Ցեղասպանությունից հետո… Խոսում են միայն փաստերը

Հեղինակ:

20140812121951544

1908 թ. հուլիսի 23-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո Օսմանյան կայսրության տարբեր քաղաքներում տեղի ունեցան քրիստոնյաների և մահմեդականների «եղբայրական» ցույցեր, որոնց ժամանակ  հայտարարվում էր, թե բոլոր անախորժությունները մնացին աբդուլհամիդյան զուլումի շրջանում, այլևս ոչինչ չի կարող խոչընդոտել օսմանյան ժողովուրդների բարեկամությանը: Հայ քաղաքական կուսակցությունները վերանայում էին իրենց ծրագրերը՝ հրաժարվելով Արևմտյան Հայաստանի անկախության կամ ինքնավարության դրույթներից, դրա փոխարեն արձանագրում, որ «Միություն և առաջադիմություն» կուսակցության հետ միասին պայքար են տանելու սահմանադրական կարգերի ամրապնդման համար և երիտթուրքական կուսակցության նախընտրական ցուցակներով մասնակցում են օսմանյան խորհրդարանի ընտրություններին: Խորհրդարանում հայ պատգամավորները կրքոտ ելույթներով պաշտպանում էին երիտթուրք առաջնորդներին, այն աստիճան, որ նիստերից մեկից հետո երիտթուրքական կառավարության ռազմական նախարար Մահմուդ Շևքեթ փաշան բարձրաձայն խոստովանեց. «Եթե Վարդգես էֆենդին (Վարդգես Սերենգուլյանը) ներկա լիներ, նա ինձ կպաշտպաներ՚:

Համագործակցության այդ մթնոլորտը, չնայած վայրիվերումներին,  շարունակվեց մինչև առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը: Նույնիսկ 1909 թ. Ադանայի կոտորածների օրերին, երբ երիտթուրքական բանակը ոչնչացնում էր Ադանա քաղաքի և շրջակա գյուղերի հայ բնակչությանը, հայ քաղաքական կուսակցությունների զինված ջոկատները Ստամբուլում այդ նույն բանակի հետ ուս ուսի կռվում էին «հակադիմական ապստամբ տարրերի» դեմ, որոնք ոչ այլ ինչ էին, քան հեղաշրջումից հետո Սալոնիկից ուղարկված երիտթուրքական ամենավստահելի գնդերը, որոնք, սակայն, անցան սուլթան Աբդուլ Համիդի կողմը» ընդդիմանալով նոր իշխանությունների աշխարհիկ բնույթի բարեփոխումներին:

Երբ Ադանայում դաժանաբար սպանված հայերի դիակները լցնում էին գետը, Ստամբուլում երիտթուրքերի համար զոհված հայերին, հույներին, թուրքերին շքեղ արարողությամբ թաղեցին «Ազատության հուշարձան» կոչվող բլուրի վրա, և նրանց գերեզմանին ելույթ ունեցող Էնվեր փաշան հայտարարեց, թե «կենդանության և մահվան ժամանակ նրանք հանդիսանում էին քրիստոնյաններ ու մահմեդականներ: Դրանից բացի որևէ ազգային և կրոնական տարբերություն չընդունող հայրենասեր ընկեր էին, այդ իսկ պատճառով մենք նրանց կողք կողքի ենք թաղում»:

Ադանայից հետո ևս հայ-թուրքական «բարեկամությունը», չնայած ժամանակ առ ժամանակ ծագող լարվածություններին, շարունակվեց: «Սաբահ» թերթի խմբագիր Տիրան Քելեքյանն աշխատում էր թուրքական ազգայնականության գաղափարախոսության մշակման ուղղությամբ, իսկ «Միություն և առաջադիմություն» կուսակցությանն ընդդիմադիր «Իթիլյաֆ» կուսակցության կառավարության արտաքին գործերի նախարար Գաբրիել Նորատունկյանն ակտիվ համագործակցում էր երիտթուրքերի հետ, տեղեկացնում նրանց դեմ կառավարության նախապատրաստած միջոցառումների մասին, Պետրոս Հալաջյանը երիտթուրքական կառավարությունում նախարար էր, և այդ ցուցակը կարելի է շարունակել:

Թվում էր, թե 1915 թ. անջրպետ է, որից հետո հայերն ու թուրքերը հայտնվեցին երկու հակադիր կողմերում, և նախկին կապերը պետք է խզվեին: Սակայն որոշ հայ քաղաքական գործիչներ շարունակում էին երիտթուրքերի պարագլուխների հետ համագործակցությունը: Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության այլ վայրերում հայերի տեղահանման և զանգվածային ոչնչացման տարիներին հայ պաշտոնյաները Ստամբուլում շարունակում էին մտերիմ հարաբերություններ պահպանել Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Իթթիհատի առաջնորդների հետ: Ողբերգալի դեպքերի ականատես, Օսմանյան խորհրդարանի վերին պալատի (սենատի) անդամ Ահմեթ Ռեֆիկը իր «Երկու կոմիտե՝ երկու ոճիր» վերնագրված հուշերում նկարագրելով ստամբուլյան իշխանական մթնոլորտը՝ գրում է. «Այդ բռնությունների դեմ ոչ ոք չէր բողոքում: Հալաջյան էֆենդին կղզու իր հրաշալի դղյակում իթթիհատականների պատվին խնջույքներ էր կազմակերպում, հայ պատգամավորները խորհրդարանում շարունակում էին ստորաքարշությունը թալեաթներին և նրանց շրջապատին, հույն, հայ և հրեա առևտրականները, ծաղրելով, դարձյալ շարունակում էին մրցակցել թուրքերի հետ»:

Փարիզի վեհաժողովի ժամանակ, երբ Հայկական հարցի լուծման ջանքեր էին գործադրվում, Ցեղասպանության տարիներին երիտթուրքական կառավարության հետ համագործակցած հայ քաղաքական գործիչներից ոմանք սկսեցին հանդես գալ Հայկական հարցի լուծման, հայկական մեծ պետության ստեղծման նախագծերով՝ արժանանալով իրենց երիտթուրք գործընկերների ծաղրանքին: Այսպես, երիտթուրքական կառավարության ֆինանսների նախարար Ջավիդն իր օրագրում գրում է. «14 հոկտեմբերի 1920 թ., հինգշաբթի: Հալաջյանը ինչպես միշտ պատրանքների ետևից է վազում: Կարծում է, որ Փարիզ է մեկնելու: Խոսում է անգլիացիների հովանավորության ներքո հայերի և թուրքերի միջև բանակցությունների մասին, որ թուրքերը հայերին ծովի ելք կտան, ինչի դիմաց անգլիացիները Իզմիրի և Թրաքիայի հարցերը մեր օգտին կլուծեն: Դրանք լսելով՝ ինքս ինձ հարց եմ տալիս՝ այս մարդը մե՞ր աշխարհում է ապրում»: Միաժամանակ Ջավիդը իր հուշերում գովաբանում է Օսմանյան կայսրության մեկ այլ նախարարի՝ Գաբրիել Նորատունկյանին, որը «հասկացել է, որ Մեծ Հայաստան ստեղծելը հնարավոր չէ, և թուրքերի հետ համաձայնության գալու կողմնակից է»:

Հայաստանի առաջին հանրապետության ստեղծման դժվարին օրերին, երբ թուրքական զորքերի Անդրկովկաս ներխուժման արդյունքում ցեղասպանության վտանգը կախվեց նաև արևելահայության գլխին, Հայաստանի առաջին հանրապետության ղեկավարները բանակցություններ էին վարում Տրապիզոնում և Բաթումում, մեկնում Ստամբուլ՝ հանդիպելու Թալեաթին և Էնվերին, նրանց հետ բանակցելով Հայաստանի սահմանների և այլ կենսական խնդիրների շուրջ:

Երիտթուրք առաջնորդների հետագա ճակատագիրը հայտնի է: Նրանցից որոշները, ինչպես Թալեաթը, Ջեմալը, Բեհաեդդին Շաքիրը, Սաիդ Հալիմ փաշան, Ազմին, իրենց արժանի պատիժը ստացան «Նեմեսիսի» գործողությունների արդյունքում (հայ վրիժառուների ձեռքից «ճողոպրած» Էնվերը սպանվեց Միջին Ասիայում բասմաչների հետ Կարմիր բանակի դեմ կռվելիս հայ հրամանատար Հակոբ Մելքումովի ջոկատի կողմից. ի՞նչ իմանաս, արդյոք այստեղ ևս մասնակից չէ՞ հայ վրիժառուի ձեռքը կամ, որ ավելին է, նախախնամության կամքը), իսկ ովքեր կարողացան խուսափել և փրկել իրենց կյանքը, ինչպես դոկտոր Նազըմը, Իսմայիլ Ջանփոլադը, Նաիլը, 1926 թ. Իթթիհատի գործով դատավարության արդյունքում կախաղան բարձրացվեցին Անկարայում, թուրքերի իսկ ձեռքով:

Սակայն Հայոց ցեղասպանության մի շարք կազմակերպիչներ և իրականացնողներ կարողացան խուսափել պատժից և հանգիստ կյանք վայելել հանրապետական Թուրքիայում: Նրանցից մի քանիսը Մեծ եղեռնին հաջորդած տարիներին բազմաթիվ հանդիպումներ են ունեցել հայ քաղաքական գործիչների հետ, այցելել Հայաստան և նույնիսկ միասին պայքարել «համաշխարհային սոցիալիստական հեղափոխության» հաղթանակի համար: Նման կարգի անձանցից առանձնացրել ենք երկուսին՝ Վանի հայության դահիճ, 1919-1920 թթ. Անկարայի կառավարության և ռուս բոլշևիկների միջև կապեր ստեղծող Հալիլ (Քութ) փաշային և Սիրիայի անապատում տեղահանված հայերի զանգվածային ոչնչացման կազմակերպիչ, 1915-16 թթ. Դեր Զորի կառավարիչ (մութեսարիֆ), Թուրքիայի կոմունիստական կուսակցության անդամ Սալիհ Զեքիին (Զոռ): Երկուսին միավորող հանգամանք է հանդիսանում այն, որ նրանք Ցեղասպանությունից հետո ոչ թե պատահական հանդիպումներ են ունեցել հայ գործիչների հետ, այլ երկարատև շփումներ, իսկ Սալիհ Զեքին նաև հայ կոմունիստների հետ միասին պայքարում էր Անդրկովկասում խորհրդային կարգերի հաստատման համար:

1915 թ. Վանի շրջանի հայության ոչնչացման գործում Հալիլ փաշայի ակտիվ մասնակցության մասին բազմաթիվ վկայություններ գոյություն ունեն: Առաջին օսմանյան բանակի հրամանատար, գերմանացի գեներալ Լիման ֆոն Զանդերսի թարգմանիչ, Հայոց ցեղասպանության ականատես Հենրիխ Ֆիրբուխերը իր հուշերում վկայում է, որ «Թալեաթի աներձագ Մուստաֆա Հալիլը Բիթլիսի հրամանատարն էր: 1915 թ. հունիսին տեղի ունեցած կոտորածի ժամանակ բոլոր տղամարդկանց սպանեցին, 900 կին և երեխա տարան Դիարբեքիրի ուղղությամբ և նետեցին Տիգրիս գետը: Մուշ քաղաքը վերցրեցին թնդանոթների օգնությամբ: Հայերը, մեկ թաղամասից մյուսը տեղափոխվելով, փրկություն էին փնտրում: Վերջում թուրքերը հայերին փակուղի մտցրին, այնպես, որ նրանք ականատես լինեն, թե ինչպես են բռնաբարում իրենց կանանց: Տղամարդկանցից շատերը սպանում էին իրենց կանանց: Մի մեծ ընտանիք մահացավ՝ թույն խմելով»:

Ուշագրավ է, որ Հալիլ փաշան ինքն է խոստովանում Վանի հայության ոչնչացման գործում իր դերակատարության մասին: Իր հուշերում նա գրում է, որ Օսմանյան կայսրության պարտությունից հետո Իթթիհատի մյուս ղեկավարների հետ նա ևս ձերբակալվել էր և ուղարկվել Ստամբուլի բանտի Բեքիրաղա մասը: Անգլիացիների կողմից նրան 300 000 հայի, 60 000 արաբի, 13 հրեայի, 2 անգլիացի սպայի և մեկ թուրք սերժանտի սպանության մեղադրանք է ներկայացվել: Հալիլ փաշան մի թուղթ է պահանջել, որի վրա գրել է. «1) 300 000 հայ…. Ավել կամ պակաս կարող է լինել: Չեմ հաշվել: Պետությանս դեմ որտեղ ապստամբություն է ծագել, իմ զորքերով դրանք ճնշել եմ և պատժել: Իսկ որտեղ հավանական էր, որ ապստամբություն կարող է ծագել, հրահանգ եմ տվել տեղահանությամբ զբաղվող գերատեսչությանը և տեղահանել բնակչությանը»:

Հալիլ փաշան, ով 1934 թ. ազգանունների մասին օրենքի ընդունումից հետո վերցրել էր Քութ (Երջանիկ) ազգանունը, Հայաստանի Հանրապետություն է ժամանել ՀՀ կառավարության հրավերով 1918 թ. օգոստոսի 30-ին: Իր հուշերում Վանի հայության դահիճն այսպես է նկարագրում իր առաջին ժամերը Երևանում. «.…պատրաստվում էի իջնել գնացքից, երբ վագոն մտավ Դաշնակցություն կազմակերպության ղեկավարը, որի հետ ծանոթացել էինք Վանում և որի նկատմամբ համակրանք ունեի՝ իմ հին ընկեր Արամը….

Հայերի կողմից Արամ փաշա անվանվող իմ վաղեմի ընկերը արցունքները աչքերին փաթաթվեց ինձ և, «բարով ես եկել, Հալիլ, հոգիս» ասելով, ջանաց ցույց տալ իր զգացումների անկեղծությունը»:

Հալիլը Արամ Մանուկյանի հետ նույն ավտոմեքենան է նստում, իսկ երկրորդ մեքենան նստում է Թիֆլիսից ժամանած գերմանացի գեներալ ֆոն Կրեսը: Ճանապարհին Արամ Մանուկյանը պատմում է, որ Հայաստանում սով է տիրում, կառավարությունը չի հասցնում լուծել պարենի հարցը, և նրա հեղինակությունը ընկնում է: Մանուկյանը տեղեկացնում է նաև, որ Հալիլ փաշայի և նրա պատվիրակության անվտանգության ապահովման համար ճանապարհների եզրերին կանգնեցրել են կուսակցության ամենավստահելի զորամիավորումները, նույնիսկ քաղաքը շրջապատող բլուրներում տեղակայել են կառավարությանը վստահելի զորաջոկատներ:

Հաջորդ օրը Ա. Մանուկյանի ուղեկցությամբ Հալիլ փաշան Էջմիածնում հանդիպել է կաթողիկոսին, որի խնդրանքով հրամայել է թուրքական 9-րդ բանակի պարենային պահեստից 200 տոննա հացահատիկ ուղարկել Հայաստան:

Սակայն Երևան Հալիլ փաշայի այցելության ամենաուշագրավ դրվագը կապված է նրա ելույթի հետ: Առավոտյան՝ մինչև Էջմիածին մեկնելը, Հալիլի իջևանած հյուրանոցի առաջ բազմություն էր հավաքվել, և Արամ Մանուկյանը առաջարկում է Հալիլին մի քանի խոսք ասել ժողովրդին: Վերջինս ընդունում է առաջարկը, սակայն նրա համհարզ Սելահեդինը փորձում է կանխել դա՝ պատճառաբանելով, թե «այս բազմությունը բաղկացած է մեր հայրենիքից տեղահանված հայերից: Նրանց բոլորից առնվազն մեկ հարազատ՝ հայր, եղբայր, ոչնչացվել է, և նրանք բոլորը վրեժխնդրությամբ են լցված և տեղյակ են, որ այդ կոտորածների կազմակերպիչը Հալիլ փաշան է»: Այնուամենայնիվ Հալիլը հանդես է գալիս հետևյալ ելույթով.

-Հայ ժողովուրդ, որին ես աշխատել եմ ոչնչացնել մինչև վերջին մարդը, քանի որ հայրենիքիս ամենավախենալի և դաժան օրերին հանձնվել ես իմ հայրենիքի թշնամուն, որը ջանում էր ջնջել մեզ պատմությունից: Այսօր թուրք ազգի մեծահոգությանը ապավինելով՝ ես ցանկանում եմ, որ հայ ժողովուրդը հանգստություն և վստահություն ձեռք բերի: Եթե դուք թուրքական հայրենիքին հավատարմություն պահպանեք, ես ձեռքիցս եկած ամեն բարիք կանեմ: Եթե նորից վստահելով մի խումբ անխելք կոմիտեականների փորձեք դավաճանել թուրքերին և թուրքական հայրենիքին, ձեր պետությունը շրջապատող իմ բանակներին հրաման կտամ և աշխարհի երեսին կենդանի մեկ հայ էլ չեմ թողնի, խելքներդ գլուխներդ հավաքեք:

Հաշվի առնելով, որ Հալիլ փաշայի ելույթը որևէ այլ աղբյուրում չի մեջբերվում, դժվար է ասել, թե ինչքանով է հավաստի դա այն տեսքով, որ բերված է նրա հուշերում: Սակայն պետք է հաշվի առնել, որ Երևանում Հալիլի գտնվելու ժամանակ թուրքական վտանգը դեռ չէր անցել, թուրքական զորքերը շարունակում էին առաջխաղացումը Բաքվի ուղղությամբ, որի գրավումից հետո Հալիլը Բաքվի հայության ջարդի կազմակերպիչների շարքերում էր, խոստովանելով, որ Բաքվում հայերի կոտորածներից ցնցված Նուրի փաշայի հրամանատարության տակ գտնվող «Իսլամական բանակում» ծառայող բոլոր գերմանացի սպաները հրաժարական տվեցին: Չնայած դրան Թիֆլիսում Հայաստանի ներկայացուցիչ Ա. Ջամալյանը պաշտոնապես դիմում էր Հալիլ փաշային՝ «ապավինելով նրա մարդասիրությանը», խնդրելով ազատ արձակել ձերբակալված հայերին, պատժել ջարդարարներին և երաշխավորել ողջ մնացած հայերի կյանքի և ունեցվածքի պահպանությունը, իսկ Ստամբուլում գտնվող հայկական պատվիրակությունը դիմում էր Օսմանյան կառավարությանը Հալիլ փաշային Հայաստանում դեսպան նշանակելու խնդրանքով:

Օսմանյան կայսրության պարտությունից և Անատոլիայում իթթիհատական ծրագրով մշակված ազգայնական պայքարի սկսվելուց հետո Հալիլ փաշան ստանձնեց Ռուսաստանի բոլշևիկյան կառավարության և Անկարայի կառավարության միջև կապերի հաստատման պարտականությունը՝ 1919 թ. մեկնելով Մոսկվա որպես Թուրքիայի Ազգային մեծ ժողովի ներկայացուցիչ: Հալիլ փաշան զգալի դերակատարություն ունեցավ նաև Ադրբեջանում խորհրդային կարգերի հաստատման գործում: Իր այսպես կոչված սոցիալիստական գործունեության ժամանակ նա հնարավորություն ստացավ ոչ միայն շփվելու, այլ նաև համատեղ աշխատելու հայ կոմունիստների հետ, լավ կապեր ստեղծելով Ա. Միկոյանի, Կամոյի, Ա. Նուրիջանյանի, Կասյանի և մյուսների հետ, որոնց հետ հաճախակի հանդիպումներ էր ունենում Բաքվում:

Հալիլի Բաքվի գործունեության շրջանի վերաբերյալ ուշագրավ հիշատակում կա նրա հետ միասին գործած Թուրքիայի կոմունիստական կուսակցության անդամ Սուլեյման Նուրիի հուշերում, որը հետաքրքիր է դահիճ-զոհ փոխհարաբերությունների տեսակետից: Սուլեյման Նուրին գրում է. «Անհավատալի է, բայց այն իթթիհատական առաջնորդներից /որոնց անունները մինչև երկինք հայտնի դարձան հայ քաղաքացիների տեղահանությամբ և մասսայական ոչնչացմամբ/ մեկը, և նույնիսկ 1914 թ. Թուրքիան գերմանացի իմպերիալիստների օգտին պատերազմի մեջ ներքաշելու որոշում ընդունած չորս մարդկանցից մեկը հանդիսացող Հալիլ փաշայի խոհարարը` Հիդայեթ անունով անձը, մի կրոնափոխ հայ էր: Հալիլ փաշան իր կյանքը վստահել էր մեկին, որին որպես իր խոհարար բերել էր ռազմաճակատներից մեկից, և իր ամենամտերիմ մարդն էր: Գուցե իրեն համոզում էր, որ ինքը հայ քաղաքացիների տեղահանության և ոչնչացման հետ կապ չունի, այդ իսկ պատճառով վստահ էր, որ Հիդայեթը իրեն վատություն չի անի, նրանից չէր վախենում: Հալիլ փաշան ոգելից խմիչքի մեծ սիրահար էր և մինչև առավոտ խմելը բնական էր համարում: Այն ժամանակ, երբ մենք բոլորս, որ հայտնել էինք, թե ի վիճակի ենք խմել, գետնին էինք տապալվում, նա Հիդայեթի հետ մինչև առավոտ շարունակում էր խմել: Ինչպես վկայում են մտերիմները, Հալիլ փաշան իր կյանքի ամենավճռական որոշումները խմած վիճակում է կայացրել»:

Մի թուրք զինվորական, որը, իր խոստովանությամբ, ոչ միայն կազմակերպել է 300 000 հայի  սպանությունը, այլ նաև Ս. Նուրիի նկարագրած դեպքերի ժամանակ Ղարաբաղի և Զանգեզուրի տարածքներն Ադրբեջանին միացնելու նպատակով այդ շրջանների հայության ոչնչացման ծրագրեր է մշակել, կազմակերպել Շուշիի հայության 1920 թ. ջարդը, 11-րդ Կարմիր բանակի հրամանատարությանը հրահրում էր հնարավորինս շուտ հարձակման անցնել Հայաստանի դեմ, իր կյանքը վստահում է իրեն ամենամոտ անձ հանդիսացող մի հայի, բնավ չվախենալով, որ նա կարող է վրեժխնդիր լինել իր ոչնչացրած արյունակիցների համար…

 

ԱՆԴԻՆ 9, 2014

Share

Կարծիքներ

կարծիք