Պատարագ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, Գրիգոր Նարեկացու օծումը տիեզերական վարդապետ

20152608180122363

Վատիկան, ապրիլ 12,  2015 թվական

 

 

 

Ֆրանցիսկոս պապի մուտքի խոսքը

 

 

Սիրելի եղբայրներ և քույրեր, տարբեր առիթներով ես մեր ժամանակը գնահատել են որպես պատերազմի ժամանակ, 3-րդ համաշխարհային պատերազմ՝ փոքր գործողություններով: Ժամանակ, երբ մենք ամեն օր ականատեսն ենք հանցանքների, վայրագ սպանդների և անիմաստ կործանումների:

Ցավոք, մենք այսօր լսում ենք մեր անպաշտպան քույրերի և եղբայրների խեղդված և մոռացված լացը, ովքեր Քրիստոսի հանդպ իրենց հավատքի կամ իրենց էթնիկ ծագման պատճառով հրապարակայնորեն և դաժանաբար սպանվում են, գլխատվում են, խաչվում են, ողջ-ողջ այրվում են կամ ստիպված լքում են իրենց հայրենիքը:

Այսօր մենք ևս մի ցեղասպանություն ենք ապրում, որ գլուխ է բարձրացրել ընդհանուր անտարբերության հետևանքով, Կայենի հանցակից լռությամբ, ով աղաղակում է «չգիտեմ, մի՞թե ես իմ եղբոր պահակն եմ»:

Անցած դարի ընթացքում մեր մարդկային ընտանիքը վերապրել է երեք զանգվածային և աննախադեպ ողբերգություն:

Առաջինը, որը լայնորեն համարվում է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, հարվածել է ձեր հայ ազգին՝ առաջին քրիստոնյա ազգին, ինչպես նաև կաթոլիկ և ուղղափառ սիրիացիներին, ասորիներին, քաղդեացիներին և հույներին: Եպիսկոպոսներ և քահանաներ, կրոնավորներ, կանայք և տղամարդիկ, տարեցներ և անգամ անպաշտպան երեխաներ ու հիվանդներ սպանվեցին:

Մյուս երկուսը իրականացվեցին նացիզմի և ստալինիզմի կողմից, և վերջերս նույնպես կատարվեցին այլ մասսայական սպանություններ Կամբոջայում, Ռուանդայում, Բուրունդիում և Բոսնիայում: Թվում է, թե մարդկությունն ի վիճակի չի վերջ դնելու անմեղ արյան հեղմանը: Թվում է, թե խանդավառությունը, որ առաջացել էր երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին, ցրվել է և հիմա էլ անհետանում է: Թվում է, թե մարդկությունը հրաժարվում է դաս քաղել ահաբեկության օրենքի հետևանքով առաջացած իր սխալներից, այսօր ևս կան մարդիկ, ովքեր փորձում են ոչնչացնել մյուսներին, ուրիշների հանցավոր համաձայնությամբ և աջակցությամբ:

Մենք դեռ չենք սովորել, որ պատերազմը խենթություն է, իմաստազուրկ կոտորած:

Սիրելի հայ քրիստոնյաներ, այսօր ցավով լցված սրտերով, բայց միևնույն ժամանակ Տիրոջ հարության հանդեպ մեծ հույսով մենք հիշատակում ենք այդ ողբերգական իրադարձության հարյուրամյակը: Այն մեծ և անիմաստ կոտորածը, որի դաժանությունը ձեր նախնիները ստիպված եղան կրել:

Անհրաժեշտ է և իսկապես պարտավոր ենք հարգել նրանց հիշատակը, քանի որ եթե հիշողություն չկա, նշանակում է՝ դեռ գործում է չարը: Աչք փակել հանցանքի առաջ՝ նշանակում է՝ թողնել, որ վերքը արյունահոսի առանց վիրակապի և դարմանի:

Ես ողջունում եմ ձեզ ջերմությամբ և շնորհակալություն հայտնում ձեր վկայության համար, երախտագիտությամբ շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին ներկայության համար, իմ ջերմ ողջույնները ուղղում եմ նաև պատրիարք և եպիսկոպոս եղբայրներին՝ Նորին Սրբություն Գարեգին Երկրորդին՝ Ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսին, Նորին Սրբություն Արամ Առաջինին՝ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսին, ամենապատիվ Ներսես-Պետրոս 19-րդին՝ հայ կաթոլիկների Կիլիկիո պատրիարքին և հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսություններին ու հայ կաթողիկե եկեղեցու պատրիարքությանը ամենայն համոզումով, որ չարը երբեք Աստծուց չէ, ով անսահման բարի է, և ամուր մնալով հավատքի մեջ՝ եկեք հավատանք, որ չարիքը Աստծուց չէ և բացարձակ չի կարող արդարացվել նրա սուրբ անունով, եկեք շարունակենք այս արարողությունը՝ մեր հայացքն ուղղելով մեռյալներից հարություն առած, մահվան և չարի հանդեպ հաղթություն տարած Հիսուս Քրիստոսին:

 

Ֆրանցիսկոս պապի պատգամը հայ ժողովրդին

 

 

Սիրելի հայ եղբայրներ և քույրեր,

 

Մեկ դար է անցել այն սահմռկեցուցիչ ջարդից, որ ձեր ժողովրդի համար եղավ իսկական մարտիրոսություն, որի ընթացքում շատ անմեղներ մահացան որպես Քրիստոսի անվան խոստովանողներ և մարտիրոսներ (հմմտ. Հովհաննես Պողոս Բ և Գարեգին Բ, Հասարակաց հայտարարություն, Էջմիածին, 27 սեպտ. 2001): Այսօր չկա հայ ընտանիք, որ այդ դեպքերի ընթացքում կորցրած չլինի իր սիրելիներից մեկին: Դա իսկապես եղավ «Մեծ եղեռն», ինչպես դուք եք կոչել այդ ողբերգությունը: Այդ առթիվ խորին մերձավորություն եմ զգում ձեր ժողովրդի նկատմամբ և փափագում եմ հոգեպես միանալ ձեր սրտերից, ձեր ընտանիքներից և ձեր հասարակություններից բարձրացող աղոթքներին:

 

Միասնաբար աղոթելու բարեպատեհ առիթ ընծայվեց մեզ այսօրվա արարողությամբ, որի ընթացքում Տիեզերական եկեղեցու վարդապետ ենք հռչակում սուրբ Գրիգոր Նարեկացուն: Ներկայության համար ջերմ երախտագիտություն ենք հայտնում ծայրագույն Պատրիարք և Ամենայան Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ. Գարեգին Բ-ին, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ. Արամ Ա-ին, Հայ Կաթոլիկ եկեղեցու և Կիլիկիո տան պատրիարք Ներսես-Պետրոս ԺԹ-ին:

 

Ժ դարի վանական սուրբ Գրիգոր Նարեկացին առավել, քան ուրիշները, կարողացավ արտահայտել ձեր ժողովրդի ապրումները, ձայնի վերածելով այն աղաղակը, որ դառնում է աղոթք մեղապարտ և տառապած մարդկության համար, որը թեպետև ընկճված է իր անկարողության տագնապից, սակայն լուսավորյալ է Աստծո սիրո պայծառությունից և բաց՝ նրա միջամտության հույսի աջև, ինչը կարող է ամեն ինչ փոխակերպել:

«Ի ձեռն որոյ զօրութեան վստահապէս ակնկալութեամբ վերագրեցեալդ յանցանօք բեռանց՝ աներկմիտ յուսով հաւատամ ի կարողին ձեռն ապաստանեալ… զնոյն ինքն տեսանել՝ յողորմութիւն եւ ի գթութիւն եւ յերկնիցն ժառանգութիւն» (Նարեկ, ԺԲ.):

Ձեր քրիստոնեական կոչումը հինավուրց է, սկիզբ առած 301 թվականից, երբ սուրբ Գրիգոր Լուսավորիչը ի դարձ և մկրտություն առաջնորդեց Հայաստան աշխարհը, որ դարերի ընթացքին հանդիսացավ Քրիստոսի Ավետարանին փարվող ազգերի մեջ առաջինը: Այդ հոգևոր իրադարձությունը իր անջնջելի օրենքը դրոշմեց ի վերա հայ ժողովրդի, նրա մշակույթի և պատմության, ուր նահատակությունը ունի իր նախապատիվ տեղը, ինչպես նշանակալից կերպով վկայում է սուրբ Վարդանի և նրա զինակիցների նահատակությունը Ե դարում:

 

Ձեր ժողովուրդը, լուսավորված Քրիստոսի լույսով և Նրա շնորհով, Խաչից բխած հույսից ոգևորված՝ շատ տառապանքներ ու փորձանքներ է հաղթահարել (հմմտ. Հռոմ. Ը, 31-390), ինչպես ձեզ ասել է Հովհաննես Պողոս Բ, «Տառապանքով և մարտիրոսությամբ թրծված ձեր պատմությունը մի թանկագին գոհար է, որով հպարտ է Ընդհանրական եկեղեցին: Մարդու փրկչի՝ Քրիստոսի հանդեպ հավատը ճամփու ընթացքում ներշնչել է ձեզ հիանալի արիություն, հաճախ այնքան նման նույնինքն խաչի արիությանը, ուր վճռակամորեն քայլեցիք ժողովրդի և հավատացյալների ձեր ինքնությունը պահպանելու աննկուն կամքով» (Ճառ, 21 նոյեմբեր, 1987):

 

Այս հավատքը ընկերակցեց ձեր ժողովրդին և զորավիգ եղավ նրան նաև հարյուր տարի առաջ տեղի ունեցած ողբերգական իրադարձության ընթացքում, որ ՙառհասարակ կսահմանվի որպես Ի դարի առաջին ցեղասպանություն՚ (Հովհաննես Պողոս Բ և Գարեգին Բ, Հասարակաց Հայտարարություն, Էջմիածին, 27 սեպտ. 2001): Բենեդիկտոս ԺԵ պապը, որ Առաջին աշխարհամարտը դատապարտել է որպես «անօգուտ սպանդ» (AAS, IX [1917], 429), իսպառ ճիգ չխնայեց այն կասեցնելու, վերարծարծելու համար 1894-96 թվականների մահագուշակ դեպքերին ի տես Լևոն ԺԳ պապի կողմից արդեն կատարված միջնորդական փորձերը: Այս առնչությամբ նա Մեհմեդ Ե սուլթանին հղեց մի գրություն, որ խնայվեն անհամար մեղավորները (հմմտ. նամակ, 10 սեպտ., 1915 թվակիր), և ինքն է, որ 1915 դեկտեմբերի 6-ին կարդինալների ժողովում սարսռագին սոսկումով հաստատեց՝ «Հայոց թշվառագույն ազգը դեպի բնաջնջում է առաջնորդվում» (AAS, VII [1915], 510):

Պատահածի հիշատակը կատարելը պարտականությունն է ոչ միայն Հայ ժողովրդի և Ընդհանրական եկեղեցու, այլև համայն մարդկության ընտանիքի, որպեսզի այդ ողբերգությունից եկող ահազանգը մեզ ազատի Աստծուն և մարդկային արժանապատվությունը անարգող նման արհավիրքների մեջ վերստին ընկնելուց: Հիրավի, այսօր ևս նման բախումները երբեմն այլասերում են դեպ անչքմեղելի բռնություններ, որոնք սնուցվում են ցեղային և կրոնական տարբերությունների չարաշահումով: Բոլոր նրանք, ովքեր կանգնած են ազգերի և միջազգային կազմակերպությունների գլուխ, կոչված են վճռատու պատասխանատվությամբ ընդդիմանալու նման ոճիրներին, առանց երկդիմության և փոխզիջումների:

Այս կսկծալի հիշատակումը թող բոլորի համար շարժառիթ հանդիսանա խոնարհ և անկեղծ խորհրդածության ու դեպի ներողության սրտի բացվածքի, որ աղբյուր է խաղաղության և վերանորոգ լույսի: Սուրբ Գրիգոր Նարեկացին՝ մարդկային հոգու այդ արտակարգ մեկնաբանը, կարծես մարգարեական խոսքեր է առաքում մեզ. «Քանզի եւ ես իսկ… վկայեալ զանձնէ կամաւորական ստգտանք բիւր բամբասանաց անբժշկական մեղանաց, ի սկզբնահայրն սկսեալ մինչեւ ի կատարումն ծննդոց նորա, կամայականն յանձնառութեամբ հաստեցի եդի զիս ամենայնիդ պարտական չարեաց»(Նարեկ, ՀԲ.): Որքա՜ն է ազդում մեզ վրա համընդհանրական զորակցության իր այս զգացումը: Որքա՜ն փոքր ենք զգում մենք մեզ՝ նրա աղաղակների վեհանձնության դիմաց. «Յիշեա՛ զքո մեծութիւնդ, Տէր… ընդ խնդրելս իմ ի քէն բարի իմոցն ատելեաց, եւ Դու առ քոյս ըստ քում մեծութեանդ անճառելիս հրաշագործեսցես: Մի՛ սատակեսցես զիմսն խածանողսն, այլ փոփոխեսցես. խլեալ զխոտանս բարս երկրաւորս, զբարիսն արմատացուսցես եւ յիս եւ ի նոսին» (անդ, ՁԳ.):

Աստված շնորհե, որ հայ և թուրք ժողովուրդների միջև վերսկսվի հաշտության ճանապարհը, և խաղաղությունը վերսկսվի նաև Ղարաբաղի մեջ: Այս ժողովուրդները անցյալում, ի հեճուկս հակառակությունների և լարվածությունների, խաղաղ համակեցության երկար շրջաններ են ապրել, և նույնիսկ թոհուբոհի մեջ ականատես եղան զորակցության փոխադարձ օգնության պարագաների: Միայն այս հոգով է, որ նոր սերունդները կարող են բացվել ավելի լավ ապագայի առջև, և շատերի զոհաբերությունը կարող է դառնալ արդարության և խաղաղության սերմը:

Մեզ՝ քրիստոնյաներիս համար թող այս պահը լինի հատկապես զորավոր մի պահ, որպեսզի թափված արյունը, Քրիստոսի զոհաբերման փրկաբեր զորությամբ, նրա աշակերտների միջև ներգործի լրիվ միության հրաշքը: Հատկապես վերակենդանացնի եղբայրական բարեկամության կապերը, որ արդ իսկ զոդում են Կաթոլիկ եկեղեցուն և Հայաստանյաց Առաքելական Եկեղեցուն: Բազմաթիվ եղբայրների և քույրերի վկայությունները, որոնք, անզեն, իրենց կյանքը զոհեցին իրենց հավատքի համար, իրար հաղորդակից կդարձնեն տարբեր հարանվունությունները. արյան համամիությունն է սա, որ Հովհաննես Պողոս Բ-ին մղեց 2000 թ. տարելիցի առթիվ միասնաբար ոգեկոչելու Ի դարի բոլոր նահատակներին: Այսօրվա արարողությունը նույնպես ընդելուզվում է հոգևոր և եկեղեցական այս համակարգի մեջ: Այս արարողությանը մասնակցում են մեր երկու եկեղեցիների ներկայացուցիչները, և սրան հոգեպես միանում են ի աշխարհս սփռված բազում հավատացյալները, ի երկիրս ավելացնելով այն կատարյալ հաղորդությունը, որ տիրում է երկնքի կատարյալ հոգիների միջև: Եղբայրական ոգով վստահեցնում եմ իմ մերձությունը Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու նահատակների սրբադասման արարողության առթիվ, որ տեղի պիտի ունենա առաջիկա ապրիլի 23-ին Էջմիածնի մայր տաճարում, և ոգեկոչման արարողություններին, որ պիտի կատարվեն հուլիսին Անթիլիասում:

Աստվածամորն եմ հանձնում այս դիտավորությունները սուրբ Գրիգոր Նարեկացու խոսքերով.

«Մաքրութիւն կուսից եւ սկզբնաշաւիղ դասուց երջանկաց,

մայր հիմնադրութեան հաստատութեան Եկեղեցւոյ,

եւ ծնող անարատ Բանին Աստուծոյ:

եւ ի թեւս պահպանութեան լայնատարած քումդ մաղթանաց ապաւինելով,

զձեռս մեր ի սմա տարածեմք,

եւ աներկբայ յուսով հաւատամք ապրիլ»:

 

(Ներբող Սրբոյ Աստուածածնին՝ «Գումարք խմբից»)

 

FRANCISCUS

Անդին 4, 2015
Share

Կարծիքներ

կարծիք