Հիքսոսներ

Հեղինակ:

ssssss

Փոքր երկրի մեծ հանելուկները

 

Ք.ա. XVII դ.: Եգիպտոսը հարյուրամյա տրոհումից, անվերջանալի պատերազմներից, պարբերաբար կրկնվող սովից և ներքին երկպառակություններից ապաքինված՝ վերականգնել էր իր միավորյալ թագավորությունը: Զարկ էր տրվել քաղաքաշինությանը, ծաղկում էին արհեստներն ու առևտուրը: Քաղաքաբնակների հիմնական պարտականությունը զինվորական ծառայությունն էր, որը փոխհատուցվում էր մեծ արտոնություններով: Ստեղծվել էր լավ կազմակերպված արհեստավարժ բանակ` համալրված ռազմատենչ լուվիացիներից ու նուբիացիներից: Քաղաքային բնակիչներից ձևավորվել էր նաև պետական ծառայողների նոր խավը, որը դարձել էր փարավոնների հենարանը, ի հակակշիռ ինքնիշխանության ձգտող նոմարխների: Վերացվել էր պետական պաշտոնյաների ժառանգական ինստիտուտը: Այժմ կարիերայի աստիճաններով վեր բարձրանալը կախված էր անհատի հատկանիշներից և փարավոնի հանդեպ նվերվածությունից: Մայրաքաղաքը տեղափոխվել էր հյուսիս: Նպատակը հստակ էր՝ միավորել Նեղոսի դելտան հարավի հետ, վերականգնել Եգիպտոսի՝ Սիրիայում ունեցած ազդեցությունը: Հին թագավորության շուքը վերականգնելու մղումով նորից սկսեցին կառուցել բուրգեր՝ որպես փարավոնների հզորության և հարստության առհավատչյա: Սերունդն սկսեցին դաստիարակել դեպի հայրենիքն ու փարավոնը անվերապահ նվիրումի ոգով: Երկիրը կառավարում էին փարավոնի նշանակած պաշտոնյաները, որոնք նստում էին քաղաքներում և նվիրված էին գահին: Ժամանակին հզոր և ինքնիշխան նոմարխների զորությունն ամբողջովին խաթարվեց: Եգիպտոսը հզոր էր ինչպես երբեք:

Եվ հանկարծ երկրի հիմքերը սկսեցին երերալ: Հեռու հյուսիսից հարավ էին արշավում անծանոթ և դաժան ռազմիկներ, որոնց անհնար էր դիմակայել: Լուրեր էին պտտվում ինչ-որ զարմանալի կենդանիների մասին, որոնց հեծած նրանք սլանում էին ահռելի արագությամբ՝ սփռելով մահ ու ավեր: Բարձրահասակ էին, հաղթանդամ, փարթամ մորուքներով: Հմուտ նետաձիգներ էին և ունեին երկար սուսերներ:

…Եգիպտական արևախանձ տափաստանում խիտ շարքերով կանգնել էին անհաշիվ փորձառու ռազմիկներ և սպասում էին թշնամու հայտնվելուն: Արևի տակ փայլող նրանց սև մարմինները, միատիպ զենքերը, ստվարաքանակ գնդերը՝ կազմված սափրած գլուխներով ջլապինդ զինվորներից, հավատ և վստահություն էին ներշնչում, թե ոչ մի ուժ չէր կարող խորտակել նրանց շարքերը…

aaaaԵվ հանկարծ օդը լցվեց ահասարսուռ ռազմականչով, ու գետինն սկսեց դողալ զինվորների ոտքերի տակ: Կարծես հորիզոնից դուրս պոռթկաց մարտակառքերի ու հեծյալների հեղեղը: Փոշու վիթխարի ամպ բարձրացնելով, անասելի արագությամբ դեպի եգիպտական բանակի կուռ շարքերն էր սլանում այրուձին՝ արձակելով ահասարսուռ, երկարաձիգ մարտակոչ: Դղրդոցով արշավում էին մարտակառքերը, յուրաքանչյուրի թափքին՝ սպան և կառամարտիկը: Նույնիսկ փորձառու, բազում մարտերում թրծված եգիպտացի զինվորների երակներում արյունը սառեց: Սարսափը ջնջեց բանականության և կարգապահության վերջին պատվարները: Եվ մինչ կառամարտիկների ու հեծյալների առաջամարտիկները կհասնեին եգիպտացիներին, նրանք դիմեցին խուճապահար փախուստի: Դա ոչ թե մարտ էր, այլ ջարդ: Օտարականները նետահարում, սրատում, երկար սուսերների մի հարվածով շամփրում, հսկայական սակրերով ջարդում էին եգիպտացիների գլուխները: Խուճապը կատարյալ էր: Փարավոնի հզոր բանակը գլխովին ջախջախվեց: Անհաղթելի և դաժան ասպատակողների մասին լուրը կայծակի արագությամբ տարածվեց ողջ Եգիպտոսով: Առանց պատերազմի մեկը մյուսի հետևից հանձնվում էին դելտայի քաղաքներն ու ամրոցները: Եգիպտոսում հաստատվեց հիքսոսների երկու դար տևած թագավորությունը:

 

Հիքսոսներ

 

Ըստ մեր ունեցած կցկտուր տեղեկությունների՝ Ք.ա. XVIII դ. վերջին Պաղեստինի տարածքից Նեղոսի հովիտ են թափանցում զինավառ խաշնարած ցեղեր, որոնց պատմությունն անվանում է հիքսոսներ: Հին եգիպտերենով այս անվանումը նշանակում է «հովիվների կամ օտար երկրի առաջնորդներ, տիրակալներ» (История Древнего Востока, 1988, с. 229): Շուտով նրանք հաստատվում են Եգիպտոսի կարևորագույն մարզերում, իսկ նրանց տիրակալ-առաջնորդներն իրենց սկսում են անվանել փարավոններ: Ովքե՞ր էին հիքոսները, ո՞ր երկրից, և նրանց ինչպե՞ս հաջողվեց նվաճել Հին Աշխարհի ամենահզոր և կազմակերպված երկրներից մեկը՝ Եգիպտոսը: Այդ ի՞նչ ուժ էր, որ կարողացավ խորտակել Եգիպտոսի ստվարաքանակ և հիանալի վարժեցված բանակների դիմադրությունը: Արդյոք նրանք ավելի ստվարաքանա՞կ էին՝ իհարկե ոչ, վայելում էին եգիպտացիների համակրանքը և ունեին իրենց գալուստը ողջունող դաշնակից ուժե՞ր՝ իհարկե ոչ, ունեին ավելի զարգացած տնտեսություն և միջոցնե՞ր՝ իհարկե ոչ: Ո՞րն էր ուրեմն նրանց հաջողության նախապայմանը: Նախ և առաջ՝ ձին, ապա՝ նորագույն, թերևս նաև երկաթե զինատեսակները և բացառիկ կարգապահությունը:

Նախ փորձենք պատասխանել այն հարցին, թե ովքեր էին հիքսոսները: Մինչ այժմ այս հարցը չի ստացել իր համոզիչ պատասխանը, և աշխարհի հեղինակավոր գիտնականները վիճարկում են նրանց ցեղային պատկանելիության խնդիրը: Առավել տարածված է այն կարծիքը, որ հիքսոսների ճնշող մեծամասնությունը կազմել են արևմտասեմական ցեղերը՝ ամորեացիները և քանանացիները: Սակայն հիքսոսների մի շարք արքաների անուններ հնարավոր չէ մեկնաբանել սեմական լեզուներով կամ եգիպտերեն: Սա հիմք է ծառայել որոշ լեզվաբանների եզրակացնելու, որ հիքսոսների մի մասը, ավելին՝ նրանց ղեկավարների մեծ մասը եղել են խուրրիներ կամ արիացիներ: Ք.ա. I հազարամյակի առաջին կեսին գրված Աստվածաշնչի Հին Կտակարանի վկայությամբ՝ մինչև հրեաների թափանցելը Պաղեստին քանանացիների, խուրրիների և խեթերի հետ միասին այստեղ ապրել են խոռերը /քարանձավների բնակիչները/, խիվիտները, իեվուսիտները, փերեզացիները և երգեսացիները: Վերջիններիս մասին մեր պատկերացումները խիստ սահմանափակ են:

Որ ռազմատենչ հիքսոսները եղել են շարժուն անասնապահ ցեղեր, իսկ դրանց առաջնորդները՝ բացարձակ իշխանությամբ օժտված թագավորներ, ընդունում են գրեթե բոլոր հետազոտողները: Մովսես Խորենացին, որն իր Հայոց պատմությունը շարադրելիս օգտվել է մեզ չհասած հնագույն ձեռագրերից, իր գրքում հիշատակում է Եգիպտոսի «Հովիվների թագավորական հարստությունը», որին ժամանակակից է եղել Աստվածաշնչյան Հովսեփը: Պատահակա՞ն է արդյոք, որ հայ պատմիչը եգիպտական բոլոր հայտնի արքայատոհմերից առանձնացնում է լոկ «Հովիվների թագավորական հարստությունը», որը համապատասխանում է Եգիպտոսում հիքսոսների տիրապետության ժամանակաշրջանին: Հայաստանի հնագիտական իրողության քննությունը վկայում է, որ Հայկական լեռնաշխարհի ու Հարավային Կովկասի միջին բրոնզի դարի տնտեսությանը բնորոշ է եղել շարժուն կենսաձևը՝ կիսաքոչվորային կամ յալյաղային խաշնարածությունը: Ներքին Նավերի, Քարաշամբի, Լոռի բերդի և միջին բրոնզի դարի այլ հուշարձանների թաղման ծեսն էլ իր հերթին վկայում է, որ արքայական դամբարաններում թաղված անհատներին մատուցել են թագավորներին հարիր պատիվներ՝ մարդկային զոհաբերություններ, խիստ հազվագյուտ երկաթե իրեր, ոսկյա, արծաթյա և լազուրիտե զարդեր, երկինք, երկիր և ստորգետնյա աշխարհը խորհրդանշող կենդանիների զոհաբերություններ և այլն: Որոշակի է, որ հիքսոսներին բնորոշ հատկանիշներից մեկը՝ հովիվների թագավոր եզրույթը, լիովին համընկնում է Հայկական լեռնաշխարհի և Հարավային Կովկասի միջին բրոնզի դարի սոցիալ-քաղաքական իրավիճակին: Անհատների համար կառուցված, բացառիկ հարուստ թաղման ընծաներով հսկայական դամբանաբլուրները, որոնց մեծագույնների կառուցման համար, ըստ դիտարկումների, անհարժեշտ էր 21000 մարդ-օր աշխատաժամանակ, վկայում են, որ այս դամբարանները նախատեսված էին իրենց արքա հռչակած, գուցե և հետմահու աստվածացված անհատների թաղման համար: Նման հսկայական դամբարանների կառուցումը (մոնումենտալ ճարտարապետություն), ոսկերչական փայլուն դպրոցի առկայությունը, հնագույն ապակեգործությունը, մետաղագործության բարձր մակարդակը և բարդ տեխնոլոգիաների տիրապետումը վկայում են, որ Հայաստանում Ք.ա. 3-րդ հազարամյակի 2-րդ կեսին գոյություն է ունեցել կազմակերպված, սոցիալական բարդ կառուցվածքով մի հասարակություն, որը կառավարում էր անսահմանափակ իշխանությամբ օժտված արքան: Այդ հզոր ներուժը պետք է որ շուտով իրեն դրսևորեր:

 

Երկաթե զենքեր

 

4414545454

Ուշագրավ է, որ Մովսես Խորենացին Հայկի և Բելի ճակատամարտին նվիրված պատումում նկարագրելով Բելի սպառազինությունը՝ նշում է, որ նա կրում էր երկաթե սաղավարտ: Երկաթի նման վաղ օգտագործման վկայությունն իր հավաստումն ունի Ալջա-հույուկի և Ներքին Նավերի համաժամանակյա դամբարաններում:

Նշենք նաև, որ Հայաստանի Լոռի-Բերդ հնավայրում հայտնաբերված մարտակառքի բրոնզե մոդելը նույնական է Եգիպտոսում փարավոններից մեկի դամբարանում հայտնաբերված Ք.ա. XVII դ. մարտակառքին:

Ներքին Նավեր հնավայրը զետեղված է սրբազան երեք լեռների՝ Արարատի, Արագածի և Արայի լեռան միջակայքում, ծովի մակարդակից մոտ 1100 մ բարձրությամբ հրվանդանի վրա£ Այստեղ, դարավանդի եզրին իր նախաստեղծ վայրի գեղեցկությամբ պահպանվել է մի փոքրիկ հողակտոր, որի վրա ամփոփված են միջին բրոնզի դարի շուրջ երեսուն դամբանաբլուր:

2002/2003 թթ. մենք այստեղ պեղեցինք N1 դամբանաբլուրը£ Թաղման գույքը դամբարանում զետեղված էր եռաշերտ: Վերին շերտում՝ 70-80 սմ խորությամբ, հայտնաբերվեց ձիու հիանալի պահպանված երկաթե սանձ՝ վաղ սանձերին բնորոշ սկավառակաձև պսալիաներով: 170-200 սմ խորությամբ՝ դամբարանի կենտրոնական մասում, բացվեց մոտ 20 տարեկան երիտասարդ կնոջ ատամնաշարը, ձեռքի և ոտքի մատների ֆալանգներ, զոհաբերված կենդանիների ոսկորներ և զարդեր՝ ագաթե հիանալի հղկած կիսալուսնաձև հմայիլ, լազուրիտե, արծաթե, սարդիոնե և բազմագույն ապակուց ուլունքներ, օծանելիքի կամ անուշահոտ յուղի հախճապակե սրվակ, բրոնզե զարդեր, երկաթե շքասեղ և ուլունք: Հատակի վրա՝ 250-300 սմ խորությամբ, հայտնաբերվեց 50-ն անց տղամարդու 5 ատամ, նորածին երեխայի խողովակաձև ոսկորներ, 10-11 տարեկան երեխայի ծնկոսկր, բրոնզե դաշույն, վանակատե և բազալտե գործիքներ, սարդիոնե,  լեռնային բյուրեղապակուց, գիշերից, 3-5 սմ տրամագծով  ոսկյա  9 գնդաձև ուլունք, ոսկյա երկու բազպան, գազանի պենիսից պատրաստված ֆալլաձև (երիտասարդ կնոջ ոսկորների մոտ) և կովի ատամից (տղամարդու թաղման մոտ) պատրաստված կախիկ հմայիլներ, բրոնզե շքասեղ: Արքայական ծեսին բնորոշ շքեղ թաղման ընծաներում բացառիկ են երկաթե իրերը,մասնավորապես ձիու սանձը,  ինչպես նաև ոսկեզօծ շեղբով դաշույնը՝ պատրաստված իր ժամանակի համար բարդ տեխնոլոգիական հնարքներով: Մոխրացած խսիրի մնացորդները թերևս վկայում են, որ հիմնական թաղումը, որի համար կառուցվել է այս դամբարանը, դիակիզվել է: Ովքե՞ր են այս դամբարանները կառուցողները, ո՞ր հանելուկային ժողովուրդն է ապրել այստեղ մեզնից 4000-4500 տարի առաջ և ի՞նչ դեր է խաղացել պատմության թատերաբեմում:

Իսկ դիակիզումը և փափուկ հյուսվածքներից մաքրված մարդկային ոսկորների թաղումը հին արիական ծես է: Հնդեվրոպական դիցաբանության սրբազան կենդանիների՝ մասնավորապես ձիերի զոհաբերությունը, կովի ժանիքը որպես հմայիլ օգտագործելու փաստը նույնպես հնդեվրոպական թաղման ծեսի վկայություններ են:

 

Նորագույն զինատեսակեր

 

asASasqsՀայաստանի բրոնզի դարի հուշարձաններում հայտնաբերվել են բազմաթիվ զենքեր՝ սուսերներ, խողովակակոթառ գեղարդներ, սակրեր, կեռիկներ, վանակատե և կայծքարե տարատեսակ նետասլաքներ, որոնք նորարարություններ էին զինարվեստում և կատարյալ մահվան գործիքներ էին:

Անդրադառնանք դրանցից կարևորագույնին: Դեռևս XX դ. կեսերին Հայկական լեռնաշխարհի հյուսիսային շրջաններում պատահաբար հայտնաբերվել էին բրոնզե սուսերներ: Դրանք նոր և հզոր զինատեսակներ էին, որոնցով կարելի էր միջանցուկ շամփրել հակառակորդին, ահ ու սարսափ տարածել թշնամու շարքերում: Որոշակի էր այս սուսերների նմանությունը Միկենքի դամբարաններից հայտնաբերված զենքերի: Եվ քանի որ գիտությունը շարժվում է հայտնիից դեպի անհայտը, խորհրդային նշանավոր գիտնականներ Բորիս Պիոտրովսկին և Հարություն Մարտիրոսյանն առաջ քաշեցին մի վարկած, ըստ որի այս տիպի զենքը Հարավային Կովկաս է թափանցել Հունաստանից: Այս տեսակետը գրեթե մինչև XX դարի 90-ականները անառարկելի էր: Սակայն Հայաստանում և Վրաստանում միջին բրոնզի դարի մի շարք անխաթար դամբարանների պեղումները /Լիլո, Մայիսյան, Լոռի-Բերդ, Ներքին Նավեր/, որոնք թվագրվում էին Ք.ա. XXII-XIX դդ., հստակեցրին, որ այստեղ հայտնաբերված սուսերներն առնվազն մի քանի դար նախորդում են միկենյան գտածոներին: Հետևաբար այս զենքերի հայրենիքը Հայաստանն է: Ինչպե՞ս և ի՞նչ ճանապարհով էին սուսերները հայտնվել Հունաստանում: Այս հարցին պատասխանում է ամերիկացի հնագետ -ի Ջ. Թ. Հուկերի ուշագրավ վարկածը (J. T. Hooker, The Mycenaean siege rhyton and the question of Egyption influence, American Journal of Archaeology, vol. 71, 1967, p. 269-281), որը խորապես ուսումնասիրելով Միկենքի դամբարանների գտածոները և դրանք համադրելով հին Հունաստանի հնագիտական իրողության հետ՝ եկել է մեզ համար մի ցնցող եզրակացության, ըստ որի միկենյան առաջնորդների դամբարաններից հայտնաբերված հիանալի զենքերը ոչ թե պատրաստված են տեղում, այլ ներմուծվել են Եգիպտոսից՝ որպես ռազմավար, երբ հունական հիանալի վարձկանները եգիպտացիների հետ կռվում էին հիքսոսների դեմ, և հավանաբար վճռական դեր են խաղացել Եգիպտոսի ազատագրման գործում: Հուկերին հայտնի չի եղել սուսերների առկայությունը Հայաստանում, և նա վավերացնում է միայն Եգիպտոս-Հունաստան կապը, որն այն վաղնջական ժամանակներում դժվար չէր իրականացնել ծովային ճանապարհով: Հայաստանում, Հարավային Կովկասում և Միկենքում նմանատիպ զենքերի՝ սուսերների, ոսկյա և արծաթյա երիզով խողովակակոթառ գեղարդների, ոսկեզօծ շեղբերով դաշույնների առկայությունը« ինչպես նաև դրանց Հունաստան որպես ռազմավար Եգիպտոսից տարված լինելու վարկածը կարծես կասկած չեն թողնում, որ միջին բրոնզի դարում գործել է Հայաստան-Եգիպտոս-Միկենք եռանկյունին: Սակայն ինչպե՞ս կարող էին այս զենքերը այն հեռավոր ժամանակներում, երբ դեռևս չկային արագընթաց երթևեկի միջոցներ, Հայաստանի ու Եգիպտոսի միջև ձևավորված առևտրական կապեր և փոխառնչություններ, հաղթահարել հազարավոր մղոններ և թափանցել Եգիպտոս:

 

Ձին հանելուկի բանալի

 

20152001181924647Այսօր ձիաբուծության հայրենիք կոչվելու դափնին վիճարկում են մի շարք տարածաշրջաններ՝ Կենտրոնական Ասիան, Հարավռուսական տափաստանները, Կենտրոնական և հարավարևմտյան Եվրոպան: Տեսակետների առատությունը պայմանավորված է նրանով, որ ձին հասարակ ընտանի կենդանի չէր: Նա քաղաքակրթության կրողն էր ու ռազմական ուժի հիմքը: Ընտելացնելով ձիուն և օգտագործելով որպես տրանսպորտային միջոց՝ մարդը տարածությունը կրճատեց 4-10 անգամ: Շուտով բացահայտվեց նաև ձիու՝ ռազմի նպատակով օգտագործման առավելությունները: Թերևս ձին էր այն հիմնական լծակը, որը հնարավորություն տվեց հնդեվրոպական լեզվաընտանիքի ժողովուրդներին պատմական կարճ ժամանակամիջոցում տարածվել իրենց պատմական հայրենիքից մինչև Բրիտանիա և Հնդկաստան, ճանապարհին կործանելով և նվաճելով բազմաթիվ վաղ երկրագործական մշակույթներ: Եվ պատահական չէ, որ ձին հնդեվրոպական դիցարանում բացառիկ տեղ է գրավում որպես սրբազնագույն կենդանի, գերագույն աստվածների խորհրդանիշ, և որի զոհաբերությունը ըստ հնդկական վեդաների՝ հնդարիների սրբազան հիմների, ամենաբարձրագույնն էր և կոչված էր կանոնակարգելու կոսմոսը, աշխարհը քաոսից փրկելու: Իրականում ո՞րն է եղել ձիաբուծության հայրենիքը և ի՞նչը պայմանավորեց քմահաճ ու կրակոտ այդ կենդանու որպես հեծկան ու լծկան օգտագործելը: Ձիու հայրենիքը այս կամ այն տարածաշրջանում զետեղողները հիմնականում ելնում են այն փաստից, թե արդյոք տարածաշրջանը հանդիսացե՞լ է վայրի ձիու տարածման վայր: Սա, ինչ խոսք, կարևոր է, սակայն միայն դրանով առաջնորդվողները կարող են ընկնել մոլորության մեջ, քանզի միայն ընտելացված և ապա որպես փոխադրամիջոց օգտագործված ձիերը միանգամայն տարբեր երևույթներ են:  Վայրի ձին հարյուր հազարավոր տարիներ կարող էր ապրել այդ տարածքում, նույնիսկ ընտելացվել մարդու կողմից որպես մսատու կենդանի, սակայն որպես փոխադրամիջոց՝ լծկան և հեծկան օգտագործվելու համար անհրաժեշտ էին մի շարք կարևորագույն նախապայմաններ, որոնք կարող էին ապահովել միայն հնագույն քաղաքակրթությունները:

Ձիազգիները ունեն մի զարմանալի հատկություն, նրանք կարող են լծված վիճակում տեղաշարժվել ցանկացած ռելիեֆով և իրենց ետևից քարշ տալ բեռնված սայլը, այնինչ գոմեշները կամ եզները կարող են շարժվել միայն ձևավորված ճանապարհներով: Ձիու այս հատկությունը կարևորագույն նշանակություն է ունեցել նրա ընտելացման և որպես փոխադրամիոց միջոց օգտագործելու համար: Ուրեմն ձիու ընտելացման համար անհրաժեշտ էին երկու կարևոր հիմնապայման. վայրի ձիու առկայություն և տնտեսապես բարձր կազմակերպված հասարակություն, որը ուներ արևտրաարդյունաբերական զարգացած համակարգ: Ուստի անդրադառնանք Շենգավթի պեղումներին: Այստեղ, ստորին շերտում, որը ռադիոկարբոնային անալիզի տվյալներով թվագրվում է 4-րդ հազարամյակի երկրորդ կեսով, հայտնաբերվել է բրոնզագործի մի արհեստանոց: Արհեստանոցի շրջակայքից հայտնաբերվել են շուրջ 10 խեցանոթների բեկորներ, որոնց պատերին պահպանվել են ձուլածո պղնձի նստվածքներ: Կավե անոթների ծավալների վերակազմումը և պղնձի տեսակարար կշռի համադրումը վկայում է, որ միայն այս անոթներում պահվել է շուրջ 300 կգ պղինձ: Սա իր ժամանակի համար հսկայական քանակ է: Գերմանիայում՝ Պերնիցկայի լաբորատորիայում կատարված հետազոտությունները բացահայտեցին, որ մեզանից ավելի քան հինգ հազար տարի առաջ հանքաքարը Շենգավիթ է բերվել Շամլուղ-Ալավերդու հանքավայրերից, այսինքն՝ հյուսիսային Հայաստանից, որը Երևանից հեռու է շուրջ 300 կմ: Լեռնային բարդ տեղանքի համար դա երկար ճանապարհ է, որը կարելի էր հաղթահարել միայն փոխադրամիջոցով: Այն ժամանակ մենք դեռ չէինք անդրադարձել ձիաբուծության խնդիրներին, և կատարված հետազոտությունները բացահայտում էին միայն աշխատանքի այն բարձր կազմակերպվածությունը, որը գոյություն ուներ Հայաստանում վաղ բրոնզի դարում: Եվ ահա խնդրեմ, Հայաստանը, որը խիստ հարուստ է պղնձի հանքավայրերով և բազմաթիվ հեղինակավոր հնագետների կողմից ընդունվում է որպես հին աշխարհի պղնձագործության կենտրոններից մեկը, պարզվում է, որ կարող էր այդ տնտեսաձևը զարգացնել միայն այն դեպքում, եթե որպես փոխադրամիջոց օգտագործեր ձին:

Հայտնի հնակենդանաբան Հանս-Պիտեր Ուերպմանը 2002 թ. առաջին անգամ այցելեց Հայաստան: Այն ժամանակ նա արդեն խոսում էր այն մասին, որ Հայաստանը թերևս այն տարածաշրջանն է, որտեղ կատարվել է ձիու ընտելացումը, քանզի որպես լեռնային, ալպիական մարգագետիններով հարուստ և զով տարածք Հայկական լեռնաշխարը ձիու նախասիրած վայրերից է: Այս տեսակետը 1990 թ. Վաշինգտոնի միջազգային գիտաժողովում առաջ էր քաշել մեկ այլ հայտնի հնէաբան՝ Սոնյա Մեջլումյանը: Վերջինս Հայաստանը ձիաբուծության հայրենիք համարելը հիմնավորում էր Հայաստանի ժայռապատկերներում հեծկան և սանձված ձիերի պատկերների առկայությամբ: Այս տեսակետի հինավորման համար կարևոր էր 2000-ին Շենգավիթ քաղաքատեղիի պեղումներից հայտնաբերված ոսկրաբանական նյութի ուսումնասիրումը: Ի թիվս ընտանի և վայրի բազմաթիվ կենդանիների ոսկորների Հանս-Պիտեր Ուերպմանը բնորոշեց նաև շուրջ երեսուն ձիերի, էկվիդների և կուլանների ոսկորներ: Նա խիստ ոգևորված էր այս հայտնագործությամբ, քանզի իր հետազոտած մյուս տարածաշրջաններում՝  Սիրիա, Իրաք, Իրան, Թուրքիա և Վրաստան, Ք.ա. IV-III հազարամյակների ձիերի ոսկորներ չէին հայտնաբերվել: Նա անմիջապես ծրագրեց 2003-ի աշնանը վերադառնալ Հայաստան՝ ձիու ոսկորների ուսումնասիրությունը շարունակելու նպատակով:

Մինչ այդ ես պետք է միջոցներ հայթայթեի Շենգավիթում պեղումները շարունակելու համար: Սակայն դեպքերն այլ ընթացք ունեցան: Ամերիկայի Գֆոելլեր հիմնադրամ-ընկերության Հայաստանյան գրասենյակի տրամադրած միջոցներով 2002 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ձեռնարկեցի Ներքին Նավեր դամբարանադաշտի պեղումները: Դամբարանի հատակին հայտնաբերվեցին խոշոր կճղակավոր կենդանու կողոսկրներ և խողովակաձև ոսկորներ, հավանական էր՝ ձիու: Սա կատակ չէր, քանզի մի բան է բնակատեղիից հայտնաբերված ոսկորները, որոնք կարող էին պատկանել որսված կենդանիների, այլ բան է դամբարանում ձիու զոհաբերությունը:

Խիստ ցուրտ էր, մաղող անձրևը վերածվեց ձյան: Պետք էր շտապ և ճիշտ որոշում կայացնել: Որոշեցի դադարեցնել պեղումները, ոսկորները ծածկել հողով և պեղումները վերսկսել միայն հնէաբանի ներկայությամբ: Զոհաբերված ձի, այն էլ երրորդ հազարամյակի երկրորդ կեսով թվագրվող դամբարանում: Դա արդեն համամարդկային արժեք ունեցող հայտնագործություն էր: Եվ ահա երկարատև ու բացառիկ ցուրտ ձմռան ավարտից հետո Հայաստնում է Հանս Պիտեր Ուերպմանը: Այո, այստեղ ի թիվս այլ կենդանիների, գազանների, թռչունների, ձկների, խեցգետնի և երկկենցաղների կատարվել է նաև ձիու և այն էլ երկու ձիու զոհաբերություն: Հիշենք՝ Ինդրային նվիրված հիմներում նա մշտապես շրջում էր երկու ձիու ուղեկցությամբ: Ուերպմանի հետ քայլում եմ դամբարանադաշտի տարածքում ու զրուցում:

-Այո, սա ձիու սիրած տարածքներից է, և Հայաստանը իրոք ձիաբուծության հայրենիքն է,- ասում է Հանս-Պիտերը, իսկ իմ աչքի առաջ հառնում է թաղման դաժան ու հանդիսավոր արարողությունը, երբ խստաբարո ու առնական զինվորներով շրջապատված քրմերը սրբազան հիմներ երգելով զոհաբերում են մահվան տագնապից խենթացած ձիերին, իսկ աշնանային թափանցիկ ու ջինջ հորիզոնում ուրվագծվում են սրբազան լեռների՝ Արարատի ու Արագածի ձյունապատ գագաթները:

Հայաստանի՝ ձիաբուծության հայրենիք հանդիսանալը պետք է որ արտացոլվեր Հին Աշխարհի գրավոր հուշարձաններում: Եվ իրոք, Աստվածաշունչը վկայում է, որ Թորգոմի տան՝ Հայաստանի բնակիչները Առաջավոր Ասիայի լավագույն ձիավաճառներն էին:

Ըստ Ք.ա. VIII-VII դդ. ասսուրական սեպագիր աղբյուրների՝  ուրարտական Սուբարի մարզը հռչակված էր իր ձիերով: Հին հույն պատմիչ Քսենոֆոնը Ք. ա. 401-400 թթ. գրած իր Անաբասիս երկում վկայում է, որ Հայաստանում ծաղկում էր ձիաբուծությունը՝ գյուղական համայնքները պահում էին ստվարաքանակ երամակներ, որոնց մի մասը որպես հարկ ուղարկվում էր աքեմենյան հզոր տիրակալներին: Որպես հեծկան օգտագործվում էին հատուկ ցեղի ձիեր, որոնցից լավագույներին զոհաբերում էին արևի աստծուն:

 

Ամփոփենք.

20152001182109759Հին Հայաստանի Արագածոտն գավառում Ք.ա. III հազարամյակում ձևավորվել էր հնդեվրոպական կամ հին արիական մշակույթը կրողների ռազմատենչ, սոցիալ-տնտեսական բարդ կառուցվածքով հզոր հասարակություն, որը տիրապետում էր մետաղագործության և ձիաբուծության գաղտնիքներին: Բարդ տեխնոլոգիաների տիրապետումը, ձին ռազմի նպատակով որպես հեծկան օգտագործումը, անագային բրոնզի, գուցե նաև երկաթի հայտնագործումը, դրանցից նորագույն զինատեսակների պատրաստումը, հասարակության բարդ կառուցվածքը և անսահմանափակ լիազորություններով օժտված թագավորական իշխանությունը ձևավորել էին մի հուժկու ռազմական մեքենա, որը շուտով շարժման մեջ դրվեց: Դա պատմագրության մեջ հիքսոսների արշավանք կոչվող շարժումն էր դեպի Եգիպտոս: Հայաստանից արշավելով՝ նրանք մեկը մյուսի ետևից նվաճեցին իրենց հարևան ժողովուրդներին, նրանցից շատերին համախմբեցին իրենց շուրջ և, կուտակվելով Պաղեստինում, նախապատրաստվեցին իրենց վճռական և կարևոր թռիչքին՝ հարուստ և բարգավաճ փարավոնների երկրի նվաճմանը: Եգիպտական գրավոր աղբյուրները, հասկանալի պատճառով, մռայլ գույներով են ներկայացնում հիքսոսներին՝ համարելով նրանց անսանձ թալանչիներ և վայրենիներ, ինչը ևս հասկանալի է: Սակայն եգիպտական Նոր թագավորության աննախադեպ ռազմական հզորությունը և ծաղկումը պայմանավորված էր հենց հիքսոսների արշավանքով, որոնք ռազմի նոր հնարքներ (ձի և մարտակառք, նոր տիպի զենքեր, ռազմարվեստ սովորեցրին եգիպտացիներին) և թարմ արյուն ներարկեցին փարավոնների խամրող արյանը:

Այս հոդվածի հիմնակմախքը շարադրվել է 2003 թ., երբ Ներքին Նավերի դամբարանադաշտում պեղվել էր լոկ N1 դամբարանը: Հետագայում հայտնաբերվեցին Ք.ա. XXII-XIX դդ. թվագրվող և ձիաբուծության մասին վկայող այլ արտեֆակտներ. մարտակառքերի անիվներով զարդարված կարաս, տոհմիկ ձիերի երամակի պատկերով գունազարդ սափոր, որոնք հնագույնն են ողջ Հին-արևելյան մշակութային համատեքստում, բրոնզե սուսեր, երկուական ձիերի զոհաբերություններ բոլոր արքայական դամաբարաններում, իսկ ընդամենը 1 կմ արևելք ընկած Վերին Նավերի արքայական դամբարաններում՝ մարտակառք և հերոս արքաների դիմաքանդակներով զարդարված թագ:

Հնագիտությունը պատմական դիսցիպլին է և նրան հատուկ չէ փորձարարության միջոցով համարձակ տեսակետները հիմնավորելու մեթոդը: Սակայն այստեղ գործում է վերիֆիկացիան, երբ սակավ փաստերի վրա հիմնված հիպոթեզները հիմնավորվում են հետագա պեղումների արդյունքներով: Ներքին և Վերին Նավերի դամբարանադաշտերի ամենամյա պեղումները մեկը մյուսից զարմանալի տվյալներ են փաստագրում, որոնք գալիս են հիմնավորելու Հայաստանում ձիու հնագույն ընտելացման և ռազմի նպատակով օգտագործման մասին: Սա Հին աշխարհի պատմությունը սրբագրելու և հանելուկային մի շարք երևույթների, այդ թվում նաև հիքսոսների առեղծվածի բացահայտման համար կարևորագույն նշանակություն ունի:

 

Անդին 10, 2013

Share

Կարծիքներ

կարծիք