Չորս օր ադրբեջանական գյուղում

Հեղինակ:

20141909181013881

(ինքնազգագրական ակնարկ)

Ինքնազգագրական ակնարկը գիտական ժանր է. Ազգագրագետը՝ մշակութային կամ սոցիալական մարդաբանություն ուսումնասիրող գիտության ներկայացուցիչը, հետազոտում և ներկայացնում է ոչ թե ուրիշներին, այլ իրեն, իր ապրումներն ու հույզերը, ազգագրական ուսումնասիրության ժամանակ իր հետ պատահած դեպքերը, օրագրում գրի առնում այդ ամենը, վերածում ինքնակենսագրական, ապա և՝ ինքնազգագրական ակնարկի:

 

Օր առաջին

Մենք՝ հակամարտության գոտիների սահմանի ազգագրություն ուսումնասիրող միջազգային գիտաժողովի մասնակիցներս, Սադախլո մեկնեցինք 2012 թվականի օգոստոսի 22-ին: Անկեղծ ասած, թեև տագնապի զգացողություն կար, սակայն վախեցած չէինք, քանի որ ընդգրկված էինք միջազգային խմբում: Կարծում էինք՝ մեր էթնիկ պատկանելությանը մեծ խնդիրներ չի հարուցի: Հետազոտության հիմնական վայրը Սադախլոն էր, որտեղ էլ գիշերելու էինք: Այստեղ գուցե հայերիս բախտը ժպտաց, քանի որ ապրելու էինք հայերի հետ շփման փորձ ունեցող ադրբեջանցիների մեջ և հուսով էինք, որ թշնամական վերաբերմունք չի լինի: Սակայն զգոնությունը չէինք ուզում կորցնել: Ճանապարհին հաճախ էի մտածում, թե ինչպիսի ընդունելություն կգտնենք հարևանների կողմից: Ադրբեջանցիների հետ շփվելու մեծ փորձ չունեի (բացառություն էին նմանատիպ ևս մեկ ծրագիրը ու համացանցային ազգային վեճերը), և մեջս ավելի շատ տպավորված էր քնած հայ սպային կացնով սպանող թշնամու կերպարը: Չէի ասի, որ տագնապ էի զգում, բայց լարվածություն կար և պատրաստ էի նույնիսկ վատթարագույնին: Բայց հյուրանոցը, որտեղ գիշերելու էինք, Հայաստանի սահմանի անմիջական հարևանությամբ էր, ինչը վստահության և ապահովության յուրատեսակ զգացում էր ներշնչում:

Տեղ հասանք երեկոյան և որոշեցինք այդ օրը հետազոտություն չանցկացնել. ճանապարհը հոգնեցուցիչ էր: Տեղավորեցինք իրերը և սկսեցինք զննել շրջակայքը: Հեռվում երևում էր Հայաստանը: Զրուցում էինք միայն հյուրանոցի աշխատակիցների հետ: Նրանք մի տեսակ երկիմաստ մատնացույց էին անում մեր հայրենիքի կողմը և ասում, որ դա Հայաստանն է, և գետն անցնելով՝ կհայտնվենք այնտեղ:

Սկզբում մի փոքր կաշկանդված էի, փորձում էի հասկանալ, թե ի՞նչ մարդիկ են հյուրանոցի աշխատակիցները, ինչպե՞ս կարձագանքեն, երբ իմանան, որ հայ եմ, վտանգավո՞ր են, թե՞ ոչ: Սկզբում կար փոխադարձ անվստահություն, որը, սակայն, հետագա օրերին կարծես թուլացավ: Սկսեցինք ավելի շատ շփվել: Ես ինձ ավելի հանգիստ էի զգում, նրանք էլ սկսեցին որոշ հայերեն բառեր օգտագործել, ասես ձգտում էին սիրաշահել: Աշխատողներից մեկը՝ Ասիֆը (որոշ անուններ փոխված են), հաճելի և անմիջական մարդ էր թվում, նա էր մեզ սպասարկում և ամեն ինչ անում էր մեծ եռանդով (թե՞ գերմանացիների ներկայությունն էր այդպես ստիպում):

 

Օր երկրորդ

Առավոտյան գնացինք գյուղամեջ, որպեսզի զրուցենք բնակիչների հետ ու տեղեկություններ հավաքենք: Հանդիպեցինք և զրուցեցինք շատերի հետ: Փորձում էինք հասկանալ, թե ինչպես են ապրում և ինչ կատարվեց նրանց հետ, երբ Սադախլոյի շուկան փակվեց: Ոմանց երևի թվաց, թե մենք Վրաստանի խորհրդարանական ընտրությունների հետ կապ ունենք, սկսեցին բողոքել, որ ջուր չունեն և շատ վատ են ապրում: Սակայն եղան նաև մարդիկ, ովքեր ինչ-ինչ բաներից վախենալով՝ ասացին, որ ամեն ինչ հրաշալի է, իրենք ապրում են շատ լավ երկրում և ոչ մի բանից դժգոհ չեն: Այս միտումն ավելի ակնհայտ էր դառնում, երբ իմանում էին, որ խմբում հայ կա: Փաստորեն, շատերն այդ պատճառով պարզապես ստում էին:

Խոսք գնաց նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին: Սադախլոյի բնակիչների մեծ մասն ասում էր, թե մենք թշնամիներ չենք, մեր ժողովուրդներն ու Կովկասն ընդհանրապես պիտի խաղաղ ապրեն: Զարմանալիորեն, ոմանք մեր ժողովուրդների հակամարտության մեղքը բարդում էին ռուսների, իսկ ոմանք էլ՝ Աստծո կամ սատանայի վրա: Ոչ ոք չէր խոսում բուն պատճառների մասին, խնամքով շրջանցում էին դրանք: Այդ ռուսակրոնական խառնուրդից շեղվեց մի ադրբեջանցի, որ բնակվել էր Սադախլոյի հարևան Բագրատաշեն գյուղում: Նա մեզ հետ խոսում էր հայերեն: Ադրբեջանցին չթաքցրեց, որ որոշ հայերի չի սիրում, ուղղակի ատում է: Ասաց, որ նրանք ամեն ինչ փչացրին, մեր ժողովուրդների բարեկամությունը«հարամ» արին: Ընկերս պատասխանեց, որ ժողովուրդների բարեկամությունն անհնար է առանց արդարության, մեր հակամարտության պատճառը հենց այդ անարդարությունն է: Մեր շուրջը մարդիկ հավաքվեցին: Բավական լարված իրավիճակ ստեղծվեց: Սակայն նա ինչ-որ բան ասաց մեզ շրջապատող ադրբեջանցիներին և նշանացի ցույց տվեց տեղացի մի ռուս կնոջ հետ զրուցող գերմանացիներին: Ադրբեջանցիները աստիճանաբար հեռացան, և մենք թեթևացած շունչ քաշեցինք:

Ռուս կնոջ անունը Նատաշա էր: Նրա կյանքի պատմությունը իսկական լեգենդ էր, հակամարտության գոտում ապրած մարդու՝ այն էլ այլազգիի ողբերգության օրինակ: Նա գիտեր հայերեն, ապրել էր Հայաստանում, բայց ամուսնացած եղել ադրբեջանցու հետ: Ամուսինը մահացել և թաղված էր Հայաստանում: Հակամարտության առաջին իսկ օրերին կինը իր երեխաների հետ անցել էր Վրաստան: Երեխաները մեծացել, հաստատվել էին Ադրբեջանում, ամուսնացել, երեխաներ ունեցել: Սակայն կինը մնացել էր սահմանամերձ Սադախլոյում՝ ամուսնու շիրիմի հարևանությամբ: Բայց չէր կարողանում այցելել շիրիմին, որովհետև եթե մտներ Հայաստան՝ հետո ադրբեջանական իշխանություններն իրեն թույլ չէին տա մուտք գործել Ադրբեջան: Ամուսնու շիրիմին այցելեր՝ զրկվելու էր զավակներին ու թոռներին տեսնելու հնարավորությունից:

Նա ասաց, որ մի քանի տուն այն կողմ հայեր են ապրում (գյուղում բնակվող եզակի հայերից էին): Մենք ցանկացանք նրանց հետ ծանոթանալ, զրուցել, սակայն նրանք կտրականապես մերժեցին: Ասացին, որ հետո խնդիրներ կունենան. նման դեպքեր եղել են, և իրենք լուրջ խնդիրներ են ունեցել: Մեզ համար դա անակնկալ չէր, հայ-ադրբեջանական սառած հակամարտության յուրատեսակ դրսևորում, որի նշույլները զգում էինք նաև մենք: Ընդ որում՝ հենց մեր գործընկերներից մեկի կողմից:

Գիտարշավի պայմանների համաձայն՝ մենք պետք է դրսևորեինք խմբային մտածողություն, փորձեինք համատեղ աշխատանք կատարել: Սակայն մեր ադրբեջանցի գործընկերուհի Ինարան, որը մինչ այդ էլ էր ցույց տվել իր  հայատյացությունը, բնավ չէր ուզում մեզ հետ համագործակցել, անընդհատ փորձում էր խոչընդոտել հայերիս առաջարկներին: Նրան հակառակ՝ մեր մյուս գործընկեր Ջաֆարը բարյացկամ էր ու շփվող, հանդես էր բերում գիտնականի վերաբերմունք: Ես ու նա նույնիսկ ընդհանուր հետաքրքրություններ ունեինք (յոգա, Կաստանեդա և այլն): Այնպիսի տպավորություն էր, որ ադրբեջանցի երիտասարդներն ավելի անհանդուրժող են հայերի հանդեպ: Ըստ իս՝ պատճառը հայերի հետ շփվելու փորձի բացակայությունն է: Նաև այն, որ նրանք հայերի մասին պատկերացում են կազմում իրենց երկրում տարածված կարծրատիպերի հիման վրա, որոնք, գիտենք, դրական չեն: Ընկերս դյուրաբորբոք էր ու պատվախնդիր, ես՝  նմանապես. երկու հայ երիտասարդ՝ ադրբեջանցիների մեջ…, ուստի ձգտում էինք հնարավորինս զուսպ լինել, որպեսզի գիտարշավը չվերածվի հայ-ադրբեջանական հակամարտության յուրահատուկ դրսևորման:

Օր երրորդ, օր չորրորդ

Հետազոտության հաջորդ երկու վայրերը վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող Կիրաչ Մուղանլու և Մեորե Քյոսալո գյուղերն էին: Սրանք փոքր էին, խղճուկ ու անբարեկարգ: Աշխատելու էինք առանց ղեկավարների: Բաժանվեցինք երկու խմբի և սկսեցինք տներն այցելելով տեղեկություններ հավաքել: Բնականաբար, հետաքրքիր էր, թե ինչ վերաբերմունք ունեն տեղի ադրբեջանցիները հայերիս հանդեպ և ինչպես կարձագանքեն, երբ իմանան, որ հայ եմ: Ուստի յուրատեսակ փորձարկում արեցի: Երբեմն շեշտում էի, որ հայ եմ, երբեմն չէի ասում այդ մասին: Տեղացիները առանձնապես ուշադրություն չէին դարձնում այդ հանգամանքին: Նրանց առավել հուզում էին իրենց սոցիալական խնդիրները: Իմ փորձարկումը նաև հետաքրքիր արդյունք ունեցավ: Եղան  դեպքեր, երբ տեղացիները բացահայտ թշնամանք էին արտահայտում հայերիս հանդեպ: Սակայն միայն այն դեպքերում, երբ չգիտեին, որ մեր մեջ հայ կա (գուցե ուրիշները նույնպես այդպես վարվեին): Բայց մի ադրբեջանցի ուղղակի նետեց, թե լավ կլիներ, որ մենք հայ չլինեինք: Մի պահ կրկին լարվեցի, սակայն կարողացա ինձ զսպել. չէ՞ որ փորձարկում էի անցկացնում: Իսկ  անկեղծորեն՝ տեղի բնակչությանն առավել հուզում էին սոցիալական խնդիրները: Մարդը միշտ նույնն է:

Ընդհանուր առմամբ, այս չորս օրերը լի էին թե՛ լարվածությամբ ու  անհանգստությամբ, թե՛ հետաքրքիր ապրումներով ու  բացահայտումներով: Մի կողմից տեսնում ես ժողովուրդ, որի դեմ պատերազմել ես, երբեմն զգում ու նկատում ես ատելություն ու թշնամանք քո և քո ժողովրդի հանդեպ: Սակայն մյուս կողմից էլ հասկանում ես, որ նրանք էլ քեզ նման մարդ են… ու լավ կլիներ՝ գիտակցեին, թե ինչն ինչոց է և ազատվեին թշնամանքի ախտից:

 

Անդին 5, 2013

Share

Կարծիքներ

կարծիք