Իմ ցեղի սպանության պատմության օրինակը

Հեղինակ:

Մարիա

 

Թուրքիան չի ճանաչում իր մեղքը, քանի որ պատրաստվում է այն նորից կրկնել:

Եվրախորհրդարանի պատգամավոր, ազգությամբ հույն, հայասեր, հայերի պատմության մեծ գիտակ Էլենի Թեոխարուսի այս կտրուկ նախադասության մեջ «մեղքը» բառը կարելի է փոխարինել «հայերի», «հույների» կամ էլ«ասորիների ցեղասպանությունը» բառերով, իսկ նախադասության ենթական անփոփոխ է՝ Թուրքիան:

Հայ և հույն դպրոցականների «Իմ ցեղի սպանության պատմությունը»  վերնագրով շարադրությունները, սակայն, նույնը չէին լինի: Եվ ոչ թե այն պատճառով, որ հայերի ողբերգությունը ավելի մեծամասշտաբ էր, այլ՝ ցեղասպանվողը հայն էր, իսկ մյուսի դեպքում՝ պոնտացին:

Երբ Պոնտական ծովի ափերից հույնը գաղթեց Մայր Հունաստան, ասում են՝ պարզվեց, որ նրանց համարեցին պոնտացի, օտարերկրացի, և կոտորածը ոչ թե հույների, այլ պոնտացիների խնդիրն է, թե կուզենաք՝ բարձրացրեք, թե ոչ՝ Աստված սիրեք, Թուրքիան մեր հարևանն է, իսկ հարևանների մեջ ատելություն սերմանել չի կարելի, նորից խմբագրեք դասագրքերը, հատկապես երիտթուրքերի իշխանության շրջանը, որ համընկավ Առաջին համաշխարհայինի տարիներին, երբ, դժբախտաբար, նաև պոնտացի հույներ կոտորվեցին:

Այսպես, մտածում եմ, սովորեցրել են հույն դպրոցականին:

Իսկ 2015-ի մի աշնանահոտ օր աշխարհին ժողովրդավարություն, արվեստներ ու Արիստոտել տված հելլեն ու պոնտացի հույները ամբիոնից կոչ արեցին.

-Մենք պետք է ուղենիշ դարձնենք հայերի ցեղասպանության ճանաչման կազմակերպված պատմությունը: Ցեղասպանության ճանաչման պահանջն ուղղված չէ դեպի անցյալ, այլ ուղղված է առ ապագա, մարդկության ապագա:

Եվ անկախ նրանից, որ Ցեղասպանությունը տեղի է ունեցել Հայաստանի արևմտյան հատվածում, իսկ Ցեղասպանությունը, ինչ խոսք, տեղի է ունեցել, այսօր դրա ճանաչման իրավաբանական պահանջատերը Հայաստանի Հանրապետությունն է: Եվ սթափ դաստիարակության և կրթության դեպքում հայ դպրոցականը գիտի, որ ինքը պահանջատեր է (ասում եմ՝ սթափ, քանի որ անսթափի դեպքում պահանջատերը դառնում է զրկված-զարկված):

Եվ չնայած պոնտական սփյուռքի և վերջինիս մեծ աջակից ու բարեկամ Իվան Սավիդիի հետ կապված իմ մեծ հույսերին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջի թոհուբոհի մեր փորձով գիտենք, որ պահանջը լինում է կազմակերպված, ուժեղ թիկունքով և ոտքի տակ ամուր հողով, որի անունը պետություն է:

Եվ աշխարհին ժողովրդավարություն և արվեստներ տված Հունաստանը, թերևս, պետք է իր ձեռքը վերցնի այդ նույն աշխարհի երեսից իր մի մասնիկը ջնջելու փորձ արած Թուրքիայից սեփական մեղքը ճանաչելու պահանջը:

 

Ափսոս, Հունաստա՛ն, դու այլևս Եվրոպաներ չես առևանգում, իսկ հռոմակալած աշխարհի դեմ ժամանակին մեն-մենակ ելած Միհրդատ Պոնտացու և քո սերունդներին դու առանձնացնում ես՝ «պոնտի», «օտար», իսկ Թուրքիան ուրախ է, քանի որ գոնե դու լուռ ես, գոնե դու Հայաստանի նման չես աղաղակում թե՝ աչքերդ բա՜ց, և աշխարհին քո եղբայրական ցավը պատմելու փոխարեն, Հունաստանի Հանրապետություն, քո իսկ դպրոցականին զրկում ես իր պատմությունից:

 

Անդին 7-8, 2015

Կարծիքներ

կարծիք