Մոռացված մրցույթի հետքերով

 

 

DSC08355_«Մրցույթը չէր կարող ունենալ միայն մեկ բարձր որակի նախագիծ։ Սկսեցի փնտրել նախագծերը։ Ոչ մեկը չի պահպանվել։ Հետաքրքիր է, որ հայ ճարտարապետության պատմության մեջ նույնիսկ հիշատակումներ չկան այդ նախագծերի մասին»,-Միրզոյան գրադարանում կայացած հանդիպում-քննարկման ժամանակ ասաց ճարտարապետ, պրոֆեսոր Կարեն Բալյանը։

Ճարտարապետի խոսքը 1965 թվականին հայտարարված Եղեռնի հուշահամալիրի մրցույթին ներկայացված 69 նախագծերի մասին է։ Կարեն Բալյանին հաջողվել է գտնել միայն նախագծերից 10-ի էսքիզները, այն էլ՝ երկարատև որոնումներից և ճարտարապետների անձնական արխիվներն ուսումնասիրելուց հետո։

«Երբ աշխատում էի հայկական մոդեռնիստական ճարտարապետության վերաբերյալ գրքի վրա, եկա այն եզրակացության, որ 1965 թվականը վերելքի տարի է եղել հայ ճարտարապետության համար, միաժամանակ այն տարին, երբ հայտարարվեց հուշահամալիրի մրցույթը։ Ձեռքս ընկան նաև մրցույթի արձանագրություններն այն մասին, թե ում գործերն են մրցույթին մասնակցել, խոսքն, իհարկե, վերաբերում է այն գործերին, որոնց մասնակցությունը գաղտնի չէր պահվել»,- Անդինի հետ զրույցում մտահղացման մասին պատմեց ճարտարապետը։

Կարեն Բալյանի կատարած աշխատանքն ամփոփված է 2015թ.–ի աշնանը լույս տեսած «Եղեռնի հուշահամալիրը» գրքում։ Բացի հաղթած և իրականացված նախագծից (հեղինակներ՝ Արթուր Թարխանյան, Սաշուր Քալաշյան) մնացած բոլոր նախագծերի էսքիզները ներկայացվում են առաջին անգամ։ Պարոն Բալյանը վստահեցնում է՝ գիրքը ոչ միայն մրցույթի, այլև ժամանակի հայ ճարտարապետության մասին է։

DSC08350lԳիրքը լույս է ընծայել Ռուսաստանի «Տատլին» հրատարակչությունը, որը հեղինակի բնորոշմամբ՝ պրոֆեսիոնալ է և մասնագիտացած հենց ճարտարապետության մասին գրքերի տպագրության ոլորտում։ Գրքի երևանյան շնորհանդեսը տեղի է ունեցել անցյալ  տարվա դեկտեմբերին Ճարտարապետների տանը։

«Գլխավոր թերությունն այն է, որ հրատարակությունը միայն ռուսերեն է։ Կուզենայի, որ անպայման լույս տեսներ հայերեն և անգլերեն, քանի որ Եղեռնին է վերաբերում, իսկ Հայոց ցեղասպանության զոհերի շառավիղները աշխարհով մեկ են սփռված, բոլորը անգլերենի են տիրապետում, նրանց մի մասը, ցավոք, հայերեն չգիտի»,-նշեց Կարեն Բալյանը։

«Եղեռնի հուշահամալիրի» տպագրությունից հետո հեղինակը հայտնաբերել է ևս երկու նոր էսքիզ։ Ասում է՝ նոր էսքիզները առիթ են գիրքը վերահրատարակելու համար։

Գիրքը տպագրվել է հազար օրինակով, սակայն մեծ մասը Ռուսաստանում է։ Այն հնարավոր է գտնել Մոսկվայի բոլոր մեծ գրախանութներում։ Երևանյան գրախանութներից մի քանիսում նույնպես կան օրինակներ։

 

DSC08357_

 

Share

Կարծիքներ

կարծիք