Պետությունները իրենք են վճռում՝ լինե՞լ, թե՞ չլինել

20141909115418219

Կան կայուն բառակապակցություններ, որոնց իմաստի մեջ խորամուխ չլինելով՝ վարժվում ենք ընկալել ոչ քննադատաբար, իբրև աքսիոմաներ: Մեր բառապաշարում դրանց թվին է պատկանում  «չճանաչված պետություններ» արտահայտությունը: Հիրավի, հավանաբար յուրաքանչյուր հայ գիտի, որ գոյություն ունեն ճանաչված և չճանաչված պետություններ, և կարող է տալ առնվազն մեկի անունը: Այդուհանդերձ հենց այդ նույն հայը գրեթե երբեք խորամուխ չի լինում այդ արտահայտության իմաստի մեջ, իրեն հարց չի տալիս՝ ո՞ւմ կողմից ճանաչված:

 

Թեև այս հարցադրումն ունի բավական ծեծված պատասխան՝  համաշխարհային հանրության կողմից, սակայն սա էլ քիչ բան է բացատրում: Ի՞նչ է այդ «համաշխարհային հանրություն» կոչվածը: Դրա մեջ բոլո՞ր երկրներն են մտնում, թե միայն ճանաչվածները: Բայց չէ՞ որ կան նաև «մասամբ ճանաչվածներ»: Սեպենք, չեչենական Իչկերիա Հանրապետությանը անկախ է ճանաչել թալիբական Աֆղանստանը, որն ինքը ճանաչված չէ: Արդ, Իչկերիան ճանաչվա՞ծ է, չճանաչվա՞ծ, թե՞ ճանաչված է մասամբ: Բոլորին է հայտնի, որ ռուս-վրացական պատերազմից ի վեր «մասամբ ճանաչված» են անվանվում Աբխազիան և Հարավային Օսիան: Ինչը սովորաբար հարցեր չի հարուցում՝ այն է, որ սրանք ճանաչված են Ռուսաստանի և մի քանի էկզոտիկ փոքր երկրների կողմից, ուրեմն՝ ճանաչված են մասամբ, ոչ բոլորի կողմից: Աշխարհի պետությունների քանի՞ տոկոսը պիտի ճանաչի, որ պետությունը համարվի ճանաչված: Ասենք՝ Պակիստանը չի ճանաչել Հայաստանին, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Հայաստանը մասամբ ճանաչված պետություն է: Իսրայելը ճանաչված չէ արաբական երկրների մեծ մասի կողմից: Իսրայելը չճանաչվա՞ծ երկիր է: Կիպրոսը ճանաչված չէ Թուրքիայի կողմից և այլն:

 

Հավանաբար կարելի է պատասխանել, թե ճանաչված է համարվում այն պետությունը, որը ճանաչված է ՄԱԿ-ի կողմից: Սակայն այդ դեպքում ի՞նչ անուն տալ այն պետություններին, որոնք ճանաչված չեն ՄԱԿ-ի, բայց ճանաչված են ՄԱԿ-ի անդամ, երբեմն նույնիսկ Անվտանգության խորհրդի անդամ երկրի և միջուկային տերության կողմից: Օրինակ՝ Ռուսաստանի կողմից ճանաչված Աբխազիային: Կամ ընդհակառակը, ՄԱԿ-ի կողմից ճանաչված, բայց այդ կազմակերպության անդամ չհանդիսացող երկրներին, ինչպիսիք են Վատիկանը, Մալթայի միաբանությունը կամ, մինչև վերջերս, Շվեյցարիան: Եվ երկրորդ՝ այդ դեպքում կպարզվի, որ չճանաչված պետություն էր աշխարհի ամենամեծ բնակչություն ունեցող երկիրը՝ Չինաստանը, որի տեղը ՄԱԿ-ում մինչև 1971 թվականը զբաղեցնում էր Թայվանը:

 

Այսինքն՝ այս հիմնախնդիրը, ինչպես այս աշխարհի ցանկացած հիմնախնդիր, բնավ էլ այնքան պարզունակ չէ, ինչպես թվում է առաջին հայացքից: Պետական ինքնիշխանությունը պետության ինքնիշխանությունն է իր տարածքում: Այսինքն՝ պետական իշխանության փաստացի գերակայությունը ամբողջ երկրում: Սա նշանակում է, որ պետությունն ինքն է որոշում իր հարաբերությունները մյուս պետությունների հետ, և նրանք իրավասու չեն միջամտելու նրա ներքին գործերին: Թեև այս ամենը՝ սոսկ տեսականորեն, քանի որ ցանկացած երկրի ինքնիշխանության իրավունք իրականում կարող է ոտնահարվել և ոտնահարվում է թեթև սրտով:

 

Ինչպիսի՞ն է այս խնդրի վիճակը գործնականում: Ինչպե՞ս են առաջանում չճանաչված պետությունները, և ինչպե՞ս են նրանք դառնում ճանաչված: Ակնհայտ է, որ պետությունները առաջանում են կամ հեղափոխությունների, կամ արդեն իսկ գոյություն ունեցող պետությունների փլուզման, կամ միավորման հետևանքով: Աշխարհում դա տեղի է ունենում միշտ և ամենուր: ՄԱԿ-ի ստեղծման պահին նրա մեջ մտնում էր 50 պետություն, որոնց թվում կային նաև իրականում գոյություն չունեցող պետություններ, օրինակ՝ Ուկրաինան կամ Բելոռուսիան: Իսկ ներկայում այդ կազմակերպության մեջ կա 193 երկիր, որոնց թվում նույնպես կան իրականում գոյություն չունեցողներ, ասենք՝ Սոմալին: Այսինքն՝ շարունակ պետություններ են ստեղծվում, միջազգային իրավունքը բնավ էլ Աստվածաշունչ չէ, և ենթադրել, թե պատմական գործընթացը ավարտվել է և նոր պետություններ չեն ստեղծվելու այլևս երբեք, աշխարհի քարտեզն այսպես է մնալու մինչև Տիրոջ երկրորդ գալուստ, անշուշտ, կարճամտություն է:

 

Պետություններ ստեղծվում են անընդհատ, և ընդունես թե չընդունես այդ փաստը՝ այդպես լինելու է նաև ապագայում: Իսկ իրավունքը պահպանողական երևույթ է, ինչը այդպես էլ պիտի լիներ. անթույլատրելի է ինքն իրեն պետություն հռչակած մարդկանց ցանկացած խումբ ճանաչել իբրև պետություն: Քաոս կտիրի:

 

Միջազգային իրավունքը առավել հակված է ճանաչելու նոր պետություններին, եթե դրանք ստեղծվում են խաղաղ ճանապարհով, այսինքն՝ եթե դրան համաձայնում է այն պետությունը, որից անջատվել է նորը: Այդպիսի տասնյակ, եթե ոչ հարյուրավոր օրինակներ կան: Մալին և Սենեգալը, Չեխիան և Սլովակիան, Սինգապուրը և Մալայզիան. ցուցակը կարելի է շարունակել այնքան, որ ընդգրկի աշխարհում գոյություն ունեցող բոլոր պետությունները. բոլոր պետություններն էլ ինչ-որ ժամանակ անջատվել են ինչ-որ մեկից: Ուստի անիմաստ է շրջանառվող ևս մեկ՝ «ինքնակոչ կամ ինքնահռչակ պետություն» տերմինը: Աշխարհում գրեթե չկա պետություն, որ հռչակված չլինի իր իսկ կողմից (բացառություն է, թերևս, Իսրայելը. այն հռչակվել է ՄԱԿ-ի կողմից):

 

Իսկ այն դեպքերում, երբ պետության ստեղծման հետ չի համակերպվում նախկին «մայր երկիրը»՝ մետրոպոլիան, երբ պետությունը առաջանում է պատերազմի, ապստամբության, խռովության հետևանքով, միջազգային իրավունքն անհամեմատ խիստ վերաբերմունք է ցուցաբերում նորաստեղծ պետության նկատմամբ, ինչը, թերևս, նույնպես կարելի է հասկանալ. միջազգային իրավունքը, ըստ էության, գոյություն ունեցող, միմյանց կողմից ճանաչված պետությունների համաձայնագիր է, նրանք դժվարությամբ են համակերպվում իրենց ինքնիշխանության նկատմամբ ոտնձգությունների հետ: Սակայն վերջին տասնամյակներում այստեղ նույնպես նկատվում է տեղաշարժ: Այս տեղաշարժի պատճառների հիմքում ընկած է յալթայան երկբևեռ համակարգի փլուզումը: Միջուկային երկու գերտերությունների մրցակցության պայմաններում ցանկացած տեղային՝ լոկալ հակամարտության՝ համաշխարհային աղետի՝ ապոկալիպսիսի վերածվելու վտանգը կանխվում էր ուժերի հավասարակշռությամբ, որը, գաղտնի պայմանավորվածությամբ, չէր թույլատրվում խախտել. հույժ վտանգավոր էր:

 

Խորհրդային Միությունը վախճանվել է: Տեղային հակամարտություններն այժմ իրոք դարձել են տեղային, դրանք գերտերությունների մրցակցությանը վերագրելը պարտադիր չէ: Ուստի այժմ, եթե անգամ չի կարելի, բայց ցանկությունը մեծ է, ապա կարելի է, ինչ-որ Էրիտրեայի կամ Կոսովոյի համար միջուկային պատերազմի վտանգ չի ծագի: Ահա և ի հայտ եկան ճանաչվածների, մասամբ ճանաչվածների, չճանաչվածների և նման այլ օրինակներ: Դեռ 1971 թվականին Բանգլադեշը անջատվեց Պակիստանից. ըստ երևույթին, այն բավական հեռու էր ամերիկա-խորհրդային հակամարտությունից: 1993 թվականին անկախ պետություն ճանաչվեց Էրիտրեան: 2002 թվականին աշխարհ եկավ Թիմորը: Կոսովոն ՄԱԿ-ի կողմից չճանաչվեց Ռուսաստանի հակազդման պատճառով միայն, որը, լինելով Անվտանգության խորհրդի անդամ, ունի վետոյի իրավունք: 2004 թվականին տեղի ունեցավ հույժ ուշագրավ նախադեպ, երբ հենց Եվրամիության բոլոր կանոններին հակառակ Եվրամիության անդամ ընդունվեց Կիպրոսի հունական հատվածը:

 

Տարբեր տիպի չճանաչված պետություններ աշխարհում տասնյակներով են՝ Վա պետությունից մինչև Ղարաբաղ: Դրանց ճանաչումը քաղաքական և ոչ բնավ իրավական խնդիր է: Յուրաքանչյուր առանձին դեպքում այս կամ այն ճանաչումը պայմանավորված է որոշակի խաղացողների միջև որոշակի քաղաքական դասավորությամբ: Սրանից կարող է բխել սոսկ մեկ հետևություն: Պետություն կառուցելու համառ ջանքերը հանգեցնում են որոշակի իրականության ստեղծման, այն է՝ հենց այդ պետության ստեղծմանը: Եթե նա դիմանում է ժամանակի փորձությանը, շարունակում է գոյատևել և ապրելու կամք դրսևորել, այսինքն՝ նա կա, գոյություն ունի անկախ ճանաչվելուց կամ չճանաչվելուց, ապա վաղ թե ուշ կճանաչվի: Քանզի իրականությունը հավերժ չընդունելն անհնար է:

 

Իրավունքը նոտար է: Նոտարն արձանագրում է ծնունդը կամ մահը, ամուսնությունը կամ ամուսնալուծությունը: Բայց ինքը չի ծննդաբերում կամ սպանում, չի սիրահարեցնում կամ բաժանում: Նա միայն արձանագրում է: Ստուգելով, թե մարդն իրո՞ք ծնվել է կամ ընտանիքն իրո՞ք արդեն փլուզվել է: Այդ ամենը մարդիկ իրենք են անում: Ճիշտ այդպես էլ՝ պետությունները:

 

Անդին 2, 2013

Share

Կարծիքներ

կարծիք