Ներսես Ե Աշտարակեցի կաթողիկոս և Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունի

Հեղինակ:

20142509170942861

(կենսագրական զուգահեռներ)

19-րդ դարի առաջին կեսի հայ հոգևոր-եկեղեցական և հասարակական-քաղաքական կյանքում բացառիկ դեր ունեն Ամենայն հայոց կաթողիկոս Ներսես Ե Աշտարակեցին ու Կարնո (1808-1830 թթ.) և Վրացաիմերեթական (1837-1856) թեմերի առաջնորդ Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունին: Նրանցից առաջինն արևելահայ իրականության մեջ այդ ասպարեզում, թերևս, եղել է ամենաազդեցիկ անձնավորությունը: Ուշագրավ է, որ նման մեծության գործիչը, որքան էլ իր գործունեության մեջ ունեցել է համահայկական ընդգրկում, հիմնականում սահմանափակվել է արևելահայ հասարակական-քաղաքական շրջանակներով:

Ժամանակաշրջանի դեպքերի մանրազնին հետազոտությունից հստակ երևում է, որ արևմտահայ իրականության մեջ Ներսես Աշտարակեցու՝ համանման ծավալներով գործունեության բացակայությունը պատահական չէ: Այստեղ գրեթե նույն գործառույթների կատարումը, անկասկած, այլ ընդգրկումով, փաստորեն իրականացրել է մեկ այլ անձնավորություն՝ Արևմտյան Հայաստանի ամենաազդեցիկ թեմերից մեկի՝ Էրզրումի հոգևոր առաջնորդ Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունին:

Կարապետ Բագրատունու գործունեության մասին պատմագիտության մեջ առ այսօր կան իրարամերժ կարծիքներ: Ոմանք նրան իրավամբ համարում են ժամանակի ամենանշանավոր հոգևոր-եկեղեցական ու քաղաքական գործիչներից մեկը՝ նրա անվան հետ կապելով հայոց նոր պատմության մեջ ամենադժվարին խնդիրներից 1830 թ. արևմտահայության Անդրկովկաս գաղթելու վճռի ընդունման և իրականացման հանձնառության հարցը: Ոմանք էլ, Արևմտյան Հայաստանի համար աղետաբեր համարելով այդ գաղթը, ինչպես նաև հոգևոր գործչի իրավասության սահմանները Կարապետ արքեպիսկոպոսի կողմից գերազանցելու փաստերը, փորձել են նրան ներկայացնել միայն բացասական կողմերով: Այս տեսակետի կողմնակիցները նման պնդումների համար հիմք են ընդունել նաև 1840-ական թվականների կեսերից Ներսես կաթողիկոսի և Կարապետ արքեպիսկոպոսի փոխհարաբերությունների սրումը՝ դրա մեջ միակողմանիորեն մեղադրելով վերջինիս:

Կարապետ (Հովհաննես) Գրիգորի Բագրատունին ծնվել է 1779 թ. մայիսի 18-ին (30) Էրզրումի նահանգի Սպեր գավառի Հունուտ գյուղում: Իր ծննդավայրի անունով նրան հաճախ անվանել են նաև Կարապետ Հունուտցի: Սպերը վաղ միջնադարից հայտնի է իբրև Մամիկոնյան և Բագրատունի նախարարական տների ժառանգական կալվածք: Վերջիններիս անունից էլ Կարապետի գերդաստանն ընդունել է Բագրատունի ազգանունը: Նախնական կրթությունը ստանալով Ակն քաղաքում իր ուսուցչի՝ Միքայել արքեպիսկոպոսի մոտ՝ 1788 թ. Հովհաննեսն անցնում է Կ.Պոլիս, ուր սովորում է լեզուներ և զանազան գիտություններ, 1801 թ. ձեռնադրվում վարդապետ՝ստանալով Կարապետ անունը: 1808-ին Պոլսո պատրիարքը նրան վստահում է Էրզրումի հոգևոր վիճակի հովվապետությունը: 1811-ին նա Կ.Պոլսում օծվում է արքեպիսկոպոս:

Շուտով սրբազանը հիմնում է Էրզրումի Կարապետյան վարժարանը, զբաղվում լայն տնտեսական գործունեությամբ, շենացնում թեմի եկեղեցիները, ընդարձակում նրանց կալվածքները, զգալի օգնություն ցուցաբերում բազմահազար հայ սովյալների, հիմնում աղքատանոցներ:

Ուշագրավ է, որ 1810-ական թվականների երկրորդ կեսին, միաժամանակ, Կարապետ արքեպիսկոպոսը դառնում է ամբողջ Արևմտյան Հայաստանում ամենաճանաչված եկեղեցական գործիչներից մեկը, իսկ Ներսես արքեպիսկոպոս Աշտարակեցին իր ազգանպաստ գործունեության շնորհիվ այդ նույն համարումը վաստակում է արևելահայ իրականության մեջ: 1814-ին նշանակվելով Թիֆլիսի (Վրաստանի) հոգևոր թեմի առաջնորդ՝ Ներսես Աշտարակեցին նույնպես զուգահեռաբար ծավալում է տնտեսական լայն գործունեություն՝ նպաստելով Ռուսական կայսրության տարածքում գործող հայկական թեմերի բարգավաճմանը: 1824 թ. բացվում է նաև Ներսիսյան դպրոցը, որի  հիմնադրմանն իր դրամական մասնակցությունն է ունենում Կարապետ արքեպիսկոպոսը՝ Աշտարակեցու խնդրանքով ուղարկելով 8 ախչա քիսե կամ 8000 ղուռուշ, որն այն ժամանակ  կազմում էր բավական մեծ գումար՝ 1000 ռուսական ռուբլի: Շուտով Ներսիսյան և Կարապետյան դպրոցների միջև հաստատվում է որոշակի կապ: Էրզրումի դպրոցի մի խումբ ուսուցիչներ Գրիգոր Շեքերճյանի գլխավորությամբ լինում են Թիֆլիսում, ընդօրինակում Ներսիսյան դպրոցի փորձը:

Ժամանակի արխիվային նյութի ուսումնասիրությունից հետևում է, որ ի սկզբանե՝ 1810 թվականից երկու գործիչների միջև հաստատվում են ջերմ հարաբերություններ, և սկսվում է սերտ համագործակցություն: Նրանք իրենց գործունեությամբ զարմանալիորեն ավելի ու ավելի են երկուստեք նմանվում միմյանց, արժանանում համընդհանուր սիրո և հարգանքի:

1820-ական թվականների երկրորդ կեսին, պայմանավորված Անդրկովկասի և Արևմտյան Հայաստանի նկատմամբ ռուսական արտաքին քաղաքականության ակտիվացմամբ, իրադարձությունների զարգացումը Ներսես Աշտարակեցուն մղում է դեպի քաղաքական ասպարեզ. 1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմ, հայ կամավորական ջոկատների կազմավորում, Արևելյան Հայաստանի ազատագրում, Երևանի ժամանակավոր վարչություն, Պարսկահայքից հայերի զանգվածային գաղթ Ռուսաստանին անցած տարածքներ  և այլն:

1828 թ. սկսվում է ռուս-թուրքական պատերազմը: 1829-ի հունիսին ռուսական զորքերն ընդհուպ մոտենում են Էրզրումին: Հայերի նկատմամբ սկսվում են հալածանքներ: «Գազազած ռուսների զորքի ստվարությունից,- գրում է պատմաբան Հ. Գեղամյանցը,- օսմանցիները, նրանց կրոնամոլ մոլլաները, կատաղի «ղարադելիները», լեռնեցի «լազերը», սրերը ձեռքերն առած շրջում էին փողոցներում և սրախողխող անում պատահած քրիստոնյայի: Դա նման էր «բարդուղեմեան գիշերին»: 1  Կարապետ արքեպիսկոպոսի եռանդուն և խոհեմ քայլերի շնորհիվ հաջողվում է Էրզրում քաղաքի և շրջակա գյուղերի հայությանը փրկել մոլեռանդ մահմեդականներից սպառնացող վտանգից:

Միաժամանակ, ընդառաջելով Եփրեմ կաթողիկոսի ցուցումներին և հետևելով Աշտարակեցու ուղուն, համարձակ հոգևորականը նամակագրական կապեր է հաստատում ռուսական զորքերի հրամանատար Ի. Ֆ.Պասկևիչի հետ: Սակայն կաթողիկոսի կոնդակը՝  «Առաջնորդի հայոց Կարնոյ», որի մեջ վեհափառը պատվիրում էր ամեն կերպ նպաստել ռուսական զորքերի առաջխաղացմանը, ընկնում է թուրքերի ձեռքը: Կարապետ սրբազանը երկրորդ անգամ կանչվում է սերասկյարի մոտ և միայն հնարամտության շնորհիվ կարողանում հրաշքով խուսափել հաշվեհարդարից:

Կարապետ սրբազանը մի գաղտնի նամակ է ուղարկում կոմս Պասկևիչին, ուր ներկայացնում է հայերի համար ստեղծված ծանր վիճակը և խորհուրդներ տալիս քաղաքը դյուրությամբ գրավելու ուղիների վերաբերյալ: Բարեբախտաբար, այս վիճակը երկար չի տևում: Համոզվելով, որ դիմադրությունն անիմաստ է, սերասկյարը Պասկևիչին է ուղարկում քաղաքի բանալիները: Հունիսի 27-ին ռուսական բանակն առանց մարտի մտնում է Էրզրում:

Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունին կարողանում է իր նպաստը բերել Արևմտյան Հայաստանի խոշորագույն քաղաք Էրզրումը առանց կռվի ռուսներին հանձնելու հարցում: Պատահական չէ, որ հունիսի 27-ին նա ս. Նշան լեռան վրա օրհնում է ռուսական բանակը և ողջագուրվում Պասկևիչի հետ: Ռուսների գրաված այլ բնակավայրերը Ադրիանապոլսի պայմանագրով Թուրքիային վերադարձնելու լուրը անելանելի վիճակ է ստեղծում պատերազմում ռուսներին օժանդակած հայության համար: Անկասկած ռուսների հեռանալուց հետո հայ բնակչությունը հայտնվելու էր մահմեդականների վրեժխնդրության վտանգի առջև:

Ընդառաջելով ռուսական իշխանությունների ցանկությանը և հայ բնակչության մի ստվար հատվածի խնդրանքներին՝ Կարապետ Բագրատունին, դարձյալ հետևելով Ներսես Աշտարակեցու օրինակին, դիմում է վճռական և խիստ պատասխանատու քայլի՝ հանդես գալիս ռուսական նորահաստատ տարածքներ գաղթելու կոչով: Անշուշտ, այս դժվարին քալին դիմելիս Կարապետ Հունուտցին առաջնորդվել է Ներսես Աշտարակեցու գործելակերպով՝ համարելով այն միակ ճիշտ և ազգօգուտ քայլը:

Շուտով Կարապետ արքեպիսկոպոսը դառնում է Ախալցխա, Ախալքալաք և Ծալկա գաղթած իր հոտի առաջնորդը նոր հայրենիքում, ուր տեղափոխվում են բազմաթիվ հոգևորականներ, հիմնվում են դպրոցներ (Ախալցխայում՝ Կարապետյան, Ախալքալաքում՝ Մեսրոպյան) ու եկեղեցիներ, ձեռք բերվում կալվածքներ: Հոգևոր եղբոր՝ Ներսես Աշտարակեցու հետ պահպանվում է նամակագրական կապը: 1837 թ. Կարապետ սրբազանը ստանձնում է նորաստեղծ Վրացաիմերեթական թեմի առաջնորդի պարտականությունները: Ժամանակին (որպես Վրաստանի թեմի) այդ ծառայությունը կատարում էր Ներսես արքեպիսկոպոսը: Երկու գործիչների հեռակա մտերմությունը շարունակվում է: Շարունակվում են նաև պատմական զարմանալի զուգահեռներն ու զուգադիպությունները. մատուցած ծառայությունների համար Աշտարակեցին Նիկոլայ Առաջին ցարից ստանում է Ալեքսանդր Նևսկու (1828), Կարապետ Բագրատունին՝ Սուրբ Աննայի (1830) շքանշան: Պատահական չէ, որ Բեսարաբիայից վերադառնալուց հետո Ներսես Աշտարակեցուն օծելու պատիվը տրվում է Կարապետ արքեպիսկոպոսին: Ուշագրավ է, որ Ներսես Աշտարակեցին կաթողիկոս է ընտրվում 1843 թ. մայիսի 18-ին՝ Կարապետ արքեպիսկոպոսի ծննդյան օրը: Կարծում ենք, որ այս զուգադիպությունը պատահական չէր (օծումը տեղի է ունենում 1846 թ. հունիսի 9-ին):

Սակայն թիֆլիսյան բարդ ու արևմտահային անծանոթ միջավայրում, դեռ մինչև Ն. Աշտարակեցու վերադարձը, Կարապետ սրբազանը լուրջ հաջողությունների կողքին ունեցել է նաև ցավալի սայթաքումներ ու անհաջողություններ: Զանազան ճարպիկ մարդիկ փաստորեն իրենց ձեռքն էին վերցրել թեմական կյանքի տնօրինությունը, տկարացրել եկեղեցիներից մի քանիսը, խաթարել անգամ Ներսիսյան դպրոցի կյանքը: Դժբախտաբար, Էջմիածնի սինոդը ոչ միայն չէր սանձել այդ անձանց, այլև իր հերթին վիժեցրել էր Կարապետ Բագրատունու առաջադրած ազգօգուտ մի քանի ծրագրեր:

Այսպես, Կարապետ սրբազանը սինոդին ներկայացրել էր մի մեծ ծրագիր Ներսիսյան դպրոցի գործունեությունն ընդլայնելու վերաբերյալ, ուր մասնավորապես նախատեսվում էր ուսումնարանի համար ստեղծել առանձին հոգաբարձություն, նշանակել վերատեսուչ կամ ուսուցչապետ-տեսուչ, ավելացնել աշխարհականների զավակների թիվը, ստեղծել դպրոցին կից հիվանդանոց, բացել ստորին դասարաններ և այլն: Ցավոք, Էջմիածնից ստացվել էր հետևյալ պատասխանը. «Սեմինարիան կամ Հոգևոր դպրոցն առ այժմ մնասցէ ըստ առաջնոյն…, Հիվանդանոց կամ բժիշկ չեն պէտք: Ստորին ուսումնարան առ այժմ չէ հարկաւոր: Ի հոգևոր ուսումնարան կարելի է ընդունել զորդիս աշխարհականաց յայնժամ, երբ նուիրանօք քաղաքին Տփխիսոյ աճեսցին դրամք ուսումնարանի…»: 2

Զրկվելով նյութական աղբյուրից՝ դպրոցը պահելու համար Կարապետ սրբազանը կատարել էր մի անզգույշ և անհեռատես քայլ. վարժարանի վերնահարկը տվել էր վարձով: Երբ 1845 թ. Բեսարաբիայից վերադառնալով Ներսես Աշտարակեցին առաջին անգամ այցելել էր իր հիմնած դպրոցը, ինչպես Ավետիս Պերպերյանն է գրում՝ «տեսեալ զայն խոպանացեալ և ի վարձու տուեալ այլոց, ցաւ մեծ զգաց»: 3

Երկու գործիչների երբեմնի ջերմ փոխհարաբերությունների սառնության երկրորդ պատճառը 1846 թ. հունիսին տեղի ունեցած դեպքն է: Էջմիածնում ճաշկերույթի ժամանակ Կարապետ արքեպիսկոպոսը խոստանում է Դալմայի ջուրը Էջմիածնի մայրավանքին հասցնելու համար տրամադրել 30 հազ. ռուբլի: Կաթողիկոսը ողջունում է այդ քայլը և հայտնում, որ աղբյուրի մոտ կկանգնեցվի հուշարձան՝ ի նշան այդ բարեգործության: Սակայն հետագայում կաթողիկոսը վերանայում է իր որոշումը և առաջարկում այդ պատկառելի գումարը ուղղակիորեն հատկացնել Էջմիածնին՝ բազում այլ կարիքների համար: Այդ քայլից դժգոհ Կարապետ արքեպիսկոպոսը մերժում է կաթողիկոսի պահանջը և վերադառնում Թիֆլիս:

Կարապետ Բագրատունու համար սկսվում է դժվարին ժամանակաշրջան: Մեկը մյուսի հետևից ստացված կաթողիկոսական կոնդակներում սուր քննադատության էր ենթարկվում թեմի վիճակը: Առաջին կոնդակներում վեհափառը հարգանքով էր խոսում սրբազանի մասին՝ քննադատության թիրախ դարձնելով նրա շրջապատի մարդկանց: Սակայն հետագայում մեղադրվում է նաև ինքը՝ թեմակալ առաջնորդը: Բանն հասնում է այնտեղ, որ մի հանձնաժողով է ժամանում Թիֆլիս, որը հանգամանորեն քննում է գործերը: Խնդրին միջամտում են նաև ցարական քննչական մարմինները: Կազմվում են հաստափոր հատորներ: 4

Փաստորեն Կարապետ արքեպիսկոպոսը հեռացվում է պաշտոնից և հարկադրված լինում վերադառնալ Ախալցխա: Թեմի բոլոր պաշտոնյաները հեռացվում են ծառայությունից: Սրբազանին հրահանգվում է «չառնել ոչինչ կարգադրութիւն ոչ բանիւ և ոչ գործով»:

Ինչպես վկայում են արխիվային վավերագրերը, այս ամենը հետևանք էր բազմաթիվ թյուրըմբռնումների և քսու մարդկանց (Մինաս արքեպիսկոպոս, Իսահակ քահ. Զիալյանց, Ալ. Վարլամյանց, Դավիթ Խերոդինյանց, Նիկողայոս արք. Տեր-Մարուքյանց և այլք) ազգավնաս գործելակերպի:

Սակայն հատկանշական է, որ ինչպես կաթողիկոսը, այնպես էլ Վրացաիմերեթական թեմի առաջնորդը, չնայած Էջմիածին-Թիֆլիս եկեղեցական բարդ հարաբերություններին, երկուստեք գործում էին փոխադարձ հարգանքի շրջանակներում: Ավելին, Կարապետ սրբազանը իր գործակիցներին մշտապես շարունակում էր հորդորել՝ լինել համբերատար և չհամարձակվել հակառակվել Ամենայն հայոց հայրապետի կամքին: «Կաթողիկոսը մեղավոր չէ,- ասում էր «աքսորական» սրբազանը, այլ մեղավոր են քսու մարդիկ: Իմ Հայրապետի կամքը ինձ համար օրենք է, թող ես հալածվիմ, բայց թող Հայոց կաթողիկոսի խոսքը չկոտրվի»: 5

Պատահական չէ, որ շուտով, երկարատև քննությունների արդյունքում երբ պարզվում է Կարապետ Բագրատունուն ներկայացված բոլոր մեղադրանքների սնանկությունը, Ներսես կաթողիկոսը 1850 թվականից քանիցս փորձում է Կարապետ սրբազանին բերել Էջմիածին՝ իր կոնդակներում հիշեցնելով իրենց քառասնամյա բարեկամությունը և առաջարկելով վերադառնալ ծառայության: «Խաղաղարար» առաքելությամբ Ախալցխա է ուղարկվում Միքայել եպիսկոպոսը: Ավելին, 1852 թ. Ամենայն հայոց կաթողիկոսն անձամբ ժամանում է Ախալցխա և իջևանում Կարապետ Բագրատունու տանը: Վերականգնվում են Կարապետ արքեպիսկոպոսի հետ կաթողիկոսի բարեկամությունը և սրբազանի բարի անունը: «Մեծավորը», ինչպես Կարապետ սրբազանին փաղաքշորեն կոչում էին արևմտահայ գաղթականները, սիրահոժար համաձայնում է այցելել Էջմիածին: Սակայն 1853 թ. աշնանը Ղրիմի պատերազմի օրերին թուրքերի անակնկալ ներխուժումն Ախալցխա խանգարում է այդ այցի իրականացմանը: Կարապետ սրբազանը մնում է պաշարված քաղաքում՝ ոգևորելով պաշտպաններին և իր ծանրակշիռ ավանդը բերելով Ախալցխան անառիկ պահելու գործին: Կարապետ արքեպիսկոպոսը մահանում է 1856 թ. հունիսի 3-ին, իսկ Ներսես Ե կաթողիկոսը՝ 8 ամիս անց՝ 1857 թ. փետրվարի 13-ին:

Նույն ժամանակաշրջանում գործած Ներսես Աշտարակեցու և Կարապետ Բագրատունու գործունեության մեջ զարմանալիորեն կան շատ հար և նման զուգահեռներ, որոնք որոշակի հետաքրքրություն են ներկայացնում հայ եկեղեցու 19-րդ դարի առաջին կեսի պատմության համար: Վերոհիշյալը մեկ անգամ ևս հուշում է, որ պատմական միևնույն ժամանակաշրջանում ապրած տարբեր գործիչներ, անկախ իրենց գործունեության զանազան շրջաններում միմյանց նկատմամբ ունեցած փոխհարաբերություններից, պետք է գնահատվեն ըստ ամենայնի և իրենց արժանի տեղն ունենան մեր պատմության մեջ:

 

—————————————-

1.  Գեղամեանց Հ.,Կարապետ արքեպիսկոպոս, Փորձ, Թիֆլիս, 1876, թիվ 1, էջ 184:

2. Գեղամյանց Հ., Կարապետ արքեպիսկոպոս, կենսագրություն, առաջ. և ծանոթ.՝ Ա.Մելքոնյանի, Ե., 1999, էջ 70-71:

3. Պերպէրեան Ա., Պատմութիւն Հայոց, Կ.Պօլիս, 1871, էջ 288:

4. Այդ հատորները պահպանվում են Հայաստանի Ազգային արխիվի 53-րդ ֆոնդում:

5. Գեղամյանց Հ., նշվ. աշխ., էջ 80:

 

 

 

Անդին 9, 2013

Կարծիքներ

կարծիք