Ճակատագրի անձեռակերտ զորավոր զարդը

Հեղինակ:

ASEGHNAGORTC-flattՓետրվարի 19-ին՝ Թումանյանի ծննդյան և գիրք նվիրելու օրը, Անդին հանդեսը, գեղեցիկ ավանդույթի համաձայն, քաղաքի բար-սրճարաններից մեկում ամսագիր և գրքեր էր նվիրում: Գրողների ու արվեստագետների ժխորում նկատեցի բանաստեղծ Էդուարդ Հարենցի հետ սեղաններից մեկի մոտ հեզիկ ծվարած զույգ քույրիկների, քույրիկ ծաղիկների: Պարզվեց՝ անզուգական պոետ Աշոտ Ավդալյանի դուստրերն են: Գիտեի, որ դուստրերից մեկը՝ Արփին, ասեղնագործում է: Զարդանախշ, ասես ասեղնագործ դիմագծերից անմիջապես ճանաչեցի նրան: Մինչ ապշած զննում էի նրա գործերը, որ քույրը՝ Անուշը, ցույց էր տալիս իր հեռախոսով, Արփին կլանված խոսում էր, պատմում էր ու պատմում: Հախուռն էր խոսքը, անմիջական, իր արվեստի մասին պատմելիս անզուսպ լինելու աստիճան բուռն էր, և միայն աչքերի խորքում մեղմ անմիջականություն էր՝ անմատչելի, խուսափուկ, խորը…

-Երբ գործը սկսում եմ, էսքիզ չունեմ,- պատմում է ոգևորված,- ձեռքս շարժվում է, բայց ես միջնորդ եմ, չգիտեմ վերջում ինչ է ստացվելու: Կարող է առավոտը սկսեմ և 12 ժամ նստած մնամ, ոչ մեկին ու ոչինչ չնկատեմ, օրերով տանից դուրս չգամ…

-Դեպրեսիայի բույն,- մռայլ արձագանքեցի՝ համտեսելով անհամ գինին, որի մեջ կտրած խնձորներ էին լողում:

-Չէ, չէ,- բուռն արձագանքեց ձեռքերը թափահարելով,- մաքրում է, երբ գործի մեջ եմ՝ մաքրվում եմ, չեմ կարող որևէ վատ բան անել կամ ասել: Արվեստը մաքրում է…

-Էդ արվեստից չի, էդ դու ես մաքուր,- ասում եմ՝ դժգոհ մի կողմ հրելով գինու գավաթը:

Հիմա, երբ կրկին ու կրկին նայում եմ Արփիի ձեռագործ նախշերին, կարծես հասկանում եմ, թե ինչ նկատի ուներ, թե ինչ մաքրագործման մասին էր խոսում: Ջաջուռցի Մինասի կտավների կարմիր, արևից թեժ քարերի պես, ջաջուռցի հոր, անզուգական պոետ վաղամեռիկ Աշոտ Ավդալյանի ասեղնագործ տողերի պես Արփի Ավդալյանի ձեռագործ գիրը բացահայտում ու մաքրագործում է: Միջնադարյան գրիչների անզուգական խորանների հանգույն, նրա ձեռագործ-անձեռակերտ նախշաբողբոջ կամարների տակ հանգչում է անտեսանելի գիրը.

 

Քնիր ձայների ծաղկող գորգի մեջ

ու արիացիր ծաղիկի նման,

ու երբ հայտնվես զարդանախշի մեջ,

մի արգասավոր քնով զարդարիր

մեղվի բզզոցը

ու ծաղկափոշուց առանձնանալով

զարդարիր կուրծքը թևաբաց մեղվի

ու հեքիաթներին ճանապարհելով

վերադարձիր ետ:

 

Աղմկոտ սրճարանում կիսաձայն ընթերցում էի Աշոտ Ավդալյանի ակնհայտորեն անըմբռնելի գիրը, և նրա ծաղիկ դուստրերը ունկնդրում էին խոնավ աչուկներով: Աշոտ Ավդալյանն ու հայրս ընկերներ են եղել, հայրս հաճախ էր ինձ համար ընթերցում նրա ծաղկաբույր նեկտար տողերը:  Զարմանալի է, թե ինչպես կարող է վերուստ տրված շնորհը թև տալ, անցնել սերնդի վրայով, հորից անցնել դուստրերին, գեների ասեղնագործ պարույններով շարունակվել ու կենալ, խոսել աշխարհի հետ գույների համարձակ լեզվով:

-Ամենաարարչական գործով ես զբաղվում,- ասացի՝ կասկածանքով նայելով գինուն,- Արարիչն էլ Իր ձեռքերով էր ստեղծում:

Բուռն արձագանքեց, կլանված խոսեց ստեղծագործական մաքրագործման, բնության հետ նույնանալու մասին, իսկ աչքերի մեջ ավդալյանական հեզ, անմեկնելի խորքերն էին:

-Զգույշ, քո մատներով ճակատագրիդ նախշագծերը չփոխես,- ասացի կեսկատակ:

Խոսում է, նորից ակտիվորեն ինչ-որ բան է բացատրում, իսկ աչքերում նույն թախիծն է: Նայում եմ նրան ու մտածում, որ գուցե ամեն օր ասեղը ձեռքին իր աշխարհն է նախշակարում, գույն առ գույն, գիծ առ գիծ իր պարիսպներն է ասեղնագործում, որոնց ներսում պաշտպանված է հոր ափերի ջերմությամբ ու Ջաջուռի վառ գույներով: Ջաջուռի հողմերի պես բուռն է Արփին, Ջաջուռի բնության պես փոփոխական, ակնհայտ ու անըմբռնելի: Իր տարերքի մեջ է, ոգևորված խոսում է: Ուզում եմ ասել նրան, որ պետք չէ փորձել փոխել ճակատագրի զարդանկարը, որ միայն Արարիչն է զորու Իր մատներով թել-թել հյուսկեն գործել մարդկային ճակատագրի զարդանախշը, իսկ մեզ միայն տրված է ճանաչել ու տեսնել նախասահմանված արահետների թաքույց ուղիները, կերտելով բացահայտել անտեսանելի գծանկարը՝ ամբողջացնելով մեր կյանքի նախշապատկերը: Գուցե հենց դա՞ է անում Արփին, գուցե իր ասեղով փորձում է վերծանել ճակատագրի զարդանախշը, համբերատար ընթանալ նախանշված զարդերի նշմարվող գծերով: Շատ բան եմ ուզում ասել, բայց չափազանց ինքնաբավ ու վստահ է, մանկորեն անմիջական, Ջաջուռի հողմերի պես անորսալի, անսպասելի ու վայրի: Ոչինչ չեմ ասում: Լսում եմ ու ժպտում: Մտածում եմ, որ առանց կտրած խնձորի գինին գուցե խմվեր:

Քույրիկը՝ Անուշիկը, պարզում է ինձ իր հեռախոսը՝ ցույց տալով քրոջ զարդանախշերը.

-Բա սա, բա էս մեկը նայիր:

Ու նորից Արփիի մատնակերտ, ձեռագործ զարդերը դուրս են գալիս հեռախոսի նեղվածքից, ճյուղ-ճյուղ տարածվում, պարուրում սրճարանը, կլանում մարդկանց ձայները, դանդաղեցնում ժամանակի ընթացքը՝ գունեղ արահետներով առաջնորդում դեպի ներս, ներս ու ներս, անըմբռնելի շավիղներով կլանում, ներքաշում, տանում իրենց հետևից: Զարդից զարդ, նախշից նախշ թափառող աչքերդ մի պահ կանգ են առնում կենտրոնում, տեսնում ամբողջ պատկերը: Ահա կյանքի ու բնության ասեղնագործ մանրանկարը՝ բաղկացած բյուր-բյուրավոր շավիղ-արահետներից, աննշմար պարույրներից, ճակատագրի ու ժամանակի գունեղ հոսքերից՝ իրենց կտրուկ շրջապտույտներով, անհաշվելի ու անսահման բազմազանությամբ և միևնույն ժամանակ պարզ, ամբողջական, ակնհայտ: Այս աղջկա նուրբ, սլացիկ մատների մեջ մանդալայի հանգույն հյուսվում է տիեզերական ապրումի համայնապատկերը, ծիլ տալիս, ճյուղավորվում, տարածվում է Կենաց ծառը, և նորից իմ շուրթերից հնչում է Աշոտ Ավդալյանի բնության պես մերկ, ակնհայտորեն անմեկնելի պոեզիան, և նորից ինձ են նայում նրա ծաղիկ դուստրերի խոնավ աչուկները…

 

Արտի ծփանքը,

որ զարդ է երկրի խուսափուկ դեմքին,

վերջին հրաշքը բանականության,

որ քամին չունի վարձկան լռություն,

որ տիեզերքն է ձկների լեզուն,

և որ թփից են ծնվում երգերը,

և որ ծառից են ծնվում երգերը,

և որ քարից են ծնվում երգերը:

Եվ այդ զարդն ահա կանայք են կրում,

և այդ զարդերից այրերն են հրճվում խուսափուկ դեմքով,

և այդ զարդն ահա երեխաներ է լույս աշխարհ բերում:

Արտի ծփանքը,

որ լռություն է մեր մեջ բռնկվող,

կյանքի անսահման սերը ծառի մեջ՝

մեր մեջ բարձրացող:

Եվ մենք գնում ենք ձուլվելով նրան՝

հավերժն ապրելու ակնկալությամբ,

տեսնելու խորքը մեր առավոտի

և մեր գիշերը մեր մեջ փնտրելու:

Զորավոր զարդ է:

 

 

Անդին 7-8, 2015

 

 

Share

Կարծիքներ

կարծիք