Արձաններ քաղաքի համա՞ր, թե՞ քաղաք՝ արձանների

Լուսանկար

 

Արձանը յուրաքանչյուր բնակավայրի այցեքարտն է, հիշողությունն ու պատմությունը: Այն հայելի է, որի մեջ կարելի է տեսնել ժամանակի և բարքերի արտացոլումը: Երբ արձանի գաղափարական արժեքները համապատասխանում են գեղագիտականին, երբ նրա տեղը ճիշտ է ընտրված, այն դառնում է քաղաքի զարդը, հակառակ դեպքում առաջին իսկ պատեհ առիթով նրանից ջանում են ազատվել:

Հետերկրաշարժյան Գյումրիում կանգնեցվեցին բազմաթիվ արձաններ. միօրինակությունից հոգնած գյումրեցիները մեծ ոգևորությամբ էին դիմավորում հերթական արձանը՝ չմտորելով անգամ, թե որքանով են նրա էթիկական և գեղագիտական չափանիշները համապատասխանում քաղաքի ուրույն դիմապատկերին:

Անկախության հրապարակում՝ Լենինի արձանի պատվանդանի վրա, կանգնեցվեց Հայուհու բրոնզաձույլ արձանը (քանդ.՝ Արտուշ Պապոյան): Արձանը բազում վեճերի և տարակարծությունների առիթ դարձավ: Սկզբից ևեթ անորոշ էր արձանի անվանումը՝ Տիրամայր, Հայուհի, Մայր… ինչպես ուզում եք անվանեք, միևնույն է, ոչ մեկը նույնիսկ հեռավոր կապ չունի Անկախության հրապարակի ու հատվող պողոտաների հետ: Այն չի ամբողջացնում հրապարակի կառույցները, դիտվում է ավտոնոմ: Ակամա հարց է ծագում՝ ի՞նչ կապ ուներ արձանը քաղաքի կենտրոնական վայրերից մեկի հետ: Արդյոք սա տուրք չէ՞ գավառական մտածողությանը՝ մի բան կանգնեցվի, որ պատվանդանը դատարկ չմնա: Արձանի տեղի ոչ ճիշտ ընտրությունից տուժում են և արձանը, և միջավայրը…

Նմանատիպ խնդիր գոյություն ունի նաև թատրոնի դիմաց տեղադրված Մհեր Մկրտչյանի և Հովհաննես Շիրազի արձանների պարագայում (քանդ.՝ Արա Շիրազ): 1960-ականներին կերտված Ավետիք Իսահակյանի արձանը (քանդ.՝ Նիկոլայ Նիկողոսյան) խորհրդահայ պլաստիկայի մոնումենտալ ստեղծագործություններից է: Այն թատրոնի և կից հրապարակի հետ կազմում էր ամբողջական ճարտարապետական համալիր: Չվիճարկելով քանդակների գեղագիտական նշանակությունը և այն անուրանալի դերը, որ կատարել են մեր ժողովրդի համար  տաղանդավոր դերասանն ու մեծանուն բանաստեղծը՝ ցավով պետք է նշենք, որ այս արձանների տեղադրումից հետո հրապարակը ավելի շուտ հիշեցրեց… պանթեոն: Երեք մոնումենտալ քանդակները իրար այնքան մոտ գտնվելով խանգարում են տվյալ միջավայրի ամբողջական ընկալմանը: Ցանկացած քանդակի համար հարկավոր է միջավայր, տարածություն, այլապես քանդակը կորցնում է ասելիքը, արտահայտչականությունը:

Աշոտ Ողորմածի ձիարձանը (քանդ.՝ Ֆերդինանդ Մանուկյան) կան•նեցվեց քաղաքի օրվա հերթական տոնակատարության կապակցությամբ: Ինչ խոսք, նույնիսկ անփորձ աչքին նկատելի են նրա բազմաթիվ թերությունները: Բազմաթիվ անհիմն դեֆորմացիաները, անհամաչափ կառուցվածքը, ձի հիշեցնող անորոշ կենդանին, արձանի և պատվանդանի, արձանի և տեղանքի միջև եղած անհամապատասխանությունը լավագույն մղումներով կան•նեցված արձանը դարձնում են գյումրեցիների սրամտության թիրախը և քաղաքի հերթական խոտանը:

Կա ևս մի խնդիր. հարց է ծագում՝ ինչո՞ւ քանդակագործության հարուստ ավանդույթներ ունեցող քաղաքում տեղացի լավագույն քանդակագ•ործները անտեսված են ու մոռացված: Մեր համաքաղաքացի Ալբերտ Վարդանյանի մանրաքանդակներն ու մոնումենտալ ստեղծագործությունները զարդարում են Եվրոպայի թանգարաններն ու անհատական հավաքածուները: 2006 թ. Գերմանիայի Բոխում քաղաքի համար նա ձուլեց բարձրարվեստ «Պուլսար» բրոնզաձույլ արձանը, որը քաղաքակրթության պատմության հանրագումարն է: Այսօր նա ստանում է բազմաթիվ հրավերներ տարբեր երկրներից, սակայն նախընտրում է ապրել և ստեղծագործել Գյումրիում: Քաղաք, որտեղ չկան արվեստագետների համար փոքրիշատե տանելի պայմաններ, որտեղ իսկական արվեստագետները անտեսված են:

Գյումրեցի քանդակագործ Զավեն Կոշտոյանի քանդակները, նրա սրամիտ ու դիպուկ խոսքը հայտնի են յուրաքանչյուր գյումրեցու: Նրա  ստեղծագործությունների հերոսը հին ու նոր գյումրեցին է, նրա կենցաղը, անկրկնելի կերտվածքը: Նրան հաջողվել է ցույց տալ քաղաքի կոլորիտը, համն ու հոտը: Յուրաքանչյուր արվեստասեր քաղաք նրա գործերը կամբողջացներ մեկ տանիքի տակ, կհիմներ թանգարան: Սակայն Գյումրիում, հակառակ տրամաբանության, նրա գործերը տեղահանվում են: Նրանց ճակատագիրը անորոշ է և դրամատիկ: Թիվ 1 երաժշտական դպրոցի կիսավեր շենքի բակում գտնվող Ջութակահարի արձանը մոռացության է մատնված, իսկ Ամենափրկիչի դիմաց գտնվող Երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը տեղահանվել և տեղափոխվել է թիվ 58 թաղամասում գտնվող եկեղեցու բակ: Հուշարձանների հանդեպ նման կամայական մոտեցումը ոչ միայն անարդարացի է, այլև անբարո: Եվ հետո՝ չի կարելի բոլոր արձանները տեղադրել միմիայն քաղաքի կենտրոնում՝ առանց այն էլ ծանրաբեռնելով այն: Որքան զավեշտական կլիներ, եթե Մայր Հայաստանի հուշարձանը (քանդ.՝ Արա Հարությունյան) գտնվեր քաղաքի կենտրոնում… Նման անշրջահայաց վերաբերմունքի արդյունք է Ամենափրկիչ եկեղեցու տարածքում կանգնեցված հուշակոթողը՝ նվիրված երկրաշարժի 20-րդ տարելիցին: Գուցե նախապատվություն տալ ա՞յլ տարածքների, ասենք՝ հուշակոթողը կարելի էր տեղադրել նորակառույց թիվ 58 թաղամասում, որը, իրոք, համայն մարդկության օժանդակությամբ է կառուցվել: Կարելի էր նաև կոթողի շուրջ կառուցել մի փոքրիկ պուրակ՝ ստեղծելով հանգստյան գոտի շինություններով ծանրաբեռնված թաղամասում: Նման շրջահայաց մոտեցումից կշահեր և՛ կենտրոնը, որը լրացուցիչ չէր ծանրաբեռնվի, և՛ թաղամասը:

Այս ամենը մտորելու տեղիք է տալիս. ինչո՞ւ մշակույթի հարցերը տնօրինում են մշակույթից այնքան հեռու մարդիկ, ինչո՞ւ քաղաքում դրվում են միջակ քանդակագործների արձաններ, որոնք մերժվելու են սերունդների կողմից: Ե՞րբ կսովորենք գնահատել ինքներս մեզ և մեր քաղաքը…

 

 

 

Անդին 7-8-րդ համար, 2015

Կարծիքներ

կարծիք