Սաբիհա Գյոքչեն. հայկական արմատներով թուրքական խորհրդանիշը

20142209123637190

Օսմանյան կայսրությունում դարեր շարունակ գործել է ենիչերիների ինստիտուտը, որը հիմնված էր այսպես կոչված «արյան հարկի» (դևշիրմե) վրա: Կայսրության ոչ մուսուլման բնակչությունից որպես հարկ ժամանակ առ ժամանակ հավաքում էին առողջ, ամրակազմ տղա երեխաների, որոնք ստանում էին իսլամական ու ռազմական կրթություն, և հետագայում նրանցից ընտրյալները կազմավորում էին ենիչերիական զորամիավորումները: Վաղ հասակից մոլեռանդ իսլամի ոգով դաստիարակվող ոչ մահմեդական երեխաները, որոնց էթնիկ ինքնագիտակցությունը գրեթե ամբողջությամբ ոչնչանում էր, հետագայում դառնում էին ամենամոլի և դաժան զինվորները, ինչպես նաև զբաղեցնում էին պատասխանատու դիրքեր: Հայտնի է, թե ինչ մեծ դեր են ունեցել ենիչերիական զորամիավորումները Օսմանյան կայսրության պատմության ընթացքում, ներքաղաքական դավադրությունների ժամանակ և այլանման իրավիճակներում:

Բազմաթիվ աղբյուրների վկայությամբ՝ դևշիրմեներ անցկացվել են նաև հայաբնակ վայրերում, և բնական է, որ մենք նույնպես եղել ենք «արյան հարկատուներ»: Օսմանյան կայսրության պատմության մեջ տեղ գտած բազմաթիվ բիրտ երևույթներ իրենց որոշակի դրսևորումներն են ունեցել նաև կայսրության անկման տարիներին և մասնավորապես Հայոց ցեղասպանության ժամանակ:

Առանձին և լուրջ ուսումնասիրության թեմա է Հայոց ցեղասպանության ընթացքում առևանգված կամ ծնողների սպանդից հետո մի կերպ փրկված հայ երեխաների հարցը: Հայտնի է, որ փրկված երեխաների մի մասին մահմեդականները որդեգրել կամ, ավելի ճիշտ կլինի ասել, վերցրել են որպես ձրի աշխատուժ՝ ճորտ, ստրուկ, հարճ դարձնելու և նման այլ նպատակների համար:

Առկա են նաև որոշակի փաստեր, որոնք թույլ են տալիս խոսելու որբ հայ երեխաներից կազմված Օսմանյան կայսրության թերևս վերջին և Թուրքիայի Հանրապետության առաջին ենիչերիների մասին: Այսպես, հայտնի է, որ տխրահռչակ թուրք զորավար Քազըմ Քարաբեքիրը, արևելյան ճակատում հավաքելով որբ, անտուն, անխնամ մնացած հայ երեխաներին, նրանց տալիս էր ռազմական կրթություն, ինչպես նաև դաստիարակում մոլի «թուրքականության» ոգով: Հենց այս երեխաներից է հետագայում կազմավորվում այսպես կոչված «Երեխաների բանակ» զորամիավորումը: Թուրքական ազգայնամոլության ոգով դաստիարակված այս վերջին ենիչերիները, կորուսանելով իրենց ազգային ինքնագիտակցությունը, կարողացել են աշխատել զինված ուժերի համակարգում, իսկ նրանցից ոմանք անգամ որոշակի ղեկավար դիրք են գրավել:

Փաստերի օբյեկտիվ համադրումը թույլ է տալիս պնդել, որ նման ենիչերիական կերպար է եղել նաև Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի որդեգիր զավակ Սաբիհա Գյոքչենը: Առանց չափազանցության կարելի է ասել, որ Սաբիհա Գյոքչենը լեգենդար անուն է շատ թուրքերի համար. նա առաջին թուրք կին օդաչուն է, ավելին՝ աշխարհի առաջին ռազմական կին օդաչուն, երկար տարիներ կարևոր դիրք է զբաղեցրել թուրքական ռազմաօդային ուժերի համակարգում, ճանաչվել է աշխարհի հայտնի 20 օդաչուներից մեկը, ընդ որում՝ այս տիտղոսին արժանացած առաջին և միակ կինն է£  Բավական է նշել, որ ներկայում նրա անունով օդանավակայան կա Թուրքիայում: Սակայն ամենակարևոր հանգամանքը, որ հստակ առանձնացվում է նրա կենսագրության մեջ, այն է, որ 1938 թ. Դերսիմի ալևիների ապստամբության ժամանակ Սաբիհան օդանավով ռմբակոծել է ապստամբներին, ինչը մեծապես նպաստել է թուրքական բանակին՝ վերահսկողության տակ վերցնել Դերսիմը, ճնշել խռովությունը և իրականացնել ցեղասպանություն: Ժամանակի թուրքական մամուլը բազմիցս մեծ դրվատանքի է արժանացրել «հերոս Աթաթուրքի» «հերոս աղջկան»՝ հավելելով, որ նա որպես արժանավոր զավակ շարունակում է հոր գործը:

Թուրքական պաշտոնական աղբյուրներից տեղեկանում ենք, որ Սաբիհա Գյոքչենը ծնվել է 1913 թ. մարտի 22-ին Բուրսայում, հայրը Հաֆըզ Մուսթաֆա Իզզեթն է, մայրը՝ Հայրիյեն: Վաղ տարիքում կորցրել է ծնողներին և մնացել ավագ եղբոր խնամքի տակ: Այնուհետև 1925 թ. Բուրսա ժամանած Քեմալ Աթաթուրքը որդեգրում է աղջկան և տանում Անկարա£ Հենց Թուրքիայի Հանրապետության առաջին նախագահի կամքով էլ Սաբիհան կրթություն է ստացել  ռազմաօդային ասպարեզում: Ամենևին էլ պատահական չէ նաև, որ երբ 1934 թ. Թուրքիայում ազգանվան օրենք է ընդունվել, Աթաթուրքը նրան տվել է Գյոքչեն (երկնային) ազգանունը: Ի դեպ, ավելորդ չէ նշել, որ Գյոքչենը Աթաթուրքի որդեգրած միակ երեխան չէ. Թուրքիայի հիմնադիր-նախագահը ունեցել է որդեգրված այլ երեխաներ ևս, որոնցից, թերևս, ամենահայտնին Գյոքչենն է:

Մի շարք այլ և գերազանցապես հայկական աղբյուրներ պնդում են, որ Սաբիհա Գյոքչենը իրականում այն հազարավոր հայ երեխաներից մեկն է, որ Հայոց ցեղասպանության ժամանակ կորցնելով ծնողներին՝ հայտնվել է որբանոցներում:  Այսպես, 1972 թ. Բեյրութում տպագրված «Լեռ և ճակատագիր» գրքում սփյուռքահայ գրող Սիմոն Սիմոնյանը փոքր-ինչ գեղարվեստականացված ներկայացնում է Սաբիհա Գյոքչենին՝ նշելով, որ նրանց ընտանիքը Այնթափի Ջիբին գյուղից է, և բերում ընտանիքի անդամների անունները: Նույն տվյալները հանդիպում ենք նաև մեկ այլ աղբյուրում՝ Հակոբ Մանջյանի՝ 1996 թ. տպագրված «Տաճար տանող ճանապարհը» գրքում:

Սակայն Սաբիհա Գյոքչենի վերաբերյալ ամենաաղմկահարույց նյութը, որը տպագրվեց նրա մահից (2001 թ.) երեք տարի անց՝ 2004 թ. փետրվարի 6-ին Ստամբուլի «Ակօս» թերթում, արժանացավ սպասվածից ավելի բուռն արձագանքի: Հայաստանաբնակ Հռիփսիմե Սեբիլջյանը թերթում հայտարարում էր, որ Սաբիհա Գյոքչենը իր հարազատ մորաքույրն է, և այնուհետև ներկայացնում իր մոր, այսինքն՝ Սաբիհայի քրոջ պատմությունը: Այսպես, ըստ Հռիփսիմե Սեբիլջյանի մոր՝ Տիրուհու, իրենք բնիկ այնթափցիներ են, մայրը Մարիամ Սեբիլջյանն է, հայրը՝ Ներսես Սեբիլջյանը, որը սպանվել է 1915-ին: Ինքը՝ Տիրուհին, ունեցել է հինգ եղբայր ու մեկ քույր՝ Խաթունը, որը հենց նույն Սաբիհա Գյոքչենն է: Ցեղասպանությունից հետո մեծ ընտանիքը, ինչպես շատ ուրիշներ, ցրվել է, և Խաթուն ու Տիրուհի քույրերը հայտնվել են որբանոցում, որտեղից էլ Աթաթուրքը վերցնում է հետագայում հայտնի օդաչու Խաթուն Սեբիլջյանին կամ վերանվանյալ Սաբիհա Գյոքչենին: Այս ամենը՝ ընդհուպ մինչև որբանոցում իր և քրոջ բաժանումը, հետագայում իր զավակներին է պատմել Տիրուհի Սեբիլջյանը, որը 1946 թ. Սիրիայից Հայաստան գաղթելուց հետո էլ շարունակել է փնտրել արդեն մեծ ճանաչում գտած քրոջը, սակայն նրա բոլոր փորձերը անհաջողության են մատնվում: Նույն աղբյուրից տեղեկանում ենք, որ Սաբիհայի եղբայրներից մեկը, ցեղասպանությունից փրկվելով, հաստատվում է Հալեպում, և հետագայում այդ եղբոր որդին կապ է հաստատում հայտնի օդաչուի հետ, անգամ այցելում նրան: Սաբիհա Գյոքչենը, իր հերթին, բավական լավ ընդունելություն է ցույց տալիս իր եղբորորդուն, անգամ նրան շռայլ նվերներ է տալիս: Սակայն, մեր կարծիքով, Սաբիհա Գյոքչենի հայ լինելու մասին ամենավստահելի և արժանահավատ աղբյուրը հայտնի թուրքահայ լեզվաբան, պատմաբան Բարս Թուղլաջիի (Բարսեղ Թուղլաջյան)՝ այդ առիթով արած հայտարարությունն է: Հայտնի է, որ նա ժամանակին մտերիմ հարաբերություններ է ունեցել Սաբիհա Գյոքչենի հետ ու «Ակօսի» աղմկահարույց հոդվածից և՛ առաջ, և՛ հետո պնդել է, որ իրականում հայտնի օդաչուն ևս իմացել է իր բուն ծագման մասին: Սաբիհա-Խաթունը նույնիսկ սովորել է մի քանի հայերեն բառ, որոնք օգտագործել է Բարս Թուղլաջիի հետ զրուցելիս:

Երբ համադրում ենք այս բոլոր փաստերը, որոնք աննշան շեղումներով համընկնում են, ապա շատ հավանական է դառնում, որ իրականում Աթաթուրքի հոգեզավակ Սաբիհա Գյոքչենը հայուհի է և Հայոց ցեղասպանությունից հետո իսլամացած հազարավոր որբերից մեկը: Սաբիհա Գյոքչենի հայկական արմատներ ունենալու կարևոր փաստարկ կարելի է համարել նույն Սիմոն Սիմոնյանի բերած այն տեղեկությունը, թե հայտնի օդաչուն տառապել է «երևանյան» կոչված հիվանդությամբ, և Աթաթուրքը մահից կարճ ժամանակ առաջ ասել է իր հոգեզավակին, որ նա չի կարող բուժվել այդ հիվանդությունից, և դա նրան ուղեկցելու է ամբողջ կյանքում:

«Ակօս»-ում տպագրված «Սաբիհա Գյոքչենի գաղտնիքը» հոդվածի հեղինակներն էին Հրանտ Դինքը և Տիրան Լոքմագյոզյանը, ու հենց այդ հրապարակումից հետո Թուրքիայում սկսվեց հալածանքների և քննադատությունների մի մեծ ալիք, որը հետագայում ավելի բևեռվեց Հրանտ Դինքի վրա: Հոդվածը մի քանի օր հետո արտատպեց թուրքական «Հյուրիյեթ» թերթը, և այն երկար ժամանակ մնաց թուրքական մամուլի, քաղաքական գործիչների, հասարակության ուշադրության կիզակետում: Բանը հասավ այն բանին, որ պաշտոնական խիստ հայտարարությամբ հանդես եկավ Թուրքիայի գլխավոր սպայակույտը:

Սակայն եթե զերծ մնանք զգացմունքայնությունից, ապա կարող ենք ասել, որ Սաբիհա Գյոքչենը կամ Խաթուն Սեբիլջյանը իր կենսագրությամբ և ռազմաօդաչուական գործունեությամբ, որքան էլ դառն ու կոպիտ հնչի, համապատասխանում է ենիչերի ձևակերպմանը: Նա վաղ հասակում թուրքացվել ու իսլամացվել է, նրան տվել են ռազմական կրթություն և դաստիարակել «թուրքերի հոր» աղջիկը լինելու հոգեբանությամբ: Ազգային ինքնագիտակցության այն ենթադրյալ առկայծումները, որոնց մասին վկայում են տարբեր աղբյուրներ, միշտ ստորադասվել են թուրքական առաջին կին օդաչուի, այլ խոսքով ասած՝ ենիչերիի կերպարին: Ի դեպ, ասվածի ուղղակի կամ անուղղակի ապացույցը կարելի է համարել 2005 թ. Ստամբուլում հրատարակված Մուրաթ Քահրամանի «Ճիչ» վեպում սպրդած որոշ փաստագրական պատմություններ: Այդ գրքում, որը նվիրված է գերազանցապես 1980-ական թթ. Թուրքիայում ձախ ծայրահեղական շարժման և թուրքական պետության պայքարին, ներկայացվում են Սաբիհա Գյոքչենի ծագման մասին նույն տվյալները, որոնք մեջբերվել են վերևում: Հեղինակը «Ճիչ»ում անդրադառնալով նաև 1938 թ. Դերսիմի ապստամբությանը՝ նկարագրում է թուրքական բանակի վայրագությունները, ինչպես նաև խոսում ապստամբներին օդից ոչնչացնող Աթաթուրքի աղջկա մասին: Սակայն ուշագրավ է, որ դա արվում է Հայոց ցեղասպանության ժամանակ մահից մի կերպ փրկված և Դերսիմում ապաստանած հայի՝ Քալոյի շուրթերով£ Ըստ Քալոյի՝ Սաբիհա Գյոքչենի նետած ռումբերը ոչնչացնող հարվածներ էին հասցնում ոչ միայն ալևի-քուրդ ապստամբներին, այլ նաև տակնուվրա էին անում 1915-ի ցեղասպանության ժամանակ Դերսիմի ալևիների մոտ ապաստանած հայերի հոգևոր աշխարհը£

Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ Օսմանյան կայսրության վերջին և Թուրքիայի Հանրապետության առաջին տարիներին, շարունակելով «փառավոր» անցյալի ավանդույթները, ձևավորվել են տիպիկ ենիչերիական կերպար ու էություն ունեցող ռազմական ստորաբաժանումներ, ինչպիսին է Քազիմ Քարաբեքիրի «երեխաների բանակը» և առանձին անհատներ, որոնցից, թերևս, ամենահայտնին Սաբիհա Գյոքչենն է:

Բայց եթե փորձենք դիտարկել Սաբիհա Գյոքչենի հայ լինելու մասին հոդվածի տպագրվելուց հետո բարձրացված աղմուկի իրական ենթաշերտերը, ապա կտեսնենք, որ թուրքական խորհրդանիշներից մեկի՝ հայտնի օդաչուի իրական էթնիկ պատկանելության քողազերծումը ուղղակիորեն առնչվում է ժամանակակից թուրքական պետության անվտանգության և գոյության հետ: Հենց սրա հետ է պետք կապել նաև Թուրքիայի գլխավոր սպայակույտի կոշտ հայտարարությունը: Ստի, կեղծիքի և արյան վրա ստեղծված պետության մեջ կեղծ են նաև խորհրդանիշները: Եվ եթե ապացուցվում է, որ գլխավոր խորհրդանիշներից մեկը, թուրքերի պատկերացմամբ, թշնամի «գյավուր» հայ է, ապա նրանց ինքագիտակցության մեջ ինչ-որ բան այնուամենայնիվ կոտրվում է: Միլիոնավոր թուրքեր, ովքեր մեծացել են հայերի հանդեպ ատելության մթնոլորտում և որպես խորհրդանիշ պատկերացրել Սաբիհա Գյոքչենին, հիմա վստահաբար ապրում են հոգեբանական ճգնաժամ, քանի որ պարզվում է, որ իրենց ազգային վեհության խորհրդանիշը իրականում հայ է կամ, այլ ձևակերպմամբ, հայն է եղել նրանց խորհրդանիշը:

 

Անդին 5, 2013

Share

Կարծիքներ

կարծիք