«Միդիս» ծրագիր

20141811151729270

Արձագանք Ազգային ծրագիր հրապարակումներին

 

 

Տեսնենք լեռներ, փոխած տեղեր… 

 

Նախաբան

 

Սույն ծրագրի նպատակն է հնարավորինս սեղմ և հստակ ներկայացնել այն ճանապարհը, որով պետք է անցնի ինչպես ՀՀ հասարակությունը, այնպես էլ ողջ հայությունը, որպեսզի ապահովի իր արժանապատիվ տեղը ողջ քաղաքակիրթ մարդկության խճապատկերում: Մենք փորձել ենք ցույց տալ ՀՀ հասարակության հիմնախնդիրները այն նպատակի համատեքստում, որին ուղղորդված է սույն ծրագրի իրականացումը:

Գիտակցելով, որ գլոբալացման գործընթացը անխուսափելի է մարդկության համար, մենք մեր դատողությունները և մոտեցումները կառուցել ենք այդ իրողությունը նկատի ունենալով: Ավելին, մենք խորապես համոզված ենք, որ այդ գործընթացը կարելի է և պետք է օգտագործել ի բարօրություն ազգի, ճիշտ այնպես, ինչպես մեր նախնիները օգտագործեցին քրիստոնեական գլոբալացման գործընթացը ազգային ինքնությունը պահպանելու համար:

Մեր հասարակությունում շատ են նրանք, ովքեր ներկայի գլոբալ գործընթացներում վտանգ են տեսնում ազգային ինքնության համար: Ուստի մենք այդ թեմային առանձին կանդրադառնանք «Ազգային ինքնության պահպանումը» ենթավերնագրի ներքո` փորձելով ցույց տալ, որ «Միդիս» ծրագրի կենսագործումը կօգնի գլոբալացված իրականությունում լուծելու նաև այդ խնդիրը:

Պատմությունը և ճակատագիրը տնօրինել են այնպես, որ երրորդ հազարամյակի սկզբում հայ ժողովրդի գոյության հիմք դարձել են երեք հիմնասյուներ` Հայաստանի Հանրապետությունը, Արցախը և Սփյուռքը, իսկ սա նշանակում է, որ կարելի է խոսել մեր ազգի յուրահատուկ` ուրվագծվող ընդհանրական կառույցի` ուրվակառույցի գոյության մասին: Արդյոք ունե՞նք այդ ուրվակառույցը միասնական և գործուն օրգանիզմի փոխակերտելու ձգտում: Պատասխանը միանշանակ է. անտարակույս: Քանզի հենց այդ դեպքում իրապես ի հայտ կգան ողջ հայության առջև ծառացած կենսականորեն անհրաժեշտ, ռազմավարական, ցավոտ և օրախնդիր բոլոր հարցերը լուծելու հնարավորություններ: Այդ իսկ պատճառով` ազգն իբրև միաբանություն` ազգ-միաբանություն  ձևավորելը վերածվում է գերկարևոր խնդրի, որն անհրաժեշտ է լուծել անհապաղ: Խոսելով ազգ-միաբանության մասին, մենք նկատի ունենք նրա ոչ միայն հոգևոր-մշակութային բաղադրիչը, այլև այնպիսի առանցքներ, ինչպիսին են ֆինանսականը, տնտեսականը, ռազմահայրենասիրականը, սոցիալականը, տեխնոլոգիականը և այլն:

Այսօր արդեն ակնհայտ է, որ աշխարհի գլոբալացումը հանդիսանում է մարդկության զարգացման ամենապրագմատիկ` գործառնական ձևը: Մարդկության ապագան գլոբալացված աշխարհն է: Ուստի հույժ կարևոր է գիտակցել, որ ողջ հայության միաբանությունը միայն (գլոբալության ձգտող աշխարհում) կարող է դառնալ արտաքին աշխարհի դիման բարոյապես անթերի և մեր ազգի համար ռացիոնալ` ողջամիտ գաղափարի ձևավորման հիմք: Այլ խոսքերով ասած. միայն ազգ-միաբանությունը կարող է մեզ հնարավորություն տալ իրականացնելու պետա-ազգային գաղափար, որը կնպաստի հայ ժողովրդի առջև ծառացած հիմնական խնդիրների լուծմանը ու միևնույն ժամանակ ներդաշնակ կհնչի գլոբալ աշխարհի տրամաբանությանը:

 

Հասարակության հիմնախնդիրները

 

Եթե Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացուն հարցնենք մեր հասարակության հիմնական ներքին խնդիրների մասին, նա անվարան կասի` կոռուպցիան, գործազրկությունը, բնակչության արտահոսքը: Այս բոլոր խնդիրները, վերջին հաշվով, տատանվում են սուբյեկտիվ-օբյեկտիվի շրջանակներում, իսկ մեր դեպքում, չափերի պատճառով, ակնհայտ է դառնում, որ այդ պատճառները հիմնականում սուբյեկտիվ են: Քանզի չկա, գոյություն չունի երկիր, ուր չլինի կոռուպցիա, գործազրկություն, իսկ բնակչությունը մասնակից չլինի տեղաշարային գործընթացներին: Հարցին, թե իսկ ո՞վ է մեղավոր, նույն քաղաքացու պատասխանը կլինի միանշանակ` իշխանությունը: Ինչո՞ւ Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացին չի կարող և չի ուզում պատասխանատվություն ստանձնել իր շուրջ առկա իրականության համար: Որովհետև Իրավունքը և Օրենքը, իբրև մեր ազգային, պետա-կազմակերպված հասարակության մեջ մարդկանց համակեցության հիմք, կարգավորվում են քաղաքականացված մոտեցումներով, ինչն էլ թույլ չի տալիս ամեն բանից վեր դասել «արդարություն» կատեգորիան և այն վերածել հասարակության կյանքի բարոյական նորմի: Ակնհայտ է, որ «արդարություն» կատեգորիան, իբրև բարոյական նորմ, բացարձակապես անհամեմատելի է այնպիսի պետահասարակական համակարգերում, ինչպիսին են ավտոկրատիան, թեոկրատիան, դեմոկրատիան, քանզի դրա վրա վիթխարի ազդեցություն են գործում այդ համակարգերում գործող Օրենքը և Իրավունքը: Հայաստանի Հանրապետության բոլոր հիմնարար և պաշտոնական փաստաթղթերում արձանագրված է այն փաստը, որ մեր հասարակության պետական կազմակերպումը հանդիսանում է ժողովրդավարության գործոն: Այնինչ մեզանում բարգավաճում է ավտորիտարիզմը, ի նպաստ որի ծառայեցվում է ժողովրդավարական սկզբունքների ողջ հնարավոր զինանոցը:

Այն հասարակությունում, ուր Օրենքը և Իրավունքը գոյություն ունեն իբրև քաղաքական դիրքորոշման ածանցյալ, «արդարություն» կատեգորիան կեղծապատիր է, ընտրարշավային: Այդ ամենը համատեղ հանգեցնում են այն բանին, որ որոշումների կայացման գործընթացը և ընդունված որոշումների որակական գնահատումը տնտեսական, վերլուծական, աշխարհաքաղաքական բնույթի քննարկումների ոլորտներից տեղափոխվում է միջկուսակցական և միջանձնային հարթություն: Այսպիսի «մշակույթը» խեղդում է հասարակության զարգացման համար անհրաժեշտ ամեն ողջամիտ ու իրատեսական բան: Այդ պայմաններում շարքային քաղաքացու համար կարևորագույն խնդիր է դառնում սոսկ գոյատևելն այն միջավայրում, որտեղ ինքը չունի հնարավորություններ և նույնիսկ վախենում է ապավինել Օրենքին և Իրավունքին: Համատարած անպատասխանատվություն և կեղծիք արձանագրելով հասարակության բոլոր մակարդակներում` շարքային քաղաքացին հենց ինքն էլ է վերածվել այդ «մշակույթը» կրողի: Ամենավտանգավորը և տհաճը այն է, որ նա սկսում է ատել հենց իր ազգային հասարակության պետական կազմակերպումը: Ուստի շատ բնական է, որ հերթական ընտրությունների ժամանակ և ընդհանրապես նրա համար առաջնային դառնում է մերկանտիլիզմը` շահապաշտությունը իր այս կամ այն դրսևորումներով: Խնդիրն այն է, թե ինչ անել և ինչից սկսել, եթե ժողովրդի մեծ կամ, համենայն դեպս, զգալի մասը դադարել է հավատալ, որ ունակ է ձևավորելու արդար, այսինքն` մշակութակիրթ հասարակություն: Նշենք անմիջապես, որ նկատի է առնվում Ա. Շվեյցերի միտքը. ՙՀասարակության մշակույթը կախված է ոչ թե նրա ստեղծած մշակութային արժեքների քանակից, այլ այն բանից, թե այդ նյութական արժեքները որքանով են ծառայում անհատի և, ընդհանուր առմամբ, հասարակության կատարելությանը՚:

 

Հիմնախնդիրների լուծումը

 

«Ի սկզբանե էր Բանը /Խոսքը/»: Յուրաքանչյուր քրիստոնյային հայտնի այս ասույթից էլ պետք է սկսել գործել: Բայց Բանը /Խոսքը/ պիտի լինի ճշմարիտ և ոչ թե կեղծիք: Իսկ ճշմարտությունն այն է, որ «պետության» մակարդակի և որակի` իբրև հասարակության գոյության ձևաչափի, որն ընտրել է զարգացման ժողովրդավարական ուղի, մենք կհասնենք Օրենքի առջև յուրաքանչյուրի հավասարության մշակույթի գերակայությանը անվերապահ, ակնհայտ և գործուն ձգտելու դեպքում միայն: Հասարակությունը առանց այդ «ընդհանուր հայտարարի»  իր պետական կազմակերպան համատեքստում կսկսի հարատև ետաճ ապրել, անգամ եթե իշխանությունը որևէ ջանք չխնայի նրա կայուն զարգացումը բոլոր ոլորտներում ապահովելու համար: Ավելին, ՀՀ-ում «ընդհանուր հայտարարի» բացակայությունը հանդիսանում է հիմնական խոչընդոտը ազգի միաբանության ճանապարհին, այսինքն` խանգարում է ձևավորմանն այն գերկարևոր համատեքստի, որը կարող է մեր ազգին հանգեցնել գոյության նոր ձևաչափի` հայկական գլոբալ ազգային հասարակության` ՀՀ, Արցախ, Սփյուռք ուրվակառույցի շրջանակներում: Այլ կերպ ասած` կխոչընդոտի նրան, ինչը կարող է հանգեցնել գլոբալ ազգային ցանցային հասարակության: Իսկ ի՞նչ նկատի ունենք ազգային ցանցային հասարակություն ասելով:

Աշխարհում գոյություն ունի 52 երկիր, որոնցում մեր հայրենակիցների թիվը տատանվում է տասը հազարից գրեթե երկու միլիոնի միջև: Այդ երկրների գերակշիռ մասում գործում են հայկական համայնքներ, որոնք էլ ձևավորում են այն, ինչ մենք անվանում ենք Սփյուռք: Խորհրդային շրջանում Սփյուռքի ցանցը ՀԽՍՀ-ի հետ ծառայում էր մշակութա-հոգևոր հոսքերի հաղորդակցության միջոց: Ճիշտ է, բովանդակային այն շրջանակներում, ուր բացառվում էր հակադրումը խորհրդային և կոմունիստական գաղափարախոսությանը: Խորհուրդների երկիրն արդեն չկա, սակայն ցանցը մնացել է, և նրա բովանդակային էությունը, իբրև առաջնահերթ խնդիր, պիտի դառնա ազգի միաբանության սկզբնավորումը: Արդյոք ունե՞նք դրա իրագործման հիմքերը: Անտարակույս: Ողջ աշխարհում վիթխարի քանակությամբ հայեր ուզում և ցանկանում են օգտակար լինել իրենց պատմական հայրենիքին: Այլ կերպ ասած` նրանք, ՀՀ քաղաքացի չլինելով նույնիսկ, ցանկանում են իրենց պատմական հայրենիքին օգնել կոնկրետ քայլերով: Հենց այդ կոնկրետ քայլերի կենսագործումը, իբրև Աստծո տված շնորհի` պատմական հայրենիքին ամեն կերպ օգտակար լինելու Սփյուռքի մղումի ածանցյալ, այլ բան չէ, քան առաջին և անհրաժեշտ նախապայմանը ցանցային հասարակության ստեղծման ճանապարհին: Ոչ թե ֆանտազիան` երևակայնությունը, այլ տրամաբանությունն ու ողջամտությունն են հուշում, որ գլոբալ ազգային ցանցի ստեղծումը կնպաստի ողջ աշխարհի հայերի կապիտալը (կապիտալ բառի ամենալայն իմաստով) հայկական կապիտալի վերածելու. գործոն, որը անտեսել են մեր չարակամները: Սակայն հե՞շտ է արդյոք այդ «կոնկրետ քայլերը» կատարելը հայկական արմատներով քաղաքացու համար, ենթադրենք, ապրելով Բելգիայում կամ ԱՄՆ-ում, եթե ՀՀ հասարակության պետական կազմակերպման ընդհանուր հայտարարում Օրենքը և Իրավունքը գոյություն ունեն «քաղաքականացված հաշվարկների» սկզբունքով: Ավաղ, անհավատալիորեն դժվար է: Այդ իսկ պատճառով էլ մենք, իբրև ՀՀ հասարակություն, պարտավոր ենք. ելնելով մեր շահերից, ողջ հայության ներկա և ապագա սերունդների շահերից` անել ամեն ինչ, որ վերածվենք հասարակության, ուր Օրենքը և Իրավունքը անվիճելի գերակայություն կունենան հասարակական գիտակցության մեջ: Հնարավո՞ր է այդպիսի արդյունքի հասնել հասարակության զարգացման ներկա փուլում: Հնարավոր է և անհրաժեշտ: Հարցի պատասխանը, թե ինչպես հասնել դրան, առանձին հոդվածի նյութ է:

Պատկերացնենք, զուտ տեսականորեն, որ վաղը ՀՀ բյուջեն կավելանա երեք, հինգ անգամ: Արդյոք Թուրքիան կապաշրջափակի՞ մեր սահմանը, կընդունի՞ Ցեղասպանությունը, իսկ «սև ու սպիտակ» ոչխարների ցեղերի հետնորդները կդադարեցնե՞ն իրենց որոգայթները Արցախի դեմ. իհարկե` ոչ: Միայն ազգի միաբանությունը, իբրև ողջ աշխարհի հայերի դարավոր երազանք, այնպիսի հեռանկարային արդյունքի ձևով, ինչպիսին է ցանցային հասարակությունն իր ընդգրկամբ և հնարավորություններով` քաղաքական, տնտեսական, գիտական, տեխնոլոգիական և այլն, էապես կբարձրացնի մեր անվտանգությունը և մեզ կհանի բոլոր խնդիրները լուծելու ողջամիտ ճանապարհ: Հենց դա էլ կկանխորոշի ՀՀ տեղը համաշխարհային համագործակցության մեջ և ողջ հայության տեղը մշակութակիրթ ժողովուրդների գունապնակում: Արդյոք այդ դեպքում այսօրվա չափ նշանակություն կունենա՞ Հայաստանի պատկանելությունը այս կամ այն երկրաքաղաքական կառույցին և շրջանին. ոչ. եթե կարողանանք իրապես կյանքի կոչել գլոբալ հայկական ցանցային հասարակություն` այն վերածելով տարբեր աշխարհաքաղաքական կառույցների համագործակցության հրապարակի: Չէ՞ որ անվիճելի է Հայաստանի Հանրապետության` ՀԱՊԿ անդամի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ: Կա՞ն այդպիսի այլ երկրներ: Անշուշտ: Բայց: Բայց ՀՀ-ն ՆԱՏՕ-ի հետ համագործակցում է բաց և ի սրտե (կարծում եմ` տվյալ դեպքում կարելի է այսպես արտահայտվել), այսինքն` առանց հավակնությունների, քանզի գաղտնիք չէ, որ ՀՀ-ն փոքր երկիր է, իսկ ՆԱՏՕ-ի անդամ երկրներում բնակվում են հսկայական քանակությամբ (հայերի ընդհանուր թվի համեմատ) էթնիկ հայեր: Ավելին, ՀՀ-ն` մոտ ապագայում Մաքսային միության անդամ, ամենաջերմ, բարեկամական և գործարար կապեր է պահպանում Եվրամիության հետ` բնավ չբացառելով այդ կառույցների համագործակցության հրապարակ, կամուրջ դառնալու հավանականությունը: Այս կամ այն աշխարհաքաղաքական կառույցի հանդեպ  բացսրտությամբ (հանրահայտ է, որ հայեր ապրում են աշխարհի գրեթե բոլոր երկրներում) մենք` երբեմն վտանգի ենթարկվելով, բայց ստիպված մեղմելու այդ կառույցների շփումների սուր անկյունները, վերջին հաշվով գլոբալ աշխարհի մարդկության հաղորդակցման մշակույթում ներդնում ենք մեր ազգային ավանդը: Եվ ինչքան էլ պարադոքսալ հնչի, այստեղ մեզ օգնում է այն, որ մենք փոքր երկիր ենք, որն ունի շատ ազդեցիկ և գործուն Սփյուռք, սակայն ամենաապշեցուցիչն այն է, որ պատմությունը նույնությամբ կրկնվում է: 4-րդ դարում նույնպես մարդկությունը կանգնած էր հիմնարար փոփոխությունների շեմին. նկատի ունեմ քրիստոնեության ընդունումը պետական մակարդակով: Աշխարհաքաղաքական երկու հսկա կառույցների (Իրան և Հռոմ) միջև գտնվելով և առաջինը պետականորեն քրիստոնեություն ընդունելով` մենք լուծեցինք գերկարևոր ազգապահպան խնդիր: Քրիստոնեությունը մեզ օգնեց պահպանելու ազգային ինքնությունը նույնիսկ այն ժամանակ, երբ վերջնականապես կորուսանեցինք լիարժեք պետականությանը բնորոշ դասական բոլոր հատկանիշները: Ավելին, առաջինը պետականորեն ընդունելով քրիստոնեություն` մենք, այդպիսով, մարդկության զգալի մասի համար ուղի հարթեցինք դեպի հոգևոր մի մակարդակ, որտեղ մարդու` «պետություն» ձևաչափով մշակութային գործունեությունն է մեծապես պայմանավորում ժամանակակից քաղաքակրթության մակարդակը: Բայց չէ՞ որ նաև այսօր` երրորդ հազարամյակի սկզբին, աշխարհը, գլոբալ իրականությունում մարդկային համակեցության մշակույթի իմաստով և այդ համատեքստում, կանգնած է գալիք վիթխարի փոփոխությունների շեմին, իսկ մենք` հայերս, վերստին գտնվելով աշխարհաքաղաքական վիթխարի կառույցների միջև, փաստորեն արդեն իսկ արարում ենք այդ ապագա համաշխարհային մշակույթի մեր, ազգային ավանդը և արարում ենք պետության մակարդակով:

 

Համազգային գլոբալ ցանցային հասարակության ստեղծումն իր առանցքով հաամապատասխանո՞ւմ է ներկայի անխուսափելի գլոբալ գործընթացների հետ: Անվիճելիորեն, այո: Ստացվում է, որ ցանցային հասարակության ձևավորումը հայ ժողովրդին վերածում է գլոբալ գործընթացների սուբյեկտի և օգնում մնալ նրա օբյեկը, ինչը հնարավորություն է տալիս խուսափել ճակատագրի հարվածներից: Ուստի կարելի է բավական վստահ հավաստիացնել. ձևավորելով գլոբալ ազգային ցանցային հասարակություն` մենք դրանով իսկ գործի կդնենք արդյունավետ էթնոպաշտպան մեխանիզմ, որը ազգային ինքնության խաթարումը կհանգեցնի նվազագույնի, իսկ այդ խաթարումը, ավաղ, գլոբալ աշխարհի ձևավորման գործընթացում անխուսափելի է:

 

Ազգային ինքնության պահպանումը

 

Վերջին հաշվով, ի՞նչ է նշանակում պահպանել ազգային ինքնությունը: Հարց, որի անվերապահ պատասխանը բացակայում է: Այդ իսկ պատճառով կարելի է խոսել այդ խնդրի և լուծման մոտեցումների ու պատկերացումների մասին միայն: Որպեսզի մեր դատողությունները չընկալվեն իբրև «փիլիսոփայական վարժանք», հենվենք պատմությամբ արձանագրված փաստերի վրա, այսինքն` եզրակացության համար օգտագործենք փորձառնական մեթոդ, հիմնվելով մեր իսկ պատմության փաստերի վրա:

301 թվականին, քրիստոնեությունն առաջինն ընդունելով իբրև պետական կրոն, մենք, փաստորեն, արմատապես բեկեցինք մեր հասարակության մեջ իշխող աշխարհընկալումը  և աշխարհարտացոլումը, որը մինչ այդ պաշտում էր բազմաստվածություն: Բազմաստվածությունից անցնելով քրիստոնեության` մեր նախնիները վերանայեցին այն ամենը, ինչ մինչ այդ համարվում էր գոյակերպ: Մարդու վերաբերմունքը Աստծուն, պետությանը, «տղամարդ-կին» հարաբերությունը ընտանիքում, ամեն բան վերանայվեց: Քրիստոնեությունն իր հետ բերեց բարոյականության նոր պատկերացում, այսինքն` տեղի ունեցավ հոգևոր-մշակութային արժեքների վիթխարի փոփոխություն: Սակայն մենք աշխարհի համար ինչպես եղել, այնպես էլ շարունակեցինք մնալ հայ. առ օրս: Այս մասին ասվում է, քանզի հայտնի է` եղել են ժողովուրդներ (ացտեկներ, մայաներ և այլն), որ քրիստոնեություն ընդունելով` անվանափոխվել են: Իսկ այնպիսի ժողովուրդները, ինչպիսին են մարերը, խեթերը, փյունիկեցիները և այլն, հիշվում են «պատմություն» կոչված գիտության մեջ սոսկ: Ի՞նչ է, նրանք գենետիկորեն «ցնդեցին, գոլորշիացան», վերացա՞ն: Իհարկե ոչ: Նրանք այսօր էլ գոյություն ունեն և ապրում են մեր կողքին: Պարզապես աշխարհը նրանց իբրև այդպիսին չի ճանաչում և մեկին կոչում է մեքսիկացի, իսկ մյուսներին դասում է իրանցիների, թուրքերի, սիրիացիների և այլոց շարքին: Հետևաբար` ազգային ինքնության պահպանումը, վերջին հաշվով, հանգում է ժողովրդի ճանաչելիությանը նրա գոյության և զարգացման բոլոր փուլերում և բոլոր վիճակներում: Մյուս կողմից` անհրաժեշտ է գիտակցել նաև այն, որ զարգացման գործընթացում ժողովրդի հոգևոր-մշակութային արժեքները չեն կարող չփոփոխվել: Անթույլատրելի է ժողովրդի զարգացումը կապանքել ավանդապաշտությամբ` այն վերածելով կենցաղի և ժամանակավրեպության: Ուստի ազգի ճանաչելիությունը կարող է ապահովվել միայն համաշխարհային գործընթացներին յուրաքանչյուր սերնդի մասնակցությամբ, իր լեզվով և հոգևոր-մշակութային ինքնատիպության միջոցով դրանց մեջ ազգային մտքի, աշխատասիրության, գործնականության, ստեղծարար արարումները ներարկելու ճանապարհով: Այդ դեպքում ազգի յուրաքանչյուր սերունդ, հոգևոր-մշակութային շղթայի համար կոփելով հերթական օղակը, դառնում է հազարամյակներով ձևավորված այդ ժառանգության կրողը, շարունակողը, հետևաբար և «տերը»:

 

Խորհրդածություններ և հետևություններ

 

Ամեն անգամ, անդրադառնալով հայ ժողովրդի պատմությանը, նկատում ես, որ մենք միասնության, հավաքականության հասել ենք այն դեպքում, երբ մեր գլխին կախվել է հույժ իրական և կոնկրետ սպառնալիք: Մենք միասնական ամբողջության ենք վերածվել ոչ թե հանուն ձեռքբերումի, նախանշած ինչ-ինչ դրական նպատակների համար, այլ միայն այն ժամանակ, երբ վտանգը հայտնվել է մեր շեմին: Ավաղ, և սույնը մեր հոգեկերտվածքի ամանաբացասական գիծն է: Չէ՞ որ այսօր էլ հայությունը, փաստորեն, միասնական է դառնում տարվա մեջ ընդամենը մի օր` ապրիլի 24-ին, 1915 թվականի Ցեղասպանության զոհերի հիշատակի և ոգեկոչման օրը: Այո, ապրիլքսանչորսյան միասնությամբ մենք հետապնդում ենք դրական նպատակ, սակայն այդ միասնության հիմքում ընկած է բացասական իրադարձություն: Ժամանակն է սովորել միասնության հասնել դրական զգացմունքների, արարչագործ, ստեղծագործ գաղափարի հիման վրա, որն ազգին կառաջնորդի դեպի կեցության նոր բարձունքներ:

Վերն ասվածի ամբողջությունը ակնհայտ ցույց է տալիս, որ Իրավունքը և Օրենքը ՀՀ-ում անհրաժեշտ է ողջ հայությանը. ոչ թե ազգային պետության «ճակատային զարդարանք» որպես, այլ իբրև նրա հասարակության անայլընտրանքային կենսակերպ: Քանզի միայն այդ ճանապարհով կարելի է հասնել ազգի դրականամետ միասնության, դրա հիմքում չունենալով, բացառելով բացասականը: Մենք` ներկայի սերունդներս, պիտի շնորհակալ լինենք ճակատագրին, որ ապրեցինք մինչև այն ժամանակները, երբ ի հայտ եկավ ազգ-միաբանության միջոցով ազգային հասարակության գոյության նոր մակարդակի դուրս գալու հնարավարություն, այն էլ` շրջակա աշխարհի համար բացարձակապես բարոյական եղանակով, այն էլ` ազգային ողջամիտ նպատակներ հետապնդելով: Այլ կերպ ասած, ներկայի սերունդերն ունեն գլոբալ ցանցային ազգային հասարակության հիմքերը դնելու իրական հնարավորություն: Ի մի բերենք վերն ասվածը ամբողջությամբ: Եվ այսպես.

Ա. Հայաստանի Հանրապետության առջև կանգնած են հիմնախնդիրներ, որոնց լուծումից կախված է ոչ միայն նրա հասարակության, այլև համայն հայության ճակատագիրը: Ինչպես երևում է, այդ բոլոր հիմնախնդիրները փոխկապակցված են: Բերենք դրանք ըստ հերթականության. 1. Իրավունքը և Օրենքը, անվիճելիորեն, պիտի դառնան ՀՀ հասարակության պետական կազմակերպվածության հիմքի հենակառույցը: Քանզի միայն այդ դեպքում մեզ համար ի հայտ կգա իրական հնարավորություն 2. հասնելու ազգ- միաբանության և այդպիսով 3. ձևավորելու գլոբալ ազգային ցանցային հասարակություն` իբրև առավել հեռանկարային և արդյունավետ միջոց 3. հայկական կապիտալի ձևավորման համար, որը ծառայելու է գլոբալ աշխարհում  4. անվտանգության ապահովմանը, տնտեսության զարգացմանը և ազգային ինքնության պահպանմանը: Ի՞նչ է պարտադիր. 5. ազգի գիրկը վերադարձնել այն միլիոնավոր էթնիկ հայերին, որոնք այսօր, ցավոք, մոռացել են իրենց արմատները: Ուստի.

Բ. Ցանկացած իշխանություն կամ ընդդիմություն, անկախ կուսակցական պատկանելիության, ՀՀ-ում պիտի ընկալվի իբրև դավաճան, եթե իր գործունեությամբ խոչընդոտում է Օրենքը և Իրավունքը հասարակության կեցության նորմի վերածելուն:

Գ. Առաջնահերթ հիմնախնդիրները լուծելով միայն, այսինքն` Իրավունքն ու Օրենքը ՀՀ հասարակության կեցության անվերապահ նորմի վերածելով միայն մեզ կընձեռվի ազգ-միաբանության միջոցով ցանցային հասարակության ձևավորմանը ձեռնմուխ լինելու հնարավորություն և այդպիսով իսկ կյանքի կոչել եռամիասնության` ՀՀ, Արցախի, Սփյուռքի` մեր ազգի ուրվակառույցի ողջ ներուժը: Այդ իսկ կապակցությամբ համարձակվում եմ առաջարկել. ազգային գլոբալ ցանցային հասարակության ստեղծումը հռչակել ՊԵՏԱԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐ:

 

Վերջաբան

 

Պետաազգային գաղափարի ձևավորումը հույժ պատասխանատու և դժվար խնդիր է, քանզի միշտ առկա է կեղծ ուղու վրա հայտնվելու վտանգը, որը կարող է պետությանը և ժողովրդին հանգեցնել տխուր հետևանքների և նույնիսկ ողբերգական վախճանի: Նորագույն պատմության մեջ նման օրինակները բնավ քիչ չեն. ողջ աշխարհում խորհրդային կոմունիզմի հաղթանակի գաղափարը, նացիզմը` իբրև գերմանացիների կենսական տարածքի ընդլայնման ծայրահեղ գաղափար, մշակութային հեղափոխությունը ՉԺՀ-ում և այլն: Իրականում պետաազգային գաղափարը կարելի է տեսանել «ճանաչողությամբ»` համաշխարհային պատմական գործընթացներում սեփական ժողովրդի պատմական և հոգեկերտվածքային փորձառությամբ: Եվ ինչպես տեսանք վերևներում, այդ իմաստով հայ ժողովրդի պատմությունը բացառիկ է, քանզի այն հնարավորություն է տալիս անցնելու այդ ճանաչողության ուղին:

Մեր ժողովրդի պատմական ճակատագիրը դասավորվել է այնպես, որ մեր մեջ ձևավորվել է համազգային տառապանքով ծնված երազանք: Այն վեր հանելու համար հատուկ հետազոտություններ կամ ինչ-ինչ վիճակագրական հարցումներ չի պահանջվում: Հարցին, թե որն այդ երազանքը, միատեսակ կպատասխանի յուրաքանչյուր հայ` անկախ սեռից, տարիքից, սոցիալական վիճակից, բնակության վայրից և այլն: Այո, մենք երազում ենք վերադառնալ այն տարածքները, ուր ապրել ենք նախապատմական ժամանակներից ի վեր: Եվ այդ երազանքը անթեղված է մեզնից յուրաքանչյուրի մեջ, գրեթե գենետիկ մակարդակով: (Ի դեպ, հենց սա էլ պատճառ է հանդիսանում, որ շատերը սխալմամբ կարծեն, թե այդ երազանքը կարելի է մատուցել իբրև ազգային գաղափար):

Մենք խորապես համոզված ենք, որ եթե ժողովուրդն ունի համազգային երազանք, այսինքն` ունի որոշակի նպատակի հասնելու համար անհրաժեշտ համազգային հիմնազդակ, ապա հարկավոր է այն պահպանել և փայփայել: Քանզի դժվար չէ կռահել, որ դա հանդիսանում է ազգապաշտպան ամբողջական համակարգի հուզա-պաշտամունքային տարր: Այլ կերպ ասած` ազգի երազանքի իրագործումը նպատակ է, որին մենք ձգտում ենք, իսկ պետաազգային գաղափարը պիտի դառնա «ուղեկցորդ», որը ուղի կհարթի ժողովրդի այդ պաշտելի  երազանքի իրականացման ճանապարհին:

Մեր հասարակության մեջ շատերը կարծում են, թե մեր պատմական հայրենիքի այն հատվածում, որն այժմ գտնվում է Թուրքիայի սահմաններում, ապրելը, արարելն ու ստեղծելը կատարյալ ուտոպիա է, սին երազանք: Այլ կերպ ասած, նրանք համարում են, որ մեր ազգային երազանքը չի կարող վերածվել ստույգ իրականության: Այդպիսի մոտեցումը այլ բան չէ, քան խորին մոլորություն: Այլ բան, որ անհրաժեշտ է մի քանի սերնդի գերագույն ջանք, որպեսզի ստեղծվի արդյունավետ գործող գլոբալ ազգային ցանցային հասարակություն, որը զգալիորեն և բազմակի կմեծացնի ՀՀ տեսակարար կշիռը համաշխարհային հանրության մեջ, դրանից բխող բոլոր հեռանկարներով, ինչը մեզ ստույգ հնարավորություն կտա աշխարհաքաղաքական համապատասխան իրադրության դեպքում իրականացնելու ազգի երազանքը:

Մենք` հայության ներկայի սերունդներս, պիտի գիտակցենք, որ այսօր հնարավորություն ունենք դնելու Հայաստանի Հանրապետությունը համայն հայության համար սիրո, արարումի և ստեղծագործ կյանքի օրրանի վերածելու հիմքերը: Դրան անհրաժեշտ է հավատալ, դրանով անհրաժեշտ է ապրել և Աստծո յուրաքանչյուր օր գործել այդ ուղղությամբ: Մենք խորապես համոզված ենք, որ «Միդիս» ծրագրի իրականացումը կյանքի կկոչի այդ հնարավորությունը:

 

Հ. Գ.

Տեսնենք լեռներ, փոխած տեղեր…

Ռուսերենից թարգմանությունը`

Հակոբ Սողոմոնյանի

 

 

Անդին 4, 2014

Կարծիքներ

կարծիք