Մտավորականը հայրենիքի զինվորն է

img_7243Որքան էլ փորձում ես հեռու մնալ ընդհանրացում-բանաձևումներից, որքան էլ փորձում ես մասնակիցը միայն լինել բանաձևումների հասունացման՝ ավարտուն ձևակերպումը վստահելով ինքնաբյուրեղացմանը, չի ստացվում. միկրոֆոնով, գրիչով քեզ դեմ են անում պատին ու պահանջում ընդհանրացնել, բանաձևել, ձևակերպել… Կարծես մեկընդմիշտ լուծվող հարց է, և, ահա, քո բանաձևումով ավարտվելու է պատմությունը:

Հազարավոր ձևակերպումներ կան, մտավորականի հազարավոր օրինակներ են շողշողում, բայց դրանք, կարծես, չեն բավարարում հանրությանը, և այսօր, ահա, դու ես ընկել լրագրողի ճանկը, այն էլ՝ որերորդ անգամ, և դու պիտի ձևակերպես քոնը…

Սարերից իջնող ձնհալի ջրերը՝ գետակի տեսքով, թե աղբյուրի, նույն համն ու հոտը չունեն, ինչ ունեն ամենավերում: Ճանապարհին, մինչև հարթավայր և կամ մինչև հորդացող աղբյուր, ջրերն այդ իրենց մեջ են առնում բազմատեսակ հանքանյութեր, հարստանում են և այս բաղադրությամբ են ներկայանում մեզ՝ որպես ջուր: Վերևում, ամենավերում, եթե կուզեք, այդ ձյան հալոցքը ջուր էլ չէ և կամ՝ ջուր է, սակայն անհոտ և անհամ: Դրանով ոչ կհագենաս և ոչ էլ բույս կսնես:

Որևէ հասարակության համար մտավորականը, ահա, ջրին համուհոտ տվող, ջրին ջուր դարձնող այս բաղադրությունն է, որ ներառվել է բնականորեն, աննկատ և մանավանդ առանց արտաքին միջամտության գդալի: Կարող էի և «շերեփ» ասել, որովհետև երբ բացվում է միջամտության ախորժակը, գդալն այլևս անելիք չունի:

Ժամանակ առ ժամանակ մտավորականի առջև պահանջ է դրվում՝ լինել այսպիսին կամ այնպիսին: Ո՛ւր է մտավորականը հարցը երևի թե ամենահաճախ հնչող հարցն է եղել: Եվ որովհետև չի հնչել  հստակ պատասխան, հասարակության մեջ կարծրացել է մտավորական չունենք տխուր եզրահանգումը: Երբեմն իրենք՝ մտավորականներն էլ են ընկել այս տխուր եզրահանգման ազդեցության տակ: Իրենց անելիքն արել են, համուհոտ են տվել հալոցքի ջրին, բայց հո իրե՛նք չէին ցուցանելու իրենց ներկայությունը:

Արժևորման խնդիր ունենք… Մի օր չդիմացա, սոց. ցանցերում դառնորեն բղավեցի, երբ իրար հետևից մի քանի մտավորականներ թողեցին այս աշխարհը. Հապա ասում էիք մտավորական չունենք…: Նրանց հեռանալուց հետո նկատվեց, որ ունենք, այնինչ կենդանության օրոք էր պետք նկատել: Ոչ թե միայն նկատել, այլև արժևորել: Մտավորականը անաղմուկ է գործում, բնականորեն և, եթե կուզեք, առանց հրահանգի ու պատվերի: Եթե այսուհանդերձ հրահանգ ու պատվեր գոյություն ունի, ապա ինքն է իրեն հրահանգ ու պատվեր տվողը և ոչ թե իշխանությունը կամ նույնիսկ հասարակությունը, թեև հնարավոր է, որ իշխանության կամ հասարակության հրահանգ-պատվերը համընկնի իր իսկ հրահանգ-պատվերին:

Կան, չէ՞, խնդիրներ, որոնց լուծման համար միասնականություն է անհրաժեշտ: Երբ վտանգված է Հայրենիքը, մտավորականը Հայրենիքի զինվորն է նաև, միասնականության կոչի մունետիկը՝ անկախ նրանից՝ ինքը հավա՞ն է երկրում տիրող կարգերին, թե ոչ: Տիրող կարգերը փոխում, բարեփոխում են խաղաղ օրերին, պատերազմական օրերին պաշտպանում են Հայրենիքը: Եթե ձեզ դուր չի գալիս այս կեցվածքը՝ շարունակեք հարցնել.

Ո՞ւր է մտավորականը, և սպասեք հերթական հուղարկավորությանը:

 

Անդին 8, 2014

Share

Կարծիքներ

կարծիք