը: Թեթևակի կպավ ճոճանակին: Սլաքները ցնցվեցին: Տատի զամբյուղը շրջվեց: Կատուն քնելու տեղ էր փնտրում: Վերարկուն հագավ: Մի շնչով հասավ փոստատուն:

Մութուլուսին հորեղբայրը կան•նեց գլխավերևում:

-Էս ո՞ւր էիր, դուռը բաց, լույսերը վառած…

Նստեց անկողնում: Հանելուկային ժպիտով նայեց հորեղբորը.

-Հեռագրեցի, որ Լալան Հակոբիկին վերցնի ու գա տուն…

Կատուն քսմսվում էր հորեղբոր ոտքերին:

Պատուհանից ընկած արևի շողը մի պահ խամրում և ապա վառ բռնկվում էր ժամացույցի ճոճանակին:

 

 

Անդին 7-8, 2015

Share

Կարծիքներ

կարծիք