Հայկական ժայռապատկերների առանձնահատկությունները

Հայկական լեռնաշխարհում բնակավայրերը, սրբատեղիները նախապատմական ժամանակներից ի վեր կառուցվել են նույն տեղում, ինչի հետևանքով խաթարվել են մշակութահնագիտական շերտերի ընթեռնելի հերթագայությունը կամ իսպառ ոչնչացել անցյալի հետքերը: Սակայն եղած հետքերն էլ բավական են՝ նկատելու համար հազարամյակների միջով անցած և մեզ հասած մշակույթի խոր հոգևոր կապը անցյալի հետ:

Դրանցից առավել ամբողջականը և ընդգրկունը, թերևս, ժայռապատկերներն են: Այս պատկերները շարունակում են առեղծված մնալ՝ չնայած գիտական երկարամյա հետազոտություններին ու տարաբնույթ հրապարակումներին:
Ժայռապատկերները Հայկական լեռնաշխարհում մեծ տարածում ունեն, բայց առավել մեծ խտությամբ կենտրոնացած են Սյունիքում և Գեղամա լեռներում:
Գեղամա լեռների ժայռապատկերները համեմատաբար լավ են ուսումնասիրված, քան Վարդենիսի, Ջերմաջրերի, Ղարաբաղի բարձրավանդակի, Տաշիրի և Վիրահայոց նմանատիպ հուշարձանները: Սակայն հարկ է նշել, որ դրանց վերաբերող հաղորդումները և նույնիսկ գիտական հոդվածները բավարար չեն ու ամբողջական պատկեր չեն ստեղծում: Ճանաչողական և գիտական նշանակություն ունեցավ  Հ. Մարտիրոսյանի, Հ. Իսրայելյանի «Գեղամա լեռների ժայռապատկերները» գիրքը, որը թեև մի քայլ առաջ էր ոլորտի ուսումնասիրման առումով, բայց գիտական հետազոտությունների ընդգրկուն դաշտն ի ցույց հանելու առաքելություն է իրականացրել ընդամենը:
Տողերիս հեղինակը 2006 — 2010 թթ. մի քանի հետախուզական արշավախումբ է կազմակերպել Գեղամա լեռներ և համոզվել, որ այստեղ տարիների աշխատանք պիտի կատարել միայն չափագրելու, նկարագրելու, կոորդինատներ որոշելու և ժայռապատկերներն անձնագրավորելու համար:
Ժայռապատկերներն առանձնապես մեծ տարածում ունեն Շեյխի չինգլից հարավ-արևմուտք` Պայտասարի, Նազելի, Վիշապասար լեռների շրջակայքում և այլն: Ընդհանրապես ժայռապատկերներ կարելի է հանդիպել Գեղամա լեռների 105-ից ավելի հրաբուխներից յուրաքանչյուրի փեշերին ու շրջակայքում (պատկեր 39):
20142309185605417
Պատկեր 39 Ժայռապատկերների առավել կուտակման վայրերի քարտեզը Գեղամա լեռներում
Ժայռապատկերները առաջին հայացքից պարզունակ են թվում և կարող էին դիտարկվել իբրև քարեդարի արվեստի նմուշներ, եթե աչքի չզարնեին մի շարք նախադրյալներ, որոնք կասկածի տակ են դնում դրանց սոսկ գեղարվեստական ստեղծագործություն լինելը:
Նախ պատկերների մասին. հայկական ժայռապատկերները պատկերողները սոսկ կենդանիներ չեն նկարել և ոչ էլ փորձել են իրենց կարողության չափով և ձեռքի տակ եղած գործիքներով վերարտադրել իրենց տեսած աշխարհը: Որպես օրինակ դիտարկենք Սիբիրի, Ալթայի պալեոլիթյան և նեոլիթյան ժայռապատկերների իշայծյամները, Շվեդիայի բրոնզեդարյան Վաստմանլանդի, ԱՄՆ Յուտա նահանգի Մուսբիի մոտի ժայռապատկերների այծանման արարածների պատկերները, Սահարայի Ջաբբարեն, Սեֆար, Տին-Թազարիֆտ վայրերի կովերի և ցլերի գունավոր ժայռապատկերները և այլուր տարբեր ժամանակներում հնադարյան մարդկանց կողմից արտաքին աշխարհը, մարդկանց, կենդանիներին պատկերելու փորձերը: Այս պատկերները ստեղծողներից յուրաքանչյուրը ջանացել է իր կարողությունների չափով ժայռերին ու պատերին միներալային ներկով, քարով, սուր առարկաներով ճիշտ վերարտադրել տեսածն ու ընկալածը: Սրանցից յուրաքանչյուրն իր վրա կրում է նկարչի անհատականությունը, այլևայլ պատկերներում առկա են տարբերություններ: Տեսնում ենք նաև, որ պատկերողներից յուրաքանչյուրն աշխատել է հնարավորինս ճշգրիտ նկարել օբյեկտը: Այսինքն՝ նրանց ջանքերն ուղղված են եղել պատկերը բնօրինակին առավելագույնս նմանեցնելուն:
Հայկական ժայռապատկերներում մոտեցումն այլ է. այծերի, մարդկանց, օձերի և այլ կենդանիների կաղապարված, ոճավորված, իմաստային կերպարներ են մշակվել, յուրաքանչյուր գծային դետալն իմաստավորելով՝ ստեղծել կերպարներ: Հետո այդ կերպարները, առավել կամ նվազ վարպետությամբ, օգտագործել են առանձին կամ խմբավորելով կոմպոզիցիաներում: Հայկական ժայռապատկերներից բացի ուրիշ ոչ մի տեղ չեք գտնի մի քարի վրա փորագրված տասնյակից ավելի այծեր, որոնցից ոչ մեկը մյուսի նման չէ: Որպեսզի տպավորություն չստեղծվի, թե պատկերողը չի կարողացել նույն այծակերպարը նույնությամբ կրկին պատկերել, ասենք, որ յուրաքանչյուր տեղամասում և այդ վայրից տասնյակ ու հարյուրավոր կմ հեռավորությամբ  գտնվող ժայռապատկերների կուտակման այլ վայրերում վերոհիշյալ կոմպոզիցիայի յուրաքանչյուր առանձին այծակերպը, ինչպես նաև մարդը, օձը և այլն կրկնվում են հարյուրավոր անգամ՝ առանձին կամ խմբերով:
Մյուս առանձնահատկությունը, որով հայկական ժայռապատկերները տարբերվում են աշխարհում հայտնի հին ու նոր ժայռապատկերներից, առանձին կցապատկերների բազմակի օգտագործման  փաստերն են: Դիցուք` պատկեր 40, 41, 42-ի խորհրդանշանները (հետազոտողների կարծիքով՝ սրանք խորհրդապատկերներից պատկերագրերի և հիերոգլիֆների անցման փուլի բնութագրական տեղեկատվական նշաններ են):
201423091857046002014230918572817020142309185749889
Պատկեր  40. 41. 42 Կենաց ծառ, տղամարդ, կին, այծ, տաճար, հաղթանակ, գետ և այլ իմաստային նշաններ: Ժայռապատկերներից գաղափարանշան և ապա հիերոգլիֆ անցման փուլերում
Այսպիսի կցապատկերներ, որոնք կազմված են 2-3 պատկերներից, և, վերջիվերջո, հանգեցնում են հիերոգլիֆների, տառերի, խաչքարերի, սիմվոլների, կրկնվում են շատ ժայռապատկերներում. օրինակները բազում են: Արդյոք սա չի՞ հիշեցնում պատկերագրերի կամ հիերոգլիֆային  գրի կիրառական սկզբունքները:
201423091858323712014230918585391620142309185922425
Պատկեր 43. 44. 45 Ծիսական և առասպելաբանական թեմաների արծածումը ժայռապատկերներում
Երրորդ առանձնահատկությունն այն է, որ հայկական ժայռապատկերները ընդգծված իմաստ ունեն, սոսկ նկարներ չեն, համեմատելի են թեմատիկ տեքստի հետ: Օրինակ՝ երեք որսորդների ծիսական որսի տեսարանը, որտեղ ընդգծված են ոչ միայն հասարակության խավերի ներկայացուցիչները` քուրմ, ռազմիկ կամ ազատանի, ծառա կամ ստրուկ, այլև այծը, որը տվյալ դեպքում որսի օբյեկտ է: Պատկերը ալեգորիկ է, որոշակի իմաստ է կրում, հնարավոր է նույնիսկ, որ պատկերային գաղափարագիր է և պարունակում է ամբողջական միտք:
Չորրորդը կենդանիների և մարդու կերպարների ոճավորման առանձնահատկությունն է: Այծապատկերների ոճավորումն այնքան խորն է, որ այն վերածվում է գրեթե այլ պատկերի: Օրինակ՝ այծի պատկերը հիշեցնում է հայերենի այբուբենի տառերը: Մարդու ոճավորված պատկերների և այծի կոտոշների կամարների կցապատկերները, հնարավոր է, հետագայում խաչքարերի ստեղծման հիմք են դարձել (պատկեր 43, 44, 45):
Հայկական ժայռապատկերներում կարելի է հանդիպել հայկական և լատինական այբուբենի տառերի մեծ մասին, ինչպես նաև ոճավորված պատկերների գեղարվեստական և իմաստային զարգացման գործընթացների (պատկեր 46):
20142309190249127
Պատկեր 46 Այս ժայռապատկերները, որոնք օձի, ցլի, այծի գծապատկերների  ձևափոխությունների արդյունք են, համեմատելի  են տառերի հետ:
Հինգերորդ առանձնահատկությունն այն է, որ հազարամյակներ շարունակ ժայռապատկերների խորհրդանշանների ոճավորված պատկերների տեսքն անընդհատ կրկնվել և չի փոփոխվել:
Վեցերորդ առանձնահատկությունը որսի տեսարաների բացակայությունն է կամ սակավությունը: Մի բան, որ առանցքային թեմա է աշխարհի տարբեր մասերում հայտնաբերված ժայռապատկերների համար: Ավելին, այծերի ու խոտաճարակների կողքին պատկերված զինավառ մարդիկ մեծ մասամբ զինված են վահանով, իսկ պարզ է, որ վահանը որսի ժամանակ խանգարող, անօգտակար և անպետք իր է, այն պատերազմի և առճակատումների համար է նախատեսված: Մեկ այլ նկարում էլ տեսնում ենք նետ ու աղեղով զինված մարդու, որին առանց վախենալու մոտեցել են խոշոր  եղջերավոր վայրի կենդանիները:
Յոթերորդ առանձնահատկությունը ծիսական խորհուրդ պարունակող պատկերների առատությունն է ժայռապատկերներում: Սրանք, բազմաթիվ լինելով հանդերձ, նաև բազմազան են և ինքնատիպ (պատկեր 47, 48, 49):
Հայկական ժայռապատկերները համամարդկային մշակույթի մաս են կազմում: Սակայն, ցավոք, քիչ են ուսումնասիրված և ներկայացված չլինելով համաշխարհային գիտական լայն շրջանակներում՝ անտեսվել և պատշաճ գիտական վերլուծության չեն արժանացել:
201423091903417802014230919040590020142309190501790
Պատկեր 47. 48. 49 Հավանաբար ծիսական տեքստեր պարունակող ժայռապատկերներ
 
Հայաստանի ժայռապատկերների տիպաբանական քննությունը հետազոտողներին համոզում է, որ յուրաքանչյուր առանձին աշխարհագրական վայրում կուտակումները ոճական, կոմպոզիցիոն և կատարման տեխնոլոգիաների առումով տարբեր են: Ուխտասարի, Ծղուկի, Սևասարի, Գոմերի, Ջերմաջրերի, Շեյխի չինգիլի ժայռապատկերները խիստ տարբերվում են իրարից: Ոճական առումներով Ուխտասարի ժայռապատկերները տարբերվում են նույնիսկ հարևանությամբ գտնվող Գոմերի և Հովվալճի ժայռապատկերներից: Կատարման տեխնիկան և որակը նույնպես զգալի տարբերություններ ունեն:
Չնայած ընդգծված տարբերություններին՝հայկական ժայռապատկերները թեմատիկ և կոմպոզիցիոն առումով ընդհանրություն են, որում բյուրեղացած են մեր նախնիների հոգևոր, սոցիալական, բնապաշտական հայացքներն ու աշխարհընկալման սկզբունքները:
Հայկական ժայռապատկերների գրեթե բոլոր կոմպոզիցիաներում այծը (նոխազը) կարևոր դերակատարություն ունի: Գեղարվեստական տարբեր հնարքների միջոցով այծապատկերներին իմաստային և բովանդակային խորհուրդ է հաղորդված: Հսկա պոզերը մինչև պոչամաս իջեցնելով` հնագույն պատկերագրողը երկնային վեհություն է հաղորդել այծակերպարին, որի հզորությունն ավելի է ընդգծվում, երբ այնտեղ՝ պոզերի տակ, նշմարվում են երեխայի, այծիկի, սողունի և այլ կերպարներ: Սրանք կարծես պաշտպանվում են այծի կողմից: Բազում են կոմպոզիցիաները, ուր շատ այծեր կան: Այս պատկերներում սովորաբար այծերն իրարից տարբերվում են, կրկնությունները քիչ են: Երևի թե միայն հայկական ժայռապատկերներում է, որ այծը հանդես չի գալիս իբրև որս: Նույնիսկ զինված մարդկանցով, հովազներով, գայլերով պատկերներում այծերին ոչինչ չի  «անհանգստացնում»:
Ժայռապատկերներում մարդկային կերպարներին բնորոշ է դինամիզմը: Անկախ նրանից` զինված են, թե անզեն, հնագույն պատկերագրողները այդ կերպարներին տարբեր հնարքներով շարժունակություն են հաղորդել: Ի հակադրություն մարդկանց կերպարների` այծերն անշարժ են: Սա առանձնապես ընդգծվում է այն կոմպոզիցիաներում, որտեղ պատկերված են հովազներ կամ գայլեր: Հովազներն ընդհանրապես շարժման մեջ են բոլոր ժայռապատկերներում:
Տարբեր կերպարներին հանգստի և շարժման վիճակ հաղորդելով` մեր նախնիները կարողացել են բավական խոսուն կոմպոզիցիաներ ստեղծել, ու երբ աչքդ սովորում է պատկերներին, այլևս չես նկատում, որ կերպարները ոճավորված են, էական հատկանիշները և բնութագրիչ շարժումները կամ մարմնի մասերն՝ առավելագույնս ընդգծված, բայց ոչ երբեք ռեալիստական: Ժայռապատկերներում բացակայում է այն անհարկի քաղցրմեղցրությունը, որ բնորոշ է ինքնուսներին: Ամեն ինչ արված է այնպիսի վարպետությամբ, որ արվեստի գիտակների նախանձն է շարժում: Եվ ոչ միայն արվեստագետների, այլև կենդանաբանների ու բնագետների, ովքեր այդ պատկերներում անատոմիական ճշգրտություններ են հայտնաբերում: Ինչպես ասվեց, ի տարբերություն այծերի ստատիկ կերպարների, մարդկանց կերպարները կոմպոզիցիաներում բնորոշվում են շարժումով և կոնկրետ գործունեությամբ: Հիմնականում պատկերված են տղամարդիկ, մեծ մասամբª զինված: Զինված մարդկանց մեծ մասը նաև վահան ունի:
Որսի տեսարանները աֆրիկյան, ամերիկյան, սիբիրյան, ավստրալիական, եվրոպական որմնանկարների և ժայռապատկերների հիմնական և առանցքային թեման են, բայց գրեթե չեն հանդիպում հայկական ժայռապատկերներում: Ավելին, զինված մարդկանց այծերից բացի շրջապատում են ցուլեր, եղնիկներ, քարայծեր` դեմքով դեպի մարդը, իսկ կանգնելու դիրքը՝ հանգիստ ու խաղաղ: Այս հանգամանքը շատ կարևոր է հայկական ժայռապատկերները բնորոշելու համար: Վստահորեն կարելի է պնդել, որ ժայռապատկերների հիմնական մասը ծիսական բնութագիր ունի:
Ժայռապատկերների ծիսական լինելու հանգամանքը շեշտվում է նաև փոքր, բայց կարևոր տարրերով: Օրինակ` մարդկանց պատկերների մեծ մասի գլուխների փոխարեն դիմակներ, գազանակերպ ու թռչնակերպ գլխանոցներ են: Շատ պատկերներում գլխի մոտ չորս կլոր շրջանակներ են: Որոշ պատկերներում մարդիկ վեր բարձրացրած կամ տարածած ձեռքերով են, որոնք վերջանում են բաց ափերով, չռված և շատ մեծ մատներով, ինչը ահաբեկվածություն և ողբերգականություն Է հաղորդում պատկերին: Պարային դրամատիկ շարժումներով զուգապատկերներում ընդգծված է պարի արագ ռիթմը, դինամիզմը, բայց պարզորոշ երևում է և կանոնակարգվածությունը: Պարային տեսարաններից կարելի է վստահ եզրակացնել, որ պարի յուրաքանչյուր տարրը մշակված է, կանոնակարգված է յուրաքանչյուր պատկերված շարժումը, և դրանք կոնկրետ իմաստ են պարունակում: Ի լրումն դրանց՝ մարդկանց ձեռքերին պատկերված են խորհրդանշական իրեր` զենք, վահան, նրանց գլխավերևում նշաններ են, երկրաչափական պատկերներ, խաչապատկերներ և այլն:
Ծիսականությունն առավել ընդգծված է բազմաֆիգուր պատկերներում, ուր այծի, մարդու, հովազի, գայլի, օձերի պատկերներից զատ առկա են երկրաչափական ֆիգուրներ, աբստրակտ թվացող գծապատկերներ և այլն: Այսպիսի պատկերներում մինչև ատամները զինված ու վահանակիր զինվորի կերպարը առավել անհասկանալի է: Որովհետև պատկերում ուրիշ զինվորներ չկան, որոնց հետ ինչ-ինչ դեպքեր զարգանան, իսկ վահանով և զենքերով ծանրաբեռն մարդը հաստատ որսորդ չէ, քանի որ այդ զինավառությամբ և հետիոտն (ժայռապատկերներում գոնե ինձ որևէ հեծյալի պատկեր չի հանդիպել) նա չի կարող դարանակալել, հետապնդել և որսին մահացու հարված հասցնել: Այստեղից միակ տրամաբանական եզրակացությունը` զինված մարդկանց և ընդհանրապես մարդկանց կերպարները որոշակի խորհրդանիշ են, իմաստային համակարգի որոշակի տարր:
Այս առումով հետաքրքրություն են ներկայացնում ծիսական որսի կամ սպանության, կենդանու հետ մարդու սեռական հարաբերության, վար անող մարդու՝ դեպի հետ ցցված առնանդամի ընդգծմամբ, կնոջ սեռական օրգանի մեջ օձ մտնելու, պարող մարդկանց ձեռքերի ներդաշնակ շարժումները, այծակերպ արևապատկերները և այլ պատկերներ, որոնք հստակ ընդգծում են մի կարևոր հանգամանք. ժայռապատկերները իմաստային կոմպոզիցիաներ են: Ոչ որսի տեսարաններ են, ոչ կենցաղային թեմաների պատկերներ, ոչ էլ պարապ ժամանցի արգասիք, սրանք տեղեկատվական  համակարգեր են, մտքեր կամ իրադարձություններ, որոնց հրապարակայնացումը և սերունդներին հաղորդելը հնագույն արվեստագետները կամ քրմերը համարել են հույժ կարևոր խնդիր, պարտականություն, կենսականորեն անհրաժեշտ գործ: Հակառակ դեպքում ժայռապատկերներում առկա գեղարվեստական արժեքը, կատարման բարձր տեխնիկան, յուրաքանչյուր կերպարի վրա թափված բծախնդիր ջանքերը և կոմպոզիցիոն լուծումների կատարելությունը պարզապես հնարավոր չէր լինի իրականացնել (պատկեր 50, 51):
2014230919060316520142309190628373
Պատկեր  50. 51 Երկու խորհրդապաշտական ժայռապատկերներ Ուխտասարից: Առաջին պատկերում տեսնում ենք օձ, որը թափանցում է կնոջ մեջ, երկրորդում պատկերված է մարդ, որի վրա հարձակվում է օձը, իսկ ավելի աջ կանգնած մարդը միանշանակորեն պատկանում է քրմական դասի և կատարում է ինչ-որ ծիսական գործողություն:
Վերն ասվածների քննական ամփոփմամբ ուրվագծվում են այն հիմնական բնութագրիչները, որոնցով հայկական ժայռապատկերները տարբերվում են հնագույն քարանձավային որմնանկարչությունից և աշխարհի տարբեր մասերի  պալեոլիթյան և նեոլիթյան որմնաքանդակներից ու ժայռապատկերներից:
-Հայկական ժայռապատկերները հիմնականում գաղափարային, տեղեկատվական պատկերագրային համակարգեր են:
-Շատ են ծիսական բնութագրեր ունեցող պատկերները:
-Որսի և կենցաղի տեսարանները եզակի են և որակական քանակ չեն կազմում:
-Բազմաթիվ ժայռապատկերներում այծի, մարդու, օձի տարբեր մարմնամասերի ոճավորված պատկերների և երկրաչափական ֆիգուրների կրկնությունը այծի, մարդու կերպարների հետ նույն համադրությամբ համոզիչ վկայություն է, որ սրանք խորհրդանիշներ կամ իմաստային նշաններ, հնարավոր է և՝ պատկերագրեր են:
-Ժայռապատկերների խորհրդանիշները ճշգրտորեն կրկնվում են միջագետքյան պատկերագրերում և եգիպտական հիերոգլիֆներում, ինչը հիմք է տալիս կապ տեսնել ժայռապատկերների և հիերոգլիֆային-պատկերագրային համակարգի միջև:
 Այս ամենից հետևում է, որ հետազոտությունների որակական հարթության այս մակարդակում ժայռապատկերների ուսումնասիրումը, որպես հետազոտության առանձին առարկա, անշուշտ ունի մեծ ապագա և պահանջում է տքնաջան ու հետևողական աշխատանք:
Անդին  8, 2013
Share

Կարծիքներ

կարծիք