Վիրտուալ իրականությո՞ւն, թե՞ իրականության վիրտուալություն

20141011121926788

Կյանքի ընթացքն արագանում է: Վերջին տասնամյակներում կյանքն անհամեմատ ավելի է փոխվել, քան նախորդ ժամանակների նույնպիսի որևէ այլ հատվածում: Ճիշտ է, նույն բանը կարելի է ասել մարդկության պատմության ցանկացած այլ ժամանակաշրջանի մասին: Բայց վերջին շրջանը, ասենք, վերջին երկու տասնամյակները շատ ավելի լուրջ ու խորքային փոփոխություններ կրեցին:  Եթե նախորդ ժամանակների ավելի մեծ հատվածի մասին խոսեի, ոմանք թերևս առարկեին ու ասածս փաստերով հերքելու փորձեր անեին: Այս մտքի դեմ էլ կարող են առարկել, բայց՝ ավելի քչերը, որովհետև դա մոտ է այն միջին մտածողությանը, որ տիրում է այսօր: (Այդ միջին մտածողությունը, որին ընդհանուր առմամբ տալիս են հասարակական կարծիք հավաքական անվանումը, հաճախ լավ միջոց է նաև ոչինչ չասելդ թաքցնելու համար: Ոմանք կարող են այն անվանել ժողովրդի կարծիք, ոմանք այն անվանում են mainstream, ասել է թե՝ գլխավոր հոսանք):

Վերջին երկու տասնամյակներում կյանքի փոփոխությունը էապես ազդել է նաև մարդկանց աշխարհընկալման ու մտածողության ձևի, արժեքների համակարգի, միմյանց հետ հարաբերություններ ստեղծելու ընդհանուր սկզբունքների վրա: Աճել, ահռելի չափերի է հասել այն, ինչը վաղուց արդեն մեր կյանքի մի մասն է, բայց դուրս է շոշափելի իրականությունից: Այդ վերիրականը կամ արտաիրականը ստացել է վիրտուալ իրականություն անվանումը, ու այն ավելի ու ավելի շատ է սկսել փոխարինել իրական իրողությանը:

Տեղեկատվական ժամանակակից համակարգի ծնունդ հանդիսացող տվյալների անհատնում շտեմարանները, աշխարհի բոլոր ծայրերից ակնթարթորեն վիրտուալ տարածության ցանկացած կետում շարունակաբար հայտնվող ճշմարիտ ու սուտ լուրերը, ասեկոսեներն ու այդ ամենի բազմատեսակ մեկնաբանությունները կյանքը տեղափոխել են համակարգչի դիսփլեյի սահմանափակ հարթություն, կյանքի իմաստը կապել այդ հարթությանը: Դրանց գումարենք սոցիալական կայքերը, և ինքներս էլ հայտնվում ենք հարթության սահմանափակ տիրույթում կառուցված անվերջ աշխարհում խորասուզվելու իրողության առջև: Այդ ամենը միասին վաղուց արդեն ստեղծել են նոր կենսաձև, որն արագորեն նաև նոր հավատամքի է վերածվում: Այն հսկայական արագությամբ վերափոխվում է վերազգային, վերռասայական ու վերամենայնային կրոնի: Հասարակության մեջ ժամանակի հետ աճում է մարդկանց քանակը, որոնք իրական կյանքի բոլոր վայելքներից վեր են համարում վիրտուալ աշխարհում հաստատված կապերն ու դրանց տված հաղորդակցական վայելքի տեսակը:

Հին հռոմեացիներից բազմաթիվ թևավոր արտահայտություներ են հասել մեզ, ի թիվս որոնց նաև «panem et circenses» արտահայտությունը, որ հայերենում հաճախ «հաց և կրկես» են թարգմանում: Իրականում խոսքը կրկեսի մասին չէ, այլ այն զվարճանքի, որ հնում կատարվում էր կրկեսի փոշոտ հրապարակում: Ուրեմն, ասել է թե՝ հաց ու զվարճանք տվեք, մնացյալը կարևոր չէ: Մեր օրերի զվարճանքը, վայելքն ու տեղեկատվությունն ամբարվում են համակարգչի լուսավոր էկրանում: Որովհետև դա զուգահեռ աշխարհ է, որի բնակիչ դառնալը սկսում է մարդկանց համար ավելի գերադասելի լինել: Ու նաև հացն է ավելի ու ավելի հաճախ մղվում առավել հետին պլան, դառնում անկարևոր, ոչ էական, եթե կա վիրտուալ կյանքում շփվելու և, հատկապես, լսված լինելու հնարավորությունը:

Անցյալ դարի հիսունականների սկզբին, երբ վիրտուալ աշխարհն առաջին հերթին գիրքն ու կինոն էին, Ռեյ Բրեդբերին մի  հրաշալի անտիուտոպիա հրատարակեց՝ «451 աստիճան ըստ Ֆարենհեյթի»: Ընդամենը կես դար առաջ այդ գիրքն ապագայի գրոտեսկային պատկեր էր թվում: Ես առաջին անգամ այդ գրքից իմացա մի տեխնիկական մանրամասն՝ որ սովորական թուղթը բռնկվում է ըստ Ֆարենհեյթի 451 աստիճանում: Կյանքիս մի զգալի հատվածը հենց այդ համոզմունքով էլ ապրել եմ: Հետո միայն իմացա, որ թուղթն իրականում բռնկվում է Ցելսիուսի 450 աստիճանում, որն ըստ Ֆարենհեյթի 843 աստիճան է, սակայն դա արդեն կարևոր չէր: Այդ հանճարեղ ստեղծագործության մեջ կարևորն այդ տվյալը չէր: Եվ ոչ էլ այն, որ իր անտիուտոպիայում Բրեդբերին հեռուստատեսային պաստառների ձևով արդեն ի հայտ էր բերել այսօրվա սոցիալական կայքերի նախատիպերը: Կարևորն այն էր, թե ինչպես է  պահում մարդ արարածը հասարակության կողմից իրեն պարտադրված իրականության մեջ: Կարևորն այդ գրքի ստեղծած իրականությունն էր, որն, ըստ էության, «ավելի վիրտուալ» էր, քան այսօր, բայց չուներ այսօրվա սոցիալական կայքերի տրամադրած  «վիրտուալ ապահովությունը»:

Այդ գիրքը մարդկային ստվար շրջանակների փոխանցեց նաև Խուան Ռամոն Խիմենեսի հերետիկոս հորդորանքը: Բրեդբերին իր գրքի բնաբան էր ընտրել դրա հրատարակումից մի քանի տարի անց Նոբելյան մրցանակի արժանացած բանաստեղծի ըմբոստության քարոզը, որն աներկբա խրատում է. «Եթե քեզ տողագծված թուղթ են տալիս, լայնքով գրիր»: Մտածողության ըմբոստությունը դեռևս ըմբոստության գործողություն չէ, չնայած որոշ պարագաներում այն կարող է շատ ավելին լինել: Այսպես, թե այնպես, ժամանակը մեզ բոլորիս տողագծված թուղթ է առաջարկում: Այդպես եղել է ու այդպես է նաև հիմա: Իսկ մենք ինքներս ենք որոշում՝ գրել գեղեցիկ գծված տողերով, թե դրանց լայնքով ու առանց որևէ հուշող գծի: Նույնիսկ եթե սուզվել ենք մարմնի համար օտար, իսկ հոգու համար կարծես հարազատ վիրտուալ աշխարհի անհատակ ծովը…

<<>>

Ըստ հոգեբույժ-հոգեբանների՝ ներկայումս հիվանդությունների մեջ մեծ արագությամբ սկսում է ավելանալ հոգեկան ախտերի հաճախականությունը: Ընկճախտը նոր բան չէ, դրանով տառապել են նաև մեր հեռավոր նախնիները: Մասնագետները պնդում են, որ նոր է դրա մրցարշավը: Նոր աշխարհը, ուր աստիճանաբար տեղափոխվում է Երկիր մոլորակի ամբողջ բնակչությունը, ապահով բնակություն է տալիս բոլորին ու թելադրում խաղի իր կանոնները: Խաղի կանոններ՝ նաև բառացի իմաստով: Նաև այն խաղերի, որոնց զարգացող գրաֆիկան վիրտուալ հերոսներին նման-նույնական է դարձնում իրական կյանքի հերոսների հետ: Իսկ խաղացողներն սկսում են իրական մարդկանց շփոթել մոնիտորի էկրանին ու էլեկտրական շղթաներում էլեկտրոնների հոսքով պայմանավորված «էակների» հետ: Այդ շփոթությունն ազդում է նաև իրական կյանքի հանդեպ իրական մարդու վերաբերմունքի վրա: Իրական մարդն իր իրական կյանքում փորձում է գտնել վիրտուալ իրականության առավել կարևոր օրինաչափությունների արտացոլումը, ինչպես նախկինում փորձում էր իրական կյանքը տեսնել: Մինչև սկսեց վիրտուալ կյանքն ավելի հավանել: Մինչև սկսեց նաև մտածել, թե քանի կյանք ունի իր կողքին քայլող, միսուարյունից կառուցված այս կամ այն անհատը: Ինչո՞ւ համակարգչային խաղում հերոսները կարող են մի քանի կյանք ունենալ և իրենց ուզածին հասնելու համար մի քանի անգամ մեռնել ու հարություն առնել, իսկ այս կյանքումª ոչ: Ուրեմն այս կյանքն է անկատար: Ուրեմն վիրտուալ կյանքի հեքիաթն ավելի ցանկալի է:

Համակարգչային խաղերից ու սոցիալական կայքերից կախվածությունը կարելի՞ է արդյոք համեմատել թմրանյութերից կախվածության հետ: Անշուշտ, կարելի է: Եթե երեխան կարող է ինքնասպանություն գործել այն պատճառով, որ նրա էլեկտրոնային-վիրտուալ ընկերը զոհվել-մահացել-անէացել է, ուրեմն վիրտուալ աշխարհի զուգահեռ կյանքով ապրողն անկասկած սեփական ներաշխարհը այսպես թե այնպես հարմարեցնում է դրան: Սակայն ինչպես կյանքում ամեն ինչ, սա նույնպես սովորական օպտիմալացման խնդիր է: Մարդիկ տարբեր են, և վիրտուալ աշխարհից կախվածության չափը նույնպես տարբեր է: Իրական կյանքում այն տարբեր կերպ է դրսևորվում նրանց վարքագծի մեջ: «Աննա Կարենինան» կարդացած ամենևին էլ ոչ յուրաքանչյուր ընթերցող է կյանքին վերջ տալիս գնացքի ռելսերի վրա, և ամեն դեռահաս չէ, որ վիրտուալ բարեկամի մահն ընկալում է որպես կյանքի իմաստի սպառում:

Եվ այնուամենայնիվ, ի՞նչն է հասարակության մտածողության, արժեհամակարգի փոփոխության հիմնական պատճառը: Նոր ու դեռևս պարզորոշ չգիտակցված կրոն-հավատա՞մքը, որը մի նոր «հաշիշ է ժողովրդի համար», թե՞ վիրտուալ աշխարհում իրական աշխարհի մասնիկների հետ ավելի դյուրին, ավելի անվնաս, ավելի պասսիվ հաղորդակցվելու մարդկային ծուլության նոր արտահայտությունը: Զուգահեռ կյանքը լայն հնարավորություններ է ընձեռում՝ կյանքի պատրանք ստեղծել առանց այդ կյանքի հանդեպ պատասխանատվության: Այնպես, ինչպես պատմական հայրենիքն է, որը որևէ պարտականություն ու պարտավորություն չի պարտադրում: Իրական կյանքը յուրաքանչյուր ապրողի առջև խնդիրներ է դնում, որոնք պետք է լուծվեն յուրաքանչյուր պահի: Իսկ լուծման ուղիները բազմազան են, նույնիսկ անթիվ՝ սկսած տողագծերով գրելու գայթակղիչ հնարավորությունից մինչև սեփական ուղիները փնտրելու ադրելինառատ կենսաձևը:

Մեր գիտելիքապաշտ հասարակությունը միշտ եղել է գրապաշտ ու գրքապաշտ, չնայած հայերենում այս վերջին երկու բառերը հիմքում միևնույն իմաստն ունեն: Այսօր գիտելիքի հիմնական աղբյուրը համացանցն է, որտեղ շատ ավելի դյուրին է գտնել պահանջվող գիտելիքը, և անհամեմատ պակաս ճիգ է պահանջվում: Իմաստ անգամ չունի քննարկել՝ դա ավելի լավ է, թե ավելի վատ. դա այն հանգրվանն է, ուր մեզ հասցրել է քաղաքակրթության զարգացումը:

Գոյության ողջ ընթացքում մարդկությունն ամեն ինչ անում է իր բնատուր ծուլությունն արդարացնելու և աշխարհիկ վայելքներից այդ ծուլության պատճառով չզրկվելու խնդիրը լուծելու համար:

Մարդկության պատմությունը կարելի է համարել նաև կողպեք պատրաստողների և կողպեք ջարդողների պատմություն: Սա ես չեմ ասում, ոմն խելոք մարդ է ասել, ու ես էլ կարդացել եմ մի տեղ, և մնացել է հիշողությանս մեջ, քանի որ երբեք մարդկության պատմության մասին այդքան գռեհիկ ու այդքան իմաստուն սահմանում չէի կարդացել: Ակնհայտ է, որ խոսքը սովորական կողպեքների մասին չէ, շատ բան է այդ սահմանման տակ ընկնում: Օրինակ՝ ով է ասում, որ ՙկողպեք ջարդելու՚  յուրատեսակ ձև չէ նաև քննությունների ժամանակ ուսանողների կողմից հուշաթերթիկների գործածումը: Իսկ համակարգչի ու վիրտուալ տարածության առկայությունն էլ ավելի են պարզեցնում «կողպեք ջարդելու» խնդրի լուծումը: Բավական է, որ ուսանողը համացանցին կապվելու հնարավորություն ունենա, և քննական ցանկացած հարցի պատասխանը կարող է գտնել այնտեղ:

Երբ ի հայտ եկան գրպանի առաջին փոքրածավալ հաշվիչները, ակնհայտ էր, որ մտքի զարգացման ուղիներից մեկը՝ մտքի մեջ թվաբանական գործողություններ կատարելը, վտանգված է դպրոցականների զգալի մասի համար: Բազմապատկման աղյուսակն անգիր չիմանալու դպրոցականի հիմնավորումն ակնհայտ խելամտության տարրեր է պարունակում. ինչո՞ւ տանջվել, եթե ցանկացած թվաբանական գործողություն կարելի է կատարել սովորական հաշվիչով: Դա կարծես ոչնչով չի տարբերվում այն փաստարկներից, որոնք կարելի է բերել աշխատանքի գնալիս տրանսպորտից  օգտվելը հիմնավորելու նպատակով. արագ է, հարմար է , չի հոգնեցնում: Միակ բանը, որ հաշվի չի առնվում, մարդու հնարավորությունների շարունակական կրճատումն է, ինչն էլ ծուլության ամենասարսափելի ուղեկիցն է: Բոլորը գիտեն այդ ամենի մասին, բայց ամենևին չեն մտահոգվում, չեն վախենում հետևանքներից: Կամ չեն գիտակցում, որ պետք է վախենալ:

Ինչ-որ ժամանակից սկսած մտովի այնքան եմ պնդել, թե Աստծու պատվիրանները նախապես տասնմեկն էին, որ ինձ բռնում եմ այն բանում, որ գրեթե համոզված եմ դրանում ու երբեմն էլ բարձրաձայնում եմ այդ միտքը: Աստված նաև ասում էր՝ «Մի վախենա», իսկ մարդիկ ամենից շատ վախեցան հենց չվախենալուց ու այդ պատվիրանը խոր թաղեցին՝ հիշողությունից դուրս, աչքից ու մտքից հեռու: Եվ չնայած դրան «Աստվածաշնչում» այդ պատվիրանն ամենուր է, ամեն տեղ հնչում է՝ մի վախենա: Ինչի՞ց չվախենա: Իսկ վիրտուալ աշխարհում կարելի է ապրել առանց վախենալու: Այդ աշխարհն այնպես է կառուցված, որ դրա մեջ ընկղմված օգտատերը կարողանում է իրեն գրեթե ամեն ինչի տեր համարել: Ամեն ինչի տերն ինչի՞ց է վախենալու:

Իսկապես, մեր աշխարհում՝ մարդկանց իրական աշխարհում մեզնից ամեն մեկը քիչ թե շատ հաշվի է նստում հասարակության մյուս անդամների հետ՝ փորձելով նույնիսկ իր անկախ վարքը որպես մարդ արարած, որպես ցեղային բնազդի կրող համաձայնեցնել հասարակության պահանջներին: Եվ այդ վարքի ձևավորման վրա ոչ էական չէ վախի ազդեցությունը: Իսկ վախերն, ինչպես հայտնի է, տարբեր են, գիտական լեզվով՝ ֆոբիաներ, նույնիսկ գոյություն ունի ֆոբիոֆոբիա՝ վախ սևեռուն վախ ունենալուց: Մեր կյանքում դրանք չափազանց շատ են, դասակարգված հոգեբան-հոգեբույժների կողմից: Դրանց մեջ կա «աուտոֆոբիա» կոչվածը, ինչը մեկուսացած լինելու, մենակ մնալու վախն է: Վիրտուալ աշխարհում դա լինել չի կարող, բայց կարող է առաջանալ հոսանքի կամ համացանցային կապի անջատման վախ, որը կարող է համարժեք լինել մարդկանց իրական աշխարհում հայտնի աշխարհի կործանման վախին: Մնացած վախերն այնտեղ չքանում կամ խամրում են, քանի որ վիրտուալ իրականությունը կյանքի բազմաթիվ ուղիներով անցնելու հնարավորության աշխարհ է…

<<>>

Վիրտուալ աշխարհի ներկայիս զարգացումները մի նոր խնդիր են առաջադրում: Ամենայն լրջությամբ կարող է քննարկվել, թե ում բիզնես նախագիծն էր մեր բոլորիս ստեղծումը: Աստծու չհաջողված նախագի՞ծը, որ հողից ստեղծեց մարդուն իր տեսքով, թե՞ մի այլ ստեղծագործ մտքի, որի բիզնես նախագծում մենք ընդամենը վիրտուալ իրականության արդյունք ենք, բայց մեծամտաբար մեզ իրական Տիեզերքի մաս ենք համարում:

Նույնիսկ մակերեսային վերլուծությամբ՝ նպատակի ու արդյունքի հիման վրա մարդու ստեղծումը մերօրյա լեզվով կարելի է համարել Աստծու ամենահակասական նախագծերից մեկը, եթե  ոչ ամենահակասականը: Ակնհայտ է, որ ստացվել է ոչ այն, ինչ հույս ուներ ստանալ Արարիչը:  Մի ժամանակ Աստված, հիասթափված իր արարչագործության վերջին արդյունքից, որին մինչ այդ արդեն պատժել էր՝ Եդեմից վտարելով, որոշեց նոր նախագիծ իրականացնել՝ այս անգամ էլ Երկիր մոլորակը լվանալով մաքրել նրանից:

Աստված հղացավ համաշխարհային ջրհեղեղի գաղափարը, քանի որ անհնար էր հաշտվել տրամաբանությունից զուրկ այն իրավիճակի հետ, երբ ընդամենը հոգու ժամանակավոր կացարան կարգված հողաշեն մարմիններն այդպես էլ չհասկացան վերուստ իրենց տրված առաքելությունը ու իրենց ազատության սահմանները: Մարմիններն իրենց վայելքների համար ծաղրուծանակի էին ենթարկում հոգուն, որին պարտական էին նույնիսկ իրենց գոյության համար: Հոգու կացարան ծառայելու փոխարեն նրանք հոգու բանտախուց էին դարձել:

Որքան կատարելագործվում է վիտուալ աշխարհը, այնքան ավելի շատերն են սկսում մտածել այն մասին, թե արդյոք մեր իրական աշխարհն իրականում մի յուրատեսակ վիրտուալ աշխարհ չէ՞ Արարչի համար: Չէ՞ որ կարող էր և կարող է նաև այդպես լինել: Հենց որ Արարիչը տեսնում է, որ իր ստեղծած մարդկանց աշխարհում ինչ-որ բաներ զարգանում են ոչ այնպես, ինչպես ինքն էր նախատեսել, անմիջապես միջոցներ է ձեռք առնում և կանգնեցնում այդ ընթացքը: Կանգնեցնում է, օրինակ, համաշխարհային ջրհեղեղի միջոցով: Այդ ժամանակ մեծ թվով մարդիկ կարող են վերանալ աշխարհի երեսից, բայց հետո՞ ինչ. որևէ ծրագրավորող մտահոգվոգւմ է, որ ծրագրային փոփոխություններ կատարելով՝ ինքը ջնջում է ծրագրի մաս հանդիսացող այս կամ այն փոփոխականն ու դրա հետ կապված բազում գործողություններ:

Այզեկ Ազիմովի «Հավիտենության վախճանը» վեպում այդպիսի գործառույթ էր վերցրել ոչ թե Արարիչը, այլ հասարակությունից վեր կանգնած կազմակերպությունը, որը շարունակ փոփոխում էր իրականությունները, որպեսզի դրանք զարգանան առանց խոշոր ցնցումների: Կազմակերպությունը հետևում է աշխարհում տեղի ունեցող բոլոր իրական անցուդարձերին, մոդելավորման միջոցով կանխագուշակում բոլոր զարգացումները և շարունակաբար փոփոխության ենթարկում իրականությունները, որպեսզի չլինի սով, չլինեն հեղափոխություններ, ապստամբություններ: Այդ փոփոխությունների հետ միասին անէության են դատապարտվում միլիոնավոր մարդիկ: Ահա աշխարհի վերջի ևս մեկ սցենար: Այդպես է այդ կյանքի տողագծված այն թուղթը, որի համաձայն պետք է ապրեին մարդկային հասարակությունները: Եվ ինչպես ամեն նման դեպքում, հայտնվում են մարդիկ, որոնք փորձում են գծված տողերի տակ տեսնել այլ ճանապարհներ: Նրանց վրա ծիծաղում են, ձեռք են առնում, իսկ հետո քայլում են նրանց բացած ճանապարհով ու մոռանում նրանց:

Հնարավոր է նույնիսկ ավելի անհավատալի բան: Որոշ հետազոտողներ քննարկում են այնպիսի իրականություն, որում մենք ամենքս ոչ թե բնական զարգացման, ոչ թե Աստծու արարչագործության արդյունք ենք, այլ ապագայի մարդկության սովորական նախագիծը: Պատկերացնո՞ւմ եք, թե այսօրվա տեմպերով զարգանալու դեպքում ուր կարող է հասնել վիրտուալ աշխարի ծավալն ու գործընթացների արագագործությունը: Մինչ օրս դեռ գործում է Մուրի օրենքը, որն իր նախնական տեսքով ի հայտ էր եկել 1965 թվականին, վերջնական ձևակերպում ստացել 1975-ին: Այդ օենքը պնդում է, որ ինտեգրալ սխեմաներում տրանզիստորների քանակի կրկնապատկում է տեղի ունենում յուրաքանչյուր երկու տարին մեկ: Այսինքն՝ քսան տարում աճը լինում է հազար, իսկ քառասուն տարում՝ միլիոն անգամ: Դեռևս 1983 թվականին Scientific American հանդեսը գրել էր. «Եթե ավիաարդյունաբերությունը վերջին  25 տարում զարգանար այնքան արագ, որքան հաշվողական տեխնիկայի արդյունաբերությունը, հիմա Բոինգ-767 ինքնաթիռը կարժենար 500 դոլար և Երկրի շուրջը պտույտ կկատարեր 20 րոպեում՝ դրա վրա ծախսելով 5 գալոն (մոտ 18,9լ) վառելիք»: Դա սարսափելի մեծ արագություն է:

Եվ ահա, 2003 թվականին շվեդ հայտնի փիլիսոփա Նիկ Բոստրոմը գրեց «Ապրո՞ւմ ենք մենք համակարչային մոդելավորման մեջ» հոդվածը, որում առաջին անգամ հստակ ձևակերպվեցին մեր աշխարհի վիրտուալ լինելու հնարավորության հիմնական դրույթները: Եթե Մուրի օրենքը գործի ևս երկուսուկես հարյուրամյակ, հաշվողական հզորություններն այնքան մեծ կլինեն, որ հնարավոր կլինի մոդելավորել ամբողջ Տիեզերքը, ներառյալ բոլոր մարդկանց իրենց հույզերով ու բանականությամբ: Այդ դեպքում, ըստ Բոստրոմի, կարող է իրականանալ հետևյալ երեք հնարավորություններից մեկը՝ կամ մարդկությունն այդպես էլ չի հասնում նշված մակարդակին, կամ հասնում է այդ մակարդակին, բայց ինչ-ինչ պատճառներով նրան չի հետաքրքրում իր անցյալի մոդելավորումը, կամ էլ հասնում է այդ մակարդակին, և այդ դեպքում մենք, ամենայն հավանականությամբ, այդ համակարգչային մոդելավորման մեջ ենք ապրում:

Պատկերացնո՞ւմ եք, թե դա ինչ է նշանակում: Այսօր ամենայն լրջությամբ քննարկվում է այն հարցը, որ այս աշխարհն ամբողջապես, որի հետ նաև մենք՝ իբրև այդ աշխարհի մի մասը, իրականում կարող ենք լինել սոսկ մաթեմատիկական մի մեծ մոդելի արդյունք: Ամեն ինչ, մեր գիտելիքները, հույզերը, անգամ հարբուխով հիվանդանալը կարող է լինել մի մեծ, համապարփակ մաթեմատիկական մոդելի արտահայտում: Ծաղկանոցում բացվող ծաղիկը, ծառի վրա դեղնող տերևը, նորածին մանկան լացը և մերձավոր ու անծանոթ մարդկանց մահը տեսականորեն հնարավոր է, որ լինեն հսկա համակարգիչ-աշխարհի ծրագրի իրականացում:

Ահա այսպիսի բաներ: Այն, ինչին մեկ-երկու տասնամյակ առաջ հանդիպում էինք միայն ֆանտաստիկ գրականության մեջ, այսօր գիտական վարկած ու նույնիսկ տեսություն է դառնում: Թե՞ տեղի է ունենում Արարչի մասին պատկերացումների փոփոխություն, երբ վիրտուալ աշխարհը կառավարող մաթեմատիկական մոդելն է ստանձնում Արարչի գործառույթները: Ո՞րն է ավելի ընդունելի. Աստված, որ մարդուն ստեղծեց հողից իր պատկերո՞վ, թե՞ մաթեմատիկական մոդելը, որ մարդուն ստեղծեց էլեկտրական լիցքերի փոխդասավորումներով և մոդելի հեղինակի նմանությամբ:

Մի բան ակնհայտ է, որ մարդկային մտածողությունն ու աշխարհը փոխվում են, և ժամանակի ընթացքում փոփոխություններն արագանում են: Եվ հասել ենք մի հանգրվանի, երբ իրական դատարանը քննության է առնում վիրտուալ աշխարհում գողացած տանկի վերաբերյալ հայցը: (Վիրտուալ խաղի մասնակիցներից մեկը դիմել էր ոստիկանություն և պահանջել, որ վերադարձնեն խաղի մեջ իրեն պատկանած թանկարժեք տանկը, որ գողացել էր հակերը: Այդուհանդերձ, ասում են, այդ դատական գործի բարեհաջող ավարտ չի սպասվում, քանի որ տանկն այլևս գոյություն չունի իր նախկին տեսքով. հակերն այն մասնատել և առանձին մասերով բաժանել է խաղի այլ մասնակիցների: Ժամանակակից Ռոբին Հուդ):

Սակայն փաստը մնում է փաստ, որ իրական աշխարհի դատաիրավական համակարգը ևս գործառույթներ է ստանձնում վիրտուալ աշխարհում օրինականության պահպանման համար: Մենք պարզապես պետք է ընդունենք, որ այսպիսին է մեր իրականության զարգացման օրենքը, իսկ այլ իրականությունների մասին մենք դեռ ոչինչ չգիտենք…

 

Անդին 1, 2013

Share

Կարծիքներ

կարծիք