Կորսված սերնդի մշակույթը

332x498aram-suqiasyan

Որևէ մեկը, ով բավականաչափ լավ գիտի ժողովրդի հոգեբանությունը,

հասնում է հաջողության:

 

Ես դեռ լիահույս եմ, որ հենվելով ակունքների վրա՝ պիտ ծնվի մեր էթնիկ մտածողությանը բնորոշ ու տեսակից բխող գաղափարախոսությունը: Այլ կերպ չի լինի, որովհետև ոչ թե պետությունը պիտի որոշի ու վավերացնի գաղափարախոսությունը որպես ազգային, այլ ազգային գաղափարախոսությունը պետք է որոշի պետության առանձնահատկությունները, զարգացման ուղիները և կայացնի ազգային պետություն: Այո՛, ազգային պետություն, որովհետև միայն համամարդկային սկզբունքներով առաջնորդվող փոքր պետությունը դատապարտված է…

(Եվ նույնիսկ համամարդկային կրոն հանդիսացող քրիստոնեության մեջ մեզ համար առանձնահատկություններ գտանք (իսկ գուցե մշակեցինք)՝ այն մեզ համար դարձնելով գրեթե ազգային կրոն: Ուրեմն էդպես էր պետք, էդ էր ճիշտ, ուրեմն խելոք ենք գտնվել…):

Ուրեմն և մեր քսանամյա պետական քաղաքականությունը որոշ դասեր ունի քաղելու եկեղեցու դարավոր քաղաքականությունից…

Այսօր կուշտ, բարեկեցիկ, բայց և ծերացող Եվրոպան ինքն է որոնում այնպիսի հասարակական,  պետական բնազդներ, որոնք կապահովեն իր ապագան:

Իսկ մենք դեռ օրենքներ ենք «թողարկում», որով  պետություն չես կայացնի: Անհրաժեշտ է լրջորեն աշխատել ու ձևավորել գաղափարապես կայուն հասարակություն: Այսօր մեր հասարակությունը որպես միավոր բնավ էլ կայացած չէ, հետևաբար շատ նուրբ, զգույշ քաղաքականություն պետք է վարվի այս ուղղությամբ՝ ժողովրդի հավանական հակազդեցությունից խուսափելու և հոգեբանությունը հերթական անգամ չսասանելու համար:

…Այնինչ, մենք հաճախ մեր ազգայինը շփոթում ենք մեր գեղջկականի հետ և…

…Մի շրջան եղավ, որ մեր գյուղացի պապերն ու հայրերը որոշեցին քաղաքացի դառնալ ու եկան քաղաք…

Կարոտեցին իրենց գյուղը…

Չգնացին, որովհետև մայրաքաղաքը քաղցր էր…

Իրենց կարոտը հագեցնելու համար ստեղծեցին իրենց կինոն, թատրոնը… ուր գեղջկական մտածողությունն էր, բարբառախառն լեզուն, ու սիրվեց, որովհետև հոգեհարազատ էր… Մենք էլ ծնվեցինք, ասացին՝ էս հայկականն ա, մեր ազգայինը…

Մենք էլ սիրեցինք, որովհետև մեր հայրերը սիրում էին, և մենք էլ մեր գյուղացի պապերի թոռներն էինք, ուրեմն կեցցե՛արյան շրջանառությունը…

Էն ըմբոստ քաղաքացին էլ, որ, իբր, չտրվեց մեր պապերի թելադրանքին ու, փաստորեն, հասարակական պահանջարկին, ի՛ր երգը երգեց… Մերոնք էլ վախեցան, որ սրա ստեղծածը կարող է դառնալ ազգային արժեք, անունը դրին քաղաքային ֆոլկլոր:

Գյուղացիների քաղաքում ստեղծածը դարձավ հայկական, ազգային, մշակութային արժեք, քաղաքացու ստեղծածը՝ ֆոլկլոր՝ քաղաքային ֆոլկլոր:

Մերոնք հաղթեցին: Գյուղը հաղթեց:

Վերջում քյավառցի տղեն ու շամշադնեցի աղջիկը ձիով գնացին…

 

Ուրեմն սա նախորդն էր: Նոր սերնդի համար հաճելի կենցաղապատում՝ իր մշակութային տարօրինակ ու գեղեցիկ արդյունքով:

Այսօր իմ սերնդի անհատին անհատականություն տեսնելուս անբավ ձգտումս մնում է արդիական, քանզի առօրյա գիտակցության մեջ մշակույթը ընկալվում է որպես վառ ու խոշոր անհատականությունների գործողությունների ու ստեղծագործությունների գումար:

Մտավորականը, ժամանակի տրամաբանությանը համընթաց, անընդհատ վերարժեքավորման և առավել բարոյականի ու հայրենասիրականի, լավատեսության ու ազգաշահի արմատացման լուրջ ու պատասխանատու գործում որոշիչ մեկն է: Եվ ոչ միայն իր իմաստասիրական, գեղագիտական, ստեղծարար էությամբ, այլև ռազմական հաղթանակների ճշգրիտ կարևորմամբ, իշխողի բարոյականի գնահատականով, քաղաքական ինքնուրույնությամբ, պետության իմիջի ստեղծմամբ և այլն: Եվ այնուամենայնիվ քչերին է տրված պատմության մեջ մշակութային կյանքի կերտողը լինելու հնարավորությունը:

Վերջիններս, ազգի գիտակցության մեջ տեղ գտնելով, հաճախ սիմվոլացվում են, առավել ազդու դառնում և որպես ազգային խորհրդանիշներ մեծ ազդեցություն ու ներգործություն ունենում էթնոսի  հետագա վարքաբանությունում:

Սակայն այսօր իմ սերնդի բախումը իր ժամանակներին ու երևույթներին, ծայրահեղ իրավիճակներին, անկայուն քաղաքական մակընթացություններին, իր եսը պայմանավորելով նաև իր ազգային էությամբ, դրսևորվում է երկվության ու ծայրահեղականի կարգավիճակով: Մի կողմից՝ մեծամոլական-գերադրական, մյուս կողմից՝ ինքնատյաց-նվաստացման  զգացողությամբ՝ «շնորհալի ամաչկոտ», «ոսկեբերան խնդրարկու և խնկարկու»,«անմեղ մեղավոր», «երազատես ու երդմնատենչ» և այլ որակներ:

 

…«Անցումային շրջան» ժամանակավոր հասկացությունը ոչ մի կերպ չի անցնում,  էս մեր հերոսն  էլ ունի  ազգակիցների կողմից  չճանաչված  մի առաքելություն, ազգակիցն էլ սրան նկատելու պահանջ առանձնապես չի զգում…

 

Ոգին, մշակույթը, խորհրդանիշները, հոգեկերտվածքի այլ բաղկացուցիչներ ցեղի ապագային միտված գաղափարախոսության առանցքում անքննելի տեղ ու դիրք ունեն: Գաղափարախոսությունը ցանկացած արժեքային համակարգի էության արտահայտությունն է:

 

…Իսկ մեկնողն ո՞վ է, ո՞վ է այդ համարձակը, ո՞ւմ կամ ո՞ր խմբին ենք տվել արտահայտվելու հնարավորություն: Շատ կարևոր է, թե որտեղ, ինչ պայմաններում և հատկապես ով է ասում, որքանով է տվյալ անձը վաստակել այդ բարձր գաղափարների մատուցման և մեկնաբանման իրավունքը… Իսկ իշխանությունը հակվա՞ծ է այդ անձին կայացած ու համախոհ տեսնելու, թէ՞ նրանից վտանգ տեսնելով՝ շարունակելու է կանխել ու…

 

Խնդիր ունի այսօր իրական ՄՏԱՎՈՐԱԿԱՆԸ, ում դեռ սպասում ենք շատերս:

Նա պարտավոր է իր տեսակի էությունը  բնականորեն զատելու  շրջապատից, դիմակայելու իրեն օտար համահարթեցմանը:

Նրան ակնկալում ենք գործունեության մեջ դրսևորվող բացառիկ որակների ցայտունության աստիճանով, ժողովրդին հոգևոր, մշակութային առաջնորդ լինելու բարդ, պատասխանատու լիցքով, ազատախոհ ու իրատես  կերպով, ստեղծագործական վարպետությամբ ու ստեղծարար ճանապարհի պատասխանատվությամբ:

 

…Հիմա, որ շատ զահլա տարած չլինեմ իմ այս հաճախ միմյանց հակասող նախադասություններով, որոնք, ներեցեք, գուցե կիսատ-պռատ, բայց միտք արտահայտում էին, փորձեմ ամփոփել, մանավանդ որ ինձնից զահլես գնաց, կարծում եմ՝ ձերն էլ…

 

Ես վախենում եմ ու շատ: Ուզում եմ ու շատ: Իմ սերնդին տեսնել ներկայացած ու իր երկրի ու պետության մեջ առանցքային, պատմական առաքելություն ստանձնած: Որ մեր ստեղծածը եկողի համար չլինի կորսված սերնդի մշակույթ, այլ ծառայի ու լրացնի իմ ստեղծարար ազգի ստեղծածին, ու ոչ ոք չմտածի, որ ես կորսված սերնդի անփառունակ մարտիկ էի:

Ուրեմն, իմ սերնդակից շնորհալի. էթնո ես-ի հիման վրա բխեցրու մշակութային նորօրյա արժեք, սրանից քո մտավորականության միջոցով՝ գաղափարախոսություն, կրթական համակարգով փոխանցիր եկողին, սա էլ թող ձևավորվի որպես արժեհամակարգ ունեցող հասարակություն,  որով և կայանա  ազգային պետությունը, որին ձգտող լավատեսը կորոշակիացնի իր լինելիության առաքելությունը՝ մղումներով ի Գ Ո Ր Ծ:

 

Հ.Գ.

… (…) …

Անդին 4, 2013

Share

Կարծիքներ

կարծիք