«Ստեղնաշարից դուրս» ժողովածուից

Armine

***

Խնդրում եմ՝ մի քիչ գարուն ուղարկիր,

թե ճամփիս ես դեռ…

Ձյունը ծանր է…

Իջնում է սրտիս իբրև մարգարիտ,

որ ծով է տեսել:

Իսկ ես լավ գիտեմ.

այդ ծանրության տակ ոտքերս պիտի

հոգնեն սուր ցավից…

Ու տեղ չեմ հասնի:

Խնդրում եմ՝ մի քիչ գարուն ուղարկիր,

թե ճամփա կա  դեռ….

 

 

***

Դու ինձ փրկել ես փոթորիկներից,-

դու պարզացոլ,

հենց այն ջուրն ես,որ

կարող է դառնալ

երազի համար

կապտափայլ երկինք:

 

 

***

Ես քեզանով այնքան լիքն եմ,

Ես քեզանով այնչափ լիքն եմ,

Որ թվում է՝տիեզերքը

Ամբողջությամբ ես եմ ,որ կամ

Դու իմ մեջ ես ոտքից գլուխ,

Ես՝քեզանով այնպես լցված,

Որ տեղ չկա: Ու ոչ մի ծուխ

Չի խաթարի քո շունչն իմ մեջ:

 

 

***

Այնտեղ, ուր սերն է,

ես եմ անտեսվում,

մատներս են սարսռվում

սիրո ցրտերից:

Կրակն է հոսում

անկայուն-հոսուն,

հոգի թլպատում

ներքին ձայներից:

Այնտեղ,ուր սերն է,

ես եմ ցնցվում

դրսում,թե ներսում

կյանքի կորերից:

 

***

Միայն ինձ համար

անձրևը եկավ առանց կաթիլ,

և շուրջս հիմա

արևապար է

ու երաշտ նաև:

Հետո երկինքը

ծիածան կապեց,

երբ որ գիշերը

իր խանդով հասուն

դարձավ ինձ հսկող մի աչք կիկլոպի:

Իմ ներսն ու դուրսը նման չեն իրար ՝

արարման պահ…

Ինձ մի նախատիր:

 

***

Սուս…

Ես չեմ խոսի դժոխքի մասին,

մատդ՝ շուրթերիս…

Եկ հիշենք…

Մեկ էլ տեսար հետո,

հետո… շատ հետո

քայլելու համար արահետ մնա:

 

***

Վերջակետ չի դրվում…

Շարունակելի է

այն, ինչ  որ եղավ…

Իմ աչքերը

Վաղուց արդեն խոսել գիտեն…

Ափսոս,որ շատ են անձրևներ տեսել:

Ունայնության հորիզոնում

իմ ձեռքերը

փորձում են թրծել

կավով այն երազը,

որ ունենա

մարմինը իր՝ որպես հրաշք ու քարացում…

Խոսիր ինձ հետ

այն մունջի նման,

ով գիտի նաև

աղաղակել ցավի մասին:

 

 

ԺԱՄԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Կարծես թե ողջը ասվել է արդեն,

ու ոչինչ չկա,՛

չկա՛ ասելու.

Օրերի ճեղքից նույն երգն է երգվում,

Նույն գաղտնագինն է ցավը ծամելու:

 

 

 

Կարծիքներ

կարծիք