Պետական բնապահպանական քաղաքականության մշակումը Հայաստանում առաջնահերթություն է

20142209135536339

Հայտնի է, որ մեր հանրապետությունում դեռևս չի ձևավորվել միասնական արդյունաբերական քաղաքականություն: Առավել ևս խոսել միասնական պետական էկոլոգիական քաղաքականության մասին, որին դեռևս «մեր ձեռքերը» ուղղակիորեն չեն հասնում, կարծես թե ավելորդություն է: Նման իրողության հետևանքն է տեխնիկական, իրավական և տնտեսական ձեռնարկումների համակարգի բացակայությունը, ձեռնարկումներ, որոնք պետք է ուղղված լինեին արդեն կուտակված էկոլոգիական վնասների աստիճանական  վերացմանը, ինչպես նաև շրջակա միջավայրի աղտոտման նոր խոշոր օջախների առաջացման բացառմանը կամ, գոնե, դրանց առաջացման գործընթացի զսպմանը:

Եթե պետությունը ուղղակիորեն «խաղացող» չի հանդիսանում բնաշահագործողական ոլորտներում, դա դեռևս չի նշանակում, որ այդ նույն պետությունը, որպես համապատասխան բնական պաշարների բացառիկ սեփականատեր, պարտավոր չէ ուժեղացնելու իր գործունեության բնապահպանական /էկոլոգիական/ բաղկացուցիչը և ակտիվորեն միջամտելու շրջակա միջավայրի պահպանման ամենատարբեր միջոցառումների իրականացմանը: Այս իրավիճակը, երբ ընդերքից արդեն արդյունահանված հումքի կորպորատիվ սեփականատերը /հաճախ՝ արտասահմանյան/ հանքավայրն օգտագործում է նվազագույն ծախսերով առավելագույնը «քամելու» նպատակով՝ միաժամանակ հասցնելով շրջակա միջավայրին  բնապահպանական վնաս, անթույլատրելի է:

Իհարկե, չի կարելի ասել, որ պետական կառույցները, մասնավորապես բնապահպանության նախարարությունը և բնապահպանական հսկողության այլ ծառայություններն ամբողջությամբ անգործության են մատնված կամ չեն դրսևորում բավարար ակտիվություն: Բայց այդ կառույցները աշխատում են չհամակարգված՝ գերազանցապես ընթացիկ բնապահպանական վնասի կանխմանը կամ փոխհատուցմանն ուղղված առանձին միջոցառումների իրականացմամբ: Տարիներով կուտակված բնապահպանական վնասը, որպես կանոն, չի փոխհատուցվում և ամբողջությամբ չի վերացվում: Շրջակա միջավայրի աղտոտման օջախները շարունակում են գործել, դրանք շատ դեպքերում  չեն էլ մեկուսացվում՝ շարունակելով իրենց բացասական ազդեցությունը բնության վրա: Դրա արդյունքում շրջակա միջավայրում բնապահպանական հավասարակշռությունը ոչ միայն չի վերականգնվում, այլև խախտվում է ավելի մեծ չափերով:

Պետական բնապահպանական քաղաքականությունը պետք է կրի համակարգված բնույթ և արտացոլի բնապահպանական միջոցառումների ռազմավարությունը: Ընդսմին, անհրաժեշտ է սահմանել պետական բնապահպանական քաղաքականության կառուցվածքային բնորոշիչները. որ պայմաններում, ինչ չափորոշիչներով և մինչև որ աստիճանն են բնական պաշարների շահագործման հնարավորության և նպատակահարմարության որոշման հարցում տնտեսական կամ բնապահպանական գործոնները դառնում գերադասելի: Բնապահպանական քաղաքականության  հիմնական կառուցվածքային բնորոշիչներից է հանդիսանում այն գործոնների սահմանումը, որոնք կարող են արդարացում համարվել համապատասխան, այդ թվում անդառնալի բնապահպանական կորստի, որի հետևանքների վերացումը  կարող է իրականացվել ապագա սերունդների  ուժերով: Գործնականում  դա նշանակում է, որ պետք է իրականացվի  բնաշահագործողական ոլորտի ձեռնարկությունների տնտեսական և բնապահպանական գործունեությունների  արդյունքների անաչառ  համադրում: Առայսօր այդպիսի համադրման չափանիշները որոշված չեն:

Պետական բնապահպանական քաղաքականության՝ իր բազային կառուցվածքային բնութագրիչներով, ռազմավարական ուղղվածության որոշման համար կարելի է օգտվել այլ երկրների փորձից, օրինակ՝ Չեռնոգորիայի: Չեռնոգորիայի հանրապետությունը մեր հանրապետության նման ոչ վաղ անցյալում է ձեռք բերել անկախություն և Բալկանյան թերակղզում ամենափոքր պետությունն է, առնվազն երկու անգամ ավելի փոքր տարածք ունի, քան Հայաստանի Հանրապետությունը /մոտ 14 հազ. քառ. կմ/:

1991 թվականին այս երկրի Սկուպշչինան  /պառլամենտը/ ընդունել է Չեռնոգորիայի՝  որպես էկոլոգիական պետության մասին հռչակագիր: Դրանում, մասնավորապես, ասված է. «Ընդունում ենք, որ, բնության վտանգված լինելու հետ կապված, տարածքի պաշտպանությունը, որտեղ մենք ապրում և աշխատում ենք, հանդիսանում է մեր անհետաձգելի և արդիական գործը:

Պայքարելով մարդու արժանապատիվ գոյակցության համար՝ մենք պարտավոր ենք պայքարել նաև բնական հարստությունների և շրջակա միջավայրի արժանապատիվ օգտագործման համար: Այս հռչակագրի հայտարարմամբ Չեռնոգորիան սահմանում է իր հետաքրքրություններին համապատասխան պետական վերաբերմունք բնության նկատմամբ և կոչում բոլոր մարդկանց խելամտությանը՝ միավորվելու մեզ սպառնացող բնապահպանական աղետին դիմագրավելու համար»:

Չեռնոգորիայի տարածքում շրջակա միջավայրի պահպանությունը կարգավորվում է ոչ միայն նշված հռչակագրով, այլ նաև դրա հիման վրա ընդունված «Բնության պահպանության մասին» օրենքով, որի համաձայն մշակվում են երկրի բնության պահպանության հատուկ ծրագրեր:

Հասկանալի է, որ Հայաստանի և Չեռնոգորիայի միջև ուղիղ համադրությունը հնարավոր չէ, քանի որ այս երկրներում էականորեն տարբեր են երկրաքաղաքական իրադրությունը, բնակլիմայական պայմանները և արդեն կուտակված բնապահպանական վնասի չափերը: Ուստի պետք է ասել, որ մոտակա հեռանկարում Հայաստանը բնապահպանական պետություն հռչակելու նախադրյալներ դեռևս չկան: Բայց արդեն իսկ անհրաժեշտ է ձևավորել պետական բնապահպանական քաղաքականություն այնպիսի կառուցվածքային բնորոշիչներով, որոնք ուղղված կլինեն բնապահպանական վնասի կանխարգելմանը, տեղայնացմանը, վերացմանը կամ լիարժեք փոխհատուցմանը, բնապահպանական հավասարակշռության աստիճանական  վերականգնմանը և ապահովմանը, ինչպես նաև ապագայում Հայաստանը բնապահպանական պետություն հռչակելու հնարավորության  ապահովմանը:

Անհրաժեշտ է նաև իրականացնել հետազոտություններ՝ ուղղված բնության և շրջակա միջավայրի պաշտպանության երկարաժամկետ բնապահպանական կանխատեսմանը: Այդ հետազոտությունները պետք է նախատեսեն շրջակա միջավայրի պահպանության ոլորտում նորմատիվային համապատասխան մակարդակի բազայի առկայություն, անհրաժեշտ բնապահպանական ստանդարտների ներդրում, ինչպես նաև շրջակա միջավայրի վրա բացասական ներազդեցությունների կանխարգելմանը, փոխհատուցմանը կամ նվազեցմանն ուղղված բնապահպանական ծրագրերի իրականացում: Դրանք պահանջում են նաև կազմակերպական և ֆինանսական  հարցերի ապահովում:

Կազմակերպական հարցերին առաջին հերթին պետք է վերագրել մանր և միջին բնաշահագործողական ձեռնարկությունների՝ խոշորների մասնակցությամբ համաձայնեցված գործունեության հարցը՝ համապատասխան ընկերակցությունների կազմակերպման հիման վրա:

Այդ ընկերակցությունները պետական կառույցների հետ պետք է համագործակցեն ոչ միայն տնտեսական և մաքսային, այլ նաև բնապահպանական հարցերով, պետք է նպաստեն, ձևավորվող բնապահպանական պետության շրջանակներում, մասնակիցների գործողությունների ռազմավարության և մարտավարությանմշակմանը: Սակայն բնաշահագործողական ձեռնարկությունները՝ նույնիսկ միավորված ընկերակցություններում,  չեն կարող երկարաժամկետ բնապահպանական ծրագրավորման համար հավաքագրել անհրաժեշտ միջոցներ: Ուստի բնաշահագործողական ձեռնարկությունների բիզնեսի զարգացման առանձին ծրագրերը կոշտ բնապահպանական պահանջների պայմաններում, որոնցում նախատեսված չի լինի պետական հոգածություն, կանխավ դատապարտված են անհաջողության:

Ժամանակակից պայմաններում երկարաժամկետ բնապահպանական ծրագրավորումը և ծրագրերի մշակումը գործնականորեն կարող են իրականացվել այսպես կոչված «ֆորսայտային» հետազոտությունների հիման վրա, որոնցում մասնակցում են լայն շրջանակների ներկայացուցիչներ՝ իշխանության, բիզնեսի, գիտության և հասարակության: Նմանատիպ հետազոտությունների արդյունքն է հանդիսանալու ազգային, բոլոր մակարդակներում համաձայնեցված փաստաթուղթը, որն հնարավորություն է ընձեռելու հաշվի առնել տնտեսական, բնապահպանական, գիտատեխնիկական և սոցիալական հետևանքները այս կամ այն նախագծերը կամ մշակումները իրականացնելիս:

Բնապահպանական միջոցառումների անցկացման, բնական պաշարների օգտագործման, տնտեսությունում բնապահպանական ուղղվածության ուժեղացման և բնապահպանական մշակումների մակարդակի բարձրացման համար պահանջվում են ֆինանսական և նյութական մեծ ծախսեր: Այսօր մեր պետությունը չի կարող իրեն թույլ տալ նման ծախսումներ, բայց դա չի խանգարում արդեն հիմա սկսել նպատակաուղղված պետական բնապահպանական քաղաքականության մշակումը՝ անհրաժեշտ կառուցվածքային բնորոշիչներով: Այդպիսի քաղաքականությունն ուղղված կլինի ապագայում բնապահպանական պետություն ձևավորելուն՝ հաշվի առնելով նույն պետության կողմից կարգավորիչ սահմանափակումների պլանավորման անհրաժեշտությունը:

Հետագա բնապահպանական զարգացումը կարելի է պատկերացնել երկու տարբերակով՝ իներցիոն և լավատեսական:

ԻՆԵՐՑԻՈՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ  ենթադրում է չհամակարգված միջոցառումների անցկացում նաև հետագայում, որոնք առավելապես ուղղվում են միայն ընթացիկ բնապահպանական վնասի վերացմանը: Ակնհայտ է, որ այս տարբերակը հեռանկարում կարող է ունենալ միայն բացասական հետևանքներ, քանի որ ՀՆԱ-ն, իհարկե, անհրաժեշտ է մեծացնել, բայց ոչ ամեն գնով:

ԼԱՎԱՏԵՍԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ հնարավոր է պետության անմիջական մասնակցության և հոգածության դեպքում: Այն նախատեսում է «ֆորսատային» հետազոտությունների բավական երկարատև փուլ, ինչպես նաև բնական պաշարների արդյունաբերության մեջ բնապահպանական ուղղվածության հետևողական ուժեղացմանն ուղղված նախագծման, մշակման և իրացման միջոցառումների անցկացում՝ երկարատև բնապահպանական կանխատեսման հիման վրա: Այս տարբերակի դեպքում բնապահպանությունը չի կարող դիտարկվել որպես տնտեսական զարգացման խոչընդոտ կամ արգելակիչ:

Պետությունը բնապահպանական կարող է համարվել տարածաշրջանային կայուն բնապահպանական հավասարակշռության արդեն ձևավորված և հանձնարարված մակարդակին հասնելուց հետո միայն՝ առանց հետագայում դրա իջեցման միտումների: Այդպիսի պետությունը կկարողանա կանխել կամ փոխհատուցել շրջակա միջավայրի վրա ցանկացած բացասական ներգործություն և ապահովել իր արդյունավետ գործունեությունը առավելապես շուկայական մեթոդներով՝ լիարժեքորեն ապահովելով բնության և շրջակա միջավայրի պահպանությունը:

Անդին 6, 2013

Կարծիքներ

կարծիք