Խաչքարը` տիեզերքի հայկական առասպելաբանական պատկերացումների հոգևոր-կոնստրուկտիվ խորհրդանիշ

20140809180518431

Հայերիս ճարտարապետական հորինվածքների երկու հանճարեղ հայտնագործությունները՝  խաչքարը և կենտրոնագմբեթ, խաչաձև հատակագծով, եռահամակարգ եկեղեցիները, որպես հայեցական և կոնստրուկտիվ ամբողջություն, կան և գոյություն ունեն ավելի քան մեկ և կես հազարամյակ: Ժամանակի հոլովույթում այս ձևի և, որոշ առումներով, ոճի հիրավի հավերժականությունը խորհելու տեղիք է տալիս:

Խաչքարը պաշտամունքային հատկանիշների պատճառներով շահեկանորեն առանձնանում է քանդակային արվեստի բազմաթիվ դրսևորումներից:  Պաշտամունքային հատկանիշները գործառնական առանձնահատկություն են հաղորդում խաչքարին և այն վերածում ճարտարապետական փոքր չափի կոթողի:

Այդ հատկանիշները գալիս են հազարամյակների խորքից:

Խաչքարի նկատմամբ և ընդհանրապես հոգևոր ընկալումների ու դրսևորումների այսօրվա հայկական իրողությունները ձևավորվել են երկարատև ժամանակում: Խաչքարի նախատիպերը, ժառանգաբար փոխանցվելով, գծապատկերային և ծավալային գեղագիտական հորինվածքների զարգացման որոշակի փուլեր անցնելուց հետո, տարբեր ժամանակների հասարակական պահանջին համապատասխան ադապտացվելով, բայց չկորցնելով նախնական իմաստը, որն է Տիեզերքի կառուցվածքի և նրա գործառույթների մասին հայկական առասպելաբանական պատկերացումները, ի վերջո հանգել են խաչքարին:

Այն երբեք չի եղել սոսկ խաչ կամ Քրիստոսի մարտիրոսացման խաչափայտ, դահճի այն գործիքը, որը կուրորեն պաշտում է ամբողջ կաթոլիկ և բողոքական աշխարհը:

Խաչը Կենաց ծառի պտուղն է, որը խորհրդանշում է Արեգակը և նրա կարևորագույն հատկանիշը՝ լույսը: Լուսապաշտական հնագույն հավատի խորհրդանիշը առանց որևէ ներքին հակասության 4-րդ դարի սկզբից հանգրվանել է հայ քրիստոնեական հավատքի շրջանակներում և իր ներկայությամբ ընդգծել հնագույն հավատքի արմատական մոտեցումների հոգեհարազատությունը նոր՝ քրիստոնեական հավատքի հիմնական սկզբունքներին (պտկ. 1.1,1.2, 1.3,1.4 ):

Դասական խաչքարը ծավալատարածական ստեղծագործություն է, որը պատվանդանի և միջավայրի հետ կազմում է ճարտարապետական համալիր ամբողջություն: Տաշվում է Հայկական լեռնաշխարհի բնական քարերից, իսկ ավելի հաճախ հրաբխային ապարներից՝ հիմնականում տուֆերից և ինգիմբրիտներից, հազվագյուտ դեպքերում ձևափոխված (մետամորֆային) ապարներից՝ մարմարից ու գրանիտից: Ունի ուղղանկյուն խորանարդի տեսք, որի միայն մեկ մակերեսն է հիմնականում օգտագործվում:

Խաչքարերը դրվում են միայն ուղղահայաց դիրքով: Խաչքար հիշեցնող, հորիզոնական տեղադրված մահարձանները կամ տապանաքարերը չեն կարող խաչքար համարվել: Օգտագործվող մակերեսի հիմքի և բարձրության հարաբերությունները տարբեր են: Զարդանախշված մակերեսի իմաստային միջուկը կազմող խորանի հիմքի և բարձրության հարաբերակցությունը մեկը երեքի է: Հանդիպում են հիմքի և բարձրության ամենատարբեր հարաբերակցության հորինվածքներ՝ ըստ քանդակագործ վարպետի մտահղացման կամ պատվիրատուի հայեցողության: Մեր նշած կանոններից դուրս հորինվածքներում խաչքարերի առավել հաճախ հանդիպող հարաբերակցությունը մոտավորապես մեկը մեկուկեսի է: Նախաքրիստոնեական ժամանակներից մնացած քարակոթողների, ֆալլերի, վիշապների, պաշտամունքային հուշարձանների և T-աձև ժայռաբեկորների վրա արված խաչքարերը նույնպես հազվագյուտ չեն, սակայն սրանց խաչապատկերի նիստը հաճախ չեն մշակում, և որմնաքանդակը ստացվում է կորավուն (պտկ. 2.1,2.2):

Խաչքարերը ճարտարապետական փոքր հուշարձաններից առավել ֆունկցիոնալն են: Հաճախ կարևորվել է ճարտարապետական միջավայր ստեղծելու խնդիրը՝ առանձին հոգածությամբ կառուցապատված պատվանդան, սալարկված հրապարակ, և այս ամենը՝ ներդաշնակված շրջակա ճարտարապետական համալիրներին: Խաչքարի նշանակությունը առանձնակի ընդգծելու համար այն երբեմն տեղադրվել է բարձրադիր, տարածքի վրա իշխող վայրում՝ առավել հնչեղություն հաղորդելով հուշարձանին:

Սակայն խաչքարերի հետազոտությամբ զբաղվողների ուշադրությունից վրիպել է կամ էլ ինչ-ինչ պատճառներով պատշաճ ուշադրության չի արժանացել մի ակնհայտ հանգամանք. նախ՝ վաղ քրիստոնեական շրջանի հավասարաթև խաչքարերը, և երկրորդ՝ մինչև 13-րդ դարով թվագրված մի շարք առանձին կամ խմբով ներկայացված կոթողների արտաքին տեսքի, կոմպոզիցիայի, գծապատկերի սկզբունքային տարբերությունը խաչքարերի նկատմամբ ձևավորված դասական պատկերացումներից: Տիպիկ օրինակ են Գնիշիկ գյուղի մերձակայքում՝ միջնադարյան գերեզմանոցում կանգնեցված  խաչքարերը: Սրանք փորված են անմշակ վայրի ժայռաբեկորների վրա, որոնց միայն բնականից հարթ, պատկերազարդ նիստն է թեթևակի մշակված (պտկ. 3.1, 3.2, 3.3):

Դասական խաչքարերը, ինչպես արդեն ասացինք, բնական ժայռաբեկորներից տաշված, կանոնավոր ուղղանկյուն խորանարդներ են, որոնց նիստերը բծախնդրորեն մշակված են, իսկ պատկերազարդ մակերեսը՝ խնամքով հղկված: Պատկերազարդ նիստը համանկար է՝ խորհրդանշական իմաստակիր պատկերներով,  բաժանված պայմանական երեք մասի: Համանկարի զարգացումը սկսվում է ստորին հատվածից դեպի վեր, միջին հատվածում՝ դեպի վեր և խաչապատկերի թևերի ուղղությամբ՝ դեպի կողերը, իսկ վերին հատվածում զարդապատկերի տրամաբանական ավարտն է, տարբեր ստեղծագործողների ուրույն և, որպես կանոն, ինքնատիպ մեկնաբանություններով:

Ներքևի հատվածում, որը  ստորերկրյա աշխարհը խորհրդանշելու տրամաբանությամբ է պատկերված, առանցքային է սերմի կամ սկզբի կերպավորման խնդիրը, որի լուծման համար անցյալի վարպետները ավելի հաճախ օգտագործել են նախշազարդ շրջան, գունդ կամ ուռուցիկ վահանանման բարձրաքանդակ՝ միտված սերմի գաղափարին: Սերմից դեպի վեր՝ մինչև համանկարի վերին սահմանը, խոյանում է ուղիղին ընդելուզված հյուսածո սյունը՝ խորհրդանշելով ընդերք-երկիր-երկինք կապը: Ուղղահայացը ավարտվում է գնդով կամ ճառագայթներ արձակող կիսասֆերայով՝ խորհրդանշելով պտուղը կամ անմահ հոգին կամ աստվածային, երկնային էությունը: Ուղղահայացի և հորիզոնականի խաչաձևմամբ գծագրվում է խաչը, որի ուղղահայացի ստորին հատվածը վերին հատվածից երկար է մեկուկեսից մինչև երկու, իսկ աջ և ձախ հորիզոնականներից՝ երկու և ավելի անգամ: Հորիզոնականը խորհրդանշում է երկրայինի սահմանը, որը խաչվելով ընդերք-երկինք խոյացող ուղիղին՝ կազմում է խաչապատկերը:

Այս համակարգային մոտեցումը, որը հազարամյակից ավելի գործում է հայոց մեջ, անկախ խաչքարի պատրաստման աշխարհագրական վայրից, քաղաքական համակարգերից, հոգևոր և սոցիալական գաղափարախոսությունների առճակատումներից, պետք է որ խորը արմատներ ունենա և գաղափարական կատարյալ հենք: Հակառակ դեպքում արտաքին և ներքին բազմաթիվ բացասական գործոնների ազդեցությանը չենթարկվելու փաստը առեղծված է: Խաչքարը հոգևոր, կառուցվածքային, գեղագիտական, ճարտարապետական կատարյալ համակագ է, որով և բացատրվում է նրա անխոցելիությունը:

Ժայռապատկերներում ամենահաճախ հանդիպող պատկերները մի քանիսն են՝ այծի, օձի կամ օձերի, մարդու, հիմնականում՝ տղամարդու: Խորհրդանշանները շատ են՝ կետ, շրջան, քառակուսի, եռանկյունի, ուղիղներ՝ առանձին, ինչպես նաև հատվող կամ խաչվող՝ հիմնականում ուղիղ անկյան տակ, սինուսոիդալ, ալիքաձև պատկերներ, եռաժանի, աղեղ, կիսալուսին, գնդեր՝ շաղկապված պարանով կամ կորագծով, առանձին այծեղջյուրներ և այլն: Այս պատկերները կրկնվում են անընդհատ՝ հազարավոր կոմպոզիցիաներում: Սակայն բուսական ծագման և ոչ մի պատկեր նման բազմազանության մեջ: Միակ բուսական պատկեր հիշեցնողը Կենաց ծառն է, որը վերացարկված, ստիլիզացված (ոճավորված) խորհրդապատկեր է և, բնականաբար, բնության մեջ չի կարող ունենալ բնորդ-բույսը, բնօրինակը, սակայն պետք է ունենա կերպարի իմաստային նախատիպը կամ նախատիպերը: Մեր հետազոտությունների արդյունքում երևակվել է մարդու և այծի կերպարներից, պատկերների գծային զարգացումների արդյունքում, անցում դեպի մարդ-Կենաց ծառ և այծ կամ այծեր-Կենաց ծառ պատկերին (պտկ. 1.4): Մարդը, այծը և Կենաց ծառը ժայռապատկերների կոմպոզիցիաներում ունեն առանցքային, կողմնորոշիչ նշանակություն:

Կենաց ծառի նկատմամբ առանձնակի հետաքրքրության դրսևորումներին հանդիպում ենք հնդեվրոպական լեզվախմբի բոլոր ժողովուրդների բանահյուսական ժառանգության՝ առասպելների, լեգենդների, էպոսների, հեքիաթների մեջ:  Շումերական էպոսում դա Գիլգամեշի որոնած անմահության բույսն է, հնագույն վեդաներում՝ Սոման, որ արծիվն է բերում հեռու լեռներից, հեքիաթներում՝  անմահության ծառը, որի պտուղը հայկական հեքիաթներում ամեն անգամ վիշապը պոկում տանում է, և նրա պտուղը հայթայթելու համար հիվանդ հոր որդիները  հերթապահում են գիշերները, իսկ մյուս ժողովրդների մոտ՝ ընդհակառակը՝ հիվանդ հորը փրկելու համար որդիներն են մեկնում անմահական պտուղը գտնելու: Սա հավանաբար պայմանավորված է նրանով, որ Կենաց ծառի գաղափարը ծագել է նույն աշխարհագրական վայրում՝ Հայկական լեռնաշխարհում, որտեղից և տարածվել է Եվրասիայով մեկ, ժողովուրդների մեծ գաղթերի ժամանակ:

Ժայռապատկերներում Կենաց ծառի պատկերը հիմնականում խարսխված է մարդու պատկերին (պտկ. 4.1, 4.2, 4.3): Կան և առանձին Կենաց ծառեր, որոնց ոճավորվածությունը, կերպարավորումը հարմարեցված է համանկարի ենթատեքստին: Մի տեղ Կենաց ծառի պատկերը կառուցված է այծերի գծապատկերների միջոցով, մի այլ տեղ այն պարզեցված է, և միայն արմատները, ծաղկաբույլը կամ պսակն  ու պտուղն են, մեկ այլ տեղ ցլի տիկի պրոյեկցիայի հենքի վրա է կառուցված: Հանդիպում են ուղղակի Կենաց ծառեր, որոնց նմանատիպերը, մի փոքր զարդարված, հանդիպում են միջնադարյան հայ մանրանկարչության վարպետների ստեղծագործություններում:

Տիեզերքի կառուցվածքի հայկական առասպելաբանական պատկերացումները խարսխված էին շրջակա միջավայրի, բնության երևույթների և գործոնների ազդեցության խորը իմացության վրա, և այդ կենսունակ աշխարհայացքը առողջ հիմքեր է ստեղծել հայ ժողովրդի հազարամյակների գոյության համար:

Անդրադառնանք խաչքարերը բնութագրող մի դետալի: Խոսքը խաչքարերի ստորին հատվածում երկու կողմերից խաչի հիմքը ընդգրկող զարդանախշի  մասին է: Սրանք աղեղնաձև զարգացում ունեցող, հիմքում փնջված, իսկ վերին հատվածում բացազատված, սիմետրիկ տեղադրված, կրկնվող նախշեր են, որոնք բուսական, երկրաչափական և այլ բնութագրեր կարող են ունենալ: Խորհրդանշում են առասպելաբանական տիեզերքի սահմանների պահապան վիշապներին կամ ջրերը՝ ընդերքի մութ աշխարհի սև ջուրը և Երկնքի Ծով ծիրանին: Այս գաղափարները խորհրդանշող պատկերները ժայռապատկերներում օձերի տեսք ունեն: Խաչքարի վրա տիեզերական օձերի խորհրդապատկերները գործառական կարևոր առաքելություններ ունեն: Նախ խաչի հիմքը ընդգրկող կոր զարդապատկերները, որոնք ներկայացնում են տիեզերաստեղծ երկու հակոտնյա վիշապները, երկու հզոր  ուժերը՝ դրականը և բացասականը, մութը և լույսը, արականը և իգականը, ընդերքը և երկինքը, իրենց հակադրության մեջ ներդաշնակ են և նույն սերմից են ծագում: Հատիկ-սերմի մեջ, ի սկզբանե, հակադրությունների հակամարտության և կյանքի հավերժական հավասարակշռության ներդաշնակությունը սաղմնավորված է: Երկրորդ կարևոր գործառույթը՝ վիշապների տարանջատված, բայց ամենուր ներկայությունն է: Խաչքարերի վրա Կենաց-ծառ խաչապատկերը երկու կողմից պարուրող զարդասյունները, որոնք կարծես շրջանակ են կազմում, իրար միահյուսված կյանքի ու մահվան տարերքների խորհրդապատկերներն են՝ օձերը /պտկ. 5, 1/, որոնց կոմպոզիցիոն զարգացումները սկսում են հատիկից ու վերջանում հորինվածքի վերնամասում, տարրալուծվելով լույսը խորհրդանշող արևի կամ թռչնակերպ Սուրբ Հոգու մեջ՝ ձևավորելով կյանքի խորհուրդը ընդհանրացնող քարեղեն հյուսածո գեղեցիկ պատմություն: Յուրաքանչյուր խաչքար, հեղինակային ինքնատիպ գործ լինելով հանդերձ, կյանքի առասպելաբանական փիլիսոփայության պատմությունն է՝ ուրույն մեկնաբանությամբ:

Այսպիսով տեսնում ենք հազարավոր տարիների բնապաշտական հենքի վրա ձևավորված աշխարհայացքի կենսունակությունը և նրա քարեղեն դրսևորումները խաչքարի արվեստում:

Այստեղ էական է այն հանգամանքը, որ մենք՝ հայերս, քրիստոնեություն ընդունելիս ոչ թե փոխել ենք մեր հայեցակարգը բնության առարկաների, երևույթների և գործոնների գործառույթների և համակարգվածության մասին կամ մերժել անցյալի՝ տիեզերքի մասին առասպելաբանական մոդելները, այլ ընդունել ենք մեկ այլ հոգևոր հայեցակարգ, որի հոգևոր և մարդասիրական սկզբունքները շատ ավելի վեհ են և անհամեմատ ավելի միտված համամարդկային քաղաքակրթության զարգացմանը և չեն հակասել նախորդող հոգևոր հայեցակարգին: Սակայն հնագույն գիտելիքների մեծ մասը այսօր կորած է: Կենսական անհրաժշտություն է պեղել պատմության ծալքերը և հատիկ-հատիկ երևակելով ինչպես առասպելաբանական, այնպես էլ գաղտնագիտական գանձարանի պատառիկները՝ ամբողջացնել և տիրապետել իմաստասիրական հոգևոր գանձերին:

 

Անդին 12, 2013

Share

Կարծիքներ

կարծիք