Անդինի հյուրն է ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը

Լուսանկար

 

Պարոն Մելքոնյան, ի՞նչ է իրենից ներկայացնում Պատմական գիտությունների միջազգային կոնգրեսը, և ինչո՞ւ էր Հայաստանը դրան մասնակցում առաջին անգամ:

 

-Դեռևս խորհրդային տարիներին Միության պատմաբանները անդամակցում էին 1900 թ. ստեղծված աշխարհում թիվ մեկ պատմագիտական ընկերությանը, որը հինգ տարին մեկ պատմաբանների միջազգային նման կոնգրես էր հրավիրում: Սակայն մեզ հայտնի շատ պատճառներով Միությունը ներկայացնում էին ռուս պատմաբանները, իսկ հայերն էլ, ըստ էության, ռուսական պատմագիտական դպրոցի ներկայացուցիչներն էին:

Սակայն շնորհիվ հայազգի պատմաբան, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային պատմության ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Չուբարյանի 2005 թվականին ստեղծվեց ԱՊՀ երկրների պատմաբանների ասոցիացիան, որի հիմնադիրներից մեկն էլ Հայաստանն էր: Եվ սրանով Հայաստանի պատմագետները հնարավորություն ունեցան մեկ սեղանի շուրջ հավաքվել տարբեր ազգերի գիտնականների հետ:

Պատմական գիտությունների միջազգային կոմիտեի վերջին՝ 23-րդ կոնգրեսը տեղի ունեցավ Չինաստանի Ցզինան քաղաքում, որն, ինչպես չինացիներն են ասում, «չինական փոքր քաղաք է», բայց ունի չորս միլիոն բնակչություն:

Ես մեկ ամիս առաջ հրավեր ստացա կոմիտեի գլխավոր քարտուղար, Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Ռոբերտ Ֆրանկից: Ի դեպ, նշեմ, որ պարոն Ֆրանկն իր հրավեր-նամակում հատկապես մատնանշել էր Հայաստանի անհերքելի դերը Հին աշխարհի քաղաքակրթական զարգացումներում:

Ամենայն անկեղծությամբ եմ ասում, որ Հայաստանի անունը մեծ ջերմությամբ էր ընդունվում ներկաների կողմից՝ որպես հնագույն քաղաքակրթության հոմանիշ: Մի քանի երկրների պատվիրակներ անձամբ ինձ մոտեցան՝ ասելով, որ չեն պատկերացնում համաշխարհային հին և միջնադարյան պատմությունը առանց Հայաստանի:

 

Ի՞նչ թեմատիկ բաժանմունքներ ուներ կոնգրեսը: Եվ մի հարց ևս՝ Թուրքիայի պատմաբանները ի՞նչ թեմայով էին զեկուցում:

 

-Զուգահեռաբար աշխատող տասնութ թեմատիկ բաժանմունք կար: Իհարկե, բոլորին ներկա գտնվելը ֆիզիկապես և ժամանակի առումով անհնար էր, այնուամենայնիվ հետաքրքիր զեկուցումներ կարողացա ունկնդրել: Զեկուցումների լեզուն անգլերեն էր և չինարեն՝ թարգմանաբար:

Զեկուցումների թեմաները նախապես՝ երկու-երեք տարի առաջ էին որոշվել: Իհարկե, եթե մենք հրավերն ավելի վաղ ստանայինք, թերևս մի ամբողջ բաժանմունք կնվիրեինք Հայոց ցեղասպանությանը: Սակայն Ռոբերտ Ֆրանկը խոստացավ, որ հաջորդ անգամ անպայման հատուկ բաժին կհատկացվի էթնիկ հողի վրա տեղի ունեցող բռնությունները կանխելու վերաբերյալ թեմային, այդ թվում նաև Հայոց ցեղասպանությանը:

Թուրքիայից մի գիտնական էր մասնակցում, որի զեկուցման թեման թուրքական պատմագիտության մեջ տարածված շատ հայտնի թեզ էր՝ Կանանց բացասական դերը ազգային փոքրամասնությունների նկատմամբ բռնություններ իրականացնելու խնդրում (սուլթան Աբդուլ Համիդի ժամանակներում):

Թուրքական պատմագրությունը 90-ականներին առաջ քաշեց մի տեսություն, որ սուլթան Աբդուլ Համիդը, հետագայում նաև երիտթուրքերը ազգային փոքրամանսությունների նկատմամբ իրականացված բռնությունների հարցում մեղավորություն չեն ունեցել, այլ մեղավորը նրանց ազգությամբ քուրդ, լեզգի կամ էլ չեչեն կանայք էին, ովքեր դրդեցին իրենց ամուսիններին կոտորածներ իրականացնելու: Ցավոք, այս տեսակետը մի որոշ ժամանակ տեղ գտավ նաև հայոց պատմագիտության մեջ, բայց, բարեբախտաբար, մենք կարողացանք ժամանակին կանխել այն:

Գրեթե բոլոր բաժանմունքներում հետխորհրդային, Բալկանյան երկրների ներկայացուցիչների զեկուցումները հակառուսական բնույթ էին կրում, որոնցում Ռուսաստանը ներկայանում էր որպես զավթող, համաշխարհային խաղաղությանը սպառնացող կողմ:

Չնայած Ռուսաստանի պատվիրակությունը պատկառելի քանակով էր ներկայացված, ռուս գիտնականներից ոչ ոք չարձագանքեց նրանց ելույթներին: Եվ երբ ես մոտեցա նրանց և հարցրի, թե ինչու չեն արձագանքում այս հակառուսական քարոզչությանը, նրանք պատասխանեցին՝ մենք չենք ուզում վեճի վերածել այս խնդիրը՝ համոզված լինելով, որ դրանով առիթ կտանք այլ երկրների պատմաբաններին պաշտպանելու և արդարացնելու իրենց վարկածները:

Հետաքրքիր բաժանմունք էր նաև «Չինաստանը և աշխարհի ապագան»: Այստեղ հիմնական թեման չինական էթնիկ պայթունն էր: Ենթատեքստով խոսվում էր աշխարհի խոշորագույն մայրաքաղաքների «չայնաթաունների» և մոտ ապագայում աշխարհը «նվաճած» չինական էթնիկ տարրի մասին: Չինաստանը տնտեսության, արդյունաբերության, գյուղատնտեսության առումով մեծ բարձունքների է հասել, և այդ ամենը, թերևս, ոչ թե որակական, այլ քանակական առավելության շնորհիվ:

 

Վստահ եմ, միջազգային նման կոնգրեսին մասնակցությունը շատ մեծ խթան կդառնա հայագիտությունը և հայ պատմագիտությունը միջազգային ասպարեզ հանելու գործում: Որո՞նք են Ձեր հետագա քայլերը:

 

-Համաշխարհային գիտությանը մոտիկից ծանոթանալու համար անպայման պետք է դուրս գալ երկրից, լսել օտարազգի գիտնականների, մասնակցել գիտաժողովների: Մեր կողմից առաջին քայլը 2005-ին ԱՊՀ երկրների պատմաբանների ընկերակցությանը միանալն էր, հաջորդը եղավ այս մեկը:

Իհարկե, ես մտադիր եմ այս ընթացքում փոխայցեր և հանդիպումներ, ունենալ տարբեր երկրների պատմագիտական միությունների հետ, նաև հրավիրել մեզ մոտ, մանավանդ որ մեզ այցելելու պատրաստակամություն շատ գիտնականներ են արդեն հայտնել:

Առաջին քայլը պետք է լինի պատմաբանների ազգային կոմիտեի ստեղծումը, որը պաշտոնապես կդիմի Պատմական գիտությունների միջազգային կոմիտեին անդամակցելու համար: Պատրաստվելու են նաև երկրի պատմաբանների կադրային կազմը և գիտական բնույթի այն հաստատությունների ցուցակը, որոնք այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ են տանում:

 

Քիչ առաջ նշեցիք, որ թուրքական այն վարկածը, թե թուրք առաջնորդների այլազգի կանայք են նպաստել ազգային փոքրամասնությունների կոտորածներին, մի որոշ ժամանակ Հայաստանում ևս տարածում էր գտել: Արդյոք հնարավո՞ր է ստեղծել պետական որևէ հանձնաժողով, որը կվերահսկի ապազգային գիտական վարկածների տարածումը, մանավանդ որ դրանցից շատերը սնվում են արտասահմանյան դրամաշնորհներով:

 

-Որպես այդպիսին գիտության վերահսկողություն չի իրականացվում, քանի որ դրսում դա կարող է ընկալվել որպես խորհրդային մնացուկ՝ գրաքննություն: Եվ բացի այդ էլ երբեք չես իմանա՝ դրսից եկող դրամաշնորհային ծրագրերից ո՞րը կարող է ապազգային արդյունք տալ:

Գիտեք, աշխարհի համար ապազգային վիճակը դատապարտելի չէ: Հատկապես էթնիկ պատմությունից առաջ Հայաստանի տարածքում հայտնաբերված նմուշների պարագան Արևմուտքին անհանգստություն չի պատճառում, իսկ երբ ազգային մշակույթի մասին է խոսք գնում և հայ պատմաբանն ասում է, որ Անին իր ճարտարապետությամբ եզակի է, իսկ դրա կրողը հայ ազգն է, աշխարհին Անին ու Հայաստանը արդեն սկսում են «անհանգստացնել»:

Այսինքն թե, երբ փորձում ես քո քաղաքակրթությունը ցույց տալ Եվրոպայի պատմությունից էլ առաջ, բացասական վերաբերմունքի անպայման կարժանանաս:

 

Ի դեպ, պարոն Մելքոնյան, տեղյակ եմ, որ Դուք և ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը Հայոց պատմության դասագրքի խմբագիրներն եք: Ի՞նչ եք կարծում, մեր դասագրքերը ունա՞կ են կերտելու իր պատմությամբ և ինքնությամբ հպարտացող հայ և Հայաստանի քաղաքացի:

 

-Խորհրդային տարիներին մեզ հրամցրած Ուրարտու տեղանվան հետ կապված պատմագիտական վեճը արդեն իր հանգուցալուծումն է ստանում: 10-12-րդ դասարանի ավագ դպրոցի դասագրքում Ուրարտու կոչվող կեղծ պետության պատմությունը վերանայել ենք՝ այն անվանելով Արարատյան կամ Վանի թագավորություն և ներկայացրել իբրև հայոց քաղաքակրթության անբաժանելի մաս: Իսկ միջին դպրոցի դասագրքերում հեղինակների հետ փորձեցինք պատմությունը ներկայացնել ոչ թե զրկվածի, զարկվածի հոգեբանությամբ, այլ այնպես, որ երեխան չդաստիարակվի խեղճի, սպանդի եննթարկվածիբարդույթով և, այո, հպարտանա իր պատմությամբ ու այն մշակույթով, որի կրողն է ինքը:

 

Զրուցեց Լազարևա Մարիան

 

Անդին 7-8, 2015

Share

Կարծիքներ

կարծիք