Մի դրվագ 1921 թ. Մոսկվայի քեմալա-բոլշևիկյան բանակցություններից կամ ինչպես Ստալինը Արարատը փոխանակեց Բաթումի հետ

Հեղինակ:

20142609140220952

Երկրորդ համաշխարհային պատերազմի ամբողջ ընթացքում, չնայած իր չեզոք կարգավիճակին, Թուրքիայի Հանրապետությունը ֆաշիստական Գերմանիայի հումքի հիմնական մատակարարներից մեկն էր: Միաժամանակ, Թուրքիան մինչև 1945 թ. հունվարի 12-ը Բոսֆորն ու Դարդանելը փակ էր պահում ՍՍՀՄ-ին օգնություն բերող ամերիկյան և բրիտանական նավերի համար:  Այս երկու հանգամանքն էապես բարդացրել էր պատերազմի ընթացքը և երկարաձգել դրա տևողությունը՝ պատճառ դառնալով հարյուր հազարավոր նորանոր զոհերի: Բնականաբար, Սովետական Միությունն առաջին իսկ պատեհ առիթով Թուրքիային պիտի հիշեցներ վերջինիս թշնամական վարքը:

Ըստ այդմ, 1945 թ. մարտի 19-ին, երբ արդեն միանշանակորեն պարզ էր պատերազմի ելքը, Սովետական Միությունը չեղյալ հայտարարեց 1925 թ. դեկտեմբերի 25-ի Սովետա-թուրքական պայմանագիրը չեզոքության և չհարձակման մասին (Советско-турецкий договор о нейтралитете и ненападении), իսկ ավելի ուշ ուղղակիորեն հանդես եկավ «սովետա-թուրքական սահմանը շտկելու» պահանջով: Ուշագրավ է, որ Սովետական Միությունը հանդես էր գալիս ոչ թե 1921 թ. մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրի վերանայման պահանջով, այլ 1925 թ.-ի: Սա միանշանակորեն վկայում է այն մասին, որ այդ պահին արդեն ՍՍՀՄ-ը Մոսկվայի 1921 թ. պայմանագիրը չէր դիտարկում որպես օրինական և գործող միջպետական փաստաթուղթ:

Հայտնվելով նման վտանգավոր իրավիճակում՝ Թուրքիան, բնականաբար, ամեն փաստարկ պիտի օգտագործեր՝ կանխելու համար սահմանային որևէ հնարավոր փոփոխություն: Թուրքիան գործադրում էր ամեն ջանք՝ հիմնավորելու գոյություն ունեցող սովետա-թուրքական սահմանի օրինականությունը: Կռվաններից մեկն այն էր, որ սահմանը ուժով չի պարտադրվել Սովետական Ռուսաստանին: Ավելին, թուրքական կողմը պնդում էր, որ Ստալինն ինքն է անձամբ մասնակցել սահմանային բանակցություններին և հենց նրա առաջարկով է սահմանն ունեցել նման ուրվագիծ:

Այս առումով մի հետաքրքրական փաստաթուղթ է պահվում Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչության արխիվում: Դա 1945-1952 թթ. Լոնդոնում Թուրքիայի դեսպան (Ջևաթ Աչիկալինի [1901-1970 թթ.] (Cevat Acikalin) պաշտոնական նամակն է՝ հասցեագրված Բրիտանական կայսրության արտաքին հարաբերությունների պետքարտուղար Էռնեստ Բևինին [1881-1951 թթ.] (Ernest Bevin): Գրությունը՝ թվագրված 1945 թ. մարտի 4-ով,  ներկայացնում է հետաքրքրական մանրամասներ Մոսկվայի պայմանագրի կնքման նախապատմությունից: Հարկ է նշել, որ Աչիկալինը շատ փորձառու դիվանագետ էր, մինչ լոնդոնյան պաշտոնավարումը զբաղեցրել էր մի շարք պատասխանատու պաշտոններ, այդ թվում եղել էր Թուրքիայի դեսպանը Մոսկվայում 1942-1943 թթ.: Աչիկալինը դեռևս քեմալական պատվիրակության կազմում 1921 թ. մասնակցել է Մոսկվայում բոլշևիկների հետ բանակցություններին: Հանրահայտ փաստ է, որ առաջին փուլում մոսկովյան բանակցություններն առանձնապես թուրքերի ուզած տարբերակով չեն զար•ացել: Սակայն բանակցությունների միջնամասում տեղի է ունենում կտրուկ բեկում, և, ի վերջո, թուրքերը ստանում են իրենց ակնկալիքը: Ահա թե ինչպես է թուրք դիվանագետը բացատրում բոլշևիկյան դիրքորոշման այդ փոփոխությունը.

«Քանի որ 1921 թ. պայմանագրի շուրջ ընթացող բանակցությունների ժամանակ առաջ եկան մի շարք դժվարություններ թուրքական պատվիրակության և Արտաքին հարաբերությունների կոմիսար Չիչերինի միջև, Մոսկվայի համաժողովը մտավ փակուղի, և բանակցություններն առկախվեցին: Այս դադարի ժամանակ, Ազգությունների այդ ժամանակվա կոմիսար պրն. Ստալինի ցանկությամբ, փետրվարի վերջից մինչև մարտի սկիզբը Կրեմլում մի քանի հանդիպումներ կայացան թուրքական պատվիրակության և անձամբ պրն. Ստալինի միջև: Հենց այս խիստ բարեկամական մթնոլորտում ընթացող հանդիպումներից մեկի ժամանակ էր, որ արևելյան սահմանների հարցը վերջնականապես լուծվեց: Այս հանդիպման ժամանակ էլ որոշվեց նոր արևելյան սահմանների հարցը, այն է՝ Թուրքիային անցան Բրեստ-Լիտովսկի պայմանագրով նախատեսված արևելյան երեք նահանգները, որոնք նախկինում փոխանցվել էին Ռուսաստանին Բեռլինի 1878 թ. պայմանագրով»:

[ “Due to some difficulties encountered during the negotiations of the Treaty of Moscow of 1921, held between the Turkish Delegation and M. Tchitcherine, the Commissar of Foreign Affairs, the Conference reached a deadlock, and negotiations were suspended. During this recess, following the desire expressed by M. Stalin, then the People’s Commissar, several meetings took place at the Kremlin, from the last part of February to the beginning of March, between the Turkish Delegates and M. Staline himself. It was in the course of one of these meetings, which went on in a very friendly atmosphere, that the question of the eastern frontiers was definitely settled. During this meeting the question of the drawing of the new eastern frontiers arising out of the session to Turkey by the Treaty of Brest-Litovsk of the three eastern provinces, which were previously ceded to Russia by the Treaty of Berlin of 1878, was discussed.” ]

Այստեղ անհրաժեշտ է անդրադառնալ երկու հանգամանքի: Առաջինը՝ թուրքական կողմի իրավունքները 1921 թ. գարնանը չէին կարող խարսխված լինել Բրեստ-Լիտովսկի պայմանագրի վրա (3 մարտի, 1918 թ.), քանի որ վերջինս դեռևս 1918 թ. չեղյալ էր հայտարարվել այն ստորագրած կողմերի՝ բոլշևիկների և Օսմանյան կայսրության կողմից: Բոլշևիկյան իշխանությունները Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը չեղյալ էին հայտարարել դեռևս 1918 թ. սեպտեմբերի 20-ին՝ ի հետևանք թուրքերի կողմից ստանձնած պարտավորությունների ոտնահարման և Բաքվի ավարառության:  Թուրքիան իր հերթին նշյալ պայմանագրից հրաժարվել էր 1918 թ. հոկտեմբերի 30-ի Մուդրոսի զինադադարով (մասնավորապես հոդված 15(2)), որով ընդունել էր իր պարտությունը: Պետք է շեշտել, որ նշյալ Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը թեև ձևով պայմանագիր էր, բայց ըստ էության այն ծանր փրկագին էր, որը բոլշևիկյան վարչախումբը վճարում էր սեփական իշխանությունը պահելու համար: Պայմանագրով բոլշևիկները ոչ միայն հրաժարվում էին Առաջին համաշխարհային պատերազմի նվաճումներից, այդ թվում Թուրքիայում [հոդված 4(2)], այլև գերմանա-ավստրիա-թուրքական եռյակին էին զիջում 780 հազ. քկմ տարածք բուն Ռուսական կայսրությունից [ներառյալ Արդահանը, Կարսը և Բաթումը Հարավային Կովկասում [հոդված 4(3)]  և վճարելու էին 390 տոննա մաքուր ոսկի:

Ու եթե վերոհիշյալ առաջին հանգամանքը մեծապես վերաբերում է Մոսկվայի պայմանագրի իրավական հիմքերին կամ, ավելի ճիշտ, դրա բացակայությանը, ապա երկրորդ հանգամանքը առավելապես վերաբերում է հայերին և վրացիներին:

Հիշենք, որ Մոսկվայի բանակցություններում քեմալականներն ու բոլշևիկները քննարկում էին հետևյալը՝ թուրքերին զիջել այն տարածքները, որոնք Ռուսական կայսրությանն էին անցել Բեռլինի պայմանագրով (1878 թ.): Ըստ Բեռլինի պայմանագրի 58-րդ հոդվածի՝ «Բարձր Դուռը Ասիայում Ռուսական կայսրությանն էր զիջում Արդահանի, Կարսի և Բաթումի տարածքները՝ վերջինիս նավահանգստով հանդերձ»:  Այսուհանդերձ, ստալինյան միջամտությունից հետո Մոսկվայի պայմանագրի հոդված 2-ով թուրքերը ՙհամաձայնվեցին Վրաստանին զիջել Բաթում քաղաքի և նավահանգստի գերիշխանությունը»: Ինչո՞վ էր պայմանավորված թուրքերի այս բարյացակամությունը վրացիների նկատմամբ: Շատ պարզ պատճառով. Ստալինի առաջարկով նրանք Բաթում քաղաքն ու նավահանգիստը փոխանակեցին Երևանի նահանգի Սուրմալուի գավառի հետ՝ ստացան մոտավորապես 3600 քկմ:

Այնպես որ, սիրելի՛ հայրենակից, երբ զմայլվում ես Բաթում քաղաքի գեղեցկությամբ, միշտ հիշի°ր, որ դրա համար արդեն վճարել ենք. ավելի ճիշտ, «խիստ բարեկամական մթնոլորտում» վճարել են մեր հաշվին, վճարել են մեր երկրի 3600 քկմ-ով և մեր սրբազան Արարատ լեռով:

 

Անդին 9, 2013

Share

Կարծիքներ

կարծիք