Հավերժության դատապարտվածները

20143009164741751

Հուսով եմ` շուտով կհասկանանք, որ շատ հիմնարար արժեքներ, որոնք մենք արդե՛ն ունենք կամ դե՛ռ ունենք, որոշ ժամանակ անց կդառնան առաջավոր ու ժամանակակից: Բնական է ցանկությունը` լինել առաջավոր ու ժամանակակից, և հիմարություն կլիներ հայտնվել այն ֆրանսիացու վիճակում, որի մասին իր հայրենակիցներն ասում են` Նա կիրթ չէ, լավ չգիտի իր լեզուն:

 

1. Հաջողությունն ու պատահականությունը

Վերջին 50-60 տարիներին աշխարհում ստեղծվել է 80-90 պետություն: Ստեղծման մեխանիզմները նույնն են` post factum` որպես հետևանք պատմական, քաղաքական կամ ռազմական իրադարձությունների: Դրանցից քանի՞սը ինչ-ինչ չափանիշներով որոշակի դերակատարություն ունեն ժամանակակից աշխարհում կամ գոնե կարողացել են ստեղծել ներդաշնակ հասարակություն, արդյունավետ տնտեսություն: Հի՞նգը, տա՞սը… Մյուսները կազմել են պետությունների մի խումբ, որին կարող ենք անվանել միջին վիճակագրական միջազգային ճահիճ : Մենք գիտենք նաև, զգում ենք, որ դրանց մեծ մասը երբեք դուրս չի գա այդ ճահիճից: Ազգերը, որոնք պետություն են ունեցել և՛ Քրիստոսից առաջ, և՛ այսօր, այնքան էլ շատ չեն` իտալացիներ (հռոմեացիներ), հույներ, հայեր, եթովպացիներ, պարսիկներ, եգիպտացիներ (արաբներ), հրեաներ, հնդիկներ, չինացիներ (բավարարվենք Հայտնի Աշխարհով): Դրանցից երեքը` հրեաներ, հնդիկներ, հայեր, իրենց պետականությունը վերականգնել են վերջին 60 տարում: Կազմենք մի այսպիսի ցուցակ`

Իտալացիներ (հռոմեացիներ)կաթոլիկության կենտրոն

Հույներուղղափառության կենտրոն

Հրեաներհուդայականության կենտրոն

Հայեր, եթովպացիներ առաքելականության կենտրոն

Պարսիկներ, արաբներիսլամի կենտրոն

Հնդիկներ, չինացիներ   բուդդայականության կենտրոն

Եթե համարեինք , որ այսպիսի համադրումն արհեստական է,  համընկումը` պատահականություն, իսկ պետությունների` մի առանցքի վրա հայտնվելը նշանակություն չունեցող, ապա  առավելագույնը, ինչ կարող էինք ասել, հետևյալն է. պետք է համապատասխանես այս ցուցակին, որի անդամներն արդեն համաշխարհային նշանակության պետություններ են: Այսպիսի մոտեցումը ճահիճից դուրսգալու խնդիրը լուծելի է դարձնում: Համարելո՞ւ ենք սա մարտահրավեր: Բոլոր երկրներն էլ պետական շինարարություն իրականացնելիս վերցնում են հայտնի երկրներում իրենց արդյունավետությունն ապացուցած միջազգային լավագույն ստանդարտները` չափորոշիչները` ժողովրդավարություն, իշխանությունների տարանջատում, սեփականության իրավունք և այլն, ու ստանում… նույնը: Կարծես թե դրանք ոչ մի տեղ էլ լավ չեն աշխատում, այդպես չէ՞: Բոլոր գլխավոր չափորոշիչները, որոնցով մենք առաջնորդվել և առաջնորդվում ենք, ունեն սկզբունքային թերություն` հաշվի չեն առնում օրգանիզմի պատմական, ազգային, մշակութային յուրահատկություններն ընդհանրապես ու ժամանակի մեջ` մասնավորապես:  Դրանք ներդրվում են կամ պարտադրանքով, ինչպես Աֆղանստանում, կամ ինքնակամ: Նույնիսկ երբ չափորոշիչների ներդրումն ինքնակամ է, իսկ կրոնական, մշակութային, քաղաքակրթական հակասությունները` ոչ ակնհայտ, «պետական օրգանիզմը» հիվանդանում է և, ինչպես երևում է, մեծամասամբ անբուժելի: Հավանաբար սա է բացատրությունը, թե ինչու են չհաջողված պետությունները շատ: Առհասարակ գոյություն չունեն քաղաքական-հասարակական խնդիրների լուծման «ունիվերսալ» («համապիտանի») տարբերակներ, իսկ փորձի մեխանիկական փոխառումը չվնասել կարող է միայն պատահաբար: Կառուցել միջին եվրոպական տիպի պետություն բուն Եվրոպայից դուրս` դեռ ոչ ոքի չի հաջողվել (խոսքը post factum երկրների մասին է): Այսպիսի ծրագիրն անիրագործելի է նաև այն պատճառով, որ չի պարունակում «հավերժության» տարր ու չափազանց պարզունակ է որևէ ազգի համար: Համախմբման համար բոլորովին այլ` առաքելության կարգի նպատակ կամ գիտակցված պարտավորություն է անհրաժեշտ: Սա էլ է վիճակագրություն: Եթե հնարավոր լիներ բավարար ճշտությամբ ընդհանրություններ գտնել այն post factum երկրների միջև, որոնց հաջողվել է դուրս գալ քաոսից, առաջընթաց ու զարգացում ապահովել և որոշակի դերակատարություն ստանձնել միջազգային ասպարեզում, ապա կունենայինք դրանք «հաշվի առնելու» առավել գիտելիքներ: Հաջողության հասած  երկրների (մեկ շնչին ընկնող տարեկան միջին համախառն արդյունքը` 25 000 $, հաջողության հասած երկրների շարքում մենք ընդգրկում ենք նաև Հնդկաստանը) մեր մասնավոր ցուցակն  այսպիսի տեսք ունի` Իսրայել, Հարավային Կորեա, Թայվան, Սինգապուր, Հնդկաստան` մի խումբ և Քաթար, ԱՄԷ, Քուվեյթ` երկրորդ խումբ: Այլ ցուցակը կարգի փոփոխության չէր բերի: Ի՞նչ ընդհանրություններ կարող են ունենալ իրարից այսքան տարբեր ժողովուրդներն ու պետությունները: Ինչո՞ւ հենց սրանք են հաջողության հասնել: Նշենք հետևյալ մեծ ընդհանրությունները.

• Այս երկրներն ունեն ազգային անվտանգությանն սպառնացող, միջինից բարձր վտանգներ:

• Հանգամանքների բերումով, նրանք  չափազանց կարևոր են համաշխարհային ուժային կենտրոնների  համար:

• Այս երկրներում եղել է և կա ուժեղ իշխանություն, անկախ նրանից` ժողովրդավարական է այն, թե ոչ:

• Այս երկրները կարողացել են իրենց ժողովուրդներին ներշնչել հավակնոտ, անհավանական թվացող նպատակներ ու երազանքներ:

• Այս երկրներում զարգացմանը նախորդել կամ ուղեկցել է բնակչության մեծ աճ, որոշ դեպքերում` դեմոգրաֆիական բում, և գոյություն ունի էթնիկական բազմազանություն:

• Եվ վերջապես, երկրորդ խմբի համար` նրանք ունեն նավթ:

Հավանաբար սրանք կարող են լինել այն  անհրաժեշտ պայմանները, որոնք  հնարավորություն կտային որևէ այլ երկրի ևս իրական հաջողության հասնել պետական շինարարության գործում: Պետական շինարարության մեջ հաջողության հասնելու համար կենսական նշանակություն ունի սեփական յուրահատկությունների բացահայտումն ու դրանցից օգտվելու կարողությունը:  Երևի հենց սա է գործնական  քաղաքականության Էյնշտեյնի բանաձևը:

 

2. Հայերն ու միգրացիան

Վերը նշված օրինաչափությունները փակ շրջան են կազմում. որպեսզի կատարվի 2-րդը պետք է տեղի ունենան 3-րդն ու 4-րդը կամ գուցե հակառակը: Այսպիսի դեպքերում սովորաբար անում են այն, ինչը հնարավոր է, իսկ հնարավոր են թվում միայն այդ ամենի գիտակցումն ու  դեմոգրաֆիայի բարելավման փորձերը: Հայտնի է, որ հայերը բոլոր ժամանակներում էլ լքել են իրենց հայրենիքը` և՛ պետության գոյության, և՛ բացակայության պարագայում: Այսպիսի միգրացիան ժամանակի մեջ պետք է համարել միջին վիճակագրական:

Ինչո՞ւ են այսօր հայերը գնում հայրենիքից: Եթե կարողանայինք հասկանալ հայրենիքը լքելու իրական պատճառները, հնարավոր կլիներ միգրացիայի կառավարման արդյունավետ մեխանիզմներ գտնել: Եղած բացատրությունների մեծ մասը կրում է քաղաքական-պոպուլիստական բնույթ, և չի կարելի դրանց լուրջ վերաբերվել: Այս պարագայում ցանկացած վերլուծություն վարկածից այն կողմ չի անցնի: Մի՞թե հետևյալ հնարավոր պատճառները` վատ հարևաններ, հայրենանվիրումի (պատրիոտիզմի) պակաս, սոցիալական ծանր վիճակ, աշխատատեղերի բացակայություն, պատերազմի վտանգ, անվտանգության այլ սպառնալիքներ, շրջափակում, կարող են այսօրվա միգրացիայի բավարար  բացատրություն լինել: Բազմաթիվ են երկրները, որոնք ունեն նմանատիպ խնդիրներ:

Իսրայել պետությունն իր սկզբնավորման ժամանակ նույն խնդիրների առջև էր կանգնած, սակայն, այդուհանդերձ, ակտիվ ներգաղթ էր իրականացնում:

CBS-ը 2010 թ. հրապարակել է տվյալներ աշխարհում և Իսրայելում ապրող հրեաների թվային հարաբերակցության վերաբերյալ:

1948 թ. — 0,65 մլն. Իսրայելում,11,5 մլն. աշխարհում, հարաբերակցությունը 6 %: 1955 թ. — 1,6 մլն. Իսրայելում,11,8 մլն. աշխարհում, հարաբերակցությունը13 %: 1975 թ. — 2,9 մլն. Իսրայելում,12,7 մլն. աշխարհում,  հարաբերակցությունը 23 %: 1995 թ. — 4,5 մլն. Իսրայելում,12,8 մլն. աշխարհում, հարաբերակցությունը 35 %: 2009 թ. — 5,7 մլն. Իսրայելում,13,4  մլն. աշխարհում, հարաբերակցությունը 42 %:  2011 թ. Իսրայելի բնակչությունն արդեն 7,8 մլն. էր, որից հրեաներ` 5,8 մլն.:

Եվ այսպես. Ինչո՞ւ են հայերը գնում հայրենիքից: Պատասխանն ավելի պատշաճ կլինի, եթե նախ պարզենք` Իսկ ո՞ւր են գնում հայերը: Հայերը գնում են Ամերիկա, Եվրոպա և Ռուսաստան: Քաղաքակրթորեն, տնտեսապես ու մշակույթով այդքան իրարից տարբեր տարածքներ, սակայն նույնքան գայթակղիչ մեզ համար: Ռացիոնալ մտածողությունը գերադասելի է համարում տնտեսական դրդապատճառը: Այսպիսի եզրակացությունը թվում է համապարփակ, ճշմարտացի ու ամենակարևորը` հասկանալի: Սակայն դիտարկելով Ամերիկա, Եվրոպա, Ռուսաստան ընդհանրություններն այլ տեսանկյունից` կնկատենք, որ դրանք բոլորն էլ համաշխարհային նշանակության վայրեր են: Առանց թերագնահատելու տնտեսական բաղադրիչը` համաշխարհային նշանակության վայրերն ու տնտեսական հաջողությունները, որպես կանոն, համընկում են: Եվ ոչինչ չի կարող խանգարել մեզ` պնդելու, որ հայերը գերադասում են ապրել համաշխարհային նշանակության վայրերում: Նույն պատճառներով, այդ նույն վայրերում է կենտրոնացած նախորդ սերնդի Սփյուռքը: Այժմ արդեն կարող ենք ձևակերպել հիմնական վարկածը` Հայերը գնում են հայրենիքից, որովհետև թվում է, թե այն դադարել է լինել համաշխարհային նշանակության վայր կամ կորցրել է այդպիսին լինելու հեռանկարը:

Ղարաբաղյան պատերազմի հաղթանակից հետո տեղի ունեցավ այն ճակատագրական իրադարձությունը, որը լինում է անկախություն ստացած կամ նվաճած երկրներից մեծ մասի հետ և որոշիչ նշանակություն ունի պետական շինարարություն իրականացնելիս. պետությունը  զրկվեց հասարակական աջակցության էմոցիոնալ բաղադրիչից, նույնիսկ ավելին` զրկվեց հասարակությունից: Շուկայագիտությունը ճիշտ է համարում սկզբում հաշվարկել հնարավորությունները, այնուհետև ձևակերպել խնդիրը, իսկ պատմությունը ցույց է տալիս, որ իրական հաջողության են հասնում միայն նրանք, ովքեր սկզբում ձևակերպում են իրենց նպատակն ու հետո միայն սկսում իրականացնելու ուղիներ որոնել` լինեն դրանք անհատներ, թե պետություններ: Օրինակները մեր առջև են` Սթիվ Ջոբսն իր APPLE-ով  կամ Հարավային Կորեան իր պետական նշանաբանով` «Օգուտ բերել մարդկությանը»: Կարծում եմ` զուգահեռները պատշաճ են: Քանի որ վիճակը նետված է և զառերը «սե բայ դու»են ցույց տալիս, ապա հենց հիմա է ժամանակը գիտակցելու գերագույն պարտավորությունը` Հայաստանը համաշխարհային նշանակության տարածք է:

Այնտեղ ապրողների բացառիկ պարտավորությունը` Կարգի բերել Երկիրը և… Դատապարտել Հավերժության…

Հնարավո՞ր է դա գիտակցել: Իսկ ո՞րն է այլընտրանքը… Եվ ինչպե՞ս… Առայժմ ոչ ոք չգիտի: Նման խնդիր դրված չէ: Խնդրի այսպիսի դրվածքը ոչ միայն գործնական նշանակություն ունի, այլև պարունակում է անուղղակի ազդեցության էական պոտենցիալներ` հիմնարար որոշումներից մինչև զգայական-վերականգնողական, նոր տնտեսական հարաբերություններից մինչև քաղաքական փոփոխություններ: Ամեն ինչ փոխկապակցված է, ամեն ինչ` ՀՆԱՐԱՎՈՐ…

 

 

 

Անդին 10, 2013

Կարծիքներ

կարծիք