Ջավախքյան հիմնախնդիր

20141011123713652

Երևի խաղաղասիրական նկրտումներից ու շարժառիթներից ելնելով՝ որոշ մարդիկ երբեմն պնդում են, թե ջավախքյան հիմնախնդիր գոյություն չունի: Դրա տակ գուցե հասկանալով, թե խնդրի գոյությունը ընդունելը կարող է նշանակել պետության ու ժողովրդի համար վտանգավոր ինչ-ինչ գործընթացների սկիզբ, մինչև անգամ հակամարտության բորբոքում: Բայց մի՞թե կա որևէ վարչատարածքային միավոր որևէ երկրում, որը չունի իրեն հատուկ կենցաղային կամ սոցիալ-քաղաքական խնդիր կամ խնդիրների ամբողջություն: Այդ խնդիրներից զերծ չէ նաև Վրաստանի հարավում գտնվող հայաբնակ Սամցխե-Ջավախեթին:

Վրաստան պետության մեջ այն առանձնանում է ոչ միայն բնակչության էթնիկ պատկանելությամբ, սովորույթներով, այլև բնակլիմայական պայմաններով, տնտեսական հատկանիշներով ու դրանց փոխհարաբերությունների օրինաչափություններով: Ուստի Սամցխե-Ջավախեթիում առկա խնդիրների ամբողջությունը կարող ենք կոչել ջավախքյան հիմնախնդիր:

Այդ արտահայտությունը, սակայն, թող շփոթ չառաջացնի, քանի որ դրանում մենք չենք դնում անջատողական իմաստ: Այսպիսով, ջավախքյան հիմնախնդրին կարելի է տալ հետևյալ սահմանումը. «Ջավախքյան հիմնախնդիրը հայ ժողովրդի պատմական հայրենիքի մի մասում՝ Վրաստանի հարավում գտնվող Սամցխե-Ջավախեթի և Քվեմո Քարթլի նահանգներում միատարր բնակվող հայ ժողովրդի ազգային ինքնության, մշակույթի պահպանման ու զարգացման և արժանապատիվ ապրելու ու մարդու այլ հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանության, ինչպես նաև Վրաստանում որպես վրացական պետության լիիրավ քաղաքացիներ հանդես գալու հնարավորության խնդիրն է՚:

Ուստի Ջավախքի մեր հայրենակիցների հանդեպ մտահոգությունները կարող են փարատվել այն դեպքում, եթե մի օր տեսնենք ջավախքահայերի՝ որպես Վրաստանի արժանիորեն ճանաչված ու գնահատված քաղանքացիների, որոնք ունեն քաղաքացու լիարժեք իրավունքներից օգտվելու հնարավորություն:

Դրան հասնելու համար այսօր ինչ-որ բան է պակասում: Ջավախքահայերի մեկուսացվածությունն ու հաղորդակցման չհիմնավորված վախը խանգարում է նրանց ապրել ազատ, զգալ ու ճանաչել Վրաստանը որպես սեփական երկիր: Գուցե վրաց լեզվի և մշակույթի իմացությամբ ու ողջամիտ առաջնորդների պակա՞սն է, որ թույլ չի տալիս նրանց ազատ շփվել ազգությամբ վրացի բնակչության հետ, յուրացնել Վրաստանի մշակույթը, իսկ իրենց մշակույթը տալ այդ երկրին:

21-րդ դարը մշակույթների արագացված ներթափանցումների ու միմյանց մշակույթ ճանաչելով իրենը զարգացնելու դար է: Այսօր չես կարող քո ինքնատիպությունը պահելու նկատառումով փակել ուղիները դեպի այլոց մշակույթ ու այլոց ինքնություն: Պետք է տաս քո կուտակած արժեքների ինչ-որ մասնիկ, օգտվես դիմացինիդ ստեղծածից, ճանաչես ու թույլ տաս քեզ ճանաչելու, որպեսզի կարողանաս սնել, հարստացնել ու փայփայել քո մշակույթը: Այն չի կարող ստեղծվել ոչնչից, մշակույթը հարատև շփումների, դիմացինի դրականը յուրովի կիրառելու, փոխազդեցությունների, ինչու չէ, նաև հակազդեցությունների ծնունդ է:

Հաճախ մենք նախանձախնդրորեն ասում ենք, որ այս կամ այն ժողովուրդը մեզնից կամ այն մյուս ազգից է վերցրել այս կամ այն արժանիքը կամ դրական սովորույթը: Ի՞նչ է, առանց ճանաչելո՞ւ է վերցրել: Ուստի, ավելի լավը դառնալու համար հարկավոր է ճանաչել դիմացինին ու չվախենալ չափավոր, ազգային «ես»-ին չվնասող, փոխարենը հարստացնող ներթափանցումից:

Այս ամենի աղբյուրն ու գործիքը, անշուշտ, գիտելիքն ու գրագիտությունը պետք է համարել: Վերջին տարիներին Սամցխե-Ջավախեթիում աշխուժացող գյուղատնտեսությունն ու առևտուրը ցույց են տալիս, որ միայն տնտեսական հարաբերություններով ու փոխշփմամբ ջավախքահայությունն իրեն պաշտպանված ու բավարարված չի զգում Վրաստանում: Քաղաքացիական գիտակցության անհրաժեշտ մակարդակի հասնելու համար հարկավոր է կիրառել մշակութային ու հասարակական լայնածավալ գործողություններ:

Վստահաբար պետք է նշել, որ կրթական որակի բարձրացմանը զուգընթաց սույն խնդրի լուծումը դառնում է դյուրին: Մեր մեծերը միշտ գիտակցել են, որ Հայաստանի գավառներում որևէ գաղափար տարածելու համար հարկավոր է ժողովրդին կրթել: Այսօր մենք ունենք նույն օրինակն ավելի փոքր ծավալներով Սամցխե-Ջավախեթիում: Հարկավոր է կրթել ջավախքահայությանը նաև վրաց պետության օրենքներով, դարձնել նրանց ինքնավստահ, կերտել Վրաստանի պետական-հասարակական կյանքին լիարժեք մասնակից դառնալու պատրաստ անհատներ: Բայց եթե 17-րդ դարում նպատակը Հայաստանի անկախացումն ու ազատագրումն էր, ապա այժմ՝ Վրաստանի կազմում ջավախքահայության համար արժանապատիվ կյանք ապահովելը, ինչն, անշուշտ, իր մեջ ներառելու է մշակութային ինքնավարության տարրեր: Ջավախքահայ համայնքը պետք է ունենա իր մշակութային կյանքը, կրթությունն ու դաստիարակությունն ինքնուրույն կազմակերպելու լծակներ:

Այս խնդրի լուծման առաջամարտիկը լինելու է ջավախքցին: Հայաստանի Հանրապետությունը կարող է լինել բաց շտեմարան ջավախքահայության համար, նրանք պիտի կարողանան քաղել այն, ինչ իրենց հարկավոր է, բայց Հայաստանը չի կարող ստանձնել ջավախքյան հիմնախնդրի լուծման պատասխանատվությունը:

Որևէ այլ երկիր կամ միջազգային կազմակերպություն ևս ի վիճակի չի լուծելու ջավախքյան հիմնախնդիրը: Ջավախքահայությունն ինքը պետք է խելամտորեն օգտագործի նաև ուրիշների փորձը, գիտելիքն ու մասնակի օժանդակությունը և միայն… Ավելին պահանջել կնշանակի պահանջել միջամտություն քո ներքին գործերին: Վրաստանը նաև ջավախքահայության պետությունն է, ու քաղաքացին իր պետության հետ խնդիրները պարտավոր է լուծել ինքնուրույն:

 

 

Անդին 2, 2014

Share

Կարծիքներ

կարծիք