Բանաստեղծություններ

լուսանկար

 

***

Մեկնագծերն իմն էին — մաքառումի հավաստում,

Կարևորը՝ անվերջն էր ինձ քավություն խոստանում,

Մահկանացուի վարձն են՝ օրերն — արծաթ դրամներ,

Կաթոցքներով՝ խեր կամ շառ — տանում են դեպ վճարում:

 

Գայթակղված եմ գնում, մեկ տագնապած եմ գնում,

Շոգից մրսած եմ գնում կամ ցուրտ հագած եմ գնում,

Ողկույզ խմած եմ գնում կամ խեցու մեջ եմ գնում,

Արմատներս գիրկս առած. անփախեփախ եմ գնում,

 

Որ չկորչեմ գալիքի մոխիրներում առանց հետք,

Գրավ դրած զարմանքներ ու սգալով անզոհին,

Քավությանն ինձ զոհ տված ու կրակված արթմնի՝

Դարաշրջանն անպատկառ ես մսխելու եմ տանում:

 

 

 

Հմայիլ

 

Ո՞վ է քեզ դրել աչքերիս վրա,

որ փակ աչքով էլ ամեն ինչ տեսնեմ,

հեգնությամբ դատված թշնամիներիս

առանց տեսնելու ես զանազանեմ

ու բռնեմ նրանց ձեռքը զազրագործ,-

Ահա՜, տատրակի կտուցը պայթեց հորս տան գլխին,

օդապարուկներն ու լուսախորհուրդ բառերը իջան,

դիրք ընդունեցին ու նկարվեցին տանիքի վրա…

Հպվեցին սարսուռ ջրերին զուլալ

ծիծեռնակների կրծքերը ճերմակ

որպես փրփուր հաց հալածվածների

ու կերակրեցին քաղցերը մահի,

կերտեցին ծարավն անհագուրդ կրքի,

որը, տե՜ս, գտավ ջրերի խորքում ապրող քարերի

բառածածկույթը — թաքնված խեցի…

 

Ո՞վ է քեզ կապել շուրթերիս մեղքին,

որ աղոթքներս մեղրի պես ծորան

բոլորի ճամփին առանց լռության,

բացառիկ մի սեր մատաղը դառնա զոհասեղանի,

խորհրդավորի ծեսերում բացվի մեղանչմամբ սաստիկ,

մարդեղացումով փայլեցնի միտքը

ու նորեն հանձնի առ բնությունը առանց մեղքերի:

 

Ինչո՞ւ ես կանգնել հոգուս տան շեմին,

մերձավորներիս լույսերով կանչում,

սիրո հրճվանքով նվիրում թևեր մինչև սավառնում,

հստակ թարգմանում իմ զննումները —

իբրև հայտնություն…

 

Ո՞վ է քեզ տվել արյանս ծովի խաղաղ սահքերին,

որ սսկվել են խոսող ձկները, ու ես եմ խոսում…

 

 

 

 

Ձյունը դրեց

 

Անչափ դժվար էր

լինել վկան այս գարնան՝

դաշտավայրում ծառը ծաղկեց.

ձյունը դրեց ծառերին,

թեք լանջերը ծաղկեցին.

ձյունը դրեց ծառերին:

 

Անմոռուկ էր սիրտը մեր,

անմոռուկ էինք տանում

բազմահազար զոհերին.

ձյունը դրեց ծառերին…

 

Գոնե այսպես եմ խորհում,-

Աստուծո սիրտն էլ է ձյունում՝

նայելով մեր սրտերի

հարյուր տարվա ձյուներին…

 

 

Իմ վարշամակը

 

Հարս իմ, տեսնո՞ւմ ես

լուսե կանաչով այս վարշամակը

ինչպե՜ս է արփին առավոտ ծեգին փռել մեր այգում:

Պսպղում է ոնց լուսածիր՝ ապավինված Ծիր Կաթինին,

ծաղիկները կրծքին կպած հաց են ուտում կաթնաշաղախ,

իսկ ծարավը ցողուններն են՝ հազա՜ր մատիտ գունածիծաղ

և բոլորը

իմ աջ ձեռքի խաչակնքող երեք մատն են ցնծում,

որոնց հետ բառ են լողացրել տիեզերքի ջրերում:

Ու քանի՜ բառ, իրենք գիտեն գաղտնիքներ և մտորում,

քանի՞ բառ են հերթի դրել, հետո հանձնել ջրերին…

 

Հարս իմ, ոսկեցոլք այս վարշամակը ի՜մն է, իմացի°ր,

երբ ճամփա ընկնեմ, նրանով ծածկիր

երկրում քրքրված կավե մարմինս,

ապա հոգուդ թեթևությամբ — աջ ձեռքս բացիր…

 

 

 

Խոնավ

 

Օրը խոնավ է,

սիրտս խոնավ է տրոփում,

հանդիպումը իմ տագնապին

խոնավ ոտնահետք է հուշում:

Հայելուց ինձ նայող աչքերի մեջ

թպրտում է թիթեռը խոնավ,

երկինքը լի է երկնացողով,

աստղը չայրվեց ընկնելուց՝

գրկեցի նրան, փորձեցի համբուրել-

շուրթերը խոնավ էին, մինչ ինձ համբուրվել էր,

ետ հրեցի խոնավ ու հիշեցի…

 

Երբ շոգեխոնավ դեմքս

ընկղմեցի ջուրը Վոլգա գետի,

մի ձուկ պոչի շրմփոցով

ճակատիս խարանեց՝ Ասացող,

ու երբ հեռանում էի Կամիշին քաղաքից,

խոնավ աղջիկները որդի էին ծնում

Չեչնիայի և Ուկրաինայի

պատերազմների համար.

ափս բացեցի, կարդացի,-

Խոնավ ու գորշ քաղաք,

Ոչինչ չարտահայտող, սառած դեմքեր,

Ամպերից կաթկթող թախիծը

Անցորդներն ուսերին առած տանում են տուն…

 

Կարդացի, լռեցի մինչև ի°մ քաղաքի խոնավը,

ի°մ ողնաշարացավը,

մինչև հորս խոնավ շիրմափոսը…

 

 

 

Կորցնել

 

Կորցնել ծաղիկը և գտնել մեկուսացումը ծաղկից,

կարծես տատի ձեռքերը կորցնել,

որ օրորել են ընտելացումդ աշխարհին,

մի կտոր խիղճ ծավալել աղքատի սուփրային

ու կորցնել զգացման չափը, լի՜քը զգացում կորցնել:

Ըմբռնել, որ ապրել ես մի քանի դար առաջ,

բայց կորցնել ժամանակը ներկա՝

դարի հետ հարցազրույցը կորցնել:

Դյութվել անձրևի ծլարձակումով, ցանկալ երկարի

տևումը նրա.

կորցնել մեդիումի շերտը՝ արևի շողերով լի, արևը կորցնել…

Վախենալ նկարել հեքիաթներ մանկանց համար,

փերիներ հեքիաթի, վայր ընկնող խնձորներ

ու կորցնել բարի կախարդին, հեքիաթի իմաստը կորցնել:

Հեռանալը փորձել երգով, վստահ հավատացնել հոգուն

և անվերադարձ կորցնել — սերն ու սիրո երգը կորցնել,

նժույգը բանտել փարախում, վազքը մեխել.

կորցնել երամակը, ազատ սլացքը կորցնել,

ճախրանքը կորցնել արծվի, ապա պղտորել ջուրը՝

ձուկը կորցնել, կորցնել մարդը

և ծիրը կորցնել հողագնդի, հողագունդը կորցնել.

կորցնելով նաև կորցնել բառը,

իսկ բառի հետ կորցնել կյանքը տիեզերքում,

կյանքը կորցնել…

 

 

 

Ես հարսն եմ քո

 

Ի՞նչ ես պահանջում, ճերմակ թուղթ,

ծարավներդ հագեցրի իմ ծննդյամբ՝

քո մաշկը վերափոխելով այբուբենի հարսանիքի.

հարսը ես էի, ի՛մն էր ճերմակը,

և՛ցանկությունը, և՛ պարը, և՛ընծաները,

և՛ գիշերն առաջին, երբ քեզ նվիրվեցի

հոգով ու մարմնով, ողջ էությամբ,

և ինն ամիս անց ծնվեց իմ ու քո առաջնեկը՝

աշունները վարսերից կախ՝

այնքա՜ն գեղեցիկ դեղին վարդերի պատվաստներով,

որոնք սկսեցինք ես ու դու նվիրել

կյանք վերադարձածներին…

Ճերմա՛կ թուղթ… անցնում եմ քեզանից.

արտացոլվում շեմին գաղտնակողի,

շտապում իրերի պարահանդես,

լիցքաթափվում վախի զամբյուղի մեջ,

շարունակություն փնտրում թալիսմանիս

հոգնած օգնությունում,

հարբում ուրվագծերից մշուշացոլքի,

ապա տիեզերքի ծաղկաբույլերի միջով

վերադառնում, ծնկի գալիս միայն քո՛ առջև՝

ինչպես Տիրոջն աղոթելիս…

 

 

Անդին 7-8, 2015

Share

Կարծիքներ

կարծիք