Բանաստեղծություններ

Լուսանկար

 

****

Հա՛յր, երևի մոռացել ես,

որ ինձանից առաջ դու ես եղել իմ փոխարեն՝

ամեն առավոտ թաքուն ծխել

ու ոտաբոբիկ կանգառ ես վազել,

երեկոյան երազել ես, որ հայրդ բռնի

և ապտակի քեզ ծխելուդ համար,

չե՞ս հիշում, որ խավարը քո դեմքին նույնպես

ստվեր գցելով քարշ է տվել իր ետևից,

կարծել ես, թե քո մոլորակում չկան մոլորյալներ,

և ննջել ես դժոխքում՝ երազելով Աստծո մասին…

 

Հա՛յր, իմ ու քո միջև ինքդ կտրեցիր ժամանակի պորտալարը,

պետք չէր գալ իմ ետևից, ինձանից փախչել՝ նույնպես,

անկարող էի հետապնդել քեզ,

բացի՛ր աչքերդ և կհամոզվես,

որ դրախտում բոլոր սայթաքողները դժոխքում են մեռնում,

այդ օրը դու ամենինչ մոռացար,

ոչինչ չհիշեցիր, ոչ ոքի մասին չմտածեցիր,

և ես ծնվեցի…

 

***

Չգիտեմ՝ ինչպես ես գնում,

որ ունեցածիս հետ տանում ես չունեցածս նաև,

մենակ հնարավոր չէ բռնել կյանքի զարկերակը

և զգալ տրոփյունը ժամանակի,

հանուն քեզ ամենինչ կտայի,

եթե ինչ-որ բան ունենայի քեզանից բացի…

 

 

Իրիկնային

 

Յասամանի արտացոլանքի հետ

լուսինը քո ոտնահետքն է քարտեզագրում լճում,

մեր միջև եղած հեռավորությունը վաղուց արդեն

տարածության քանոնով եմ չափում…

Արևը լույս է փոխպատվաստում հողում,

խոտը ծիծաղում է սարերում,

խունացած դարակներում չուղարկված նամակները

մեկ-մեկ պատռում է

կյանքի մեծ դերձակը՝ ժամանակը…

 

 

***

Ես վաղուց վերջացել եմ,

Իսկ դու դեռ չես սկսվել,

Ես քայլել եմ՝ սղոցելով աղմուկը ժամանակի,

Դու դեռ վեր չես կացել անկողնուց:

Անտառում սպառվել եմ խոտերի մեջ,

Թերթել եմ քամին, լսել երկինքը,

Մի քանի անգամ ծնվել եմ առվում,

Մի քանի անգամ մեռել սարերում:

Ժամանակի փոշին պատերիս

Հին խաչքարի պես երկինք եմ վազում,

Ես անաղմուկ վերջանում եմ տիեզերքում,

Դու աշխարհում դեռ չես սկսվել:

Քեզանիցառաջ

 

Քեզանից առաջ չկար մեկը,

ում ճանապարհը անցներ ինձանով,

ում հետ հնարավոր լիներ կանգնեցնել ժամանակը

լռությունը լսելու համար,

ում հետ առանց անձրևանոց դուրս կգայի փողոց՝

ընթերցելու անձրևը…

Քեզանից առաջ դժվար էր

քեզ այդքան շատ պատկերացնել,

որ երկուսիս հատման կետում

կվերծանեիր աներևույթը՝

արևից սեր ասեղնագործելով…

Քեզանից առաջ չկար մեկը,

ով իմանար Աստծո հասցեն,

ում հետ այդքան հեշտ կլիներ

ամեն կիրակի վեր բարձրանալ

երկնքում մատուցվող պատարագին

ներկա լինելու համար…

Քեզանից հետո սակայն չի լինի մեկը,

ով կարձակի ծրարված սիրո կապանքները՝

շաղկապելով ինձ ու Աստծուն…

 

***

Երբ բարձիս կտակարանից

հավաքում ես երազներդ բոլոր,

կորցնում եմ Աստծո հետ խոսելու ընդունակությունը,

չեմ կարողանում կարդալ աստղերը…

 

***

Քո գնալուց ճանապարհը

բաց վերքի պես մրմռում է,

մի արտասվիր գոնե,

աղի են արցունքներդ…

 

 

Արտագաղթ

 

Հայրերն ու որդիները

տարբեր մայրցամաքներում

կարոտի նույն երգն են երգում:

 

 

Եռաբլուր

 

Վառոդի հոտն է սառել

երիտասարդ շիրիմների

քարե դեմքերին,

հողում տնքում է

հայրերի շուրթերին խաչված

մանկան ծիծաղը:

 

 

***

Երբ որսի են գնում տանկերը՝

դաշտում մրսում է հրդեհված հողը,

որդեկորույս մայրերը

չհագած մանկական կոշիկներ են վաճառում

փողոցներում՝

հացի համար:

 

***

Խաղալիքներ տրորող արյունոտ սապոգներ

մրմուռից ծխացող տներում,

սարսափահար քամին է օրորում

դատարկ օրորոցները:

 

 

Հայրենիք

 

Անունդ գովերգողները

քեզ միշտ մոռանում են

օտար ծովերում,

լողալ չգիտես,

խեղդվում ես:

 

 

***

Այդ օրը

հին փեղքերին վիրակապ դրված պատուհանի մոտ

երկար խառնեցի թեյը,

մինչ(և) բաժակիս մեջ լուծվեց

մի կտոր պաղ, անտարբեր լուսին…

Վիրավոր ֆիդայու անքուն, ծանր քայլերով

հաղթանակը մտավ գյուղ,

մթան մեջ լույսեր երևացին,

աստղերն ավելի մոտ, պայծառ թվացին…

Անհետ կորած որդու համար

տատս գուլպա է գործում՝

Հույսն է,

եկողներից մայրս հարցնում

ու առերևույթ անարցունք սպասում է դեռ՝

Հավատն է,

որդեկորույս պապս փողոցում մեկ առ մեկ գրկում,

համբուրում է տղերքին՝

Սերն է…

 

 

Մայրս

 

Երբ ցավից կոշտացած

ձեռքերիդ մեջ բացվող վարդերը

գարուն են երգում՝

հասկանում եմ քեզ…

Երբ ափերիդ մեջ ամբարած լույսով

ողողում ես այտերս՝

լռության մեջ կարդում եմ

տիեզերքն ամբողջությամբ…

Քայլում եմ

ճանապարհիս մոմի պես վառվող

աչքերիդ մեջ Աստծուն թերթելով…

 

 

Անդին 7-8 միացյալ համար, 2015

Կարծիքներ

կարծիք