Շատ ուրիշ ապրիլ կամ մտքի հեղափոխության անհրաժեշտությունը

20150109165142399

   Երկու դարի արանքում, երկու քարի արանքում,

                   Հոգնել եմ նոր ընկերի ու հին ցարի արանքում:

                                                                                   

 Հովհաննես Թումանյան

 

 

Այս տարվա ապրիլն ուրիշ էր: Հուժկու էր ամեն ինչ, նույնիսկ ապրիլքսանչորսյան անձրևը: Կարծես բոլորը, խոսքները մեկ արած, հարվածում էին: Եթե հանդիսավարից կամ որևէ միջոցառման կազմակերպչից լսում ես, թե սպասվում են անակնկալներ, և պատրաստվում ես դրանց, այս դեպքում, առանց սպասելու, առանց հուշարարության, առանց նախնական պայմանավորվածության, անակնկալներն այնքան հաճախակի էին և անսպասելի, որ չէինք հասցնում մեկի ազդեցությունից դուրս գալ, հայտնվում էինք մյուսի ներքո: Մինչև ապրիլի 24-ն արդեն երակում արյունը եռում էր, և այդ եռը օրըստօրե նոր որակ էր ստանում՝ կանգնեցնելով մեզ նոր իրավիճակի առաջ: 2015-ի գարնան երկրորդ ամիսը հավակնում էր դառնալ շրջադարձային՝ մեր իղձերի, երազների, պահանջների առումով, և արժանի նախորդողը հաղթանակների մայիսին: Հարյուր տարի անց ապրիլը, հայության համար վերածվելով ապրելու ապրիլի, դադարեց ողբի ամիս լինելուց: Եվ դա դարձավ ամենամեծ անակնկալը: Սա՝ որպես նախաբան:

Ես լրագրող եմ: Ես պարտավոր եմ լրագրողի մասնագիտական աչքով դիտարկել, գնահատել իրադարձությունները, նկատել բացթողումները, սխալները և բարձրաձայնել դրանց մասին: Կարգն է այդպիսին: Սակայն այսօր, հակառակվելով իմ համոզմունքին, ստիպված եմ արձանագրել, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կողմից նախատեսված ձեռնարկների ողջ փաթեթը իրականացվեց անթերի: Սա թերևս ամենամեծ անակնկալն էր, որովհետև անկախության 25 տարիների ընթացքում չէր եղել համապետական մի միջոցառում, որի համար ստեղծված պետական բազում հանձնաժողովները խնդրին մոտենային այսպիսի պատասխանատվությամբ, սրտացավությամբ, պատրաստակամությամբ, դեղատան կշեռքի ճշգրտությամբ:

Թուրքիայի հիմնական մտավախությունը՝ «հայկական ցունամին», ստացվեց: Այն մեզ տեղափոխեց քաղաքական նոր իրավիճակ և պարտադրում է հետևողական լինել ու չընկրկել հյուսիսհարավյան քամիների ազդեցությունից: Սա, իրոք, նոր և պարտավորեցնող իրավիճակ է, որին տեր կանգնելու համար ահռելի ջանքեր է անհրաժեշտ ներդնել: Ունե՞նք այդ կամքը, կարողությունը:

Գաղտնիք չէ, որ ցանկություն ունենալը դեռ գործի սկիզբն է, իսկ կամքն ու կարողությունը՝ գործն ավարտական հանգրվանին հասցնելու հիմնական պայմանը: Ակնհայտ է, որ առանց ազգային միասնության հնարավոր չէ հասնել հաղթանակի: Բայց այս դեպքում մեր միասնությունն ամրագրվեց նաև համաշխարհային հանրության աջակցությամբ:

Աշխարհն արթնացավ թմբիրից՝ Հայկական հարցը դարձնելով  համայն մարդկության արժանապատվության հարց:

Բազմաթիվ հայկական գաղթօջախներում տեղի ունեցած բազմահազարանոց ցույցերը դրա վառ ապացույցն են: Բայց այդ ցույցերը նվազ արժեք կունենային, եթե դրանց թիկունքում կանգնած չլիներ Հայաստան պետությունը: Միայն մեկ համեմատական փաստ, որ ներկա իրավիճակի լավագույն ցուցիչն է: Վերջին անգամ ԱՄՆ-ում նման բազմահազարանոց ցույց տեղի էր ունեցել 1963-ին՝ Մարտին Լյութեր Քինգի կազմակերպած «Դեպի Վաշինգտոն երթը»՝ սևամորթներին քաղաքացիական իրավունքներ շնորհելու պահանջով: Հարկ չկա հիշեցնել Մարտին Լյութեր Քինգի սկսած շարժման հաղթական ավարտի մասին, բոլորին է հայտնի:

Այդպես է՝ չկա հաղթանակ, եթե չկա պայքար:

Մեր պայքարը հանգրվանային է, և այն միս ու արյուն ստացավ 20-րդ դարի սկզբին՝ 1918թ. մայիս 28-ին՝ Սարդարապատի ճակատամարտով: Դարեր շարունակ պետականության բացակայությունը չէր կարող չհանգեցնել աղետալի հետևանքների, բայց աղետից ընդամենը երեք տարի հետո կարողանալ ոտքի կանգնել և ստեղծել պետականություն, ցանկություն և անդադար պայքարի կամք ունենալու առկայությունն էր: Հարյուրամյակներ հետո՝ 1918 թվականին, մենք հայտնվեցինք քաղաքական իրավիճակում: Սա 20-րդ դարում մեր պայքարի առաջին հանգրվանն էր: Երկրորդը՝ դարավերջի Արցախյան ազատագրական պայքարը, որը ևս ավարտվեց հայության հաղթանակով և մեզ տեղափոխեց քաղաքական նոր հանգրվան: Երկու դեպքում էլ հաղթանակների հիմքում ազգային միասնությունն էր, առանց որի հնարավոր չէր լինի հաջողություն ակնկալիք ունենալ:

21-րդ դարը մեզ տեղափոխեց նոր քաղաքական հանգրվան: Այդ նոր հանգրվանում մենք հայտնվեցինք ապրիլի 24-ին և դարձյալ ազգային միասնության շնորհիվ: Այս՝ երրորդ հանգրվանը, թե՛ հայության ներուժը անմնացորդ օգտագործելու պարտադրանք է, թե՛ պարտավորեցնում է: Հետքայլի կամ հապաղելու, շունչ առնելու ժամանակ չի տրված: Մեր առջև դրված է «կամ-կամ»-ի տարբերակը. կա՛մ կապրենք նորովի, կա՛մ կրկին կդատապարտվենք լուսանցքում հայտնվելու ճակատագրին: Ամեն ինչ պայմանավորված է մեզանով:

Այն բոլոր դրական լիցքերը, ուղերձները, որ ստացանք աշխարհից, պետք է ճիշտ օգտագործել: Իսկ ճիշտ և թիրախային օգտագործելու միակ պայմանը հզոր, մարտունակ, ժողովրդավարական աշխարհի հետ համաքայլ ընթացող պետություն ունենալն է: Պետք է խոստովանենք, որ այստեղ առայժմ կաղում ենք: Նոր իրավիճակը, որում ինչ-որ առումով նաև անակնկալ ենք հայտնվել, պահանջում է և պարտավորեցնում նոր մոտեցումներ: Իսկ դրանց հասնելու համար կա մեկ մարտավարությամբ երկու ճանապարհ:

Մարտավարությունը հեղափոխությունն է, ճանապարհները՝ արյունոտ և անարյուն՝ թավշյա:

Առաջինի դեպքում՝ մեր կարգի երկրի համար դա անընդունելի է և կործանարար, երկրորդը՝ պարտադիր: Այլապես պետությունը կցամաքի և կվերջանա տիրող անարդարությունների, կաշառակերության և հիմնականում դրանցից բխող արտագաղթի ճիրաններում:

Երկրորդի նախաձեռնողն ու իրականացնողները պետք է լինի իշխանություն-հասարակություն ալյանսը: Ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը առանձին-առանձին ի վիճակի չեն դա իրականացնել, բայց մի տարբերությամբ՝ հասարակության մոտ առկա փոփոխությունների ահռելի ցանկությունը կարող է հանգեցնել ոչ ցանկալի իրավիճակի, որի արդյունքում առաջին հերթին կտուժի հենց հասարակությունը, ինչը և կկասեցնի մեր հանգրվանային երթը:

Ելքը մեկն է՝ պետք լինի հեղափոխություն, բայց այն պետք է լինի մտքի հեղափոխություն:

Այդ հեղափոխության նախաձեռնությունն իր ձեռքը պետք է վերցնի իշխանությունը: Այստեղ, իհարկե, վիճակը բարդանում է, բայց իշխանության ամենավերնախավը պետք է ունենա այդ կամքը և առաջին հերթին պարտադրի իր ենթականերին՝ հրաժարվել քծնանքից, օտարամոլությունից, զզվանքի աստիճանի հասած կեղծավորությունից, քաղքենիությունից:

Նոր Հայաստանը եկել է, և այն չպետք է հերթական անգամ անտեսվի միայն նրա համար, որ մենք պատրաստ չենք: Ժողովուրդը պատրաստ է… Հերթը քաղաքական առաջնորդներինն է:

Չէի ուզենա՝ այս ամենը մնար անարդյունք և, մեզանից խռոված, հեռանար պատմության գիրկը:

Ապրիլքսանչորսյան «ցունամին» մեզ հպարտություն բերեց: Այսօր շատերն են հպարտ: Ես, օրինակ, հպարտ եմ, որ 100 տարի հետո մենք պետականություն ունենք, Արցախով միացյալ Հայաստան ունենք, բանակ ունենք, առյուծասիրտ տղերք ունենք, որ այս պահին կանգնած են երկրի սահմաններին: Մտահոգ եմ, բայց նաև հպարտ՝ բանակ ճանապարհելու երկու զավակ ունեմ: Կուզեի այսուհետ ամեն օր արթնանալ այսօրվա Հայաստանում: Ոչ թե երեկվա, այլ այսօրվա: Մենք աշխարհին էլ ապացուցելու բան չունենք, մենք մեզ պետք է ապացուցենք, որ կարող ենք, որ ի վիճակի ենք կառուցել նորմալ երկիր, սոցիալական արդարության երկիր, քաղաքացուն հարգող, իշխանություն ընտրող օրենքի երկիր:

Մսխել այս ամբողջը և ճիշտ չօգտագործել հնարավորությունները՝ ամենասոսկալի հանցագործությունը կարող է լինել արդեն 21-րդ դարում:

 

Անդին 4, 2015

Share

Կարծիքներ

կարծիք