Տեսակետ

Հեղինակ:

20142411114022978

Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման հնարավոր ուղիները Հայաստանում

Ցանկացած երկրի տնտեսության զարգացման կարևորագույն նախադրյալներից է փոքր և միջին ձեռնարկատիրության (այսուհետ՝ ՓՄՁ) զարգացումը: Ինչ վերաբերում է մեր երկրին, ՓՄՁ զարգացումը մեզ համար ունի կենսական նշանակություն, քանի որ դրա զարգացմամբ է պայմանավորված երկրի տնտեսության մի շարք հիմնախնդիրների հնարավոր լուծումը: ՓՄՁ զարգացումը շուկայում կստեղծի լրացուցիչ մրցակցություն, որն իր հերթին կբարձրացնի շուկայում առկա ապրանքների և ծառայությունների որակական հատկանիշները՝ նվազեցնելով գները: Բացի դրանից ՓՄՁ զարգացումը բնակչությանը կապահովի լրացուցիչ աշխատատեղերով՝ էապես կրճատելով գործազրկությունը, ինչպես նաև ներմուծման կրճատման և արտահանման աճի շնորհիվ կբարելավի երկրի արտաքին առևտրի հաշվեկշիռը:

Անհնար է պատկերացնել ՓՄՁ զարգացումը առանց պետության ակտիվ միջամտության: Ճիշտ է, ժամանակակից համաշխարհային տնտեսությունը հիմնականում կարգավորվում է ազատ շուկայի «անտեսանելի ձեռքով», սակայն մի շարք անցումային երկրների համար այդ քաղաքականության որդեգրումը կարող է էապես վնասել երկրի տնտեսությանը՝ խոչընդոտելով դրա զարգացմանը:

Խորհրդային Միության փլուզումից հետո մեր երկրում մի շարք պետական օբյեկտներ սեփականաշնորհվեցին, և գրեթե վերացավ պետության վերահսկողությունը շուկայական հարաբերություններում: Բիզնես մշակույթի բացակայության, ձեռնարկատերերի անտեղյակության և պետական վերահսկողության ցածր մակարդակի պայմաններում Հայաստանի շուկան վերածվեց մոնոպոլ՝ մենաշնորհային  շուկայի:

Սա ՓՄՁ զարգացման գլխավոր խոչընդոտն է, որը պահպանվում է մինչ օրս:

Սրանից ելնելով՝ պետք է ուժեղացնել հակամենաշնորհային կառույցների աշխատանքը: Մենաշնորհների դեմ պայքարը կարող է տեղի ունենալ մի շարք ուղիներով. անհրաժեշտ է ավելացնե եկամուտների հարկումը ներքին շուկայում մենաշնորհային դիրք զբաղեցնող ընկերություններից, որպեսզի հնարավոր լինի նվազեցնել ՓՄՁ հարկումը առանց պետական բյուջե մուտքերի կրճատման, բացի դրանից անհրաժեշտ է նաև վերահսկել շուկայի բաժանումը (օրինակ՝ Երևանի շատ թաղամասերում կարելի է հանդիպել մի շարք սուպերմարկետներ, որոնք, տեղակայված լինելով միմյանց բավական մոտ, շուկայից դուրս են մղել փոքր խանութներին):

ՓՄՁ զարգացման համար շուկայում մրցակցության բավարար մակարդակ ապահովելուց հետո անհրաժետ է մշակել ՓՄՁ զարգացման բուն ռազմավարությունը:

Պետք է զարգացնել պետական բիզնես-ինկուբատորների համակարգը: Դրանով պետությունը կարող է զարկ տալ ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք ուղղություններում փոքր ձեռնարկությունների ստեղծմանը և զարգացմանը:

Բիզնես-ինկուբատորների հիմնական գործառույթները հետևյալն են՝ բարձր աճի հեռանկար ունեցող արդյունաբերությունների բացահայտում, պոտենցիալ ձեռնարկատերերի բացահայտում, նորաստեղծ ձեռնարկությունների ռազմավարության մշակում, հաշվապահական և իրավական խորհրդատվություն և այլն:

Բացի դրանից այնտեղ պետք է լինեն նորաստեղծ ձեռնարկությունների գործունեությունն ապահովող անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները:

Ընդ որում՝ կարևոր է, որ այսպիսի կառույցները ունենան պետական վերահսկողություն և տեղակայված լինեն պետության ողջ տարածքում, հաշվի առնելով տվյալ տարածքի համար հեռանկարային ոլորտները: Հարկ է նշել, որ ներկայումս Հայաստանում գործում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF), որի նպատակը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումն է:

Անհրաժեշտ է զարգացնել այս համակարգը՝ պահպանելով պետության խիստ վերահսկողությունը:

Բիզնես ինկուբատորներից բացի անհրաժեշտ է Հայաստանում զարգացնել ՓՄՁ զարգացման պետական կազմակերպությունների համակարգը:

Այդպիսի կազմակերպությունները պետք է փոքր և միջին ձեռնարկությունների համար մատուցեն մի շարք ծառայություններ՝ սկսած մարքեթինգից, վերջացրած աշխատողների վերապատրաստմամբ, ինչպես նաև հեռանկարային և արտահանման ներուժ ունեցող ընկերություններին օգնեն ձեռք բերել առաջավոր տեխնոլոգիաներ:

Վերջերս նկատել եմ, որ շուկայում առկա տեղական փոքր ձեռնարկությունների փաթեթավորումը և բրենդինգը խիստ ցածր մակարդակի են: Եվ դա օրինաչափ է, քանի որ սկսնակ ձեռնարկատերը շատ հաճախ չունի մարքեթինգային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու բավարար ֆինանսական միջոցներ: Այդ պատճառով նպատակահարմար է, որ փոքր ձեռնարկություններին նման ծառայություններ մատուցվեն պետական կազմակերպությունների կողմից և անվճար: Առանցքային կարևորություն ունի նաև հասարակական ծառայություններ մատուցող ընկերությունների զարգացումը, քանի որ շատ հաճախ դրանցից է կախված երկրում զբոսաշրջության զարգացումը:

Այսպիսով՝ անհրաժեշտ է, որ  ՓՄՁ զարգացմամբ զբաղվող պետական կազմակերպությունները ունենան բարձրակարգ մասնագետներ, որոնք ձեռնարկատերերին կուսուցանեն բիզնեսի վարման առանձնահատկությունները, ինչպես նաև կբարձրացնեն տեղի բիզնես մշակույթը:

ՓՄՁ զարգացմանը պետությունը կարող է նպաստել արդյունավետ հարկաբյուջետային քաղաքականության միջոցով: Այսպիսով՝ պետությունը կարող է աճի հեռանկար ունենալ և ռազմավարական նշանակության ոլորտների ձեռնարկություններին որոշ ժամանակով ազատել շահութահարկից՝ խնայված գումարներով ներդրում կատարելու պայմանով:

Ընդ որում՝ կարևոր է, որ ապագա ներդրումը ապահովի ընկերության արտադրական հզորության կամ մատուցվող ծառայությունների աճ, քանի որ դա կհանգեցնի եկամուտների աճի:

Այսպիսի քաղաքականությունը ունի մի շարք էական առավելություններ՝ ներդրումները կմեծացնեն ընկերության շրջանառությունն ու եկամուտները, հետևաբար՝ բյուջեն կապահովեն լրացուցիչ դրամական մուտքերով, բացի դրանից փոքր ձեռնարկությունները, աճելով, լրացուցիչ աշխատողների կարիք կունենան, այսինքն՝ կապահովեն լրացուցիչ աշխատատեղեր:

Այսպիսով՝ կարելի է եզրակացնել, որ ՓՄՁ զարգացումը հնարավոր է պետության կողմից արդյունավետ քաղաքականության մշակման դեպքում: Ինչպես ասվեց՝ այն կլուծի մի շարք սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներ՝ զարկ տալով երկրի տնտեսության զարգացմանը:

 

Անդին 6, 2014

Share

Կարծիքներ

կարծիք