Մտորումներ 2015-ի նախաշեմին. հիշեցում. մենք պահանջատեր ենք

20152906152410830

ՀՀ անկախության տարիներին նշվել են Մեծ եղեռնի 80-րդ և 90-րդ տարելիցները: Առաջիկայում 100-րդ տարելիցն է, իսկ ես հետահայաց որոշ մտահոգություններ ունեմ, որովհետև մեր հիմնախնդիրների լուծման իրավունքը հաճախ մե՛զ չի վերապահված, և, ինչպես ցույց է տալիս փորձը, ամեն անգամ կանգնում ենք կատարված փաստի առաջ… Ահա թե ինչու Մեծ եղեռնի 80 և 90-րդ տարելիցներին նվիրված երևանյան միջազգային միջոցառումները, ավելի ճիշտ՝ համաժողովները, այդ առումով լրջորեն խորհելու տեղիք են տալիս:

1995-ի ապրիլին Մեծ եղեռնի 80-րդ տարելիցին նվիրված գիտաժողովում ՀՀ առաջին նախագահի մակարդակով Երևանում ցեղասպանության վերաբերյալ մեզ մատուցվում էին համայն հայության համար անընդունելի և ընդհանրապես պատմական ճշմարտության տեսանկյունից նույնպես անթույլատրելի դրույթներ՝ իբր թուրք ժողովուրդը մեղսակից չէ այդ ցեղասպանությանը, իբր Հայոց ցեղասպանությունը տնտեսական շարժառիթ չի ունեցել, իբր հայերը նույնպես մեղսակցության բաժին են ունեցել…

Այդ տարիներից մեր հանրապետությունում արդեն սկսել էին ուղեղալվացման աշխատանքներ, ուզում էին «ժողովրդավարացման» ուղին բռնած Թուրքիայի մասին նպաստավոր կարծիք և հանդուրժողականության այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ մենք փոխենք մեր վերաբերմունքը թուրքերի նկատմամբ… Բայց չէին հստակեցնում, թե որոշակի ինչի՞ նկատմամբ պետք է փոխվի մեր վերաբերմունքը՝ կատարված բարբարոսության ձևերի ու մեթոդների՞, զոհերի թվի՞, պղծված ու ոչնչացված պատմամշակութային արժեքների՞, կորսված ու հայաթափված Հայրենիքի՞…

Աշխարհում ինչ-ինչ ուժեր խոսում են այն մասին, որ պետք է փոխել վերաբերմունքը Հայոց ցեղասպանության նկատմամբ և թուրքերի հետ հաշտեցման կոչեր են անում: Այսինքն՝ եթե դրսում խոսում են Գերմանիայի ու Ֆրանսիայի հաշտեցման, Գերմանիայի ու Իսրայելի հաշտեցման մասին, իրենց իրավունք են վերապահում նույն այդ ենթատեքստում խոսել հայ-թուրքական հաշտեցման մասին: Խոսել, իհարկե, կարելի է, բայց ի՞նչ տրամաբանությամբ: Գերմանացիներն իրո՛ք ընդունել են իրենց մեղքը, հատուցել են դրա համար: Բայց մենք այսօր ինչպե՞ս և ինչո՞ւ խոսենք թուրքերի հետ հաշտեցման մասին, երբ ցեղասպան պետությունը ոչ միայն չի՛ ճանաչել իր ոճիրը, ոչ միայն չի՛ ընդունում իր մեղքը և դրա համար չի՛ փոխհատուցել, այլև մե՛զ է մեղադրում Ցեղասպանության համար… Ինչպե՞ս փոխենք մեր վերաբերմունքը Թուրքիայի մերժողական կարծր քաղաքականության նկատմամբ, երբ նրանից տարածքային արդար պահանջ ունենք…

Ամո՛թ է պարտվողական ու կրավորական վարքագիծ դրսևորելը թե՛ գիտական, թե՛ քաղաքական և թե՛ քաղաքագիտական մակարդակներում: Ամո՛թ է սեփական ազգն ու պետությունը նման ստորացուցիչ վիճակի հասցնելը:

Սա՝ 1995-ից մեզ ներարկված տրամադրությունների՛ մասին:

2005-ին, 1995-ի համեմատությամբ, իհարկե, միանգամայն տարբեր մթնոլորտում նշվեց Եղեռնի 90-րդ տարելիցը, որը, սակայն, այլ մտորումների տեղիք տվեց մի քանի պատճառով: Նախ տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ ամենամյա գիտաժողովը, որը սովորաբար տևում է մի քանի օր, հաճախ՝ կիսադատարկ դահլիճում, և, որպես հիմնական թերություն, նշենք բանախոսների ելույթների անհարկի կրկնությունները. վերլուծական միտքը գրեթե բացակայում է Հայոց ցեղասպանության գիտաժողովների բանախոսների մեծ մասի ելույթներում… Մի՞թե հնարավոր չէ խուսափել կրկնություններից կամ դրանք հասցնել նվազագույնի: Մասնագետների պատասխանը միարժեքորեն բացասական է. կրկնություններն անխուսափելի են:

Բայց մի՞թե դա չի հուշում, որ ժամանակն է խնդիրը պատմագիտական դաշտից տեղափոխել իրավաքաղաքական դաշտ: Ահա՛ իմ գլխավոր մտահոգությունը:

2005-ին ԱԳՆ-ի միջազգային հորջորջվող համաժողովում գրեթե բոլոր ելույթներն սկսվում և ավարտվում էին «հոլոքոստ» բառով. «Ծանրագույն հանցանք, ծանրագույն մարտահրավեր» խորագրով այդ համաժողովի գլխավոր նպատակը հստակ էր. «Մեկ անգամ ևս փորձել հասկանալ ցեղասպանության բնույթը, ուսումնասիրել ցեղասպանության ակունքները, գտնել բանաձևեր՝ այն կանխելու և հակազդելու համար»: Այստեղ բազմաթիվ հարցեր են ծագում, իսկ կարևորագույնը կամ առաջնահերթը, ըստ իս, հետևյալն է՝ մի՞թե այդ հարցերով դեռ նոր պետք է զբաղվեն մեր գիտնականները: Բայց եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ մենք ընդամենը միայն մեկ հայ ցեղասպանագետ ունենք՝ ի դեմս 86-ամյա Վահագն Տատրյանի, կարծում եմ՝ ամեն ինչ ասած կլինենք…

Եվ գուցե թե այս իրավիճակի իրազեկությունը հնարավորություն տվեց ցեղասպան երկրի պետական-քաղաքական առաջնորդներին 2000-ի հոկտեմբերի 27-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովում Հայոց ցեղասպանության հիմնահարցը հայտարարելու ոչ թե քաղաքական ուսումնասիրության առարկա, այլ գիտական, այսինքն՝ պատմաբանների խնդիր: Թե՛ այն ժամանակ, թե՛ այսօր իմ պատասխանը թուրքերին նույնն էր և է՝ բայց մի՞թե թուրք պատմաբան-գիտնականներն են հղացել ու իրագործել Հայոց ցեղասպանությունը, էֆենդիներ:

Ուշագրավ էր, որ 2005-ի երևանյան համաժողովին մեր արտաքին գործոց գերատեսչությունը բանախոսներ էր հրավիրել ՆԱՏՕ-ի դաշնակից երկրներից՝ ԱՄՆ-ից, Իսրայելից և Թուրքիայից: Այսինքն՝ այն երկրներից, որոնց պաշտոնական շրջանակները ոչ միայն չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այլև չեն էլ ուզում լսել այդ մասին: Մինչդեռ, մեղմ ասած, տարօրինակ է, որ այդ համաժողովին չէին մասնակցում ներկայացուցիչներ ՌԴ-ից, Ֆրանսիայից, Լատինական Ամերիկայից, արաբական աշխարհից. հատկապես վերջիններիս վերաբերմունքը Հայոց ցեղասպանությանը տրամագծորեն հակառակ է ուրացողների քաղաքականությանը:

Եվ քանի որ այդ համաժողովին առաջինը հրավիրվել էր տանկերով ու հրթիռներով «դեմոկրատիա» արտահանող երկիրը՝ ԱՄՆ-ը, վերջինիս ներկայացուցիչներն ու սրանց քաղաքական դաշնակիցները Երևանում փորձում էին համոզել, թե հայերիս գերխնդիրը Թուրքիան ժողովրդավարական տեսնելն է: Մի երազանք, որ փափագում էր Հրանտ Դինքը, իսկ որպես հայ-թուրքական հակամարտության կախարդական բանալի նա նույնպես հրամցնում էր 1921 թվականի Կարսի ռուս-թուրքական հանցագործ պայմանագիրը:Խնդրեմ, այդ մասին կարդացեք Հրանտ Դինքի՝ հետմահու Երևանում լույս տեսած «Երկու մոտ ժողովուրդ, երկու հեռու հարևան» գրքի 74–75-րդ էջերում: Կարծում եմ՝ այդ հրատարակության մեջ շատ այլ ուշագրավ մտքերի կհանդիպեք:

Ես դեմ չեմ Թուրքիայի ժողովրդավարացմանը, բայց դա այդ երկրի ներքին խնդիրն է, իսկ մեզ համար կարևորը կատարվածի համար նրանից պատասխան պահանջելն է՝ անկախ այն բանից, թե ինչ և ինչպես կվճարի դրա դիմաց… Թող Թուրքիայի հասարակությունը ուժ գտնի իր մեջ, թոթափի իր մեղքը…

Դժվարանում եմ ասել, թե քանի հոգի այդ գիտաժողովի օրը հասկացավ, որ դա լարախաղացություն է, և քանի մարդ կուլ տվեց թուրքական դիվանագիտության հերթական խայծը…

Իսկ ՀՀ-ում և սփյուռքում այնքա՜ն ընդունված Թաներ Աքչամը, որ իբր Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման ջատագովներից է, «հանճարեղ» միտք է հայտնում այդ համաժողովում՝ երկուստեք հրաժարվել «ցեղասպանության ենթարկվածի» և «ցեղասպանություն կատարողի» բարդույթներից և մոռանալ փոխադարձ վիրավորական խոսքերը: 

Միջոցառման կազմակերպիչները մեծ «պատիվ» էին արել և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանին հրավիրել էին մասնակցելու քննարկումներին: Ինչպես ժամանակին ասաց պարոն Մելքոնյանը, «Օրանն առաջարկում էր հրաժարվել «ցեղասպանություն» բառից՝ պակասեցնելու համար թուրքերի մեղքի բաժինը: Աքչամի տարբերակով ասել՝ մենք և թուրքերը վերապրողներ ենք, անընդունելի է և շատ ավելի վտանգավոր այն առումով, որ Հայոց ցեղասպանությունն ընդունող գրեթե բոլոր թուրք պատմաբաններն ու գործիչները համարում են, որ թուրքերն այլընտրանք չունեին, պետք է հայերին տեղահանեին: Նշանակում է՝ կայսրությունը փրկելու համար պետք է հայերին տեղահանեին և բնաջնջեին…»: 

Ցեղասպանությունների դատապարտման և ճանաչման այս ընդհանուր գիտաքաղաքական մթնոլորտում հոլոքոստի կշիռը մեծ էր՝ հասկանալի պատճառներով. հրեաները շատ ուժեղ են և իրենց ցեղասպանության արտառոցությունն ու եզակիությունն են հոլովում միշտ և ամենուր:

2005-ին համաժողովի դահլիճում հրեաների ներկայությունն իսկապես ճնշող էր… 1995 թ. երևանյան գիտաժողովում էլ նրանք քիչ չէին: Հայտնի է հրեաների վերաբերմունքը Հայոց ցեղասպանության նկատմամբ: Ավելին, սրանց կարծիքով՝  համաշխարհային ցեղասպանությունների հենքի վրա Հայոց ցեղասպանությունը ներկայացնելը և Աֆրիկայում տեղի ունեցող նման այլ հանցագործությունների հետ բաղդատելու հանգամանքն աշխարհի համար շատ ավելի ընկալելի են, եթե, իհարկե, միջնորդավորված է միայն և միայն հոլոքոստով…

Այս միջոցառումը նույնպես հոլոքոստը ներբողելու լավ հնարավորություն էր տվել հրեաներին. զուգահեռներ էին անցկացնում հոլոքոստի և Հայոց ցեղասպանության միջև՝ իրենց համար բավական շահեկան դիրքերից՝ Մեծ եղեռնը երկրորդ պլան մղելով… Երևանում…

Բայց, ի տարբերություն ՀՀ ԳԱԱ 1995 թ. գիտաժողովի, 2005-ին Երևանում առանձնապես չընդգծվեց այն հանգամանքը, որ Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել հայոց բնօրրանում, որի հետևանքով հայերը հայրենազրկվել են, իսկ հրեաներին կոտորել են Եվրոպայում: Հրեաներն այս փաստարկից շատ են նեղվում, դե մենք էլ սիրում ենք, չէ՞, ռևերանսներ անել. հանկարծ մեզանից չնեղանան…

2005-ի ԱԳՆ-ի կազմակերպած համաժողովը եզակի մի առանձնահատկություն էլ ուներ՝ հրավիրված էին նաև հայաստանցի պատմաբաններ: Այո, հրավիրված էին, այսինքն՝ հյուր էին իրենց տանը… Աշոտ Մելքոնյանի վկայությամբ՝ «Հայ մասնագետները հիմնականում դրսից էին, իսկ ՀՀ-ից ելույթ ունեցան միայն Նիկոլայ Հովհաննիսյանը և Ռուբեն Սաֆրաստյանը, որոնցից և ոչ մեկին իրավունք չվերապահվեց նախագահել որևէ նիստում: Ես և Լևոն Մկրտչյանը մասնակցեցինք միայն քննարկումներին…»: 

Բայց, ահա, ոչ անհայտ Ժիրայր-Ջերալդ Լիպարիտյանը, որի հակահայկական, ապազգային հայացքներին քաջածանոթ է ողջ հանրությունը, Երևան էր ժամանել ոչ ավել, ոչ պակաս տանտիրո՛ջ իրավունքով: Նա ոչ միայն վարեց համաժողովի վերջին՝ երկրորդ օրվա նիստը՝ որպես նախագահ, այլև քննարկումները՝ որպես համաժողովի վերջին ակորդ:

Եվ անհասկանալի էր այս համաժողովում նրա նախագահելը: Պատահական չէ, որ հատկապես հայաստանյան գիտնականների շրջանում եղան իրավացի դժգոհություններ այդ համաժողովից:

ԱԳՆ-ի համաժողովից մի քանի օր անց «Ազգ» թերթը տպագրեց հարցազրույց Ժիրայր Լիպարիտյանի հետ: Մեջբերենք մի «գոհար» սույն պարոնի «անմահ» մտքերից. «Մեծ եղեռնի 90-րդ տարելիցին նվիրված համաժողովը շատ էր քաղաքականացված: Մտահոգությունս այն էր նաև, որ ցեղասպանության նման հարցն այդքան մեծ տեղ է գրավում արտաքին քաղաքականությունում: Վտանգ կա, որ Հայաստանը, որպես պետություն, մնացյալ աշխարհի հետ իր հարաբերությունները պայմանավորի այդ հարցով»:

Լիպարիտյանի հին «երգերը» վաղուց արդեն անընդունելի են, և, ինչպես ԱԳՆ համաժողովից հետո ասաց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, «…բարեբախտաբար, այսօր՝ 21-րդ դարում, արժեքային համակարգը կարծես փոխվում է, և աշխարհն ինքն է թեքվում դեպի արդարություն, դեպի ցեղասպանության ճանաչում, որը մեզ համար շատ նպաստավոր պայմաններ կարող է ստեղծել՝ արտաքին քաղաքական մեկուսացման վիճակից դուրս գալու իմաստով: Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն այսօր հայտնվել է միջազգային բավական նպաստավոր իրավիճակում: Մենք պետք է կարողանանք մեր արտաքին քաղաքականության ոլորտում այս հանգամանքը շատ ավելի կարևորել: Համոզված եմ, որ անպայման հաջողություններ կունենանք. վերջին տարիներին աշխարհի տարբեր երկրների խորհրդարաններում Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը վկայում է դրա օգտին, և Թուրքիայի՝ Եվրամիության անդամակցության նախաշեմին պետք է կարողանանք դիվանագիտական մակարդակով օգտագործել այն՝ ի շահ մեր ժողովրդի ազգային նպատակների»:

Ավելի քան տարօրինակ էր այդ համաժողովի երրորդ բաժինը՝ «Հաշտեցո՞ւմ, թե՞ հակամարտություն» խորագրով: Սա «միջազգային չափանիշների» մեջ մեզ խցկել-տեղավորելու մշտական մոտեցման հերթական անբարո քայլ էր:

ԱԳՆ-ի հրավիրած համաժողովին բավական «մոտ ազգակցական» կապեր ուներ նաև Համաշխարհային հայկական կոնգրեսի «Ցեղասպանության գործոնը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում» գիտագործնական կոնֆերանսը՝ համաժողովից մի քանի օր անց: Կոնֆերանսի անհեթեթ խորագրին հանգամանորեն անդրադարձել ենք  2004-ին՝ նրա առաջին հավաքի առիթով. այն ժամանակ փորձեցին Երևանում պարտադրել Մոսկվայում թխված մի տեքստ…

Կոնգրեսի «Ցեղասպանության գործոնը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում» միջոցառման մեխը, ինչպես փաստում էր դրա վերնագիրը, Հայոց ցեղասպանությունը որպես գործոն դիտելն էր: Ի՞նչ է նշանակում՝ հայ-թուրքական հակամարտության պայմաններում, որտեղ բացակայում են բնականոն առնչությունները, խոսել Հայոց ցեղասպանության մասին՝ որպես գործոնի: Այսինքն՝ ցեղասպանությունը, որ պարտադրվել է մեզ, այդ հավաքում քննարկվում էր իբրև «գործոն»՝ հայ-թուրքական հակամարտության կարգավորման դաշտում, և դա այն դեպքում, երբ ՀՀ-ի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար Թուրքիան ներկայացնում է կոշտ և անընդունելի նախապայմաններ: Իրականում այդ քաղաքականությունը նշանակում է հայ ժողովրդի անկախ պետականության իրավունքի մերժում: Եվ ով հարցական է դնում գործոնի վրա, նշանակում է՝ կասկածում է, որ դա գործոն է: Ամո՛թ է, պարոնա՛յք, միայն մեր արժանապատիվ պահվածքով կստիպենք թուրքերին լրջորեն մտածելու հայ-թուրքական հակամարտության, իրենց մեղքը ճանաչելու և հատուցելու մասին:

Ամո՛թ է, որ նման հարց հենց մե՛ր երկրում ենք քննարկում…

Այս մտքերն, ահա, արդեն քանի տարի ինձ հանգիստ չեն տալիս, և տևական մտորումներից հետո եկել եմ այն եզրահանգման, որ Հայոց ցեղասպանության նկատմամբ մեր վերաբերմունքը դեռ բավարար խոհեմ չէ: Բնական է, որ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, մյուս երկրները, հատկապես ԱՄՆ-ը, որը  հյուսել է այս ողջ շղթան, հորդորեն մեզ՝ թեթև նայեք կատարվածին, անցած լինի… Բայց ինչպե՞ս… Մենք, նույնիսկ մեր պետական այրերի մակարդակով, դեռ լավ չենք գիտակցում, թե ինչպես են վարվել մեր նկատմամբ…

Ինձ հանգիստ չի տալիս Իսրայելի վարչապետ Շարոնի մի արտահայտությունը: Հոլոքոստի 60-րդ տարելիցին նա ասաց. «Չենք մոռանա՝ ովքե՛ր սպանեցին, չենք մոռանա անմեղ զոհերին և չենք մոռանա, որ ամբողջ աշխարհն անտարբեր էր այդ ժամանակ»: Ի՞նչ է, չմոռանալը միայն հրեաների՞ մենաշնորհն է… Իսկ ինչո՞ւ մե՛նք պետք է մոռանանք: Չէ՞ որ հոլոքոստի հետևանքով հրեաները հայրենանկ չեն արվել:

Այսինքն՝ Թուրքիան մի ողջ ժողովրդի դարձրեց հանցագործ, իսկ գերմանացի ազգը հանցագործ չէ. հանցագործ են նացիստները: Մենք ի զորու չենք սա մոռանալու և չպետք է մոռանանք… Մենք չպետք է մոռանանք բոլոր նրանց, ովքեր օժանդակեցին, խրախուսեցին թուրքերին, խորհրդատուներ դարձան և այսօր էլ շարունակում են աճպարարություն անել մեծ քաղաքականության մեջ՝ շահարկելով Հայոց ցեղասպանության հարցը… 

Ես վստահ եմ, որ մի գեղեցիկ օր մեր հայրենիքի ժամանակավոր բռնազավթված հատվածները, մեր հողերը վերադարձնելու ենք: Վստահ եմ, որ Թուրքիայի պես մակաբույծ ու հանցագործ պետությունը, որ իր ողջ պատմության ընթացքում պաշտոնապես զբաղվել է միայն ավազակությամբ ու չարիք դարձել մոտ ու հեռավոր հարևանների համար, մասնատվելու է, տրոհվելու է, ինչպես մասնատվել են բոլոր կայսրությունները, դա նաև պատմության փիլիսոփայությունն է հուշում` ըստ պատմության տրամաբանության, իսկ այդ օրը, կարծում եմ, հեռու չէ, և մենք պետք է պատրաստ լինենք պաշտպանելու մեր անիրավված Դատը:

Ցավալին այն է, որ մենք առայժմ դասեր չեն քաղել մեր անցյալից անգամ Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի շեմին. խոսքս ոչ միայն քաղաքական այրերի, այլև ժողովրդի մասին է: Դասեր չի քաղում երիտասարդության ճնշող մեծամասնությունը: Ասում են՝ թուրքի հետ ի՞նչ խնդիր ունեմ ես, ինչ որ եղել է, պապիս հետ է եղել: Չի կարելի մոռանալ, որ պապիդ ճակատագիրը մի օր էլ քեզ բաժին կընկնի: Գուրգեն Մարգարյանն էլ չէր պատկերացնում նման բան. Եվրոպայի սրտում թուրքի հետ կողք կողքի ապրելիս կորցրեց զգոնությունը: Եվ այսօր էլ, Մեծ եղեռնից շուրջ մեկ դար անց, գնում ենք նույն խոտոր ճանապարհով: Գլխապատառ վազելով նյութական արժեքների ու բիզնեսի հետևից՝ ոչ մի կերպ չենք կարողանում հասկանալ կամ չենք ուզում հիշել, թե ժամանակին հայերն ինչեր ունեին Թուրքիայում. դրամատների 90 տոկոսը նրանց ձեռքին էր: Ֆինանսապես այդքան հզոր հայերը չեն կարողացել իրենք իրենց փրկել: Այսօր թուրքի հետ հիմնախնդիր չունենք, բայց համոզված եմ, որ վաղը կունենանք… Թուրքը դեռևս չկազմավորված, վայրենի բաշիբոզուկ է: Թուրքական հասարակություն նոր-նոր է ձևավորվում: Թուրքը թուրք է. սա շատ լավ պետք է գիտակցի յուրաքանչյուր հայ…

Ամեն անգամ հավաքվել գիտաժողովների կամ այլ միջոցառումների և գոհունակություն հայտնել կամ երջանկանալ, որ այս կամ այն երկրի խորհրդարանը ճանաչեց ու դատապարտեց Հայոց ցեղասպանությունը՝ համարելով, որ որոշակի առաջընթաց արձանագրեցինք, հարցի լուծում չէ: Բարեբախտություն է, որ ՀՀ պետական մարմինները վերջապես հասկացան և ընդունեցին այն տեսակետը, որ Հայոց ցեղասպանության հարցը պատմաբանների խնդիր չէ՛: Մեր արտաքին քաղաքականության ոլորտում այս հարցը շատ արմատական ձևով պետք է դրվի. մենք քաղաքական խնդիրներ չենք լուծում. մենք հայրենիք ենք կորցրել, և այդ հարցն է օրակարգում…

Չի՛ կարելի հավատալ մեր թշնամիների հերյուրած ցնդաբանություններին, թե 1948 թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի ընդունած «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիան հետադարձ ուժ չունի և չի վերաբերվում Հայոց ցեղասպանությանը: Հակադարձեմ. նույն այդ տրամաբանությամբ՝ այն չի վերաբերվում նաև հրեաների հոլոքոստին: Իսկ 1968 թ. ՄԱԿ-ի ընդունած «Մարդկության դեմ իրականացրած հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» կոնվենցիան ուղղակիորեն ընդգծում է այն հանգամանքը, որ ցեղասպանություն հանցագործությունը երբեք վաղեմության ժամկետ չունի:

Եղեռնից վերապրած սահմանափակ թվով հայերի շառավիղներին ինչ-ինչ գումարներ վճարելով՝ Թուրքիան դեռևս չի հատուցում իր մեղքը. մեր կորուստն անգնահատելի է. հայրենիք ենք կորցրել, իսկ գենոֆոնդի կորուստը՝ իր մտավորական սերուցքով, անդառնալի է այլևս: Բայց Հայրենիքը պարտավո՛ր ենք վերադարձնել ինչ գնով էլ լինի…

Իսկ դրա համար ոչ թե երկիրը դատարկել է պետք, սիրելի հայրենակիցներ, ինչպես անում եք այժմ՝ ամեն օր հարստացնելով վաղուց արդեն ուծացվող դասական Սփյուռքը, ավելի ճիշտ՝ ժամանակավորապես դիմազրկելով այն՝ մինչև ձեր վերջնական ու լիակատար ձուլումը: Ինչքա՛ն կարելի է օտար երկրներում ՀՀ դրոշներ պարզած երթեր ու ցույցեր կազմակերպել կամ գումարներ վատնել լոբբիստական աշխատանքների համար: ՀՀ-ն՝ որպես պետություն, այլևս իրողություն է, հարկավոր է այն ներսի՛ց ամրացնել, ոչ թե դրսից քննադատել բացթողումներն ու սխալները: Եկեք գործենք ոչ թե ընդդեմ, այլ հանուն, որովհետև յուրաքանչյուր հայի նվիրական երազանքը Միացյալ և Հզոր հայրենիքն է, իսկ այն իրականություն դարձնելու համար ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ՀԱՄԱՏԵՂ ՋԱՆՔԵՐ:

Մենք պահանջատեր ենք և գոնե Մեծ եղեռնից 100-րդ տարի անց սա պետք է կարողանանք հասկանալ պետակա՛ն մակարդակով:

Միակ ելքը, կրկնում եմ, պետք է հզորանալ և հզորացնել մեր հայրենիքը, հայից դուրս մղել, վանել, մեկընդմիշտ և հավիտյանս արմատախիլ անել ճամպրուկային տրամադրություններն ու դրանց բացիլները և անհաշտ պատերազմ հայտարարել այդ չարիքին, կառուցել ու շենացնել միայն ու միայն սեփակա՛ն երկիրը՝ թեկուզ և հանուն միայն ու միայն ձե՛ր թոռների ու ծոռների: Մենք սա պարտավո՛ր ենք անել… Դասեր քաղենք գոնե հրեա-թուրքական կամ թուրք-հրեական (ինչպես ուզում եք անվանեք) դիվանագիտությունից կամ քաղաքականությունից…

Օլիմպիական խաղերի օրերին լոնդոնահայության հետ հանդիպման ժամանակ՝ օգոստոսի 30-ին, ՀՀ նախագահն ասաց. «2015 թվականը լինելու է շրջադարձային»:

Կապրենք՝ կտեսնենք…

 

ամսագրային տարբերակ

Անդին 10, 2014

Կարծիքներ

կարծիք