Հողն է պահելու մեզ, թե մենք՝ հողին

332x498.david

Դեռ էն թվերին, նույնիսկ հազարավոր տարիներ առաջ հայերը գնում էին դուրս: Ասում էին՝ դրսում լավ է, բայց մինչև վերջ էլ ոչ ոքի համար էդ լավի բնույթն ու էությունը միանշանակ չդարձավ, քանի որ դրսի վերաբերյալ բողոքներն ու դժգոհություններն ավելի զարհուրելի էին ու գարշելի, քան ներսի մասին երբևէ հնարավոր էր լսել: Հայտնի բան է նաև, որ զարգացած երկրներում ավելի լայն հեռանկարներ են լինում: Բնականաբար, յուրաքանչյուր ոք առաջին հերթին իր ու իր ընտանիքի մասին է մտածում, հետո նոր հանրության ու հանրային շահի, ըստ այդմ՝ խնդիրների սրացման դեպքում շատերը թողնում են երկիրն ու հեռանում: Կասեն՝ հայ հասարակությունը անհատների հասարակություն է, հայերն անհատապես են զարգանում, աճում, բանի տեր դառնում: Այդ տրամաբանությամբ առաջնորդվելով էլ մարդիկ գնում են երկրից, ով ինչով կարողանում՝ զբաղվում է: Եվ մի շարք դեպքերում արդյունքը կարծես թե վատ չէ՝ հայերն աշխարհին հանճարներ են տվել: Ֆրանսիացիներն էլ են աշխարհին հանճարներ տալիս, գերմանացիներն էլ, ռուսներն էլ, բայց ֆրանսիացու հանճարն առաջին հերթին ֆրանսիացունն է, հետո նոր՝ աշխարհինը, գերմանացու հանճարն էլ նախ գերմանացունն է, հետո նոր՝ աշխարհինը, ռուսինն էլ՝ համապատասխանաբար: Իսկ հայինը հակառակն է՝ նախ աշխարհինն է, հետո նոր միայն հայինը: Դրանով են մեր երկրի հանճարները տարբերվում մեծ երկրների հանճարներից: «Մեծ» ասելով խոսքը չափի մասին չէ, այլ ազդեցիկության ու կայացածության: Այդ երկրները մարդու միջից հանճարին կերտել-հանելու մեխանիզմներ ունեն, համակարգ ունեն, մարդուն գնահատելու և նրան կյանքի իր ճանապարհը ցույց տալու մշակույթ ունեն: Մեզ այս ունակությունն է պակասում, որը ձեռք բերելն այնքան շատ եռանդ ու տքնաջան աշխատանք է պահանջում: Դրսում ավելի լավ լինելու տենդից Հայաստանի բնակավայրերը նոսրանում էին դեռ հնում և վաղ միջնադարում: Հայտնի պատմաբան Ա. Տեր-Ղևոնդյանը համարում էր, որ հայոց մեծագույն դժբախտությունը՝ պետականության կորուստը, երեք հիմնական հանգամանքով է պայմանավորված: Դրանցից մեկը հայ ժողովրդի  արտագաղթն էր, մյուսը՝ երկրի ներսում մահմեդական տարրի անշեղորեն ավելացումը: Բայց նկատենք, որ դրանք փոխկապակցված երևույթներ են. եթե մեր երկրի բարեբեր հովիտներում չնոսրանար հայ բնակչությունը, օտար հորդաներն էլ այդ վայրերում բնակություն հաստատելու հնարավորություն չէին ստանա: Մարդիկ օտարի հողում բարգավաճելու արդեն պատրաստի համակարգերը գերադասում էին սեփականից: Գերադասում էին, որովհետև սեփականն ունենալն ու պահպանելը միշտ էլ ավելի դժվար գործ է: Այս՝ սեփականին չձգտելու և սեփականը չգնահատելու սովորությունն էլ հանգեցրեց Հայաստանի թշվառ վիճակին ու հայության՝ պանդուխտ-ժողովրդի որակներ ձեռք բերելուն: Ամեն անցնող օրն ու տարին պատմության իր զուգահեռն ունի: Հայերիս պատմությունը ժամանակագրական առումով երկար է, ուստի յուրաքանչյուր զուգահեռ էլ ավելի վաղ շրջանի իր զուգահեռներն ունի: Ամեն անգամ հետ շրջվելուց բազմաթիվ ծանոթ իրավիճակներ կարելի է տեսնել: Այս խնդիրների ու զուգահեռների մասին մտորելու պահին էր հենց, որ սրճարան մտավ կուրսեցի ընկերս, ում տարիներ է, ինչ չէի տեսել: Ջերմորեն ողջունեցինք միմյանց, զրուցեցինք, հարցրեցինք՝ ով ինչով է զբաղվում, ինչ աշխատանք ունի: Պարզվեց, որ երկուսս էլ ունենք պատշաճ աշխատանք՝ մեր մասնագիտությամբ: Զրույցի ավարտին, միանգամայն անսպասելի, ընկերս հարցրեց, թե արդյոք չեմ գնա լու արտասահման՝ աշխատելու: Ինձ համար տարօրինակ էր, թե ինչու պետք է ես կամ ոչ պակաս հայրենասիրական կեցվածք ունեցող ընկերս հեռանանք երկրից, որը մերն ենք համարում: Այս անսպասելի ու իրականում դառը դիպվածից հարց առաջացավ: Այդ ինչպե՞ս պատահեց, որ հայ երիտասարդության բարձրագույն կրթություն ստացած, կայուն աշխատանք ունեցող, սոցիալապես ապահով ընտանիքի ներկայացուցիչը պետք է մտածի երկրից հեռանալու ու արտասահմանում աշխատելու, հարևան երկրները շենացնելու մասին: Իսկ ո՞ւր են մեր ազգային իդեալները, ո՞ւր է այն դաստիարակությունն ու այն ոգին, որի ուժով զարգացել ու ձևավորվել է 21-րդ դարի հայ երիտասարդությունը: Մի՞թե հայ ժողովրդի դարեր շարունակ կուտակած գիտելիքը, փորձն ու իմաստությունը նոր սերնդին արտագաղթելու և պայքարից, սեփական ազգային փառքն ունենալուց հրաժարվելու գաղափարն է փոխանցել: Դեռևս 19-րդ դարում ազատության հայտնի առաջամարտիկ Միքայել Նալբանդյանը մի միտք ուներ, թե՝ բոլոր ազգերի մոտ լինում է մի ժամանակաշրջան, երբ փոխանակ հողը պահի ժողովրդին, ժողովուրդն է պարտավոր լինում պահել պետությունն ու այդ հողը: Այս միտքն այժմ էլ չի կորցրել իր արդիականությունը: Մեր ազգային ես-ը պահելու, մեր մշակույթի ինքնատիպությունը պահպանելու համար մեզնից յուրաքանչյուրը պետք է գիտակցի դժվարին պահին անձնվիրաբար ազգային-պետական շենքին ծառայելու իր պարտավորությունը, պետք է գիտակցի իր դերի անփոխարինելիությունն ու կարևորությունը, այդ շենքի ամրության պահպանման շղթայում իր անձնական օղակի եզակիությունը: Վերադառնանք հայի հանճարի՝ հայինը լինելու և սեփականն արժևորելու խնդրին: Սա ուղղակիորեն կապված է մեր մշակույթի ու ինքնության պահպանման, ազգային արժանապատվության գիտակցման հետ: Ինքնությունը պահելը, մեր մշակույթը զարգացնելն ու արժանապատիվ, մարդու իրավունքներին հետամուտ կյանքը լոկ խոսքեր չեն, որոնց ոչ հասնելու ուղին, ոչ էլ այդ վիճակը մարդիկ չեն պատկերացնում, չեն տեսել, չգիտեն՝ այդ ինչպես է լինում, երբ է լինելու, ով ինչ անելիք ունի այդ գործում… Այս ամենի համար սեփական հանճար է հարկավոր, որին ծնելուց բացի մեծացնելու, սնելու, կարիքները հոգալու ու փայփայելու խնդիր ունենք: Մարդիկ պետք է սեփականի քաղցրությունն իմանան, գիտենան, որ օտար հողում կռած հանճարը միայն ծագմամբ, լավագույն դեպքում՝ ազգությամբ է հայ, բայց ոչ էությամբ ու հոգով: Միայն մեր հողի վրա մեծացած ու ձևավորված հանճարը մեզ կբարձրացնի, արժանապատիվ կյանք ու իրական ինքնություն կհաղորդի: Նրանով աշխարհը, ոչ պակաս, քան ֆրանսիացուն ու ռուսին, կճանաչի ու կընդունի մեզ, քանի որ նա առաջին հերթին մերը կլինի: Նույնիսկ մենք նրա միջոցով հնարավորություն կստանանք ինքներս մեզ ճանաչելու: Այսօր պարտավոր ենք հասկանալ, որ ժամանակները այլ են. մեր երկրում հաղթած քաղաքացի կա, զարգացման հեռանկարով, պետականության սրբազան զենքը ձեռքին՝ սեփականը կռելու հնարավորությամբ: Ուստի այս հնարավորությունը պետք է հայն օգտագործի ու, կառչած մնալով հողին, կառուցի նոր համակարգը, որը թույլ կտա իր զավակներին տեղում կայանալ, իր ապագան տեսնել հայրենի հողում՝ որևէ քաղաքում, որևէ ոլորտում, բայց նա տեսնի այդ ապագան, և հպարտ արժանապատվություն ունենա: Սուտ է, թե ամեն ինչ մշուշոտ է ու խավար: Տեսնելու, ավելի շուտ՝ տեսնել ցանկանալու խնդիր կա: Չծուլանալու ու սեփականն ունենալուց չվախենալու, սեփական հանճարին հանդուրժելու խնդիր կա:

 

Անդին 8. 2013

Share

Կարծիքներ

կարծիք