Հայաստանի Հանրապետության ռազմաաշխարհագրական դիրքը

Հեղինակ:

20142611145201508

փոխգնդապետ, 

աշխարհագրական  գիտությունների 

թեկնածու  

 

 

 

 

Հնարավոր մարտական գործողություններ վարելու համար անհրաժեշտ տարածքի կազմը և սահմանների որոշելն այսօր հանդիսանում է ռազմական արվեստի կարևորագույն խնդիրներից մեկը: Ժամանակակից պատերազմը բարդ սոցիալական երևույթ է, որը ներառում է պետության ու հասարակության գործունեության բոլոր ոլորտները: Այդ իսկ պատճառով ռազմական գիտությունը չի կարող սահմանափակվել միայն մարտական գործողությունները վարելու մեթոդների իմացությամբ: Ռազմական գիտությանն ընդհանրապես հետաքրքրում է առանձին երկրների տնտեսական, քաղաքական, բարոյական և ռազմական հնարավորությունները, հավանական ռազմական թատերաբեմերի բնական և սոցիալական պայմանները: Այս բոլորի հետազոտմամբ, այլ գիտությունների հետ մեկտեղ, զբաղվում է ռազմական աշխարհագրությունը: Նրա հիմնական բնորոշ գիծը հանդիսանում  է մարտը, որի մեջ, որպես օրենք, ներգրավվում են բոլոր նյութական ռեսուրսները, հակամարտող երկրների ամբողջ բնակչությունը:

Պատերազմի հարցերի համակողմանի ուսումնասիրությունները չեն սահմանափակվում  ռազմավարական, օպերատիվ արվեստի և մարտավարության սահմաններով: Դրա սահմանված ասպեկտները՝ տեսանկյունները, ուսումնասիրում է ռազմական գիտություններից մեկը՝ ռազմական աշխարհագրությունը:  Ռազմական աշխարհագրությունն ըստ պետությունների և մարտական գործողությունների թատերաբեմերի հետազոտում է քաղաքական ուժերի տեղաբաշխումը, երկրների տնտեսական և քաղաքական հնարավորությունները, ինչպես նաև բնական պայմանները՝ դրանց մարտական գործողությունների վրա հնարավոր ազդեցության տեսանկյունից:

Ժամանակակից մարտական գործողություններն այնքան բարդ են, որ բոլոր կարգի հրամանատարները պետք է կարողանան հետևողականորեն և հմտորեն օգտագործել աշխարհագրական գործոնները՝ վճռական հաջողության հասնելու նպատակով: Ամեն մի աշխարհագրական օբյեկտ ունի որոշակի տեղադիրք և որոշակի սահմաններ: Բացառություն չէ նաև երկիր-պետությունը, որը նույնպես աշխարհագրական օբյեկտ է: Որևէ երկրի աշխարհագրական դիրքը որոշվում է նախևառաջ նրա աշխարհագրական կոորդինատներով, այսինքն՝ դիտարկվում է նրա դիրքը լայնությունների և երկայնությունների նկատմամբ և երկրորդ՝ սահմանակից պետությունների նկատմամբ: Ակադեմիական սահմանմամբ՝ աշխարհագրական դիրքն ընդհանրապես տվյալ աշխարհագրական օբյեկտի հարաբերությունն է դրանից դուրս գտնվող այլ օբյեկտների հետ, ավելի ճիշտ՝ օբյեկտի  դիրքն է Երկրի մակերեսին և այնպիսի այլ օբյեկտների նկատմամբ, որոնց հետ նա գտնվում է փոխազդեցության մեջ:

Աշխարհագրական դիրքի տեսակ է քաղաքա-աշխարհագրական դիրքը, որի տարա-տեսակներից է ռազմավարական դիրքը: Այն բնութագրում է տվյալ պետության (օբյեկտի) տեղը և դիրքը հնարավոր մարտական գործողությունների թատերաբեմում (ՄԳԹ), ինչպես նաև դիրքը ռազմական խմբավորումների, հակառակորդների և հենակետերի նկատմամբ:

Արքիմեդն ավելի քան 2000 տարի առաջ իր հայտնի օրենքները մշակելու   ժամանակ ասել է. «Տվեք ինձ հենման կետ, և ես շուռ կտամ Երկրագունդը»: Բարենպաստ աշխարհագրական դիրքը ռազմական առումով ստեղծում է նպատակին հասնելու նպաստավոր պայմաններ, այն դեպքում, երբ անբարենպաստը նպաստում է վտանգի առաջացմանը: Այս առումով կարևոր է վերլուծել, թե որքանով է ՀՀ աշխարհագրական դիրքը նպաստավոր և որքանով՝ անբարենպաստ:

Պետությունները, որոնք չունեն ելք դեպի ծով կամ Համաշխարհային օվկիանոս, չեն կարողանում ամբողջ հզորությամբ օգտագործել իրենց ռազմական ներուժը: Հայաստանն այն 42 երկրներից մեկն է, որը չունի ելք դեպի Համաշխարհային օվկիանոս և հեռու է գտնվում Սև ծովից՝ 163 կմ, Կասպից ծովից՝ 193 կմ, Միջերկրական ծովից՝ 750 կմ, Պարսից ծոցից՝ 1000 կմ: Սա ոչ միայն անհարմարություններ է ստեղծում, և Հայաստանը չի կարողանում ուղղակիորեն օգտվել ծովային հաղորդակցության միջոցներից և Համաշխարհային օվկիանոսի ռեսուրսներից, այլև ազդում է կլիմայական պայմանների վրա: Պատահական չէ, որ մեր հանրապետության հյուսիսային և հարավարևելյան հատվածներն են ամենախոնավ շրջանները (չհաշված Արագած լեռնազանգվածի բարձրադիր հատվածը)՝ համապա¬տասխանաբար Սև և Կասպից ծովերից ներթափանցող օդային զանգվածների բերած տեղումների շնորհիվ:

Հայաստանի Հանրապետության քաղաքաշխարհագրական դիրքը  նպաստավոր չէ նաև հարևանների առումով: Տասնյակ հազարամյակների  պատմություն ունեցող հայ ժողովուրդն իր աշխարհագրական-քաղաքաաշխարհագրական դիրքի պատճառով (աշխարհակենտրոն) ստիպված է եղել անընդհատ պայքար մղել տարբեր ռազմատենչ ցեղերի ու ժողովուրդների դեմ՝ ինչպես հարևան երկրների, այնպես էլ այլ տեղերից ներթափանցած: Այդ ընթացքում մեր երկրի տարածքն ընդարձակվել է մինչև 1-2,5 մլն կմ2: Ներկայումս ՀՀ տարածքը կազմում է ընդամենը 29743 կմ2:

Հայաստանի Հանրապետությունը հյուսիսում սահմանակից է Վրաստանին, որի հետ սահմանն արևմուտքից արևելք անցնում է Զարիշատի լեռներով, Ջավախքի լեռնավահանով, Երկայն գետով, Վիրահայոց լեռներով, Բողնյաց և Դեբեդ գետերով, Պապաքարի լեռնաշղթայով, ընդհանուր 196 կմ:

Արևմուտքում և հարավ-արևմուտքում Հայաստանը սահմանակից է Թուրքիային՝ 280 կմ սահմանով, որը հյուսիսից հարավ անցնում է Եղնախաղի լեռներով, Արծաթագետ, Ախուրյան և Արաքս գետերով:

Հյուսիս-արևելքում Ադրբեջանի հետ 298 կմ սահմանը հյուսիսից հարավ  ձգվում է Պապաքարի լեռնաշղթայում Հայաստան-Վրաստան-Ադրբեջան հանգուցակետից, կտրում անցնում է Կողբ և Ելակ գետերի հովիտները, Ոսկեպարի լեռների արևելյան բազուկը, անցնում Սևջուր գետով, հատում Քարահան և Ոսկեպար գետերը, շարունակվում Վարագաջուր գետով, կտրում Վարագի, Կենաց, Տավուշի լեռների հյուսիսարևելյան բազուկները, անցնում Խնձորուտի և Հասրիկի լեռներով (վերջինիս հյուսիսային մասով),  շարունակվում Սևանի լեռնաշղթայով մինչև Հինալ լեռնագագաթ:

Հարավ-արևելքում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ 380 կմ սահմանը սկսվում է  Մռավի և Սևանի լեռների հանգուցակետում գտնվող Մեծ Հինալ լեռնագագաթից, շարունակվում է Արևելյան Սևանի, Վարդենիսի լեռներով, Սյունիքի բարձրավանդակով, Սև լճով, Աղավնո, Տափաձոր գետերով, Բարգուշատի և Մեղրու ծայր արևելյան լեռնաբազուկներով:

Հարավ-արևմուտքում Հայաստանը սահմանակից է Ադրբեջանի մասը կազմող Նախիջևանի ինքնավար հանրապետությանը. սահմանը սկսվում է Արաքս գետից և ձգվում դեպի արևելք, հատում է Երասխի ջրանցքը, անցնում Երասխ և Սադարակ միջբնակավայրային տարածքով, Արասար լեռնագագաթով, այնուհետև հատում է Լանջառ և Արածոգետ գետերը, շարունակվում է Հունուտի լեռնաշղթայով, հատում է Արփա, Քառասնակնաջուր և Ավեշ գետերի հովիտները, շարունակվում Վայքի լեռներով, կտրում Ճահուկ և Շրեշտաջուր գետերը և շարունակվում Զանգեզուրի լեռներով՝ 235 կմ երկարությամբ և ավարտվում Արաքս գետի ափին՝ Իրանի հետ սահմանի մոտ:

Հարավում Իրանի հետ սահմանն անցնում է Արաքս գետով՝ 42 կմ:

Հայաստանի Հանրապետության սահմանագծի ընդհանուր երկարությունը 1431 կմ է:

Այնպես է ստացվել, որ սահմանակից հինգ երկրներից երկուսի՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանն այսօր չունի դիվանագիտական հարաբերություններ և գտնվում է նրանց կողմից ուղեգնացային և տնտեսական շրջափակման մեջ, իսկ Ադրբեջանի հետ սառեցված հակամարտության մեջ է՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խնդրի առնչությամբ: Թեև Վրաստանը համարվում է բարեկամական երկիր, նրա հետ կան դիվանագիտական հարաբերություններ, տնտեսական համագործակցություն, սակայն այստեղ առկա է Ջավախքի հիմնախնդիրը, Վրաստանն ունի որոշ հավակնություններ Լոռու նկատմամբ, դանդաղ, քայլ առ քայլ, առանց կրակոցների սահմանային որոշ համայնքային հողեր են զավթվում վրացական կողմից: Այս ամենը հիմք է տալիս ենթադրելու և հասկանալու, որ Վրաստանը ցանկացած պահի կարող է մեզ փաստի առաջ կանգնեցնել, և նրան դիտարկել որպես լիարժեք բարեկամական երկիր, մեղմ ասած, ճիշտ չէ: Սակայն այդ երկրի տարածքով են անցնում Հայաստան եկող գազամուղը և դեպի Ռուսաստանի Դաշնություն, իսկ այնտեղից էլ այլ երկրներ տանող ցամաքային ճանապարհը:

Վերլուծելով Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքը՝ կարելի նշել, որ դրա գլխավոր ռազմաաշխարհագրական առանձնահատկություններն են՝

1. Հայաստանի Հանրապետության տարածքը, հեռու գտնվելով ծովերից, նավարկելի լճագետային ուղիներից, զրկված է արտաքին հաղորդակցության՝ ներկայումս ամենաշահավետ ու էժան միջոցներից օգտվելու հնարավորությունից, ինչը բացասաբար է անդրադառնում հատկապես բեռնափոխադրումների ապահովության  ու ծավալների մեծացման վրա:

2. Հեռու է գտնվում տնտեսապես զարգացած երկրներից:

3. Չունի բավարար հանքային ռեսուրսներ:

4. Հեռու է տնտեսապես հզոր շրջաններից, նավթագազային ինչպես համաշխարհային, այնպես էլ տարածաշրջանային կենտրոններից:

5. Գտնվում է Ռուսաստանը և Վրաստանը Իրանին կապող ավտոմոբիլային  ճանապարհի խաչմերուկում:

6. Գտնվում է Հարավային Ասիան Արևելյան և Կենտրոնական Եվրոպային կապող օդային  խաչմերուկում:

7. Տարածքի մոտ 30-40 %-ը դեռևս պիտանի չէ  տնտեսության համար:

8. Գտնվում է եվրոպական, սլավոնական, կովկասյան ու ասիական քաղաքակրթությունների խաչմերուկում:

9. Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի և Եվրամիության առաջատար պետությունների շահերի բախման խաչմերուկում:

10. Գտնվում է տևական անկայուն քաղաքական տարածաշրջանում, որտեղ պահպանվում են վրաց-օսական, վրաց-աբխազական, ռուս-վրացական, արաբական աշխարհի և Արևմուտքի, Իրանի և Արևմուտքի լարված հարաբերություններ:

11. Լուծված չէ Արցախի հարցը:

12. Լարված է իրավիճակը Թուրքիայի հետ, որի կողմից ուղեգնացային շրջափակման մեջ է:

Այսպիսով կարելի է եզրակացնել, որ Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքը ռազմաաշխարհագրական տեսակետից այնքան էլ նպաստավոր չէ: Եթե հաշվի առնենք նաև մեր երկրի մերձակայքում (Կովկաս, Մերձավոր Արևելք, Թուրքիա) տեղի ունեցող իրադարձությունները, ապա անհրաժեշտ է կատարել խորը և համակողմանի վերլուծություն, ռազմա¬աշխարհագրական ուսումնասիրություն, տալ ինչպես մեր պետության, այնպես էլ տարածաշրջանային բոլոր պետությունների ռազմա-աշխարհագրական  բնութագրերը: Մեր երկրում «Ռազմական աշխարհագրություն» գիտության զարգացումն օրեցօր դառնում է պահանջված և անհրաժեշտ:

 

Հ. Գ.- Մենք հիմնականում խոսեցինք Հայաստանի Հանրապետության դիրքի անբարենպաստ հանգամանքների մասին՝ ելակետ ունենալով այն միտքը, որ այդ ամենը պիտի նկատի ունենալ և կարողանալ չեզոքացնել կամ նվազագույնի հասցնել դրանցից բխող վտանգը:

Սակայն մեր դիրքն ունի նաև իր ուրույն և անժխտելի առավելություններն ու արժանիքները, ինչը նույնպես պիտի գիտակցենք և կարողանանք օգտագործել ի շահ մեր երկրի: Իսկ թե որո՞նք են մեր աշխարհագրական ու ռազմաաշխարհագրական դիրքի առավելություններն ու արժանիքները՝ թող գուշակեն մեր հակառակորդները: Եթե, իհարկե, ունակ են: Իսկ եթե կարողանան գուշակել՝ թող իրենց համար հետևություններ անեն…

 

Անդին 6, 2014

Share

Կարծիքներ

կարծիք