Ղարաբաղյան շարժման կամ հայկական հեղափոխության հիմնական առանձնահատկությունները

20152801171132969

Ղարաբաղյան շարժման  կամ հայկական հեղափոխության (1988-1990) հիմնական առանձնահատկությունները

 

2013 թ. փետրվարին բոլորեց Ղարաբաղյան շարժման 25-ամյակը: Շարժում, որը կերտեց Հայաստանի անկախությունը, մեծ դեր խաղաց խորհրդային հասարակության ժողովրդավարացման և նշանակալի դեր՝ Խորհրդային Միության ապամոնտաժման գործում:

*

Ղարաբաղյան շարժման կարևորագույն բնութագրական գիծը նրա համաժողովրդական լինելն էր: Դրա կարևոր ցուցիչներից էին.

ա) մի քանի հարյուր հազար մարդկանց մասնակցությամբ ընթացող հանրահավաքներն ու երթերը ավելի քան երկու տարի շարունակ,

բ) արդեն 1988 թ. մարտին հանրապետության հարյուրավոր աշխատանքային կոլեկտիվներում ձևավորված «Ղարաբաղ» կոմիտեները, որոնք կոչված էին սատարելու Ղարաբաղյան շարժման ղեկավարությանը: Սրանք ԽՍՀՄ մի քանի այլ հանրապետություններում ավելի ուշ ձևավորված ժողովրդական ճակատների նախատիպն էին, յուրահատուկ այլընտրանքներ խորհրդային ձեռնարկություններում ու հիմնարկություններում գործող կուսակցական, կոմերիտական, արհմիութենական կոմիտեներին,

գ) «Տոնական» տարրերի բազմաքանակությունը: Շարժման սկզբնավորման պահից ի վեր հանրահավաքների կենտրոնատեղիում՝ Օպերայի (Ազատության) հրապարակում, տեղի ունեցավ մեծ-փոքր (տարիքով-երիտասարդ), կին-տղամարդ, քաղաքացի-գյուղացի, հայախոս-ռուսախոս և այլ նման հակադրությունների թուլացում և վերացում,

դ) պատկերագրական նյութի (պլակատներ, տրանսպարանտներ) բազմաքանակությունը (շուրջ հազար միավոր) և բազմազանությունը (դրանց մեջ առանձնանում են մոտ քսան խմբեր):  Նման առատությունը վկայում է Շարժման մեջ բազմակարծության բարձր աստիճանն ու այդպիսով Շարժման՝ ոչ զուտ քաղաքական բնույթ ունենալը, որպիսին էր վիճակը, օրինակ, մերձբալթյան հանրապետությունների պարագայում: Ուսումնասիրողի առջև վեր է հառնում բազմադեմ, աստիճանաբար ազատականացող մտածողության տեր, բայց և միևնույն ժամանակ կարևորագույն հարցերի շուրջ միակամ մարդկանց բազմությունը:

Ղարաբաղյան շարժումը ծավալվում էր ԽՍՀՄ բարձրագույն ղեկավարության հռչակած վերափոխման, ժողովրդավարացման, հրապարակայնության պայմաններում: Մասնագիտական գրականության մեջ ռեֆորմների այդ շարքը որակված է որպես «հեղափոխություն վերևից»: Այս տեսանկյունից Ղարաբաղյան շարժումը սկզբից մինչև վերջ ուղղորդվում էր ներքևից: Այդ պատճառով էլ իր ձևավորման առաջին իսկ օրերից Շարժումը ենթարկվում էր ԽՍՀՄ բարձրագույն ղեկավարության հարվածներին:

Շարժման ներքևից ուղղորդումը դրսևորվում էր տարբեր ձևերով: Դրա բնութագրական կարևորագույն գիծը պայքարի խաղաղ, սահմանադրական եղանակն ու մեթոդներն էին, ինչը Շարժումը որդեգրել էր իր սկզբնավորման օրվանից: Եթե մինչ Շարժումը Սահմանադրությունն ընկալվում էր իբրև թղթի մի անպետք կտոր, իսկ Գերագույն խորհուրդը  դիտվում էր իբրև մի վայր, որտեղ բոլոր պատգամավորները լոկ ձևական բնույթ ունեցող քննարկումներով ու միաձայն կողմ էին քվեարկում վերևից իջեցվող օրենքների նախագծերին, ապա Շարժման տարիներին մարդիկ աստիճանաբար սովորեցին նաև գնահատել գործող օրենքները, Գերագույն խորհուրդը սկսեց դիտվել իբրև մի վայր, որի որոշումներում պետք է դրսևորվի ժողովրդի կամքը, իսկ պատգամավորները պարտավոր են ի պաշտոնե լսելի դարձնել այդ կամքը: Ստեղծվեցին «սահմանադրական» կոչվող հատուկ խմբեր, որոնք համակարգում էին պատգամավորների հետ տարվող աշխատանքները:

1988 թ. փետրվարից ի վեր ժողովրդական անհնազանդության, բողոքի, պահանջների ներկայացման հիմնական ձևը խաղաղ, տարբեր կարգախոսներով, սակայն առանց բռնությունների և ոստիկանության հետ ընդհարումների հանրահավաքները, ցույցերը, երթերն, ինչպես նաև նստացույցերն ու հացադուլներն էին: Ղարաբաղյան շարժման ժամանակ էր (1988 թ. փետրվար, հուլիս, սեպտեմբեր), որ առաջին անգամ ԽՍՀՄ-ում օգտագործվեց պայքարի գործադուլային եղանակը համաժողովրդական ընդգրկմամբ, որպես բողոքի դրսևորում կենտրոնական իշխանությունների գործողությունների դեմ:

Պայքարի սահմանադրական եղանակի ցուցիչներից էր 1988 թ. մայիսին առաջ քաշված Հայաստանի խորհրդարանի նստաշրջանի հրավիրման պահանջը, որն ուղեկցվում էր նստացույցերով, հացադուլներով, նաև պատգամավորների հետ բացատրական աշխատանք կատարելով: Նույնը կրկնվեց 1988 թ. նոյեմբերի վերջին, երբ նստաշրջանը ժողովրդական պատգամավորների մի զգալի մասի իսկ պահանջով գումարվեց հանրահավաքների կենտրոնավայրում՝ Օպերայի շենքում: Նիստի ժամանակ պատգամավորները մերժում են ԽՍՀՄ-ում ընտրությունների անցկացման նոր օրինագծի և ԽՍՀՄ Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու մասին հրամանագրի ընդունումը՝ նկատի ունենալով դրանց հակաժողովրդական բնույթը: Այն հանգամանքը, որ այդ նիստի ժամանակ Լեռնային Ղարաբաղի հարցը մղվեց երկրորդ պլան, նշանակում էր, որ Շարժումն իրոք ընթանում է վերակառուցման (իրական, այլ ոչ թե գորբաչովյան) ոգով, հօգուտ ընդհանրապես երկրի ժողովրդավարացման, այլ ոչ թե նեղ ազգային շարժում է£ Մարդիկ Ղարաբաղի հարցի լուծումը տեսնում էին միայն ողջ ԽՍՀՄ մասշտաբով իրական վերափոխումների մեջ:

Ղարաբաղյան շարժման ժամանակ էր՝ 1988 թ. հոկտեմբերին, որ առաջին անգամ Խորհրդային Միությունում ու թերևս նաև Արևելյան բլոկի երկրներում տեղի ունեցան այլընտրանքային ընտրություններ: Հայաստանի խորհրդարանի պատգամավորներ ընտրվեցին «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը և «Գթություն» բարեգործական կազմակերպության ղեկավար Խաչիկ Ստամբոլցյանը: Այստեղ նրանք (ինչպես նաև որպես դիտորդներ նիստերին հրավիրված Կոմիտեի մի քանի անդամները) սկսեցին լսելի դարձնել ժողովրդի ձայնը: Խոհրդարանում աշխատելու առաջին ընդամենը մեկուկես ամսվա ընթացքում երկու պատգամավորների ակտիվությունը և, որ շատ կարևոր է, ժողովրդավարական գործընթացներով պայմանավորված ընդհանուր պաթոսն այնքան էական դեր խաղացին խորհրդարանի աշխատանքներում, որ հանգեցրին վերջինիս ընդհանուր ժողովրդավարացման: Գերազանցապես այս հանգամանքով էր պայմանավորված վերը հիշատակված 1988 թ. նոյեմբերի 24-ի նստաշրջանը:

Պայքարի սահմանադրական եղանակի արդյունավետության բարձրակետը 1990 թ. մայիս-հունիսի խորհրդարանական ընտրություններն էին, որի արդյունքում ձևավորված խորհրդարանում ոչ կոմունիստները հասան առավելության, և օգոստոսի 23-ին ընդունվեց «Անկախության հռչակագիրը», որն սկիզբ դրեց խորհրդային ոճի կառավարում ունեցող երկրից անկախ ժողովրդավարական պետություն կառուցելու գործընթացին:

Ի տարբերություն մերձբալթյան երկրների, որտեղ շարժումներն սկզբից ևեթ միտված էին անկախության ձեռքբերմանը, Հայաստանում հակախորհրդային տրամադրություններն աճում էին աստիճանաբար, ինչը ևս Շարժման՝ ներքևից ուղղորդված լինելու ցուցիչներից է: Նման գործընթացի հիմնական «մեղավորը» ընկալվում էր ժողովրդավարական վերափոխումների կուրս հռչակած ԽՍՀՄ ու ԽՄԿԿ ղեկավարությունն իր քայլերով: Դրանց թվում էին ժողովուրդների «լենինյան» որակվող ինքնորոշման իրավունքի կիրառմանն ընդդիմանալը, սումgայիթյան իրադարձություններին (որոնք մարդկանց գիտակցության մեջ միանշանակ համադրվել էին 1915 թ. ցեղասպանության հետ) քաղաքական ու իրավական գնահատական չտալը, խորհրդային-ռուսական բանակային ստորաբաժանումների պատժիչ գործողությունները Հայաստանում և ԼՂԻՄ-ում, խորհրդային արժեքների («ճշմարության հայելի» մամուլ, «ժողովուրդների անխախտ բարեկամության» գաղափարախոսություն, «ամենաարդար» դատական համակարգ և այլն) նկատմամբ հավատի կորուստը և այլն: Արդյունքներից մեկը ինքնամաքրման գործընթացի ձևավորումն էր. 1988 թ. հուլիսից սկսեցին հանձնել կոմերիտական տոմսերը, իսկ 1989-ից՝ զանգվածաբար դուրս գալ նաև կոմունիստական կուսակցության շարքերից: Սկսվեց նաև անցյալի ու ներկայի վերագնահատման գործընթաց, ինչը դրսևորվում էր ժողովրդի միակամության արժեքի գիտակցման, ինքնուրույն գործելակերպի հնարավորության նկատմամբ հավատի աճի, հայության հանդեպ ռուս ժողովրդի փրկարար դերի վերաբերյալ դարերի պատմություն ունեցող հավատի սասանման, ռուսական մշակութային ասիմիլյացիայի դեմ պայքարի գիտակցման և ինքնության այլ ձևափոխումների մեջ: Այսինքն՝ արտաքին և ներքին գործոններով պայմանավորված գաղափարները, ծնվելով ներքևներում, աստիճանաբար հասունանալով, քայլ առ քայլ էին ձեռք բերում համաժողովրդական ընդգրկում:

*

Հայկական հեղափոխությունը առաջինն էր նախկին ԽՍՀՄ տարածքում ձևավորված ազային-դեմոկրատական շարժումների և հեղափոխությունների շարքում: Շատ երևույթներ Հայաստանում զարգանում էին ինքնուրույն, պետական մեքենայի հետ դիմակայության պայմաններում, բայց և գործող օրենքների շրջանակներում:

Ցանկացած երկրի նկատմամբ քաղաքականություն մշակելիս թերևս հաշվի է առնվում այդ երկրի ներուժը ոչ միայն ռազմական կամ տնտեսական, այլ նաև քաղաքակրթական առումով. մի բան է, երբ դու գործ ունես հզոր բանակ ու տնտեսություն, բայց մշակութային ոչ հարուստ ավանդույթներ ունեցող երկրի հետ, մեկ այլ բան, երբ քո հետաքրքրության առարկա պետությունը գուցե թե շատ ուժեղ չէ տնտեսապես, բայց նրա բնակիչները ունեն քաղաքակրթական ու մտավոր լուրջ ներուժ, նրանց ավանդույթները համապատասխան պայմանների պարագայում կարող են որոշիչ դառնալ ազգային մոբիլիզացիայի համար, կրկնապատկել ու եռապատկել խոչընդոտները հաղթահարելու կարողությունները: Այսինքնէ այլ բան է, երբ Հայաստանի վերջին 20-25 տարվա պատմությանը նայում ես իբրև հարևան պետությունից տարածքներ ձեռք բերելու համար կոնֆլիկտի մեջ գտնվող երկրի, մեկ այլ բան՝ երբ նրան դիտում ես որպես մի ժողովրդի, որը 20-րդ դարի վերջին պայքարի ելավ ամենազոր խորհրդային կայսրության դեմ և հաղթեց նրան ոչ թե ուժով, այլ ազգային արժեքների վրա հենված ժողովրդավարական, հեղափոխական այնպիսի մի ալիք առաջ բերելով, որն ի վերջո քանդեց Բեռլինի պատը և պատմության գիրկն ուղարկեց կոմունիզմի նկատմամբ ունեցած վախը:

 

Անդին 2, 2013

Share

Կարծիքներ

կարծիք