Մեր անվճար փրկության փրկագինը

Հեղինակ:

20152904113904723

Ազգային գաղափարախոսություն

 

1.Մեր անվճար փրկության փրկագինը

 

 «Ամենաազատ մարդը ռազմիկն է»:

                                                                                                                              Նիցշե

                                                                «Փառաց դարեր ծնող՝ ընկնող հայրենիք…»:

                                                                                                         Պետրոս Դուրյան

 

Այս ժամանակի անչափ ու կշռույթ և թեր ու դեմի խառնիխուռն փոխատվությունը գորդյան հանգույցով կծիկել է ուղիները, որոնցով Մեր այսօրն ընթանում է դեպի գալիք, նպատակը՝ դեպի հանգուցալուծում, գաղափարը մղվում է դեպի Արարում, և քայլ անելու ասպարեզ ունես…

Հասարակական վարքի, կենցաղային պահանջի, հնարավորության և գիտակցության բախումները, որ միմյանց կապի և փոխազդեցության բացակայության արդյունքն է, այն օրգանն է, որ պատասխանատու է հասարակության՝ որպես ամբողջական համակարգի կարգաբերման համար: Եվ այս խաթարվածությունն է պատճառը, որ կյանքն անարգել նվաճված է, քանզի չափազանց դյուրին է ազդեցությունը, երբ կեցությունը մասնատված է: Եվ անհատը, և հասարակությունը, չունենալով սեփական կշեռք և դատավոր, իր դռներն է բացում օտարանվաճման դեմ, որն այս ժամանակում գալիս է աղավնու տոտիկներով, սակայն բռնանվաճ կերպով: Եվ օտարանվաճությունն աքսորի է մատնում ազատությունը, որն ինքնադրսևորման միակ հնարավորությունն է, որն էլ պարարտ հող է ստեղծում օտարամոլության արմատակալման համար: Եվ օտարամոլության ստրկական կերպարի հայելային անդրադարձումը Նորաձևությունն է: Նորաձևությունը, որ դրական ազդեցություն է գործում միայն այն դեպքում, երբ ամբողջությամբ մարսվում է մեր օրգանիզմի կողմից, իսկ մյուս դեպքում մեզանում այն վաղուց հաղթահարված հնություն է:

Երբ մշակույթով գոնե մեկ քայլ բարձր չես կանգնած Քո հարևաններից, ապա ենթակա ես նրանց ազդեցությանը: Մշակույթով է պայմանավորված Մեր դիրքը: Երբ մշակույթով առավելագույնը անկախ չես, ապա տեղի է ունենում առևտուր՝ հաճախ անվճար, և լավագույն որակները անպատճառ սակարկվում են մինչև նվազագույն: Մշակույթի բարձր լինելը նրա ազգային արմատներն են և ինքնիշխանությունը. սրանք կապահովեն ճաշակը, որը ներքին բարոյականն է և լավագույն արտաքինը:

 

 

2. Ազգային գաղափարախոսությունը՝ արգելակված

 

«Միայն Գաղափարն է, որ ո՛չ մահ ունի,

ո՛չ դատավոր, ո՛չ գերեզման և ո՛չ դագաղ»:

Սիամանթո

 

Ազգային գաղափարախոսությունը Մեր ազգային հավաքականության այն կենսաբանական ժամացույցն է, որ «հավերժության համար լարված ժամանակ ունի իր մեջ»: Ժամացույց, որ անխափան գործելու համար չի հանդուրժում և ոչ մի (նույնիսկ ամենաչնչին) ատամնանիվի բացակայություն:

«Պետությունը կառուցում են կայսրերը և երգիչները» [1]:

Ահա մի ատամնանիվ, որի բացակայությունը զրկում է սեփական ականջ ունենալու պատվաբեր շնորհից:

Լավ է ընդունենք, որ այսօր խուլ ենք, քան ընդունենք, որ լսում ենք այն, ինչ լսում ենք: (Ցավոք սրտի, այս խլությունը բեթհովենյան չէ: Չեմ ասում կույր, քանզի փակ աչքերով այսօր հնարավոր է ապրել՝ ընդունելով Շեքսպիրի այն տողերն, ուր ասվում է. «Դարն այսպիսին է: Կույրերին առաջնորդում են խելագարները» (սա էլ մի այլ ատամնանիվ)): Քանզի ինչ լսում ենք՝ ահա. «Մեր հացին ալյուրը մերիններու փշրած ոսկորներեն պիտի շաղվի» (Սիամանթո) — վերափոխեք օտարանվաճման օրենքների Ձեր սեփական ընկալմամբ [2]:

Ահա XII-XIII դարի հայ գիտնական-երաժիշտ, խազագետ, տեսաբան Գրիգոր Խուլը, որը գործել է Սսում, մոմով խցանել է ականջները երաժշտության աշխարհիկ՝ նորաձևային արտահայտություններից չգայթակղվելու համար:

 

 

Եվ այս պատկերը ցույց է տալիս, որ նույնիսկ այսօր խուլ լինելը չի փրկում կործանարարը ունկնամփոփելու հնարավորությունից: Եվ ահա այստեղ այս հովանավորյալ տգիտությունը [3] (որ ծնողն է այս վիճակի) բարեշրջել կարող են լոկ այն արվեստագետներն ու մտավորականները, որոնք, Նիցշեի խոսքով, «կկանխեն այն ճաշակը, որը քաղաքականություն է դառնում»:

Սակայն նրանք, որ պետք է գործեն, «…կարծես…» զրկված են իշխանությունից և Սասնա Փոքր Մհերի նման մերժելով աշխարհակարգը՝ փակված են ժայռում: Իսկ այն հատուկենտ հույսարձակումները[4], չօղակվելով ամբողջի հետ և չդառնալով շղթա, ամփոփվում են անարձագանք:

 

Այստեղ անելիք ունեն բոլորը: Քանի որ այսօր ազգային գաղափարախոսությունն արգելակված է, նրան շարժման մեջ կդնի ամբողջի ահա այս գիտակցությունը և կեցվածքը՝ «Մենք ղեկավարում ենք այն, ինչ մեզ է ղեկավարում»:

Ղեկավարման և փոխազդեցության մյուս ձևերը միակողմանի են, ուստի «ղեկավարում են» և «հնազանդվում»: Եվ սրանից ահա ողջ մի համակարգ և այն, որ ազատությունը մշակույթից դուրս է բերված: Քանի որ ազգային գաղափարախոսությունը անժամանակյա է, ուստի նրան հաղորդ ամեն ոք պետք է խորամուխ լինի նշմարելու իրեն հասու գաղափարը, միտքը, որը պարտադիր է անձի ազգային կեցվածքի և լիարժեքության համար:

Ահա մի «գաղափար», որ Ինքս նշմարեցի՝ «Անցավորը Հավիտենականի վերածելու կամք ենք ունեցել: Պետք է վերականգնենք այս առանձնաշնորհյալ և վերապահյալ հատկությունը:

Իբրև ավարտ և նոր սկիզբ՝ Մոտեցի՛ր բոլորին, բոլորի՛ն ուղղիր խոսքդ սիրո և համերաշխության: Եվ եթե քեզ հարցնեն, թե ինչ պետք է անել, որ այսուհետ Մեր ժողովուրդը հեռու մնա նորանոր աղետներից, պատասխանիր անմահ խոսքերով՝ «ոչինչ այն ամենից, ինչ որ անում եք» (Գ.Նժդեհ):

 

______________________

1. «Շուցզին» (Հին չինական պատմամշակութային աշխատություն):

2. Սա էլ այն բանի համար, որ նվաճումը թեև համընդհանուր է, սակայն մեծ դեր ունի անհատականի գործոնը:

3.Մշակութային տարրերի մշակվածությունը նրանց մեջ պարունակվող գիտելիքի հղկվածությունն է:

4.Հույսարձակում — այստեղ հույս արձակման մեջ առկա այն ենթադրյալ մղումները, որոնք իրականացման հետևանքով կերպարանք են ստանում:

 

Հեղինակ՝ Գոռ Մելքումյան,

N զորամասի զինծառայող

 

Անդին 1, 2015

Share

Կարծիքներ

կարծիք