Հոտն ու նախիրը

20152101123309547

Հա՛ բարձրանամ էին ոչխարները, հրում միմյանց,

սրնգի ձայնիցը դյութված՝ մոռանում էին տակի անդունդը…

 Աշխարհը զմայլած դիտում Էր…»: 

Վրթանես Փափազյան, «Լուր-դա-լուր»

 

 

Հանդիպեցին հայրենասիրության բեռի տակ կքած հոտն ու դավաճանության ծանրությունը հաճույքով կրող նախիրը: Հանդիպեցին ինչպես իրար հանդեպ դարավոր չպատճառաբանված թշնամանքով լցված արձակն ու չափածոն ստեղծագործողի ուղեղում, ինչպես իրարից ուղևոր փախցնող երթուղայինի վարորդները, ինչպես գինին ու շամպայնը բաժակների մեջ  ֆուրշետի ժամանակ, ինչպես հոնի և թթի օղիները լիմոնադի շշի մեջ կողք կողքի շարված:

Հանդիպեցին. մեկը՝ դարեր առաջ Անգլիայում մարդկանց կերած ոչխարների ներկայացուցչի, մյուսը՝ Իսպանիայում կորիդայից փախած վիրավոր ցլի անկենդան աչքերով:

Հանդիպեցին դեմ առ դեմ ու կանգ առան՝ կոլեկտիվիզմի, հավաքականության բացառիկ գիտակցումով, միանշանակ ճշմարտացիությամբ և անսխալականությամբ համակված, խոտի բույրը՝ աստիճանաբար լայնացող քթանցքերում:

Հանդիպեցին, մի պահ նայեցին իրար ու նյարդայնացած, շտապ-շտապ սկսեցին հերթական արոտավայրի իրացման ու յուրացման աշխատանքները:

Պռճոկում էին ու աստիճանաբար մոտենում միմյանց: Միաժամանակ, մոտենում էր հանուն արոտի միմյանց հոշոտելու պատրաստակամության արյունոտ պահը, երբ երկու՝ հակառակ ճամբարներ ներկայացնող հովիվների ձայնարկություններն ընդհատեցին ակնթարթին տրված՝ կանգ առնելու պատմական հրամանը: Հոտի ու նախրի հոգեբանությունը լավ իմանալով՝ նրանք չափավորեցին և՛ հասունացող թշնամանքը, և՛ հոշոտելու կիրքը, ու սկսեցին լոլո կարդալ իրենց հովանավորյալների գլխին: Իսկ լեռան, ներողություն, արոտավայրի այդ քարոզի իմաստը հետևյալն էր. երկուսդ էլ՝ հոտ թե նախիր, ի վերջո հայտնվելու եք կամ խաշլամայի կաթսայում, կամ խորովածի շամփուրի վրա, այնպես որ, խաղաղ անցեք երկու օրվա ձեր ճամփան:

Այդ քարոզն իսկապես լոլո էր, որովհետև հոգու խորքում երկու հովիվներն էլ հոտի ու նախրի միջև խաղաղություն կամ հաշտություն չէին ուզում: Իսկ հոտն ու նախիրը խոնարհաբար ականջալուր էին նրանց ձայնի՝ արտաքուստ համոզիչ հնչյուններին՝ դյութիչ ու հմայիչ, բայց դեպի անդունդը տանող….

Անդին 10, 2014

Share

Կարծիքներ

կարծիք