Կրոնափոխ հայերը

20151409153532336

Համառոտ պատմական ակնարկ

 

Օսմանյան կայսրությունում հայերի բռնի իսլամացման քաղաքականությունը թեև ունի դարերի պատմություն, սակայն միայն 1915-1923  թթ. ընթացքում հայերի (նաև ոչ մուսուլման այլ ժողովուրդների) ցեղասպանությունը, կոտորածները, տեղահանությունը, բռնի իսլամացումը արմատապես փոխեցին երկրի էթնոկրոնական պատկերը: Հայոց ցեղասպանության ծրագրի կարևոր բաղադրիչներից էր հայերի որոշ թվի իսլամացումը:

Ցեղասպանության շրջանում բռնի կրոնափոխության մասին խոսելիս պետք է անդրադառնալ նաև 1890-ականների կոտորածներին, որոնց զոհ գնաց մոտ 300 հազար արևմտահայ, գրեթե նույնքան էլ արտագաղթեց, որից մոտ 100 հազարը՝ Ռուսաստան, իսկ 150-200 հազարը՝ Եվրոպայի, Աֆրիկայի և Ամերիկայի զանազան երկրներ:

Արևմտյան Հայաստանում և Թուրքիայի Հանրապետության այլ տարածքներում վերապրած կրոնափոխ հայության մի զգալի մասը իսլամացել է հենց այս շրջանում: Իսլամացածների այս խմբի մասին հետաքրքիր տեղեկություն է հաղորդում թուրք պատմաբան Հիլմար Քայզերը: Ներկայացնելով 1915 թ. կոտորածների հետևանքով որբ մնացած հայ երեխաների ծանրագույն վիճակը՝ հիշեցնում է 1890-ականների իսլամացման հետևանքով ստեղծված մի հետաքրքիր իրողության մասին. «Տրապիզոնի վալի Ջեմալ Ազմի բեյը ևս կիսում էր Խարբերդի իր պաշտոնակցի մտորումները: Բացահայտ դեմ էր արտահայտվում հայ երեխաներին մուսուլման գյուղերի ընտանիքներ ուղարկելու գաղափարին: Բացի այդ, հիշեցնում էր, որ 1890-ականների կոտորածներից հետո կրոնափոխ եղածները վերադարձել էին իրենց համայքներ և երկրի համար խնդիր դարձել: Ավելին, ասում էր, որ մուսուլման դարձածները նոր շրջանակներում կարևոր դիրքերի էին հասել»:

1915 թ. գարնանը երիտթուրքական իշխանությունները որոշում են հայերի շուրջ 5 տոկոսին չտեղահանել, քանզի երկիրը կմնար առանց արհեստավորների, բժիշկների և այլ անհրաժեշտ մասնագիտությունների տեր մարդկանց:

Թեև տարբեր մակարդակի երիտթուրք մի շարք ղեկավարներ կողմ չէին այս որոշմանը, սակայն սկսվում է զանգվածային իսլամացման գործընթացը: Երկու ամսում իսլամ ընդունածների թիվն անհանգստացնում է անգամ կառավարությանը, որը հուլիսի 1-ին հատուկ շրջաբերականով կասեցնում է հայերի կրոնափոխությունը, քանզի, Թալեաթի խոսքերով, «սրանց նպատակը ոչ թե իրոք մուսուլման դառնալն է, այլ ընդամենը աքսորից փրկվելը»: Թաներ Աքչամն այդ մասին գրում է. «ԱՄՆ-ի և Գերմանիայի հյուպատոսներն իրենց հղած զեկույցներում հաղորդում են, թե հայերը պետության դռների մոտ մեծ հերթեր էին գոյացրել, և տեղի էր ունենում հավաքական դավանափոխություն: Հավատափոխ եղողներն իրոք չէին տեղահանվում: Միայն իրենց ապրած վիլայեթի սահմաններում ցրվում էին որևէ մուսուլմանական գյուղում կամ ավանում: Սակայն իսլամ ընդունողների թիվը ենթադրյալից շատ ավելին էր: Կառավարությունը, թերևս այն պատճառով, որ այդչափ մեծ կրոնափոխությունն անակնկալ էր իր համար, հարկադրված եղավ չեղյալ անել այդ որոշումը»:

Ստեղծված իրավիճակում Թալեաթն ստիպված էր նոր հրաման արձակել, որով կասեցնում էր բոլոր ցանկացողների իսլամացման գործընթացը, բայց ոչ իսլամացումն ընդհանրապես: Ըստ թուրք պատմաբան Ֆուադ Դյունդարի՝ հայերի իսլամացումը ոչ միայն չի կասեցվում, այլև Թալեաթը նոր հրամանով դարձյալ հիշեցնում է, որ…«պետք է ընդունել միայն այն ընտանիքների դավանափոխության դիմումները, որոնց թույլ է տրվել մնալ Անատոլիայում»:

1915 թ. նոյեմբերին, երբ արդեն գրեթե ողջ հայությունը տեղահանված կամ բնաջնջված էր, այս կամ այն կերպ փրկվածներին դարձյալ պարտադրեցին կրոնափոխություն. «1915 թ. նոյեմբերի 5-ին շրջաններ առաքված հատուկ գրությամբ ծանուցվում է, թե «կրոնափոխների պահանջները պետք է ընդունվեն անկախ այն բանից՝ նրանք աքսորվել են, թե ոչ»: Իսկ 1916 թ. գարնանից սկսած՝ դավանափոխությունն այլևս հարկադրական է դառնում: Հայերին կանգնեցնում են «կամ մուսուլման դառնալու, կամ էլ Դեր Զոր աքսորվելու» երկընտրանքի առաջ: Հայերը քաջապես տեղյակ են լինում, որ Դեր Զորի անապատներ ասելով՝ կոտորած և բնաջնջում նկատի ունեն: Այդ տարեթվից սկսած՝ ողջ մնացած յուրաքանչյուր հայ մահմեդական է դառնում: Հայերին թույլ է տրվում վերստին նախկին կրոնին վերադառնալ 1918 և 1919 թթ. հրապարակված շրջաբերականներով:

Փոքրամասնությունների իսլամացման-թրքացման առումով թերևս աննախադեպ էին Հանրապետության հիմնադիրների տեսակետները, որոնք արտահայտվեցին առաջին իսկ տարիներին և փաստորեն ուղենշային դարձան հետագայի համար:

Մուստաֆա Քեմալը որդեգրում է երիտթուրքերի ազգային քաղաքականությունը, որն իրականացնում է հետևողականորեն: Այդ քաղաքականությունը որպես պետական ծրագիր պաշտոնապես առաջին անգամ հանրությանն է ներկայացնում վարչապետ, հետագայում Թուրքիայի նախագահ Իսմեթ Ինոնյուն 1925 թ. ապրիլի 22-ին թուրքական օջախներից մեկում ունեցած ելույթում. «Մենք բացահայտ ազգայնականներ ենք: Ազգայնականությունը մեզ միավորած միակ պատճառն է: Թուրք մեծամասնության կողքին մյուս տարրերը ոչ մի ազդեցություն չունեն: Ինչ գնով ուզում է լինի, մենք թրքացնելու ենք մեր երկրում ապրողներին, իսկ թուրքերի և թրքականության դեմ ելնողներին՝ ոչնչացնելու»:

Նույն կառավարության կազմում իրենց ցեղապաշտական հայացքներով հատկապես աչքի էին ընկնում արդարադատության և ներքին գործերի նախարարների պաշտոնները հերթով զբաղեցրած Մահմութ Էսաթ Բոզքուրթը և Ռեջեփ Փեքերը, որոնք ամբողջ երկիրը վերածել էին բանտի:

Արարատի (Աղրըի) շրջանում քրդական ապստամբությունն արյան մեջ խեղդելուց հետո արդարադատության նախարար Մահմութ Էսաթ Բոզքուրթն անում է մի հայտարարություն, որն այդ շրջանում Իտալիայում և Գերմանիայում վերելք ապրող ֆաշիստական-ռասիստական գաղափարախոսության անկյունաքարային դրույթների ոգուց էր բխում. «Զտարյուն թուրք ցեղին չպատկանողներն այս երկրում ունեն միայն մեկ իրավունք՝ ծառա, ստրուկ լինելու իրավունքը: Անխտիր բոլորը՝ բարեկամ, թե թշնամի և անգամ լեռները, թո՛ղ իմանան այդ  ճշմարտության մասին»:

Այս քաղաքականությունն օրինականացվեց նորաստեղծ Թուրքիայի Հանրապետության Սահմանադրության թիվ 66 հոդվածով. «Թուրքիայի պետության հետ քաղաքացիական կապով կապված ամեն ոք թուրք է»:

Բոլոր այն դեպքերում, երբ հայերի թրքացումն ու իսլամացումն սպասված արդյունքը չէր տալիս, ընդունվում էին ճնշամիջոցներն ուժեղացնող աննախադեպ օրենքներ, որոնք ուղղված էին հատկապես հայերի դեմ: Նման օրենքներից պետք է առանձնացնել «20 դասակարգ զինակոչի» (1941- 1942 թթ.) և «Ունեցվածքի հարկի մասին» օրենքները (1942-1944 թթ.): Սակայն այսօրվա Թուրքիայի էթնոկրոնական պատկերը փաստում է, որ թուրքական իշխանություններին չհաջողվեց վերջնականապես ազատվել ոչ մահմեդականներից, թեև բազմաթիվ հայեր, ասորիներ, հույներ և հրեաներ հեռացան երկրից: Ժողովուրդների՝ ինքնության պահպանման պայքարն ընդունում էր նորանոր ձևեր՝ ներքին համառ դիմադրությունից մինչև զինված պայքար (20 -ական թթ. քրդական ապստամբությունները, 1937-38 թթ. Դերսիմի ապստամբությունը, վերջին չորս տասնամյակների քրդական զինյալ պայքարը), որոնք ուղղակի պատասխանն էին Թուրքիայի իշխանությունների ձուլման քաղաքականության:

Չանդրադառնալով այնուհետ տեղի ունեցած բոլոր գործընթացներին (խտրական հարկային, կրթական և ազգային քաղաքականություն, հեղաշրջումներին հաջորդած նորանոր բռնություններ և այլն)՝ կխոսենք դրանց հետևանքով ստեղծված և այսօր գոյություն ունեցող իրավիճակի մասին:

 

Իսլամացած հայության խմբերը

Թուրքիայում բնակվող կրոնափոխ հայերն ըստ կրոնական հատկանիշի բաժանվում են երկու խմբի՝ սուննի իսլամներ և ալևիներ. վերջիններիս թիվը համեմատաբար փոքր է:

Ըստ ազգային հատկանիշի, որով ներկայանում են, պատկերն ավելի խայտաբղետ է՝ քրդեր, թուրքեր, զազաներ, մասամբ՝ արաբներ, ասորիներ և այլն:

Առանձին մեծ խումբ են կազմում մոտ երեք դարերի ընթացքում իսլամացած համշենահայերը: Սրանց ինքնանվանումն է հեմշինլի կամ հեմշիլ, այսինքն՝ համշենցի. նրանց այդպես են անվանում նաև մյուս ժողովուրդները: Լազերի հետ նույն շրջաններում բնակվող համշենահայերից ձևավորվել է նաև հայ լազերի մի առանձին շերտ: Այս խմբերն իրենց հայկական անցյալի նկատմամբ տարբեր վերաբերմունք ունեն և ըստ այդմ բաժանվում են երկու հիմնական խմբի.

Առաջին խմբի հայերը 1915 թվից ի վեր շարունակում են ապրել քրդերի կամ թուրքերի կողքին՝ որպես մուսուլմաններ: Սրանց հիմնական մասը մահմեդական ընտանիքներում դաստիարակված հոգեզավակների սերունդներն են: Եթե անգամ տեղյակ էլ են իրենց հայկական ծագման մասին, առանձնապես հակված չեն վերադառնալու այդ ինքնությանը: Հիմնականում հաշտվել են կատարված իրողության հետ և չեն փորձում իրենց համար բարդություններ ստեղծել: Ըստ պատրիարք Շնորհք Գալուստյանի՝ սրանց թիվը հասնում է մեկ միլիոնի:

Երկրորդ խումբը կազմում են գաղտնի կամ ծպտյալ հայերը, ովքեր գիտակցում են իրենց ազգային պատկանելությունը, այն գաղտնի կերպով փոխանցում են սերնդեսերունդ, իրենց ընտանիքներում պահպանում են հայկական ազգային որոշ սովորույթներ, ավանդույթներ և մշակութային տարրեր, հիմնականում խուսափում են օտարների հետ ամուսնությունից և այլն:

Նրանք նպաստավոր պայմաններում մկրտության ճանապարհով վերադառնում են հայկական ինքնությանը: Սրանց թիվն առայժմ մեծ չէ, և դրա հիմնական պատճառն այն է, որ դարեր շարունակ իրենց մաշկի վրա զգացած լինելով թուրքական ազգային քաղաքականության հետևանքները, կրելով անասելի տառապանքներ և ենթարկվելով ցեղասպանության, նրանց մեծ մասը, բնականաբար, չի կարող վստահել Թուրքիայի իշխանություններին և բացահայտ կերպով խոսել իր ինքնության մասին:

2013 թ. մի հարցազրույցում Պոլսո հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանն իր իսլամացած ազգականների մասին ասում է, թե թեև գիտեն, որ հայ են, «սակայն նրանք չեն վերադառնում քրիստոնեության, քանի որ վերադառնալու դեպքում աշխատանքից դուրս կշպրտվեն, եթե աշխատում են պետական գրասենյակներում: Հարևանը կարող է անհանգստացնել նրանց: Նման դեպքեր գրանցվում են. իմ ընտանիքն էլ է ներկայում որպես մուսուլման ապրում Դիարբեքիրի Սիլվան գավառում: Այնտեղ ավագ քրոջս զավակներն են: Ոմանք վերադարձել են իրենց արմատներին: Նրանք 1950-ական թվականներին հարկադրանքով են իսլամացվել: Քրոջս ամուսնուն ասել են՝ եթե մահմեդական չդառնաս, քեզ կսպանենք, և այդ կերպ մուսուլման են դարձրել: Ես ծնվել եմ 1954 թ., ավագ քույրս մահմեդական էր դարձել, երբ 4-5 տարեկան էի»:

Առանձին խումբ են կազմում հայ կանանցից ծնվածների սերունդները (թոռները):

 

Թուրքական իշխանությունների, մտավորականության և հասարակության վերաբերմունքը կրոնափոխ հայերի նկատմամբ

 

Թուրքիայի համար հիմնական խնդիր համարվում են երկրորդ խմբի հայերը՝ ծպտյալները, որոնց իր հերթին բաժանում են երկու խմբի:

Ըստ Թուրքիայի պետական տեսակետն արտահայտող պետական, քաղաքական և հասարակական գործիչների, պատմաբանների և լրատվության միջոցների՝ առաջին խմբի հայերը, հայկական արմատները գիտակցելով հանդերձ, հանդես են գալիս որպես թուրք կամ քուրդ: Այս հատվածը մի կողմից տեղ է գտել քրդական ազգային ինքնագիտակցության կրող ՊԿԿ-ի, ինչպես նաև նրա քաղաքական կազմակերպության ամենաառաջին շարքերում, մյուս կողմից՝ թուրք ազգայնական, նույնիսկ ազգայնամոլ ինքնագիտակցությամբ կարողանում է տեղ գրավել ամենամոլեռանդ պանթուրքիստների շարքում, ինչպես, օրինակ, Էրգենեքոնում:

Յուսուֆ Հալաչօղլուն բազմաթիվ առիթներով գրել կամ տարբեր գիտաժողովներում անընդհատ առաջ է մղել այն տեսակետը, թե ՊԿԿ-ն հիմնականում բաղկացած է հայերից: Ահա մի հատված Կոնիայում կազմակերպված կոնֆերանսներից մեկում նրա ելույթից. ՙՉափազանցնում են, թե ողջ Անատոլիան, Արևելյան և Հարավարևելյան Անատոլիան քրդական է: Արդյոք տեղյա՞կ եք, թե որքան քուրդ կա ամբողջ Թուրքիայում: Եթե կուզեք, սկսենք ոչ քրդական կազմակերպություն հանդիսացող ՊԿԿ-ից, որի անդամների 80 տոկոսը կազմում են հայերը»:

ՊԿԿ-ի հետ հայերի համագործակցության գաղափարը, հասկանալի պատճառներով, շատ արդիական խնդիր է և բազմաթիվ կողմնակիցներ ունի Թուրքիայում: Այն առավել համոզիչ դարձնելու համար հաճախ հնչում է բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերից: 2010 թ. օգոստոսին փոխվարչապետ Ջեմիլ Չիչեքը հայտարարեց, թե «…հայկական ահաբեկչության ու ՊԿԿ-ի ահաբեկչության միջև գոյություն ունի սերտ համագործակցություն, նրանք արյան եղբայրներ են: Հայկական ահաբեկչության փուլից դուրս եկան, գործը հանձնեցին այս կողմին: Ներողություն եմ խնդրում արտահայտությանս համար, բայց այն հանգամանքը, որ ահաբեկիչների մի մասը թլփատված չէ, արդեն իսկ խոսուն փաստ է: Այսինքն՝ դրանք ընդամենը խոսակցություններ չեն: Մենք լավ գիտենք՝ ով ինչ է»:

Պետական քարոզչամեքենան այսպիսով լուծում է երկու խնդիր. նախ՝ փորձում է վարկաբեկել քրդական ազատագրական պայքարը՝ այն ներկայացնելով որպես հայկական դավադրություն, երկրորդ՝ հասարակության մեջ բորբոքում է հակահայկական տրամադրություններ և թշնամանք՝ փորձելով ահաբեկել ազգային ինքնության զարթոնք  ապրող կրոնափոխ հայությանը:

Սակայն ենթադրվում է, որ սրանք առավել ազդեցիկ են քաղաքացիական ու զինվորական բյուրոկրատիայի մեջ, հատկապես բյուրոկրատիայի հանգուցային կետերում:

Ըստ թուրք հետազոտողների՝ այս խումբը կողմնակից չէ իրեն բացահայտելուն: Կարծում է, թե իր ուժը գաղտնիության մեջ է: Համոզված է, որ պետական համակարգում, Քրդական բանվորական կուսակցության մեջ, ազգայնականների շրջանակներում դիրքավորված ծպտյալ հայերը ներսից ավելի հանգիստ կերպով կարող են բաժանել, թուլացնել թուրք պետությունն ու հասարակությունը: Տվյալ խումբն անհանգստանում է, որ բացահայտ քաղաքականություն վարելու դեպքում կբացահայտվեն իր այն ռազմավարական դիրքերը, որոնք ձեռք են բերվել երկար տարիներ կատարված աշխատանքների արդյունքում:

Թուրքական լրատվամիջոցներով քարոզվող տեսակետն այն է, որ սրանք համոզված են, թե ծպտյալ լինելը շատ ավելի ազդեցիկ ու արդյունավետ է, շատ ավելի հարմար իրենց նպատակներին հասնելու, թուրքերից վրեժ լուծելու առումով:

Այս հարցերով զբաղվող հայտնի պատմաբան, պրոֆեսոր Ջյոհջեի կարծիքով՝ հայերին գիտակցաբար կհիշեցնեն իրենց արմատների մասին, և Թուրքիայի առջև հանդես կգան հողի փոխհատուցման պահանջներով: Նա համոզված է, որ այս խմբի մարդիկ Թուրքիայի ներսում կօգտագործվեն ահաբեկչական նպատակներով:

Երկրորդ խումբը, որն, ըստ թուրք հեղինակների, աջակցություն է ստանում նաև հայկական սփյուռքից, բացահայտվելու քաղաքականության կողմնակից է: Թուրքական մամուլում այս խմբի մասին ձևավորված տեսակետը հետևյալն է. հայության ձուլումը կասեցնելու համար այս խումբը համոզված է, թե անհրաժեշտ է հայկական ծագում ունեցող Թուրքիայի քաղաքացիներին վերադարձնել իրենց արմատներին: Այդ նպատակով սկսել են շրջանառության մեջ մտցվել մշակութային, մարդաբանական ուսումնասիրությունների անվան տակ էթնիկ արմատների հետազոտությամբ զբաղվող բազմաթիվ քաղաքացիական, հասարակական կազմակերպություններ: Որպես ամերիկացի, եվրոպացի ուսումնասիրող, լրագրող, զբոսաշրջիկ կամ այլ անվան տակ ուղևորություններ են կազմակերպվում դեպի հայ քաղաքացիների բնակավայրերը, նրանք ջանում են վերակենդանացնել սրանց հայկական ինքնությունը: Ձգտում են Եվրամիության ֆոնդերից ևս օգտվելով՝ վերականգնել Անատոլիայի հայկական հուշարձանները: Հայկական մշակույթի վերակենդանացման խնդրում լուրջ կերպով աջակցություն են ցուցաբերում նաև պետական համակարգում դիրքավորված ծպտյալ հայերը:

 

Բնակության վայրերը

Հայության այս խմբերը հիմնականում բնակվում են Արևմտյան և Հարավ-արևմտյան Հայաստանում, Պոնտոսում, Պատմական Կիլիկիայում, Փոքր Հայքում և հարակից շրջաններում:

 

Իսլամացած հայության թիվը

Նշված շրրջանների հայության խնդիրները ուսումնասիրողները նշում են տարբեր թվեր, սակայն առավել հիմնավորված պետք է համարել 2,5-3 միլիոնը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տվյալներով, որն ամփոփումն է 1918-1922 թթ. զանազան հայկական և օտար աղբյուրների տվյալների, 1922 թ. ցեղասպանությունից փրկվածների թիվը մոտ չորս հարյուր հազար է եղել: Թուրքիայի բնակչության աճի տեմպերը հաշվի առնելով (1915 թ. հետո Թուրքիայի բնակչությունն աճել է 7-8 անգամ)՝ պետք է ենթադրել, որ իսլամացած հայերի թիվն այսօր կարող էր լինել 2,5-3 միլիոնի սահմանում: Այս թիվը չի ներառնում համշենահայերին: Համշենահայության խնդիրների լավագույն հետազոտողներց մեկի՝ ծնունդով ռիզեցի համշենահայ Ալիե Ալթի (մկրտվելուց հետո՝ Ալիս Կոստանյան) տվյալներով՝ իսլամացած համշենահայության թիվն անցնում է 1 միլիոնից, որից 350 հազարն արտագաղթել է: Նույն հարաբերակցությունն ենք ընդունում նաև հայերի մյուս խմբերի համար, այսինքն՝ արտագաղթածների թիվն ընդունում ենք 30 տոկոս: Այս թիվը Թուրքիայից արտագաղթածների պաշտոնական ընդհանուր թվից (6 տոկոս) 5 անգամ շատ է, սակայն նկատի ունենալով, որ հայերը (թեկուզ իսլամացած) ավելի շատ պատճառներ ունեն արտագաղթելու, կարելի է համարել ընդունելի:

Սրան մոտ են նաև թուրքական պաշտոնական տվյալները. 2014 թ. սեպտեմբերի 25-ին «Հյուրեթ»-ում Թուրքական պատմագիտական ընկերության նախկին նախագահ Յուսուֆ Հալաչօղլուն, դարձյալ անդրադառնալով ծպտյալ հայերի խնդրին, գրում է. «Եթե ՄԱԿ-ի գրանցումները նայենք, կարող ենք ասել, որ այսօր Թուրքիայում ապրում է շուրջ 500 հազար ծպտյալ»: Խոսքը ծպտյալների և ոչ թե բոլոր իսլամացած հայերի մասին է:

Հետազոտություններում առավել շատ տարածված է մեկուկես միլիոն թիվը: Այդ մասին «Միլլի» թերթում գրում է նաև հայտնի ազգայնամոլ լրագրող Մեհմեդ Շևքեթ Էյգին. «Պնդում են, թե Թուրքիայում ապրում են մեկուկես միլիոն ծպտյալ հայեր. արդյոք ճի՞շտ է այս թիվը»:

Մեկ այլ ազգայնամոլ լրագրող՝ Յ. Գեզգինը, այս մասին գրում է. «Այսօր Անատոլիայում… ենթադրվում է, որ գոյություն ունի 500 հազարից մինչև մեկուկես միլիոնի միջև տատանվող հայ ազգաբնակչություն: Այս հատվածի մի մասն իրոք մահմեդական է դարձել և լուծվել թուրք ու քուրդ հասարակության մեջ: Բայց նշանակալից չափով հայեր ծպտյալ վիճակում պահպանում են հայկական ինքնությունն ու կրոնը»:

Իսլամացած հայության թվի մասին ուշագրավ է հարցի լավագույն գիտակներից մեկի՝ Հրանտ Դինքի տեսակետը. «Եթէ Թուրքիան Եվրամիութեան անդամ դառնայ օր մը, չեմ սխալիր, եթէ հայութիւն առնուազն երկու միլիոն եւս շատնայ Թուրքիոյ մէջ գոյութիւն ունեցող իսլամ հայերու թիւով»:

Մեկ միլիոն թիվը հավանական է համարում նաև ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը. «Թուրքիայում կան մեկ միլիոն ծպտյալ հայեր»:

Իսլամացած հայության թվի մասին խոսելիս պետք է առաջնորդվել միայն գիտականության սկզբունքով և երբեք այն չդարձնել շահարկման առարկա: Այս խնդիրը մեզ հետաքրքրում է այնքանով, որքանով առնչվում է մեր ժողովրդի մի հատվածի պատմությանը և որպես Հայոց ցեղասպանության հետևանք նույնքան կարևոր է հայագիտության համար, որքան համանման այլ խնդիրներ, ինչպես, օրինակ, ցեղասպանությանը զոհ գնացածների, փրկվածների, տարբեր երկրներում ապաստան գտածների, սփյուռքի գաղթօջախների հայության թիվը և այլն:

 

Անդին 4, 2015

Share

Կարծիքներ

կարծիք