«Քանի որ հայ է, չուզենալով էլ պետք է տա» կամ…

Հեղինակ:

20140812121951544

«Քանի որ հայ է, չուզենալով էլ պետք է տա»

կամ

հայատյացության լեզվամտածողությունը թուրքերի մեջ

 

2014 թ. օգոստոսի 10-ին ԹՀ նախագահ ընտրված Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից նախընտրական պայքարի ժամանակ «հայ» բառի նվաստացուցիչ իմաստով օգտագործումը  թուրքական հասարակությունում փոքրամասնությունների նկատմամբ  վերաբերմունքի քննարկման պատճառ հանդիսացավ:

Թուրքիայի Հանրապետության ստեղծումից ի վեր թուրքերը փոքրամասնություններին բնութագրող  բառեր, բառակապակցություններ ու ասացվածքներ էին հորինել ու ընտրել, որոնցով, իրենց պատկերացմամբ, արտահայտվում է անցյալից եկած վերաբերմունքը, ատելությունը և այլազգիներին նվաստացնելու միտումը: Այսպես, 1924 թ. Լոզանի պայմանագրով կրոնական փոքրամասնություն ճանաչված հայերին, հույներին և հրեաներին 1920/40-ական թթ. հասարակության «թուրքացման» ընթացքում կցվեցին «ստոր հույն» (al ak Rum), «դավաճան հայ» (hain Ermeni), «վախկոտ հրեա» (korkak Yahudi) պիտակները, որոնք ներկայում էլ թուրք ազգայնամոլ զանգվածը հաճույքով օգտագործում է:

«Հայ» բառը և ազգանվանումը մշտապես օգտագործվել է որպես վիրավորանք,  իսկ թուրքական հայհոյանքների շարքում ամենավատերից են «հայի պտուղ» (Ermeni dölö)  կամ «հայի սերմ» (Ermeni tohumu) արտահայտությունները: Հրանտ Դինքի սպանությունից հետո «Բոլորս հայ ենք» կարգախոսով բազմահազարանոց ցույցեր կազմակերպվեցին, և հայ համայնքը նշում էր, որ Դինքն  իր գործունեությամբ և ողբերգական մահով հասավ նրան, որ թուրքական հասարակության մեջ «հայ»բառն արդեն չի օգտագործվում որպես հայհոյանք:

Սակայն հետագա իրադարձությունները, ինչպես ԹՀ նախագահ Գյուլին հայկական ծագում վերագրելու և նրա կողմից դատական հայցի շահումը, մայր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի մոր հայ լինելու վերաբերյալ ասեկոսեները, Էրդողանի հետ կապված վերջին դեպքերը ցույց տվեցին, որ թուրքական հասարակության մեջ կարծրատիպերը խոր արմատներ ունեն:

Դրա վառ ապացույցներից է հրեաների օրինակը: 1990-ական թթ. Թուրքիա-Իսրայել ռազմավարական համագործակցության շրջանում հրեաները թուրքական հասարակությունում սկսեցին դիտվել որպես արտոնյալ զանգված, սակայն 2002 թ. Արդարություն և զարգացում կուսակցության իշխանության գալուց հետո թուրք-իսրայելական հարաբերությունների վատթարացման ընթացքում հրեաները նորից վերադարձան «վախկոտ հրեա»-ի կարգավիճակին:

Ազգային փոքրամասնությունների վերաբերյալ կարծրատիպերի ուսումնասիրման տեսակետից կարևոր աղբյուրներ են հանդիսանում ասացվածքներն ու համեմատությունները, քանի որ դրանցում արտացոլվում է իրական վերաբերմունքը, որը չի թաքցվում կամ քողարկվում քաղաքական իրավիճակից ելնելով: Համեմատությունները հատկանշական են նրանով, որ արտացոլում են պատմական անցյալից ձևավորված մոտեցումները: Օրինակ` ռազմի արվեստի և զենքի սերը, որոնցով աչքի են ընկել թուրքերը դարերի ընթացքում, իր արտահայտումն է •տնում հետևյալ դրսևորմամբ. նրբագեղ, բարեկազմ և գեղեցիկ տղամարդուն համեմատում են որսորդական հրացանի հետ (թուրք. filinta, filinta gibi):

Հոջա Նասրեդինի մասին թուրքական հեքիաթներում, որոնցում ծաղրո առարկա հիմնականում հանդիսանում են իսլամի կրոնական դասի ներկայացուցիչները, և ծածկալեզվում (argo) մահմեդական հոգևորականության համեմատականները ցույց են տալիս, որ թուրքրերը, ի տարբերություն արաբների, կրոնամոլ չեն: Այսպես, թուրքական օղին (ռաքը) թուրքական ծածկալեզվում անվանվում է «իմամի ջուր» (imam suyu), դագաղը` «իմամի նավակ» (imam kayığı), սպանել`«իմամի նավակը նստեցնել» (imamın kayığına bindirmek):

Թուրքիայում լույս տեսնող գրական լեզվի կամ ծածկալեզվի բառարաններում սովորաբար հնարավոր չէ հանդիպել նվաստացնող ասացվածքներ կամ համեմատություններ: Սակայն վերջին շրջանում այդ ուղղությամբ մի շարք ուսումնասիրություններ են արվել: Մեր հոդվածի համար որպես հիմք ծառայել է լրագրող Մյուժգան Հալիսի ասացվածքների և համեմատությունների հավաքածուն, որտեղ ընդգրկված են ասացվածքներ, որոնք վերաբերում են ոչ միայն հայերին, այլ նաև հրեաներին, հույներին, քրդերին, գնչուներին, քրիստոնյա հոգևորականներին:

Մյուժգան Հալիսի ուսումնասիրությունն արժեքավոր է նրանով, որ համեմատությունների պարզաբանություններում բացատրվում է, թե որ դեպքում է օգտագործվում տվյալ համեմատությունը: Այդ պարզաբանումներից ի հայտ է գալիս հայերի նկատմամբ իրական վերաբերմունքը: Այսպես, օրինակ, «Հակոբի սագի պես կուլ տալ» (Agop’un kazı gibi yutmak) ասացվածքի բացատրությունը հետևյալն է` «Ընդգծում է հայերի աչքածակությունը, հրամցված յուրաքանչյուր ուտեստ արագ ուտում են»:

Մյուս ասացվածքը հնչում է որպես «հայի լապտերի պես պտտվել» (Ermeni feneri gibi dönmek), որն օգտագործվում է խոսքը չպահելու, շահի համար դիրքորոշումը փոխելու իմաստով: Կոտրատվող, նազ անող կնոջ նկատմամբ օգտագործվում է «հայ հարսի նման» (Ermeni gelini gibi) արտահայտությունը:

Նվաստացնող արտահայտություններից է նաև «լռել գինին թափած հայի նման» (Şarabı dökülmüş Ermeni gibi susmak) ասացվածքը:

Սակայն Մյուժգան Հալիսի հավաքածուում ամենախոսունը «քանի որ հայ է, չուզենալով էլ պետք է տա»  (Mademki Ermeni istemeden vermeli) ասացվածքն է, որը ցույց է տալիս, որ Թուրքիայում հայի ձեռքից ոչ միայն վերցվել է ամեն ինչ`  հայրենիքը, ունեցվածքը, կյանքը, այլ նաև ձևավորվել է հատուկ մոտեցում, որ հայը, եթե նույնիսկ չի ուզում, պարտավոր է տալ այն, ինչ իրենից պահանջում են: Մյուժգան Հալիսը ասացվածքի բացատրությունում գրում է. «Ցույց է տալիս, որ հայից ամեն ինչ կարելի է պահանջել»: Կարելի է վիճել, թե ինչքանով հայերը զիջողական են եղել, պայքարել կամ չեն պայքարել իրենց հայրենիքի, ունեցվածքի համար, սակայն ասացվածքը փաստում է այն իրողությունը, որ թուրք հասարակական կարծիքում ձևավորված է «հայից ամեն ինչ կարելի է պահանջել, և նա, չուզենալով հանդերձ, պարտավոր է տալ» մոտեցումը:

Կարելի է համեմատություն անցկացնել նաև ադրբեջանական ասացվածքների հետ, որոնցում նույնպես առկա է հայի բացասական կերպարը: Դրա ապացույցներից է, օրինակ, ՙհանուն շահի նա պատրաստ է հային «քեռի» ասել» ասացվածքը: Հայատյաց գրքի հեղինակը, որը թաքնվում է Սալեխ բեյ ծածկանվամբ, նշում է, որ, օրինակ, իրենց գյուղում (Աղդամի շրջանի Մուղանլի գյուղ) ամենամեծ հայհոյանքը, որով կարելի էր վիրավորել մարդուն, հնչում է որպես «հայ, հայի տղա»:

Այսպիսով, Թուրքիայի քաղաքական գործիչների կողմից «հայ»բառը և բնորոշումը որպես վիրավորանք կիրառելում որևէ արտառոց հանգամանք չկա, քանի որ թուրքական մտածելակերպում, նույնիսկ ասացվածքների մակարդակով, հստակ ձևակերպված է «դավաճան հայի» կերպարը:

 

Անդին 8, 2014

Share

Կարծիքներ

կարծիք