Պատմական, թե բանասիրական հայրենիք կամ նամակներ ընկերոջս՝ Արամ Սուքիասյանին

lusankar

Այո, Արամ, բարեկամս, ափսոս, որ մեզ հետ չէիր, Արևմտյան Հայաստանի-Մայր Հայաստանի մեր Համահայկական խաղերի ջահավառությանը, որը սրբագործվեց Անիի Մայր տաճարում, Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս վանքում, Վանի Աղթամար Սուրբ Խաչ եկեղեցում և Մուշում՝ Սուլուխի կամրջի մոտ, որտեղ զոհվել էր Գևորգ Չաուշը հազար ինը հարյուր յոթ թվականին, չքնաղ մայիսի քսան և յոթին…

Ես որոշեցի քեզ դիմել, որովհետև դու ես Համահայկական խաղերի հանդիսության բեմադրողը, որ իմանաս՝ այդ երեք ջահերն ինչ ճանապարհներով անցան և ինչեր տեսան:

Անթիլիասում ջահն օրհնեց մեր Վեհափառը՝ Արամ կաթողիկոսը, այնուհետև ջահն օրհնվեց Այնճար քաղաքի եկեղեցում: Քաղաք, որը հայկական լուսավոր մի կղզի էր արաբաբնակ ծովի մեջ:

Ամեն ինչ այդպես սկսվեց:

Ափսոս, որ մեզ հետ չէիր, որ տեսնեիր այդ հանդիսավոր արարողությունները ու երգեիր մեզ հետ, որովհետև հիշածս երգերը դու էլ գիտես, գիտես նաև, որ Րաֆֆին իր հայտնի տողերը՝ Ձայն տուր, ով ծովակ, ինչո՞ւ ես լռում, գրել է Աղթամարի ժայռի վրա նստած, դեմը՝ Վանա ծովը, և հիմա ինչ որ բեմադրելու ես՝ բեմադրիր, Աստծո սիրուն, քո տաղանդի չափով և մեր մեծ հայրենիքի անվախճան ոգով, բեմադրիր և ավարտիր լույսով, ի դեմս կրակից ծնունդ առնող Վահագն աստծո, որովհետև մենք, համոզված եմ, արդեն դուրս ենք գալիս բանասիրական հայրենիքի հարյուրամյա սահմաններից և դառնում ենք ոչ միայն պատմական հայրենիք, այլ նաև պարտավոր ենք մեր իրական ու պատմական հայրենիքի տերը դառնալ, ինչպես Ղարաբաղի տերը դարձանք:

Եվ հիմա, ընկեր ջան, ես տրտում եմ մեր պատմության վաղուց մոռացված ժպիտի նման… Դու երևի չգիտես կամ հաստատ չգիտես, թե ինչ դաժան բան է, երբ կատարվում է մարդու մանկության երազանքը…

Երազեցիր, երազեցիր և հանկարծ տեսար այն, ինչ տարիներ շարունակ փնտրում էիր:

Դու չես տեսել, ես տեսել եմ և չգիտեմ, թե հիմա ինչպես եմ ապրելու:

Մեր բոլորի կյանքում կա ժամանակ, երբ տառաճանաչ ենք դառնում, լսում ենք ուսուցիչներին, սկսում ենք գրքեր կարդալ և ծեփը թափած դպրոցի պատերի ներսում լսում ենք, որ մենք հնագույն ժողովրդի զավակ ենք, լսում ենք ու Րաֆֆի, Պատկանյան և Նալբանդյան կարդում, սակայն անՏերյան, անՉարենց, ու մի օր հանկարծ ուշացումով հասկանում ենք, որ մենք ու մեր արդեն գրաճանաչ դասարանցիները հայրենիք ենք կորցրել:

Նույնիսկ մեր դասարանցի Օնիկը, ով չորս տարի մնացել էր նույն դասարանում և ամուսնացել էր, բայց մեզ հետ գալիս էր դասի, նա էլ գիտեր:

Այդպես ապրում և մեծանում էինք:

Դասագրքերում մեզ չէին ասում, որ մենք ցեղասպանված ժողովրդի զավակներ ենք: Այնինչ երջանկահիշատակ Նազիկ տատիս երգերի մեջ, ում երեք եղբայրներին Ստալինը գնդակահարել էր որպես դաշնակցականների, ինչ է թե կռվել էին Էրզրումի համար, տատիս երգերի մեջ մենք քաջ էինք. Գնդակ որոտաց նոյեմբեր ամսին, Առաքել, Մուշեղ լեռներից իջան կամ Կարկուտ տեղաց Խանասորա դաշտումը

Տատիս երգերի մեջ մենք ֆիդայի էինք, մենք Գևորգ Չաուշ ու Աղբյուր Սերոբ էինք, Նազարբեկով էինք, հեծելագնդի հրամանատար ջավախքցի Կարո էինք, մենք հաղթում էինք երգերի մեջ…

Բայց ցեղասպանությունը, միևնույն է, տեղի էր ունեցել:

Եվ այսպես, Արամ, բարեկամս, վստահ եմ, որ դու էլ ես կարդացել մեր մեծերին և կանգնել ահեղ մենակության դեմ, ինչպես ես և մեզ նմանները:

Եվ բոլորովին վերջերս, երբ նոր էի վերադարձել Մայր Հայրենիքից, Հարություն Խաչատրյանի ծննդյան օրվա առթիվ Սաղմոսավանքի մոտ բացօթյա հավաքված խնջույքում իմ հրաշալի ընկերներից մեկը՝ Լևոն Սարգսյանը, ով նույն ահեղ մենակության քարկապը քանդողներից մեկը եղավ, հեռուստատեսությամբ տեսել էր.

-Հրաշալի Չարենց կարդացիր Կարսում, Չարենցի կիսավեր տան մոտ, լավ, հետո վերջում ինչո՞ւ լաց եղար:

Ես պատասխան չգտա և համբուրեցի ընկերոջս:

Ես նրան չասացի, որ մտածել էի բանաստեղծության վերջում ասել.

-Ներիր, Չարենց, սիրելիս, Կարսում փնտրեցինք Կարինե Քոթանջյանին ու չգտանք և քո պատգամը չկարողացանք փոխանցել քո սիրելի աղջկան, դրա համար լաց եղա, Արամ, բարեկամս… այդպես էլ է լինում:

Իսկ Չարենցի տունը, որը ճակատագրի դաժան օրինաչափությամբ թիվ 37-ն էր, պարզվեց, որ վաճառվում էր: Եվ պատի վրա գրված էր հեռախոսի համարը՝ «Տունը վաճառվում է» հայտարարության տակ: Ի դեպ, Բակունցի տունը Գորիսում նույնպես 37 համարն է կրում:

Պոլսից եկած մեր խմբի հրաշալի տղա Էբրեհեմ Բաղին խնդրեցի, որ հիշատակված հեռախոսահամարով զանգահարի և իմանա, թե ով և ինչքանով է վաճառում Չարենցի հայրական տունը: Թեև ես էլ, դու էլ, Արամ ջան, անկախ գնից, փող չունենք, որ գնեինք, բայց պարզվեց, որ տունն արդեն վաճառված է, և միայն Կարսի քաղաքապետարանը գիտեր գնողի հասցեն: Փորձեցինք զանգահարել քաղաքապետարան: Պարզվեց՝ օրը կիրակի էր: Եվ որովհետև օրը կիրակի էր, Չարենցի տունը տեսնելուց հետո մենք Իշխան Զաքարյանի առաջնորդությամբ Grand Ani հյուրանոցից դուրս եկանք ու գնացինք Անի:

Ես չգիտեմ, թե ովքեր են Անին թողել այն ափին, խոսքս, թերևս, հռետորական է հնչում, քանի որ գիտեմ, թե ովքեր են թողել: Սակայն այսօր Անին և Արարատն այն ափին թողնողների անունով Երևանում և Հայաստանում դեռևս դպրոցներ կան, փողոցներ կան, և այդ փողոցների անունները զարմանալիորեն կպչուն են:

Արամ, բարեկամս, ես չեմ հասկանում, թե ինչ է կատարվում մեզ հետ: Ինչպե՞ս կարելի է հայրենադավներին մեծարել, ում անդրիներն ու կիսանդրիները մինչև հիմա Հայաստանում կան:

Ես սկզբունքորեն դեմ եմ արձանները ոչնչացնելուն, այդ թվում նաև Լենին պապի: Մենք կարող էինք մի տարածքում հավաքել այդ արձանները՝ որպես մեր կենսագրության մաս, և դու, ի դեպ, իրավասու ես որպես փոխքաղաքապետ, և կարծեմ դա հատկապես քեզ է առնչվում: Արձանների այդ խումբը կդառնա բացօթյա թանգարան, այնտեղ հավաքված կլինեն մարդիկ, ովքեր ժամանակների մեջ ղեկավարել են մեզ, այդ արձաններն անցել են մեր կյանքով: Հիմա մենք կանք, իրենք չկան…

Իսկ Անիի Մայր տաճարը կանգուն է արդեն հազար հարյուր տարի: Ուր այդ օրը ժամանակներից հողմահար և արևից խանձված տաճարում պոլսահայ երգչուհի Սիբիլը երգեց Շիրազի տողերով. Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ

Աղջիկը հրաշալի էր երգում հնագույն կամարների տակ, այնինչ տաճարի արևմտյան պատը փլված էր, որը Հայաստանի Հանրապետության կողմից չի երևում, և քուրդ գյուղացիներն այդ երկնասլաց տաճարի քարերով իրենց համար փոքրիկ տներ էին սարքել:

Աղջիկը երգում էր, իսկ տաճարի խորանի գմբեթի քարերը ինձ թվաց, թե երգի ձայնից շարժվում են: Իսկ Ակունք հրաշալի համույթի երգերը, որ մեր ուղեկիցն էին, տեղահանում էին մեր սրտերը: Նրանք երգում էին պատմությունից եկած մեր հերոսական կենսագրությունը, և մենք բոլորս մեր փոքրիկ խմբով այնքան ուժեղ էինք ու հաղթական՝ մնալով մեր բանասիրական հայրենիքում:

Խմբի հետ միասին երգում էինք. Մուշ, Մուշ, Մուշն անուշ, Մուշն էր բոլորից անուշ, Մեր պապերից մնաց հուշ, Քո անունն են դրել Մուշ:

Երգն ու պարը հավաքվել լսում էին նաև քուրդ գյուղացիները, ովքեր ապրում էին մեր պատմական հայրենիքում և Անի տիեզերական քաղաքի տերն էին:

Մեր բոլոր երգերը հրաշալի էին, իսկ ցեղասպանությունն ու հայրենազրկությունը, միևնույն է, տեղի էին ունեցել…

 

II

Տեր Աստված, նորեն ու կրկին դառնում ու մտածում եմ՝ ինչքան գեղեցիկ երգեր ենք հորինել վերջին երկու հարյուր տարիներին, ինչքան ենք հուզվել, ինչքան ենք երգել ու լաց եղել, բայց մեր երկիրը՝ Մարդու երկիրը, թողել ենք ուրիշին:

Եվ հիմա ես ի՞նչ անեմ իմ մանկության երազանքի հետ: Երանի չկատարվեր երազանքս… Բայց ոչ, ճիշտ է, որ կատարվել է: Համո Սահյանն ասում էր. Թող մի քիչ կուրծքս ցավի, որ սրտիս տեղն իմանամ

Ես իմ սրտի տեղն իմացել եմ: Եվ ահա թե ինչ է ասում սիրտս.

-Մեզ նոր Սարդարապատի ոգի է պետք: Մեզ նոր Ղարաբաղի ոգի է պետք: Մեզ պետք է ազգային միասնություն, համազգային համախմբվածություն, և միայն այդ ճանապարհով մեր հարևան քրդերի և մյուսների հետ լեզու կգտնենք կամ կթելադրենք:

Գրեցի այս տողերը և հասկացա, որ երբ մանկության երազանքը կատարվում է, դրանից հետո չի ավարտվում ոչինչ: Դրանից հետո կա այլ երազանք: Եկել են այլ ժամանակներ, և այևս պետք չէ ասել՝ տեսնեմ Անին ու նոր մեռնեմ: Թող ինձ ների Սիբիլ անունով հրաշալի երգչուհին, այո, եկել է ժամանակը այլևս չերգելու. Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ: Եվ հուսամ, որ Մեծն Հովհաննես Շիրազը չի նեղանա, որ իր տողը խմբագրում եմ. Տեսնեմ Անին, այնտեղ ապրեմ: Չէ՞ որ իր երազանքն էլ դա էր:

Այսպես, Արամ ջան.

-Իմ սրտի սիրեկան ազգ,- ասում էր Աբովյանը՝ արթնանալով վերջին հինգ հարյուր տարվա անպետականության թանձր թմբիրից, և ավելացնում,- էդ ո՞ւմ վրա եք թուր հանել, հայոց մեծ ազգին չե՞ք ճանաչում:

Պարզվեց, սակայն, չէին ճանաչում կամ շատ լավ էին ճանաչում և գիտեին ինչ են անում…

Նայելով Անի քաղաքի պատերի տակ հավաքված քուրդ գյուղացիներին՝ հիշեցի Աբովյանի այս տողերը և անմիջապես էլ մտածեցի, թե՝

-Մեր հայոց դպրոցներում արդյոք Աբովյանին ճանաչո՞ւմ են այսօր, սովորո՞ւմ են Աբովյան: Անկեղծ ասած՝ չգիտեմ:

Այո, վեպը պիտի այսօրվա գրական հայերենի վերածվի, իսկ վեպի առաջաբանը բոլոր դպրոցներում, չգիտեմ որ դասարանից, սակայն ամեն երեխա պիտի իմանա: Այնինչ մենք մոռանում ենք, մոռանում և վերջում չենք հիշում, քանզի մեզ սկսում է թվալ, որ մեր պատմությունն ընդամենը հուշարձան է:

Ես մյուսներից լավը չեմ, բայց իմ գիտակցական կյանքի ամբողջ ընթացքում մտածում էի, թե ինչու այդ բանը կատարվեց մեր ազգի հետ:

Կարդացի հազարավոր գրքեր՝ մերինների և օտարների, ու, միևնույն է, չհասկացա, թե ինչու հատկապես մեր ազգի հետ կատարվեց դա, այսինքն՝ ցեղասպանությունն ու հայրենազրկությունը:

Իմ ճանապարհորդությունն Ավետյաց երկիր, թերևս, ավելի էր սրել իմ զգացողությունը, և ես տեսնում էի, որ այնտեղ միայն թուրքը մեղավոր չէր, այլ մեղավոր էին բոլոր մեծ տերությունները, ովքեր մեզ խաբեցին խոստումներով և վերջում միայն միջամտում էին հումանիտար օգնությամբ:

Իրականում մեղավորը մենք էինք, որ խաբվեցինք, փոխանակ տեր կանգնեինք մեր երկրին:

Այնինչ նրանց մեծ տերության պետական այրերը մեծամեծ ճառեր էին արտասանում հայոց փրկության համար, սակայն երբ դառնում էին նախագահ կամ վարչապետ, մոռանում էին իրենց խոստումները և անում լրիվ հակառակը։ Ու չէի հասկանում՝ ինչո՞ւ հատկապես մեզ էին ուզում խաբել, և ինչո՞ւ մենք այդքան հեշտ էինք խաբվում: Ինչո՞ւ էին բոլորն ուզում, որ հայ ժողովուրդը վերանա:

Նույնիսկ Ռուսաստանի արտաքին գործոց նախարար կոմս Լոբանով-Ռոստովսկին հանդգնություն ունեցավ հրապարակավ հայտարարելու.

-Հայաստանը մեզ պետք է առանց հայերի:

Ուստի և ռուսները բազում անգամ գրավեցին Արևմտյան Հայաստանը և նորից թուրքին թողեցին: Եվ գիտե՞ս, Արամ ջան, ինչ է նշանակում գրավել ու դարձյալ թողնել թուրքերին, երբ որ հայը ռուսի կողմից էր կռվում:

Եվ հայը դարձյալ ու կրկին մնաց մեն-մենակ իր թշնամու դիմաց:

Մեր անցած ճանապարհին, որ հազարավոր վերստեր էին,- Տեր Աստված, ինչքան մեծ է մեր Հայրենիքը,- նայելով մեր հրաշալի պատմական երկրին՝ ես փորձում էի հասկանալգաղտնիքը, բայց որտե՞ղ էր թաքնված գաղտնիքը, ո՞ւմ էր խանգարում հայ ազգը, ո՞ւմ էինք մենք վատություն արել:

Գուցե պատճառն այն էր, որ կրթված տերությունները գիտեին, որ հազարամյակներ առաջ քաղաքակրթությունն սկսվել էր այստեղից՝ Հայաստանից, և Մարդու երկրի տերերը խանգարում էին նորելուկ ազգերին, որովհետև իրենք պարտք էին մեզ…

Կամ թերևս ուրիշ մի գաղտնի պատճառ կար, մի մութ ու համառորեն չբացահայտվող ուժ, որը պատճառ ուներ և ունի մեզ վերացնելու:

Թերևս ճիշտ է Լորենս Արաբացին, երբ ասում էր, թե՝ Իսկ այս առաջադեմ ժողովուրդները (հայերը), այսինքն՝ երբեմնի քաղաքակիրթ ազգերը, ծույլ չեն: Նրանք չափից ավելի խելացի են ուրիշների օգտին աշխատելու համար: Իրենք իսկ շահագործողներ են՝ բնազդական, բնածին, անուղղելի, անհուսալի շահագործողներ:

Ու հայերն ամենաբարձր աստիճանին են հասել:

Ասում եմ ձեզ, որ եթե հայերին առիթ տրվի մի կարգին թռիչք անելու աշխարհում, եթե նրանք ազատ իշխանություն ձեռք բերեն երկրագնդի որևէ անկյունում, ամբողջ մոլորակի տերը կդառնան և կաշխատեցնեն մնացյալ ամբողջ մարդկությանը… Իսկ հայն այդ թռիչքը կատարել էր:

Բայց չէ՞ որ մենք այդ թռիչքն արդեն կատարել ենք: Եվ մեզ միայն մնում է շարունակել մեր առաքելությունն աշխարհում:

Ջղերս լարված էին:

Մեր հրաշալի պատմաբաններ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը և պրոֆեսոր Էդիկ Մինասյանը փոխնիփոխ դասախոսություններ էին կարդում մեզ այդ երկար ու զարմանալի գեղեցիկ ճանապարհին՝ մեր հայրենիքը ներկայացնելով քաղաք առ քաղաք, գյուղ առ գյուղ, ձոր առ ձոր, գետ առ գետ, հրաշալի իմացությամբ:

Բոլորը կային: Ամեն ինչ իր տեղում էր, միայն, ափսոս, մենք չկայինք…

Չկար նաև մեկ բան՝ ինձ տանջող հարցի պատասխանը. ինչո՞ւ այդ բանը եղավ և հատկապես մեզ հետ եղավ… Եվ նրանց հրաշալի մեկնաբանության ընդմիջումներին ես հիշում էի Սասնա տուն մեր հրաշալի էպոսն ու մտածում էի նաև, որ մենք Սասունցի Դավիթ անունով էպոս չունենք, Սասունցի Դավիթն ընդամենը մեր տիեզերական էպոսի հերոսներից մեկն է: Եվ Ծովինար մեր մեծ Մայրը շատ ավելի հին էր և կար, ով հղիացավ Վանա ծովի երկու բուռ ջրով, այսինքն թե մեր ապուպապերը ծնվեցին ջրից: Մհեր մեծը սուզվեց Վանա ծովը և ջրի տակից հանեց Թուր Կեծակին և Քուռկիկ Ջալալին, ինչը չհաջողվեց մեր ազգական Գիլգամեշին, ով Նոյի խորհրդով փորձեց նույն ջրի տակից հանել անմահության ծաղիկը:

Նա գտավ ծաղիկը, բայց վերջին պահին օձը խլեց ծաղիկը՝ զրկելով նրան անմահությունից…

Իսկ մեր էպոսի փոքր տղան՝ Մհերը, անմահացավ՝ փակվելով քարե դռան հետևում, հավերժական կանգուն, Վանա ծովին նայող ժայռի մեջ: Իսկ պե՞տք էր արդյոք այդպիսի անմահություն…

Բայց ինչո՞ւ փակվեց, գուցե մնար մեզ հետ, որ միասին հասնեինք իր երազանքին՝ երբ որ ցորենը կլիներ մասուրի չափ ու գարին՝ ընկույզի:

Մհերի երազանքը մեր երազանքն է՝ փոխել աշխարհը, դարձնել Մարդու երկիր, ինչպես սկսել էինք: Եվ պարզվում է՝ բոլորն այդ մասին գիտեն, մենք չգիտենք: Ստիպված եմ դարձյալ անդրադառնալ Լորենս Արաբացուն, ով դաժան անկեղծությամբ ասում էր.

Ասում եմ ձեզ, որ եթե հայերին առիթ տրվի մի կարգին թռիչք անելու աշխարհում, եթե նրանք ազատ իշխանություն ձեռք բերեն երկրագնդի որևէ անկյունում, ամբողջ մոլորակի տերը կդառնան և կաշխատեցնեն մնացյալ ամբողջ մարդկությանը:

Այդ է, որ գիտեն թուրքերը, գիտի աշխարհը… և սարսափում են:

Այնինչ մարդկության պատմության ամենահին ու ամենաբացառիկ պատկերը Վահագնի ծնունդն է. Երկնեց երկինք և երկիր, Երկնեց և ծով Ծիրանի, Եվ եղեգնիկը Կարմիր Երկնեց ծովում Ծիրանի: Այսինքն թե կյանքը ջրից է ծնվել, և սուտ է, Արամ, բարեկամս, որ Սասունցի Դավիթ էպոսն ստեղծվել է արաբական արշավանքների ժամանակ, 7-10-րդ դարերում, դա խորհրդային ակադեմիկոսների հորինած պատմությունն է, քանզի այն ժամանակներում ղրղզը, թուրքմենը, ուզբեկը, ռուսը, բոլորը հավասար էին հային, և ոչ մեկն ավելի հին ազգ կոչվելու իրավունք չուներ, հատկապես ռուսից, որովհետև ռուսը մեր մեծ եղբայրն էր:

 

III

 

Եվ մեր Հայրենիքի այդ զարմանալիորեն երկար ճանապարհին, դարձյալ Աշոտ Մելքոնյանի և Էդիկ Մինասյանի բացատրությունները լսելով, ես մտածում էի.

Թող ինձ ներեն պատմաբաններն ու իմ սիրելի ժողովուրդը, չի եղել Սասունցի Դավիթ էպոս, Սասունցի Դավիթը ընդամենը Սասնա տուն հանճարեղ էպոսի հերոսներից մեկն էր:

Չէ՞ որ եղել է Ծովինար մեր մեծ Մայրը, ով հղիացավ Վանա ծովի երկու բուռ ջրով, ումից ծնվեց մեր մեծ Մհեր հայրը, ով, ինչքան էլ տարօրինակ է, իր Թուր Կեծակին և Քուռկիկ Ջալալին հանեց Վանա ծովի ջրերի տակից:

Ետվահագնյա ժամանակներում դարձյալ ծովից ենք ծնվում:

Եվ Վանա ծովի ափին՝ այդ բացառիկ տաճարում, ինձ թվում էր՝ Աստվածն էր ապրում, ինչպես որ Աստված ապրում է Նորավանքում, այնինչ Աստված ամենուր է, Աստված անտաճար է և անխորան…

Սակայն ինչ գեղեցիկ են Աստծուն նվիրված տաճարները:

Ես լսում էի իմ պատմաբան ընկերների փայլուն մեկնաբանությունները և դարձյալ ոչ մի կերպ չէի հասկանում, Արամ ջան, թե ինչու այդ բանը մեզ հետ եղավ:

Ցեղասպանություն, հայրենազրկություն: Տեր Աստված, մենք ո՞ւմ էինք խանգարում:

Ճանապարհին ես խնդրեցի Հրանտ Բագրատյանին, որ ինքը նույնպես դասախոսություն կարդա որպես տնտեսագետ, թե ինչու այդ բանը եղավ մեզ հետ: Եվ  Հրանտը Բագրատյան հայոց պատնության զարմանալի իմացություն ցուցաբերեց, Տիգրան Մեծից մինչև մեր օրերը:

Մենք անցնում էինք մի երկրով, որը, ինչքան էլ տխուր է, թուրքական  պետության տարածքն էր: Եվ ես ոչ մի թուրքի չհանդիպեցի, ես հանդիպեցի քրդերի, ովքեր մեզ ասում էին.

-Դուք մեր եղբայրներն եք, մենք ձեր առաջ մեղավոր ենք, մեր ձեռքերը  նույնպես ձեր արյան մեջ է թաթախված: Թուրքական պետությունը խաբեց ձեզ, ինչպես հիմա մեզ է խաբում: Մենք շուտով պետություն ենք ստեղծելու, Քրդական պետություն ենք ստեղծելու և մեր պարտքը ձեզ կվերադարձնենք…

Ես չգիտեմ՝ մեր Հայրենիքից նրանք ինչ են մեզ վերադարձնելու… Կամ վերադարձնելո՞ւ են արդյոք… Թե՞ մենք ենք վերադարձնելու:

Այնինչ Մուշի հայկական հին գերեզմանոցում և դժվար բարձրանալի բլուրի գագաթին, ուր ես սայթաքեցի ու քիչ մնաց շրջվեի մեջքիս, եթե ինձ չպահեր պարսկահայ ընկերս՝ Ալֆրեդ Հավանը, մենք գտանք Գևորգ Չաուշի քանդված շիրիմը, և Ռոլանդ Շառոյանը, Օլեգը, Արագած Ախոյանը, Ռուբենը և ես համառորեն ուզում էինք խմել, հարբել ու լաց լինել, և Իշխան Զաքարյանը բոլորիս առաջարկեց ղարաբաղյան արդեն տաք թթի օղի, իսկ օղին Վաչիկ հրաշալի տղայի մոտ էր:

Մենք լաց լինել էինք ուզում, որ հայ ֆիդայապետի գերեզմանի հսկայական սալ քարերը շուռ էր դրված: Սալ քարերից մեկի վրա մենք փռեցինք Հայաստանի Հանրապետության դրոշը և ծաղիկներ խոնարհեցինք մեր հերոսի հիշատակին…

Այդքանը կարողացանք անել, Արամ ջան, վստահ եմ, որ մեր նոր սերունդը ավելին կանի, հուշարձան կկանգնեցնի, ընդ որում՝ Սուլուխի կամուրջի մոտ, որտեղ զոհվել էր մեր ֆիդայապետը:

Նույն ճակատամարտում զոհվել էր նաև թուրքական զորքի հրամանատար Քյոսա Բինբաշին:

Տարօրինակ էր, որ թուրքերը թույլ տվեցին հրապարակավ հուղարկավորել Գևորգ Չաուշին Մուշի հայկական գերեզմանոցում, քանզի մեր ֆիդայապետը այնքան մեծ էր ու նշանավոր, որ նրան նույնիսկ հարգուն էին մեր թշնամիները…

Եվ ինչպես Մարսելյեզը ստեղծող մի գիշերվա հանճարը, այդպես էլ քահանա Ղարախանյանը մի գիշերում ստեղծեց Հազար ինը հարյուր յոթ թվականին, չքնաղ մայիսի քսան և յոթին հայտնի երգը, և այդ երգի հնչյունների տակ էլ ճանապարհ դրեցին մեր ազգի հերոսին, ում գերեզմանը, ինչպես ասացի, հիմա քանդված է:

Ընդհանրապես, հայկական գրեթե բոլոր գերեզմանները, ինչպես նաև պատմական հուշարձանները քանդված էին: Որովհետև ոսկի էին որոնել մեր հին երկրի նոր տերերը:

Ոսկի երևի թե իսկապես եղել է, որովհետև Չարենցը հիշում է, թե ինչպես Կարսում, երբ թուրքերը քանդում էին հայերի տները, պատերի միջից միայն ոսկի էր դուրս գալիս և ոչ մի փամփուշտ ու երկաթե մեխ…

Այնինչ ճիշտը փամփուշտ ու զենքն էր, որը կպաշտպաներ նաև եղած ոսկին:

Հիմա վերադարձել եմ տուն, Արամ ջան, ու չգիտեմ, թե ինչպես պիտի շարունակեմ ապրել: Չնայած այնտեղ էլ է մեր տունը, իմ պապերի տուն-օջախը հիմա այնտեղ է, բայց մի տեսակ տրտում է ու թող ներվի ինձ ասել՝ դարձյալ բանասիրական:

Իմ կյանքում անսպասելի բան է փոխվել: Ես տեսա մեր կորցրած երկիրը, որտեղից սկիզբ են առնում Աստվածաշնչյան դրախտի չորս գետերը:

Ես տեսա Տիրոջ այդ չորս գետերը և մնացի անտեր:

Աստվածաշունչը աշխարհինն էր, ես՝ մենակ կանգնած դրախտի դիմաց իմ հայրենիքում: Եվ հիմա չգիտեմ ինչ անել:

Տեսա նաև Աղթամար կղզում հազվագյուտ կանգուն շքեղագույն Սուրբ Խաչ տաճարը, և կարծես թե ամեն ինչ կարգին էր: Եկեղեցին սլացիկ, խաչը գմբեթին, շուրջբոլորը մաքուր, միայն թե հոգևոր ծեսեր չեն կատարվում, իսկ զբոսաշրջիկները՝ շատ, ինչքան ուզես, հայ և այլազգի:

Ի դեպ, ասեմ, որ Աղթամարում կա նաև մի փոքրիկ սրճարան, որտեղ հրաշալի սուրճ են տալիս, երբ կգնաս՝ փորձիր ինձ, Վոլոդյային ու Արտակին էլ հրավիրել: Չէ՞ որ բոլորս էլ սրճամոլ ենք:

Կամ գուցե հաջորդ անգամ միասին գնանք, փող հավաքենք և Վանում տուն առնենք:

Ասեմ նաև, հատկապես որ Վանի քաղաքապետարանի տպագրած երեք լեզուներով տեղեկագրքում, որոնցից մեկը հայերեն է, ներառված է Վանի ամբողջ պատմությունը հնագույն ժամանակներից: Հիշատակելով, որ այնտեղ ապրել են հնագույն ժողովուրդներ՝ խուռիներ, ուրարտացիներ և հայեր…

Գրված է նաև, որ Վանը աշխարհի ամենահին քաղաքն է, քանի որ Վանի տարեկից քաղաքները վաղուց չկան երկրի վրա, և Վանը ներկայացնում են որպես հավերժական քաղաք, որ հավակնություն ունի դառնալու աշխարհի մայրաքաղաք: Լավ է:

Տեսնում ես՝ ինչ հետաքրքիր կլինի, տուն ենք առնում Վանում և դառնում ենք աշխարհի մայրաքաղաքի բնակիչ, այսինքն թե ամեն ինչ կարող է պտտվել: Հազարամյակներ առաջ Վանը մեր մայրաքաղաքն էր, հիմա էլ կարող է լինել մեր քաղաքը, հատկապես իմ Տիգրան թոռնիկի և քո փոքրիկ Լեո տղայի քաղաքը:

Այո, մեր այցը մեր հին Հայրենիք բոլորովին էլ զբոսաշրջային չէր, այլ նպատակային: Մեր Համահայկական վեցերորդ խաղերի ջահը մեր պատմության միջով պտտեցնելն էր:

Բայց ես երբեք չէի մտածել, որ ես այդքան ատում եմ Աթաթուրքին և թուրքական դրոշը, որոնք ամենուր էին…

Քունս չէր տանում: Հյուրանոցում գրեցի այս տողերը և հանկարծ կեսգիշերային լռության մեջ սահմռկեցի կողքի մզկիթից լսվող նամազի ողբերգական գեղգեղանքից: Տարօրինակ մի ձայն քնած քաղաքի վրա, ձայն, որ, թող ինձ ներեն, նման էր գայլի ձայնի, որը ձմեռային գիշերվա մեջ ուզում է ոհմակ կազմել: Եվ ձայնը հնչում է Կարս հին քաղաքում, ուր Չարենցը թողել էր իր սիրած աղջկան՝ Կարինե Քոթանջյանին:

Ձայնը շարունակ բարձրանում էր և մի պահ անսպասելի լռեց: Լռությունից հետո սկսեցին հնչել թույլ ու ենթակա ձայներ և փռվել քնած քաղաքի վրա: Եվ այդ ձայներն այնուհետև տարածվեցին, տարածվեցին և հասան ու զարկվեցին Կարսի բերդին, բերդ, որ առանց մի կրակոցի մենք  թողել էինք թուրքերին…

Հետո այդ ձայները մարմրելով իջան ձոր, քսվեցին Վարդանանց կամուրջին և փաթաթվեցին Առաքելոց խաչազուրկ վանքին, քանզի մզկիթ էր այն, և նամազն այդ հնչում էր Առաքելոց մեր վանքից:

Եվ վերջում դարձյալ հնչեց մոլլա առաջնորդի բարձր ձայնը, և ինձ թվաց, որ ոհմակն արդեն պատրաստ է, մնում էր նա ասի, թե ուր պիտի գնան և ինչ պիտի անեն:

Այդպես, Արամ ջան, հենց այդպես: Ինչպես տեսնում ես, քո բացակայությունը ինձ ոչ մի հումորի տեղիք չի թողնում, ամեն ինչ լուրջ եմ ընդունում:

Քունս շարունակ չէր տանում, և ես մտածում էի իմ ծնվելիք թոռնիկի՝ տղայիս որդու մասին ու մտածում էի.

Գուցե իմ թոռնիկն է լինելու իմ ու իր երկիրն ազատագրողը, չէ՞ որ Նապոլեոնն էլ ինչ¬որ մեկի թոռնիկն էր, կամ քո փոքրիկ տղա Լեոն նույնպես ինչ¬որ մեկի թոռնիկն է:

 

IV

 

Ինչպես ասացի, երկար էր ճանապարհը, անսահման երկար, և այդ անվախճան թվացող ճանապարհին բազում անգամ տեսնում էի Աթաթուրքի նկարն ու թուրքական դրոշը: Իմ ընկերները զրուցում էին, երբեմն՝ ծիծաղում: Իսկ ես, ներանձնացած, մտովի խոսում էի թուրքերի հետ.

Ինչո՞ւ էիք դուք մեզ այդքան ատում և ատում եք այսօր: Ի՞նչ էր հայն արել ձեզ, չէ՞ որ դուք՝ քոչվորներդ էիք ներխուժել մեր պատմական Հայրենիքը՝ ոչնչացնելով երկրի տերերին, տեղահանելով և հայրենազրկելով:

Իսկ այսօր զբաղված եք հազարամյակների ընթացքներում ստեղծված հայոց հոգևոր մշակույթի ոչնչացմամբ, այդ թվում նաև գերեզմանների:

Մի° արեք այդ բանը, գերեզմաններում ոսկի չկա. շիրմաքարերի տակ մեր պապերն են թաղված՝ երկրի տերերը, իսկ ձեր պապերը թաղված են Ալթայում:

Եվ մեղք է գերեզմանը քանդելը, ձեր կրոնում նույնպես այդ բանը կա, ու մի պղծեք ձեր կրոնը: Ընդհանրապես ոչինչ մի պղծեք և փորձեք հիշել, որ թուրքական լեզվի (չէ՞ որ դուք լեզու չունեք՝ բացի օսմաներենից, որի կեսն արաբերեն է, մյուս կեսը՝ պարսկերեն) և թուրքական առաջին հանրագիտարանի հայրն ազգությամբ հայ էր՝ Հակոբ Մարթայանը, ով ձեր առաջնորդ Մուստաֆա Քեմալին անուն տվեց՝ Աթաթուրք, այսինքն՝ թուրքերի հայր, և Աթաթուրքը, կնքվելով իր նոր անունով, անմիջապես էլ Հակոբին անվանեց Հակոբ Դիլաչար, այսինքն՝ լեզու բացող:

Ճանապարհը երկար էր, և մենք, անցնելով Բիթլիսից, գրեթե մոտենում էինք Վանին: Սիրտս խփում էր անսովոր հաճախականությամբ: Անցանք Վիլյամ Սարոյանի հայրենիքից, ուր նրա հայրը՝ Արմենակն էր ծնվել և այնտեղ դպրոց գնացել՝ հայոց լեզուն սովորելու…

Եվ հազար ինը հարյուր վաթսունչորս թվականին Մեծ գրողը՝ Վիլյամ Սարոյանը, գալիս հասնում է Բիթլիս: Նրան դիմավորում է քրդական հայտնի տոհմերից մեկի վերջին ներկայացուցիչը: Երբ հարյուր տարի առաջ Բիթլիսն ամբողջությամբ հայկական քաղաք էր, ընդամենը չորս քուրդ ընտանիք կար Բարզանի տոհմից: Եվ վերջում միակ Բարզանին դիմավորեց Սարոյանին:

Նա ցույց տվեց Սարոյանի հոր՝ Արմենակի տունը: Եվ Սարոյանը գնեց մի բացովի մահճակալ ու մի գիշեր քնեց հոր տանը: Հաջորդ օրը նա քաղաքապետին նվիրեց հինգ հազար դոլար, այդ թվում նաև մահճակալը, և խնդրեց, որ այն դպրոցը, որտեղ սովորել էր իր հայրը, վերանորոգեն, որովհետև դպրոցն անմխիթար վիճակում էր:

Մեծն Վիլյամ Սարոյանը գնաց ու այլևս չվերադարձավ և իր գրականությամբ դարձավ աշխարհի քաղաքացի:

Մեր ճանապարհորդության ընթացքում պատիվ ունեցա հանդիպելու Բիթլիսի քաղաքապետին և հարցրի.

-Սարոյանի անվամբ փողոց կա՞:

Ասաց՝ արդեն որոշումը կայացված է:

Հարցրի նաև, թե այն դպրոցը, որտեղ Սարոյանի հայրն է սովորել, կարո՞ղ է անվանեք Սարոյանի անունով:

Ասաց՝ մտածելու բան եք ասում…

Ճանապարհն անվերջ շարունակվում էր: Եվ ես երկար մտորումներից հետո, Արամ, բարեկամս, հասկացա, թե թուրքերն ինչու չեն սիրում մեզ: Որովհետև իրենք ուզում են աշխարհից թաքցնել իրենց նախճիրը՝ ցեղասպանությունը, իրենց թալանը: Իրենք ուզում են թաքցնել իրենց գողությունը, չէ՞ որ մի ամբողջ ազգի հայրենիք և մշակույթ էին գողացել՝ ոչնչացնելով հայրենիքի տիրոջը: Եվ այդ գողացված հայրենիքի զավակները մենք ենք, Արամ ջան:

Եվ իմ ընկերներից մեկը՝ Հակոբը, ինձ ասաց.

-Ես Արևմտյան Հայաստան չեմ գնա, որովհետև ես Արևմտյան Հայաստան տանկով պիտի գնամ:

Երևի նա ճիշտ էր, քանի որ ես անզեն էի գնացել…

Իսկ, ինչպես ասացի, Հրանտ Բագրատյանը մեզ հետ էր, և ես նրան ասացի.

-Հրանտ ջան, դու Բագրատյան ես, այսինքն թե Բագրատունի, ինչո՞ւ թուրքերին դատի չես տալիս ու հետ չես պահանջում քո Անի քաղաքը: Հրանտը սկզբից խոսքս կատակով ընդունեց, այնուհետև՝ Վանը տեսնելուց հետո, ինձ լրջորեն ասաց.

-Գիտես, Մերուժան, խոսքդ ազդեց ինձ վրա, իսկապես, ինչո՞ւ դատ չեմ բացում, երբ որ Հայաստանում բազմաթիվ Բագրատունիներ ու Բագրատյաններ կան:

Այո, հաստատ կա հերոս ու հակահերոս, կա ազգ և հակացեղ: Ինչպես նաև կա մասսայական մշակույթ, որը զրկում է մարդուն մտածելուց: Բոլորը գիտեն այն, ինչ բոլորը գիտեն: Եվ կարծես թե ամենևին էլ կարիք չկա հիշելու և մտածելու…

Այնինչ ով գիտի և հիշողությամբ կառավարում է անցյալը, ապագայի տերն է դառնում, և հակառակը, քանի որ ապագան է գնահատում և ձևակերպում անցյալը…

Միտքս շարունակ թափառ էր: Եվ շատ բաներ տեսա ու շատ բաների մասին լսեցի, որ արդեն չեմ ուզում գրել, որովհետև Վանա ծովի անսպասելի հայտնությունը մաքրագործեց հոգիս…

Չեմ ուզում գրել նաև, թե ինչպես Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու բակում, երբ մենք ավարտել էինք ջահավառությունը, և ուրախության ճաշկերույթ էր՝ Ակունք համույթի հրաշալի ուղեկցությամբ, և ուր հավաքվել էին երկու հարյուրից ավելի քրդացած հայեր, մի քուրդ պատվական գրող ինձ ասում էր (անունը միտումնավոր չեմ նշում), որ իրենք մեղավոր են հայերի առջև, ասում էր նաև, որ մինչև 1895-96 թվականների սուլթան Համիդի հրահրած հայերի կոտորածները քրդերը սովորույթ չունեին կին ու երեխա սպանելու: Նրանք գերեվարում էին, տանում և որդեգրում էին՝ դարձնելով քուրդ:

Սուլթան Համիդը, որի, չգիտեմ, տատը, թե մայրը հայուհի է եղել, սովորեցրեց քրդերին երեխա սպանել…

Հետո նա մի արտահայտություն արեց ու թքեց հատակին: Թարգմանչուհին նեղվեց թարգմանել: Հարցրի՝ ի՞նչ ասաց։

-Ոչինչ առանձնապես,- ասաց թարգմանչուհին,- ասաց՝ այդ շան քածը և թքեց՝ նկատի ունենալով սուլթան Համիդի մորը:

Ինչպես ասացի, Արամ ջան, շատ բաների մասին չեմ ուզում գրել, չեմ ուզում գրել նաև, որ մեր Մայր Հայրենիքում, որին մենք Արևմտյան Հայաստան ենք ասում, կա հարյուր ութսուն հազար պատմական հուշարձան՝ ավերված, կիսավեր և կանգուն…

Պատկերացրու, թե ինչ տեղի կունենար, եթե ամեն հուշարձան կառուցելուց մեր պապերը նաև մի հրացան առնեին՝ յուր փամփուշտներով, որպես իրենց կառուցած հուշարձանի պաշտպան:

Դարձյալ կրկնում եմ՝ պատկերացնո՞ւմ ես՝ ինչ տեղի կունենար: Մենք կունենայինք հարյուր ութսուն հազարանոց բանակ: Եվ ինչքան էլ ուզեին թուրքերն ու մեծ տերությունները ցեղասպանել և հայրենազրկել մեզ, չէին կարողանա:

Չեմ ուզում հիշատակել նաև մեծն Րաֆֆու տողերը, որովհետև ինձ համար դժվար է վերապրելը: Կարծում եմ՝ քեզ համար էլ և ընթերցողի համար էլ դժվար կլինի կարդալ, ինչ որ նա գերմարդկային տառապանքով գրում է «Ջալալեդդին» վեպում:

«Ով հայրեր, ով պապեր, այս գավաթը խմում եմ, բայց առանց նվիրելու ձեր ոսկորներին: Եթե դուք այս վանքերի տեղը, որոնցով լիքն է մեր երկիրը, բերդեր շինեիք, եթե դուք սուրբ խաչերի և անոթների փոխարեն, որ սպառեցին ձեր հարստությունը, զենքեր գնեիք, եթե դուք ձեր անուշահոտությանց տեղ, որ խնկվում են մեր տաճարներում, վառոդ ծխեիք, այժմ մեր երկիրը բախտավոր կլիներ:

Մեր երկիրը չէին քանդի, մեր որդիքը չէին կոտորի և մեր կանանց չէին հափշտակի

Վանքերից ծագեց մեր երկրի կործանումը, նրանք խլեցին մեր սիրտը և քաջությունը, նրանք ձգեցին մեզ ստրկության մեջ, սկսած այն օրից, երբ Տրդատը թողեց իր սուրը և թագը, վերցրեց խաչը և մտավ Մանիա այրը՝ ճգնելու

Ով Հայոց հին աստվածներ, ով Անահիտ: Ով Վահագն, ով Հայկ, նվիրում եմ այս բաժակը ձեր սուրբ հիշատակին, դուք փրկեցիք մեզ»:

Իսկ Վանա լճի զվարթուն տեսքը մեր երթի մեջ աշխուժություն էր արթնացրել, և բոլորս երգում էինք Մուշի մի գիշերվա հանճար մեր քահանայի՝ Գևորգ Չաուշի հիշատակի համար գրած երգը.

Ելիր, Գևորգ, ելիր, դուշմանը շատ է,

Հայոց կյանքի համար մեռնելը փառք է…

Այսպես, Արամ ջան, շատ բան կա, որի մասին, ինչպես ասացի, չեմ ուզում գրել:

Միայն մի բան եմ ուզում ասել: Պատկերացրու հարյուր ութսուն հազար հրացան ժամանակների մեջ մեր հոգևոր կենտրոններում, որոնք արդեն այսօր պատմական հուշարձան են: Եվ, ի՞նչ ես կարծում, ի՞նչ կլիներ: Կլիներ այն, որ մեր ֆիդայապետ Գևորգը մենակ չէր մնա, և նրա թիկունքին կլիներ հարյուր ութսուն հազարանոց բանակ, ու այդ դեպքում ո՞վ կհաղթեր մեր ֆիդայապետին և մեզ առհասարակ:

 

V

Եվ իսկապես, ո՞վ կհաղթեր մեզ, եթե մենք մեր տուն ու դռանը տեր կանգնեինք և չբաժանվեինք բազմաթիվ կուսակցությունների ու մեր դեմ ունենայինք միայն մի խնդիր՝ ստեղծել ազատ, անկախ Հայաստան: Եվ ոչ մի շեղում այդ գաղափարից:

Մոռանայինք մեր անձնական նկրտումները և միասնաբար կանգնեինք կռվելու՝ հանուն Հայրենյաց, հանուն մեր զավակների, հանուն մեր կանանց…

Հայրենիքը, Արամ, բարեկամս, մեծ տերությունների որոշումներով չէ, որ նվեր է տրվում, այլ Հայրենիքը կռվով են պաշտպանում: Ինչպես մենք արեցինք Ղարաբաղում:

Ինչպես ասացի, մեր հայրենիքի ճանապարհները երկար էին, և ես, որ մեր պատմությունը կարծես թե լավ գիտեի, միևնույն է, ճանապարհին շատ բան սովորեցի:

Օրինակ՝ քուրդ գրողը Դիարբեքիրում հիշեց սուլթան Համիդի մասին՝ մեղադրելով նրան քրդերին մանկասպանություն սովորեցնելու համար: Երևակայիր, որ նրա ասածի մեջ, թերևս, ճշմարտություն կար, չնայած ես վստահ չեմ, թե նախկինում քրդերն իրենց ասպատակությունների ժամանակ կին, երեխա չեն սպանել:

Բայց իրականությունն այն է, որ հազար ութ հարյուր իննսունմեկ թվականին Համիդ սուլթանը որոշում կայացրեց՝ կոտորել հայերին ռուսասիրության պատճառով: Եվ երկար մտորումից հետո գտավ ձևը՝ Զագրոսից հյուսիս հրավիրեց քրդերին, որպեսզի նրանց ձեռքով իրականացնի իր մտահղացած նախճիրը: Քուրդ աշիրեթներն սկզբից հրաժարվեցին, սակայն սուլթան Համիդը ձևը գտավ կաշառելու և հյուսիսից հարավ հրավիրեց քրդերին՝ պետության ծախսերով ստեղծելով երեք համիդիե հեծելազոր՝ առաջարկելով նրանց կոտորել հայերին և տեր դառնալ նրանց ունեցվածքին:

Ու տեղի ունեցան հազար ութ հարյուր իննսունհինգ-իննսունվեց թվականների հայերի կոտորածները, որոնք, ըստ էության, առաջինն էին ցեղասպանության իմաստով:

Ինչքան հայ զոհվեց՝ մինչև հիմա էլ հայտնի չէ…

Ծանր է հիմա ինձ համար վերհիշել նահատակվածների թիվը… Այն կարող էր անվերջ շարունակվել, բայց եվրոպական տերությունները, ինչքան էլ տարօրինակ է, առաջին անգամ Համիդ սուլթանին զսպեցին: Բայց քրդերն արդեն Հայաստանում էին և հողի ու դրության տերն էին: Որից հետո էլ սկսվեց հայազուրկ Արևմտյան Հայաստանի՝ քրդերի մասսայական վերաբնակեցումը:

Քուրդ գրողը, արդեն իմ լավ ծանոթը, ճիշտ էր ասում, որ թուրքերն սկզբից հայերիդ խաբեցին, հետո մեզ՝ քրդերիս:

Քանզի հազար ինը հարյուր քսանչորս-քսանհինգ թվականներին իրեն հանրապետություն հռչակած Թուրքիայի ղեկավարը հրապարակեց մի օրենք լքյալ գույքի մասին: Այսինքն թե տեղահանված, հայրենազրկված հայերի գույքը պատկանում էր պետությանը, ինչպես նաև պետությանն էր պատկանում Համիդի ժամանակներից քրդերի՝ հայերից հափշտակված գույքը:

Հենց այսպես, Արամ ջան, չեմ ուզում մանրամասները քննարկել, քանի որ դրանք պատմաբանների գործն են:

Իսկ ես պարզապես տրտում եմ: Ինչպես հին Վանը, որ հողին է հավասարված, և Վանա հավերժական բերդից այդ բլրանման ավերակներին էր նայում մեր փոքր Մհերը:

Եվ մեզ՝ շատերիս թվում է, թե ժայռի ներսում փակված մեր Մհեր թագավորը հեռուստացույց և համացանց է նայում, որ տեսնի, թե երբ ցորենը մասուրի չափ կլինի և գարին՝ ընկույզի, ու նոր դուրս գա:

Ներիր, բայց չեմ հավատում, որ Մհերն այնտեղ է… Մեր հանճարեղ էպոսը մեր առջև անհավատալի դաժան հանելուկ է դրել, որ անընդհատ փնտրենք և ուզենանք արթնացնել Մհերին, այսինքն՝ մեր սիրելի Մհերը մեր ներսում է:

Ամեն հայի ներսում մի քնած Մհեր կա, ում պիտի մենք արթնացնենք: Եվ ազգովին գնանք ու Եռագույն դրոշը բարձրացնենք Մհերի դռան առջև, և մեր՝ յուրաքանչյուրիս մեջ արթնացած Մհերը կարթնացնի քարե նաշում փակված մեր Մհերին:

Ու այդ ժամանակ իսկապես ցորենը կդառնա մասուրի չափ և գարին՝ ընկույզի: Այսինքն թե Մհերի դուռը դրսից է բացվում, և բացողը մենք ենք լինելու, ու Խաչբանալին մեր վզից է կախված

Այդպես, Արամ, բարեկամս, ինչպես ասացի, միտքս շփոթ էր, և մեր ճանապարհը՝ երկար ու անուրախ: Սակայն նույն սրբազան ճանապարհին եղան բաներ, որ արժանի են գրոց հիշատակի.

Հիշում ես, նամակիս մեջ գրել էի, որ ամբողջ հնագույն Հայաստանն այնտեղ է, ամեն ինչ տեղում է, միայն մենք չկանք: Հենց այդպես էլ կա, որովհետև նախքան Իգդիր մտնելը, որ Արարատի փեշին է, մենք մի փոքրիկ խմբով շեղվեցինք հիմնական ճանապարհից: Թեքվեցինք դեպի Արաքս, որ գտնենք Իշխան Զաքարյանի մեծ պապ Անդրանիկի Տաշբուռան անունով գյուղը:

Եվ երևակայո՞ւմ ես ինչ տեղի ունեցավ: Մենք ոչ միայն գյուղը գտանք, այլ նաև Իշխանի մեծ պապի տունը, որի տեղն ու դիրքը նրա հարյուր վեց տարեկան Վարինկա տատը մանկությունից մանրամասն պատմել էր…

-Մեր տունը եկեղեցու մոտ էր և կամրջի բերանին…

Եկեղեցին, իհարկե, մզկիթ էր արդեն, իսկ հին կամուրջը կար, որի անմիջապես բերանին Իշխանի մեծ պապի արևախանձ և հողմահար տունը, ինչքան էլ տարօրինակ էր, կանգուն էր, և այնտեղ քրդեր էին ապրում:

Բակում բազմաթիվ հին իրեր կային, այդ թվում նաև հին քարե մեծ սանդը: Հին իրեր կային նաև խորդանոցում. մի հին պրիմուս, որի վրա խաչ էր փորագրված, երկու հին նավթավառ լամպեր:

Հիշո՞ւմ ես, Արամ, բարեկամս, երգ ունենք՝ Լամպի շուշեն կզնգա, որը դու էլ լավ գիտես ու երգում ես:

Բայց մեր գտած լամպերը շուշա չունեին, և բացակա ապակու զրնգոցն անցավ մեր մեջ, հատկապես Իշխանի, ով երկար ժամանակ նստել էր մեծ պապի տան պատի տակ և որբացածի հայացքով նայում էր ահեղ մենությանը՝ թերևս մտքի մեջ խոսելով Վարինկա տատի հետ, ով իրեն մատնացույց էր արել պապի տան տեղը…

Հետո, երբ արդեն ոտքի ելանք, Իշխան Զաքարյանը սանդը և երկու նավթավառ լամպերն ու պրիմուսն ուզեց վերցնել՝ որպես հիշատակ իր մեծ պապի տնից, և փող առաջարկեց տանտիրոջը: Իսկ երիտասարդ տանտերը համառորեն հրաժարվեց փողը վերցնել՝ ասելով, որ դուք ձեր պապի տունն եք եկել, վերցրեք, ինչ ուզում եք…

Այլևս խոսք չկար ասելու՝ բացի շնորհակալությունից: Շնորհակալություն, որ թույլ եք տալիս մեր մեծ պապի տնից հիշատակ վերցնել: Այսինքն թե տունը՝ ձեզ, հիշատակը՝ մեզ… Մեր հայրենիքը ձեզ, հայրենիքի մասին երգելը՝ մեզ…

Իշխանը, իհարկե, այդպիսի բան չասաց, բայց վերադարձի ճանապարհին ես այդպես մտածում էի և ինձ համոզում, որ քաղաքակրթության պատմությունը, ըստ էության, մինչ այսօր պարտված ժողովուրդների պատմությունն է: Ափսոս, սակայն, պատմության ձևակերպումը թողել ենք հաղթող պետություններին: Այդպես համոզում էի ինձ ու չէի ուզում հավատալ դրան, քանի որ մենք՝ քաղաքակրթություն ստեղծողներից մեկը, պարտված ազգ չենք, մենք պարտվել ենք անցած ժամանակների մեջ:

Այնինչ մենք հաղթող ազգ ենք, ազգ, որ կիրականացնի Լորենս Արաբացու չկամ ցանկությունը՝ աշխարհը ղեկավարելու մեր կարողությամբ:

Այսպես մտածելով ես փորձում էի ինձ էլ պատկերացնել Ձիթով գյուղի իմ պապի տան պատի տակ նստած, ու իմ հայացքը՝ դարձյալ ահեղ մենության առաջ: Բայց մեր գյուղը ծրագրված երթուղուց հեռու էր, ու մենք ստիպված էինք չշեղվել: Ինչպես նաև չտեսանք Աշոտ Մելքոնյանի պապի գյուղը։

Եվ իմ մեծ պապի տունը չտեսածիս հայացքն այդպես էլ առկախ մնաց, որի ահեղ մենությունը հիմա հետս տուն եմ բերում…

 

VI

 

Եվ այդպես, Արամ ջան, ամենամեծ գաղտնիքը, որ ես ինձ հետ բերեցի, ահեղ մենությունն էր պատմական հայրենիքի առջև: Հիմա ինչ անեմ, ընկեր, ինչպես սրբագրեմ իմ  մանկության երազանքը, կամ դու ինչպես ես սրբագրելու՝ չգիտեմ: Փորձիր նաև ինքդ գտնել ճանապարհը…

Եվ չեմ մտածում, որ դու ուզում ես ինձ մենակ թողնել, քանի որ Մուշ քաղաքը մտնելուց առաջ մենք դանդաղ անցանք Խաս հրաշալի գյուղով, որ մեր երջանկահիշատակ վարչապետի՝ Անդրանիկ Մարգարյանի պապի գյուղն էր: Այսինքն թե մեր քաղաքապետ Տարոն Մարգարյանի մեծ պապի գյուղը, ուր նրա պապական տունը այլևս չկար:

Չնայած Ռոլանդ Շառոյանը մի քանի տարի առաջ տունը լուսանկարել էր , բայց քաղաքավերափոխումների պայմաններում արդեն չկար նաև մեր քաղաքապետի մեծ պապի տունը: Գրում էի այս տողերը, և Համո Սահյանը ականջիս շշնջաց.

Լինում են պահեր, որ քիչ է մնում

Մարդ իր կոչումն ու պարտքը մոռանա

Եվ գլուխն առնի, թողնի հեռանա

Ոչ, մեծ վարպետ Հանո Սահյանը հեռանալու մասին չէր խոսում, վերադարձի մասին էր խոսում՝ հռչակելով.

Թագավորն ապրած կենա,

Ասվածս ցորենին ասեմ

Իսկ Մայր Հայաստանում  ցորենն այնքան շատ էր, որ թուրքական պետությունը նույնիսկ արտահանում էր: Ստացվում է այնպես, որ մեր երկրի ցորենն է արտահանում:

Շատ կուզեի իմ քաղաքապետ Տարոն Մարգարյանին եղբայրաբար խորհուրդ տալ, որ տուն կառուցի Սուլուխի կամուրջի մոտ, իր մեծ պապի հիշատակին:

Եվ տունն այդ խաս քարով կառուցիր, Տարոն ջան, եթե դու ժամանակ չգտնես գնալու, մենք կգնանք՝ արվեստագետների խմբով, քանի որ մեր լքյալ երկիրը մեր խոսքի կարիքն ունի: Որովհետև ինչքան այնտեղ հայերեն հնչի, այնքան հայերենը կշատանա:

Իսկ մեր հայրենի հողը կարոտ է մեր խոսքին: Վանում մի պահ ես ինձ փորձության ենթարկեցի. ծովի ափին մենակ նստած Թումանյանի Ախթամարն էի արտասանում, և հավատա՝ ծովը լսում էր ինձ: Այդ լեզուն, այդ խոսքը հարազատ էր իրեն: Եղավ մի պահ, որ ինձ թվաց, թե ես ինչ¬որ բան չափազանցնում եմ, բայց հետո սթափվելով հիշեցի, որ ջուրը հիշողություն ունի:

Հետո ինձ մոտեցավ Հրանտ Բագրատյանը, և ես նրան ասացի, որ ծովի համար Թումանյան եմ կարդում:

Լավ ես անում՝ ասաց, չէ՞ որ ջուրը հիշողություն ունի: Հետո լուռ, երկար նայելով փիրուզագույն ծովին, որ շատ նման էր Սևանին, մի գրեթե հանելուկային նախադասություն ասաց:

Դա մեջբերում էր Լև Գումիլյովի Հին թուրքերը գրքից, որն ինձ անծանոթ էր:

-Ազգերն ու պետությունները գերագույն նպատակներ պիտի դնեն իրենց առջև, որ հասնեն իրենց երազած միասնական հաղթանակին: Այնինչ շատ ազգերի դա չհաջողվեց, չհաջողվեց նաև հայերին…

Ծովը շարունակ ծփում էր, և ես, որ շատ բարձր էի գնահատում Գումիլյովին, ներքուստ ապստամբեցի՝ մտածելով, որ մեր հաղթանակի ժամանակը գալու է կամ եկել է արդեն: Մնում է, որ մեր համազգային հայացքը տեսնի ու ճանաչի: Եվ դուրս գալով բանասիրական հայրենիքի սահմաններից՝ ճանաչի իրական հայրենիքը և որոշի տեր դառնալ: Մեր պարագայում թերևս Գումիլյովը սխալվում էր:

Այդպես, Արամ ջան, ինչպես ասացի, շատ բաներ կան, որոնց մասին չեմ ուզում գրել կամ գոնե հիմա չեմ ուզում գրել:

Օրինակ՝ չեմ ուզում գրել քրդերի սեփական պետություն ստեղծելու՝ մեծից մինչև փոքրի ահեղ վճռականության մասին, որ տեսա ամենուր:

Չեմ ուզում գրել, որ մեր հարավարևմտյան հարևանները շուտով քրդերը կլինեն՝ իրենց հսկա պետությամբ, որի տարածքի մեծ մասը մեր պատմական հայրենիքն է…

Սակայն բաներ կան, որոնց մասին չեմ կարող չգրել, որոնք իմ մեջ անանց կարոտ են արթնացնում. օրինակ՝ Այնճար քաղաքը՝ Լիբանանի ու Սիրիայի սահմանագլխին, այդ հայահիմնադիր, հայախոս լուսավոր կղզին արաբաբնակ ծովի մեջ, քաղաքի Սուրբ Պողոս եկեղեցին, հովվապետ ավագ քահանա Աշոտ Գարագաշյանը, ով փայլուն էր երգում, Այնճար քաղաքի պատվական քաղաքապետ Կարապետ Փամպուկյանը, ով հպարտ էր իր քաղաքով և չէր մոռանում, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության երկու նախարարներն էլ՝ ժամանակներ առաջ Սերժ Սարգսյանը և վերջերս Սեյրան Օհանյանը, այցելել են իրենց քաղաք, և չէր մոռանում ու բաժակ էր բաձրացնում հայոց հաղթական բանակի կենացը…

Չեմ կարող չգրել նաև Տիգրիս գետի կրիաների մասին, որոնց մենք պատիվ ունեցանք հանդիպելու մի ափամերձ ռեստորանում, որի տերը քրդացած հայ էր:

Կրիաները հաճախորդների ձայնից վտառով հավաքվեցին մեր դիմաց, և մենք բոլորս ուրախացած սկսեցինք ուտելիք նետել գետը: Կրիաները, սակայն, առանձնակի ախորժակով չէին մոտենում ուտելիքին: Մինչև որ Հրանտ Բագրատյանի տիկին Նանան լավաշի չորացած պատառներ նետեց նրանց…

Եվ բոլորիս աչքի առաջ տեղի ունեցավ զարմանալի մի բան. կրիաները, թողնելով ջրի վրա լողացող մնացյալ ուտելիքը, սկսեցին լավաշի կտորները իրար  բերանից խլել: Ստիպված մենք բոլորս շարունակեցինք լավաշի պատառիկներ նետել ջուրը՝ ուրախացնելու այդ տարաշխարհիկ կենդանիներին:

Աստծո սիրուն, խնդրում եմ, ինձ չափից ավելի միստիկ չհամարեք, բայց ինձ թվաց, որ այդ կրիաները ճանաչում էին լավաշը և գիտեին համը, և ես մտածեցի, որ նրանք տեսել են եղեռնը և հիշում էին գետի նախկին տերերի թխած հացի համը, քանզի, ինչքան գիտեմ, ջրային կրիաները երկար են ապրում:

Ուրեմն նրանք մեր հայրենազրկված պապերին էլ էին տեսել:

Չեմ կարող չգրել նաև Կրկուռ առեղծվածային կանաչ լեռան մասին, որը պառկած աղջիկ էր՝ մազերը թափած հողին, և որը երկար ուղեկցում էր մեզ Մուշից  Էրզրում տանող ճանապարհին՝ որպես հրաժեշտի գազել…

Իսկ մինչ այդ Մուշ քաղաքում ուշ երեկոյան,- շնորհակալություն Արագած Ախոյանին, ում առաջարկով մենք գնացինք Մուշի նորաստեղծ հայկական կենտրոն, որտեղ նաև հայկական նորաբաց դպրոցն էր՝ տասնչորս աշակերտով, իրենց Գևորգ ուսուցչի գլխավորությամբ, ով թոշակի էր անցել Պոլսում և կամավոր եկել էր Մուշ՝ քրդացած հայերին  հայոց խոսքը սովորեցնելու,- առաջին հայացքից ամեն ինչ հրաշալի էր, բայց երբ նայում էի տասներկուսից հիսուն տարեկան աշակերտներին՝ հազիվ էի զսպում լացս: Ու բացեցի աշակերտական մի տետր և նայեցի պատահական մի էջ, ուր վայելչագիր, գեղեցիկ ձեռագրով կարդացի.

Չարենցը գրող մըն է:

Եվ երկրորդ տողը՝ Կովը կբառաչե

Հուզմունքը խեղդում էր ինձ:

Սա ի՛նչ ճակատագիր է, Արամ, եղբայրս, և ե°րբ պիտի մենք քանդենք ճակատագրի այս քարկապը…

Ու ես Աշոտ Մելքոնյանին խնդրեցի, որ աշակերտական տետրի այդ էջը լուսանկարի:

Շատ բաներ տեսա, Արամ, բարեկամս, որոնց մասին կարելի էր գրել, բայց  մի այլ անգամ, և մի այլ տեղում:

Սակայն Ազդակ թերթի մասին անպայման ուզում եմ հիշատակել, որի խմբագիրը ժամանակին եղել է մեծն Մուշեղ Իշխանը, և մեր օրերի խմբագիր Շահան Գանտահարյանը ինչ գեղեցիկ կառույց է ստեղծել, և ինչ հրաշալի էր, որ այդքան երիտասարդ էին աշխատակիցները, ովքեր հայոց խոսքը Բեյրութից հասցնում էին աշխարհին: Ուրեմն հայոց կյանքը, հայալեզու կյանքը Բեյրութում շարունակվում է, և հավատա ինձ, որ ոչ Այնճարը, ոչ էլ Ազդակը բանասիրական հայրենիք չեն, թեև թվում են:

Ուզում եմ հիշել և շնորհակալություն հայտնել Հայկազյան համալսարանին Բեյրութում, համալսարանի լուսավոր ռեկտոր վերապատվելի Փոլ Հայտոսթյանին՝ Շնորհակալություն ձեր գեղեցիկ հավերժության համար:

 

Հ. Գ.

Ինչևէ, առայժմ այսքանը, Արամ, բարեկամս, հուսամ հետևում ես Հրապարակ թերթում քեզ հասցեագրված նամակներիս, որը օրագրիս ընդամենը մի մասն էր, որտեղ ես խոսեցի իմ մանկության իրականացած երազանքի մասին և այն ահեղ մենության մասին, որ ճանաչելով մինչ օրս թվացյալ կորուսյալ Հայրենիքը՝ հասկացա, որ այն երբեք կորուսյալ չի կարող լինել և կորուսյալ չէ:

Հասկացա նաև, որ մենք մեր ներսում պիտի արթնացնենք մեր քնած Մհերին, ով, ի դեպ, երկու անգամ արթնացել է վերջին հարյուր տավա ընթացքում. մի անգամ Սարդարապատից առաջ, երկրորդ անգամ արթնացավ Շուշին գրավելուց առաջ: Այսինքն՝ նա կարող է դարձյալ արթնանալ, արթուն  պահել մեզ ու մնալ մեզ հետ, այլևս մոռանալով Վանում իր քարե նաշը:

Եվ մեր ներսի Մհերին արթնացնելով միայն կարող ենք քանդել վերջին վեց հարյուր տարվա պատմությունից մեզ պարտադրված այդ տարաշխարհիկ քարկապը և դուրս գալ Հայրենական լուսավոր եզերք՝ ամբողջացնելով այն, դուրս գալ բաց ծով՝ ազատվելով անհողմությունից:

Եվ, այո, մեր Մարդու հայրենիքից մարդկային կերպ հաղորդենք աշխարհին, ինչքան էլ որ ճշգրիտ գուշակել էր Լորենս Արբացին, թե հայը կարող է աշխարհը ղեկավարել, սակայն չէր ուզում, ինչպես չէին ուզում նաև իր թիկունքում  կանգնածները, որ մեր Մհերն արթնանա մեր մեջ ու օգնի, որ աշխարհում ցորենը դառնա մասուրի չափ և գարին՝ ընկույզի…

Այնինչ Մհերը կարթնանա, և Դուռը բացողը մենք ենք լինելու:

 

 

Անդին 7-8, 2015

Կարծիքներ

կարծիք