Սաթենիկ թագուհին չի դավաճանել Արտաշես արքային

20141811151301199

«Արտաշես և Սաթենիկ» ավանդազրույցի պատմական հավաստիությունը

 

Դասական գրաբարով ստեղծված գրականության մեջ առանձնակի տեղ ունի Պատմահայր Մովսես Խորենացու գրառած թվելյաց երգերի «Արտաշես և Սաթենիկ» ավանդազրույցը: Այն բազմիցս քննվել է պատմաբանների, գրականագետների, լեզվաբանների, հնագետների և այլոց կողմից: Դրա պատճառը եղել է այն, որ այդ փոքրիկ զրույցից քաղել են պատմաազգագրական բազմաթիվ տվյալներ.

1. Նախ` հայոց արքա Արտաշեսի ասպետական վարքը, որը գնահատել է ոչ միայն ալանների արքայադստեր` Սաթենիկի գեղեցկությունը, այլև խելքն ու շրջահայացությունը:

2. Արտաշեսը, նրա ձեռքը խնդրելով և մերժում ստանալով, ասպետական օրենքների համաձայն, փախցնում է Սաթենիկին:

3. Այն, որ ալանաց արքայի արհամարհական խոսքերը, թե հայոց արքան այնքան հարո՞ւստ է, որ վճարի աղջկա համար:

Վերջապես, Պատմահոր դիտողականությունը, որ հայոց արքան և նրա երկիրը ոչ միայն հարուստ են, այլև այնպիսի ավանդական ու ճոխ հարսանիք են անում, որ որպես առատության նշան ոսկի ու մարգարիտ են շաղ տալիս ժողովրդի վրա:

 

Տեղ ոսկի տեղայր ի փեսայութեանն Արտաշիսի,

Տեղայր մարգարիտ ի հարսնութեան Սաթինկանն:

 

Այս բոլորի նկարագրությունը այնքան դիպուկ է ու գեղեցիկ, որ հետագա ուսումնասիրողների համար ոչ մի կասկած չի հարուցել դրանց պատմական հավաստիությունը:

Սակայն երբ Պատմահայրը պատմում է Սաթենիկի երազների (տենչանքների) մասին և թվարկում խոտերի և հմայիլների անունները, ինչ-որ կասկած մնում է: Տասնյակ գիտնականներ, բնագրագետներ փորձել են հասկանալ հատկապես այն վարկածը, թե իբր Սաթենիկը դավաճանել է ամուսնուն պալատական Արգավանի հետ: Ուշադրություն դարձնենք Արգավան անվանը. բազմաթիվ խոտերի անունների թվարկում և հանկարծ դրանց մեջ` մարդու անուն: Իրոք, կասկածելի մի բան, որը քչերն են փորձել հասկանալ.

 

Տենչալով տենչում է Սաթենիկ տիկինը

Արտախուր խավարտ և տից խավարծի

Արգավանի բարձերից:

(Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց,

Գիրք 1, գլուխ 30)

 

Եվ Հրաչյա Աճառյանը, և Ստեփանոս Մալխասյանցը և ուրիշներ ուշադրություն են դարձրել բնագրի զուտ բառային բացատրությանը, ինչն էլ պատճառ է դարձել, որ շատ հայագետներ (այդ թվում և օտարազգի), հենվելով այս ճանաչված հայագետների տեսակետի վրա, սահմանափակվել են նման բացատրությամբ և չեն խորացել:

Մինչև հետագա ուսումնասիրողներին անդրադառնալը նշենք, որ դեռևս 1975 թ. ռուսերեն կարդալով աշխարհահռչակ զորավար, պատմիչ, Հնդկաստանը նվաճող, բայց նաև ծաղկեցնող Բաբուրի «Բաբուր-նամե» աշխատությունը, հանդիպեցինք մի շարք ուշագրավ բառերի, որոնք էլ հիմք դարձան մի նոր վարկածի: Բաբուրն իր աշխատությունում գրում է, որ տեսել է արգավան կոչվող ծառ, որն աճում է, այսօրվա տվյալներով, Պարսկաստանի Ջուղա գավառում, ինչպես նաև Հայաստանի Մեղրի քաղաքի շրջակայքում: Այն ունի դեղնավարդագույն ծաղիկներ (նման նռան ծաղիկներին): Պարզվում է, որ դրանք քուն բերելու հատկություն ունեն, մանավանդ երբ հավաքում և դնում են բարձի մեջ: Ի դեպ, Բաբուրը արշավանքով հասել է մինչև Հայաստանի Շիրակ գավառը և իր պատմության էջերում մի քանի չափազանց հետաքրքիր բառեր-արտահայտություններ է թողել, որոնք էլ, մեր կարծիքով կարող են լույս սփռել Պատմահոր գրի առած բնագրի այս հատվածի վրա:

Ի միջի այլոց, ասենք, որ արգավան անվան վրա շատերն են ուշադրություն դարձրել, սակայն քչերն են հասկացել, որ այն հատուկ անուն չէ: Նրանցից մեկը Գաբրիել Սուլթանյանն  է, որը փորձել է բնագիրը վերծանել վաղնջական հայերենով (նախագրաբար, մ.թ.ա. 2-րդ դար): Սակայն վրիպել է նաև նա, որովհետև ճիշտ սկսելով` վերջում նա ևս հանգել է նույն տեսակետին, ինչ որ մինչ այդ եղածները:

Մեր վարկածի մասին տարիներ առաջ պատմել ենք լեզվաբան Ներսես Մկրտչյանին (1990 թ.)., որն էլ իր «Բառերի կենսագրությունից» գրքում անդրադարձել է դրան:

Սակայն վերադառնանք հիմնական վարկածին, որը մենք առաջ ենք քաշել` հենվելով «Բաբուր-նամեի» այն հրատարակության վրա, որը լույս է տեսել 1974 թ. Տաշքենդում: Այդ ժամանակ ես և աղբյուրագետ Պարույր Մուրադյանը նամակ գրեցինք Ուզբեկստանի գիտությունների ակադեմիային, խնդրելով մեզ ուղարկել մեկ օրինակ այդ հրատարակությունից: Նոր հրատարակություններում, ցավոք, նշված հատվածը կրճատված է: Ստացվում է, որ եթե Արգավան հատուկ անվան փոխարեն տեղադրենք արգավան հասարակ գոյականը, ամեն ինչ տեղը կընկնի: Պատմահայրը, որը սովորաբար բացատրում է բարդ, անհասկանալի բառերի իմաստը, այս դեպքում լռել է կամ չի բացատրել, որովհետև նշված խոտերի անունների թվարկման մեջ չէր կարող սպրդել հատուկ անուն: Փաստորեն Սաթենիկը տենչում էր ընկնել երազների մեջ, իսկ արգավանը` այդ քնաբեր ծաղիկը, դրա հնարավորությունը տալիս էր:

Շփոթությունը, մեր կարծիքով, գալիս է նրանից, որ

ա. իրոք, եղել է պալատական Արգավան,

բ. ըստ երևույթին գրիչները սխալ են հասկացել բառը և մեկը մյուսից արտագրելով` պահել են սխալ գրության ձևը: Հիշենք հմայիլների իմաստը: Որպեսզի ընթերցողը չմտածի, թե «Բաբուր-նամեն» պատահական աղբյուր է, նշենք, որ այն համաշխարհային պատմագրության գոհարներից է: Բերենք ևս մեկ օրինակ: Բաբուրը գրում է, որ Շիրակում կային երգող թռչուններ, որոնց տեղացիները կոչում էին շարակն: Բոլորին հայտնի է, որ շարականը հոգևոր երգի տեսակ է, բայց ուսումնասիրողներից ոչ ոք, հատկապես լեզվաբանները չեն բացատրել այդ բառի ծագումը: Այս դեպքում բացառիկ օրինակ է Բաբուրի գրքում նշված բառը, որը կարող էր շարական բառի հիմքը դառնալ:

Այսպիսով, արգավան ծաղկի անվան իմաստի ճշտումը Սաթենիկին ազատում է դարերով նրան վերագրված դավաճանությունից և անխաթար պահում նրա բարոյական կերպարը:

 

Անդին 4, 2014

Share

Կարծիքներ

կարծիք