Լեբլեբիջիի ոդիսականը / մաս 1

20143009170313225

Տիգրան Չուխաջյանի «Լեբլեբիջի Հոր Հոր Աղա» օպերան

Ասկե 87 տարիներ առաջ հրապարակագիր և երաժշտագետ Նուպար Ալիքսանյան Թէոդիկի «Ամէնուն տարեցոյց»-ին մեջ (հրատարակված Վենետիկ, 1926, էջ 457) «Տիգրան Չուխաջյան. իր կյանքն ու արվեստը» մենագրության հետևյալ տողերով ահազանգ մը կը հնչեցնե.

«Իրողություն է նաև, որ տարիներե ի վեր Պոլիս և այլուր ներկայացված կարծեցյալ «Լեբլեբիջի»-ները քոփի (կրկնօրինակություն) են լոկ, քանի որ անոր հարազատ բնագիրը կը գտնվի Փարիզ՝ Ժուբեր հրատարակչին մոտ, որուն ծախված է:  Գեղարվեստի հայ սիրահարք հսկելու են, որ այն օրը, երբ Տ. Չ.-ի երկերը հանրային սեփականություն դառնան, իսկույն տպվին, զի անտիպ գործ մը հաճախ հակամետ է խեղաթյուրման, ուստի և մահացումի՚:

Խոսքը կը վերաբերի Տիգրան Չուխաջյանի՝ 1875-ին հեղինակած ՙԼեբլեբիջի Հոր Հոր Աղա՚ կատակերգական օպերային, որ տասնամյակներ շարունակ աննախընթաց հաջողություն վայելած է բովանդակ Միջին Արևելքի, Հունաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի, Կովկասի և այլ աշխարհամասերի մեջ: Թարգմանված է ֆրանսերենի, ներկայացված է հունարեն, ռուսերեն, գերմաներեն և բուլղարերեն լեզուներով: 1943-են ի վեր Հայաստանի մեջ ծանոթ է հայացված «Կարինե» անունով: Որպես շարժապատկեր նկարահանված է Թուրքիո մեջ 1923-ին և 1934-ին, իսկ Հայաստանի մեջ՝ 1967-ին:

2010 թվականին՝ օպերայի ստեղծումեն 135 տարիներ վերջ, Ֆրանսիայի դժվարահաճ հանդիսատեսին առաջին ֆրանսերեն արհեստավարժ բեմականացումը ներկայացնելու պատիվն ունեցանք մեր «Տիգրան Չուխաջյան Միջազգային Հիմնարկ»-ի համեստ միջոցներով (Փարիզի «Սեն Մոր» — Sait Maur և Մարսելի «Օդեոն» — Odeon  թատրոններուն մեջ): Քննադատներն ու հանդիսականները բարձր գնահատեցին Չուխաջյանի գեղեցկագույն երաժշտությունը, որը հնչեց իր ամբողջական երաժշտական համարներով, առանց կրճատումներու:

Այդ հաջողության որպես մեծագույն ապացույց Մարսելի «Օդեոն» թատրոնի հանրածանոթ տնօրեն պարոն Ժան-Ժակ Շազալեն (Jean-Jacques Chazalet) այս տարի ևս փափագեցավ ներկայացումը վերականգնել իր թատրոնին մեջ 2013-ի նոյեմբեր 9-ին և 10-ին:

Մարսելի «Օդեոն»-ը Ֆրանսիայի ավանդական միակ պետական թատրոնն է՝ ամբողջովին նվիրված օպերետի և երաժշտական կատակերգության ժանրին:

 

Առաջի՞ն արհեստավարժ ներկայացումը ֆրանսերենով…

Լուրջ ուսումնասիրություն պահանջող բազմաթիվ տվյալներու բացակայության  պատճառով կը խոստովանիմ, որ անհնար է առայժմ պատմության առջև հարյուր տոկոսով հաստատել  այս փաստը:

Նախ խոսենք «առաջին» բառի մասին:

Մեզի հայտնի է, որ 19-րդ դարում Պետրոս Անմեղյան (մոտավորապես 1860-1920)՝ բանաստեղծ և երիտթուրքական հեղափոխության անկեղծությանը հավատացող  գործիչներեն,  զայն թարգմանած է ֆրանսերենի: Ձեռագիրը կարելի է գտնել Երևանի Եղիշե Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի «Տիգրան Չուխաջյան» ֆոնդին մեջ:

Մի՞թե խաղցված է Ֆրանսայի մեջ թե այլուր այդ թարգմանությունը: Որոշ աղբյուրներ շփոթություն կը առաջացնեն:

«Անահիտ» ամսաթերթի ցնցող, սակայն, ցավոք, շատ լակոնական մեկ հայտարարությունը (հեղինակը հավանորեն խմբագիր Արշակ Չոպանյանն է. ստորագրություն չկա), կը տեղեկացնե հետևյալը.

«ՉՈւԽԱՋՅԱՆԻ ՄԵԿ ԳՈՐԾՆ Ի ՓԱՐԻԶ»

«Ֆրանսիական լրագիրներեն մեծ հաճոյքով կ’իմանանք, թե առաջիկա ձմեռ ողբացյալ Չուխաջյանի մեկ օպերետը՝ Fleur d’orient տիտղոսով, պիտի ներկայացվի Նուվո թեաթրին  մէջ, որ այժմ կը կոչուի Օփերա-Պուֆ» (ԱՆԱՀԻՏ, Զ. տարի, 1904, Օգոստոս, թիվ 8, էջ 136):

 

Հարցեր կը ծագին.

— ֆրանսիական ո՞ր լրագիրներուն մասին է խոսքը.

— առաջիկայ ձմեռ. այսինքն՝ 1905-ի՞ն.

— ի՞նչ գործ է Fleur d’orient-ը. «Լեբլեբիջի՞ն»  է, թե՞ Չուխաջյանի վերջին օպերան՝ «Զեմիրե»-ն, որ արդեն ֆրանսերեն գրված է (ապա նաև՝ իտալերեն), և որուն նյութը արաբական հեքիաթ մըն է, ինչ որ Fleur d’orient (ՙԱրևելյան ծաղիկ՚) վերնագիրը կհուշե.

— ո՞ր թատրոնն է Նուվո թեաթրը.

և, վերջապես,

— խաղցվա՞ծ է, թե՞ ոչ:

Ֆրանսիական թե հայկական մամուլին մեջ այս ծրագիրը իրականացված ըլլալու որևէ հետք առայժմ չենք գտած:

Հիմնվելով այն տրամաբանության վրա, որ այդպիսի երևույթ մը անպայման իր արձագանքը պիտի գտներ գոնե հայկական մամուլին մեջ, բոլորովին անձնական և ենթակայական կարծիքով կը խորհիմ, որ ներկայացված չէ:

 

Ֆրանսիայի մեջ տեղի ունեցած ներկայացումներ

1932-ի Ֆրանսիայի «Թատերական Հեղինակներու և Հորինողներու Ընկերության» (SACD) ցուցակին մեջ նշված է Eden Concert թատրոնին մեջ Լեբլեբիջիի ներկայացում մը, որուն հեղինակային  իրավունքները ըստ երևույթին գնած են. որո՞ւն են վճարած…

Ըստ պոլսահայ դերասան և բեմադրիչ Աշոտ Մադաթյանի՝ «Անիվ» թերթի մեջ հրատարակված հուշերուն (1946)՝ 1914-ին Փարիզի Օպերա-Բուֆ թատրոնին մեջ Լեբլեբիջին ներկայացնելու փորձեր կատարված են (ֆրանսերե՞ն), սակայն Առաջին համաշխարհային պատերազմին պատճառով ընդհատված է ծրագիրը: Ուրեմն «Անահիտ»-ի հայտարարած 1904-ի ծրագիրը հետաձգված է 1914-ի՞ն, և ա՞յդ ալ է ձախողած, թե՞ 1904 և 1914 թվականները Մադաթյան կը շփոթե մոտավորապես 30-40 տարիներ վերջ գրած իր հիշողություններուն մեջ:

20-րդի դարասկիզբեն ի վեր Ֆրանսիայի մեջ առավել կամ նվազ չափով արհեստավարժ (կամ ոչ) ներկայացումներու տվյալներ կան՝ երբեմն թրքերենով, երբեմն հայերենով, սակայն երբեք ֆրանսերենով:

Ահավասիկ, զանազան աղբյուրներե քաղված տեղեկություններ.

1911-ին Պոլիսեն Արշակ Պենլյանի խումբը շրջագայած է Եվրոպայի մեջ մինչև Անգլիա, սակայն հայտնի չէ՝ կարողացա՞ծ է ներկայացնել Լեբլեբիջին նաև Փարիզի մեջ.

1931-ին Theatre Edenի մեջ (ըստ վերը հիշված SACDի ցուցակին) հայկական խմբով ներկայացված է (հայերեն և թրքերեն տարբերակներով՝ ըստ SACD-ին).

1932-ին ներկայացված է դերասան Արման Կոթիկյանի կազմակերպությամբ.

1933-ին Փարիզ՝ Palais de la Mutualiteի մեջ, թրքերենով՝ ղեկավարությամբ Հայկ Չուխաջյանի:

1938-ին ներկայացված է Գուրգեն Ալեմշահի կազմակերպությամբ. այս ներկայացման մասին Նշան Պեշիկթաշլյան իր «Թատերական դեմքեր» գործին մեջ կը գրե, թե ներկայացումը Ժուբեր հրատարակչատան թույլտվությամբ է կատարված.

և, վերջապես, 1942-ին դարձյալ Palais de la Mutualiteին մեջ ներկայացված է Արա Պարթևյանի ղեկավարությամբ. այստեղ կը նկատենք Շառլ Ազնավուրի մոր՝ Քնարիկ Ազնավուրյանի, ինչպես նաև քրոջ՝ 16-ամյա Աիդա Ազնավուրյանի (որ արևելյան պարը կը պարե) անունները:

Նշան Պեշիկթաշլյանի՝ 1938-ի ներկայացման մասին այս հաստատումեն դուրս հայտնի չէ, թե ուրիշներ կարողացա՞ծ են օգտվել Ժուբերի մոտ գտնվող ձեռագիրներեն: Հավանորեն Արա Պարթևյանը՝ 1942-ին: Հետո՞ …

Համենայնդեպս, ֆրանսերենո՛վ սիրողական թե արհեստավարժ կատարումներու ապացույցներ առայժմ չեն հայտնաբերված:

Ուստի 2010 թվականը համարենք Լեբլեբիջիի ֆրանսերեն առաջին արհեստավարժ ներկայացումի պատմական թվական, մինչև այն օրը, երբ մեր երաժշտաթատերական մասնագետները կարողանան մեզի անծանոթ նոր տվյալներ հայտնաբերել:

 

Ամբողջակա՞ն

Այս բառն ալ հարկավոր է զգուշորեն գործածել:

Հակառակ որ Չուխաջյան իր Լեբլեբիջին իրավամբ opռra-comique կ՛անվանե և ոչ opռrette (հետագային opռra-bouffe ստուգաբանությունը ավելի ճիշտ կը նկարագրե գործը, որուն պատճառով 2010-ի մեր ներկայացումը այդպես անվանեցինք), ընդհանուր տվյալներով այն կը պատկանի operette-ի ժանրին: Իսկ միջազգային բոլոր operette-ները ժամանակին opera-ներու նման լուրջ գործեր ընդունված չէին: Երաժիշտները հաճախ իրենց իսկ գործերը կ’ենթարկեին զանազան փոփոխություններու՝ ըստ ներկայացումներու նյութական տարբեր կարելիություններու և երգիչ-երգչուհիներու մասնագիտական տվյալներու: Շատ սովորական երևույթ էր, որ երաժշտական ղեկավարի համար ամբողջական գործիքավորումով մաքրագրված նվագագրություն  չէին պատրաստեր operette-ի ժանրին համար, այլ կը հիմնվեին դաշնակագրության  վրա՝ պարզապես նշումներ կատարելով այլազան տեղեր, թե որտեղ են ջութակները, որտեղ՝ փողային գործիքները և այլն:

Լեբլեբիջիի պարագային հստակ չէ, թէ Չուխաջյանը հետևած ըլլա այդ սովորությանը: Կան թեր և դեմ փաստեր, երբեմն՝ ըսի-ըսավներ, որոնք ենթադրել կու տան, որ հեղինակային գեթ մեկ ամբողջական նվագագրություն մը պետք է, որ գոյություն ունեցած ըլլա: Չուխաջյանը լուրջ, արհեստավարժ ու բծախնդիր մասնագետ էր և իր գրեթե բոլոր հորինումներուն նվագագրությունները պատրաստած էր իր իսկ ձեռքով: Հայրենի Եղիշե Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանին մեջ կը պահպանվին զանազան այլ գործերու ինքնագիր նվագագրություններ, ինչպես, օրինակ, իր «Արշակ Բ» օպերան: Սակայն Չուխաջյանի ինքնագիրով Լեբլեբիջիի բնագիր նվագագրությունը առ այսօր կորած կը սեպվի՝ ի բացառյալ մի քանի պատառիկներե (օրինակ՝ Հոր Հոր Աղայի Ա. արարի «Արևելյան» տարբերակը կամ համերգային կատարումներու համար գործիքավորված հատվածներ, որոնք կը գտնվին Գրականության և արվեստի թանգարանի մեջ): Գոյություն չունին նաև առանձին նվագարանային մասերը , այսինքն՝ նվագախմբի ամեն մի գործիքի համար առանձին գրված ձայնատետրեր:

 

Ցիրուցան ձեռագիրներ

Արդեն իր՝ Չուխաջյանի կենդանության օրոք արտասովոր ճակատագրի կ’ենթարկվին Լեբլեբիջիի նոտաները Եգիպտոսի մեջ: Պոլսահայ բեմադրիչ ու դերասան Սերովբե Պենկլյան, որ 1876-են սկսյալ Չուխաջյանի խմբի ղեկավարությունն էր ստանձնած, 1888-ին Եգիպտոսի մեջ իր երկրորդ շրջագայության ընթացքին նյութական փորձանքներու կ’ենթարկվի և նոտաները հայ սեղանավորի մը մոտ ավանդ դնելով՝ կը կարողանա խումբը ձևով մը Պոլիս վերադարձնելու ծախքերը հոգալ:

Այստեղ մեր պատմական փաստերը կը սկսին անվավերագրելի թնջուկի մը վերածվիլ: Հակասական բազմաթիվ փաստերու առկայության պատճառավ մեզի համար դժվար կ°ըլլա գիտնալ, թե այդ նոտաները օր մը վերադարձա՞ծ են Պոլիս: Ըստ երևույթին՝ ոչ: Կա՞ր գոնե երկրորդ ամբողջական օրինակ մը, թեկուզև ընդօրինակություն: Ըստ երևույթին՝ այո՛: 1870-ական թվականներուն Չուխաջյանի հովանավոր Եղիազար Մելիքյան գնած էր Չուխաջյանի opռrette-ները և ձեռագիրները՝ դառնալով անոնց սեփականատերը: Նուպար Ալիքսանյանի, ինչպես նաև Չուխաջյանի լավագույն ու հավատարիմ աշակերտներեն՝ Սմբատ Քեսեճյանի գրություններեն կը հասկնանք, որ, «բարեբախտաբար» (ըստ Ալիքսանյանի), Պենկլյան Եղիազար Մելիքյանի սեփականությունը եղած նոտաները կրցած էր ապօրինի կերպով նախապես ընդօրինակել զանազան շրջագայություններու ընթացքին: Հայտնի դերասանուհի Ազնիվ-Հրաչյա, որ երգած էր Չուխաջյանի ղեկավարությամբ ներկայացված Լեբլեբիջիներուն մեջ, 1912-ին համոզված է, որ Մելիքյանի սեփականությունը եղած ձեռագիրները մնացած են Կահիրե: Ապա թե ոչ Եգիպտոսի այդ չարաբաստիկ շրջագայութենեն վերադարձին՝ 1894-ին, Պենկլյան զանո՛նք օգտագործած պիտի ըլլար Զմյուռնիո մեջ՝  Լեբլեբիջին վերստին բեմադրելու առթիվ: Պենկլյան, սակայն, օգտագործած է իր ապօրինի ընդօրինակությունը՝ քաջ գիտնալով, որ Եղիազար Մելիքյանը պիտի չկարենար արգելք հանդիսանալ կամ դատ բանալ՝ վախնալով, որ «գլուխը փորձանքի մը կը հանդիպի», ինչպես կը գրե Քեսեճյանը, որովհետև սուլթան Աբդուլ Համիդի Պոլսո մեջ այդ օպերետները կայսերական հրամանով արգելված էին 1890-են սկսյալ:

Չուխաջյանի և Պենկլյանի մահվնե ետք (հաջորդաբար 1898 և 1900) Արշակ Պենլյան,  Սմբատ Քեսեճյան, Երվանդ Թոլալյան և այլք շարունակած են ներկայացնել Լեբլեբիջին Պոլսո և այլ քաղաքներու, մինչև իսկ Ամերիկայի մեջ:

Ի՞նչ նոտաներու հիման վրա: Սերովբե Պենկլյանի ընդօրինակություններո՞ւն:  Ո՞ւր են այդ նոտաները:

Ըստ երևույթին, մեծավ մասամբ միայն դաշնակագրություններու և ոչ նվագագրության հիման վրա կատարված են այդ ներկայացումները, որոնք ինքնին Չուխաջյանի նույնքան փայլուն աշակերտներեն Հարություն Սինանյանի, ինչպես և Սմբատ Քեսեճյանի ընդօրինակություններն են: Երևանի  Գրականության և արվեստի թանգարանին մեջ կը պահպանվի Սինանյանի 1910-ի ընդօրինակությունը՝ հետևյալ մակագրությամբ՝ «Vu, examine et trouve conforme á l’original» (նայված, ստուգված և բնագրին հետ համապատասխան գտնված): Կան նաև Քեսեճյանի կողմե ընդօրինակված երեք դաշնակագրություններ (1911, 1916, 1920), որոնք իրարմե տարբեր են, սակայն երեքն ալ կը պատկանին նույն անհայտ աղբյուրին: Երաժշտագետներ Մուրադյան, Թահմիզյան և Ասատրյան համամիտ են այն բանին, որ բոլոր տարբերակները մեկ ՙվավերական՚ հեղինակային օրինակե մը կու գան: Սակայն այդ «հեղինակային» հասկացությունը, ըստ եգիպտաբնակ երաժշտագետ և չուխաջյանագետ Հայկ Ավագյանի, տակավին կը մնա հարցական՝ նույն այդ հեղինակային օրինակի չգոյության պատճառով:

 

Նոր գործիքավորումներ

1943-ին Հայաստանի մեջ Անուշավան Տեր Ղևոնդյանի երաժշտական նոր գործիքավորումով կը ներկայացվի Լեբլեբիջին «Կարինե» անվամբ: Ապագային Ղազարոս Սարյան և Տիգրան Մանսուրյան երգահանները, շատ հաջող կերպով և չուխաջյանական ոճը հարգելով, նոր գործիքավորում մը պիտի կատարեին «Հայֆիլմի» նկարահանման (1967) առթիվ. այդ գործիքավորումը կը շարունակվի Երևանի պետական օպերային մեջ հնչել հաջորդ տասնամյակներուն:

Արշակ Պենլյանի խումբեն բացի թրքական տասնյակ տարբեր խումբեր Պոլսո մեջ և այլուր 1910-են մինչև 1950-ական թվականներուն ընթացքին բազմաթիվ անգամներ կը ներկայացնեն Լեբլեբիջին (չհաշված հունարեն, գերմաներեն թե ռուսերեն ներկայացումները): Անկարայի մեջ Թուրքիո Պետական օպերան զայն կը ներկայացնե 1965-ին: Ի՞նչ նվագագրություններու հիման վրա կը կատարվին անոնք. թրքակա՞ն, թե՞ այլ նոր գործիքավորումներով: Հայտնի չէ:

1975-ին Թուրքիո պետական հեռատեսիլեն Լեբլեբիջին կը ներկայացվի նաև պոլսահայ երաժիշտ Ժիրայր Ասլանյանցի ղեկավարությամբ՝ իր ըսելով՝ իր մոտ գտնված «միակ հարազատ բնագիր նվագագրության» հիման վրա:

Այստեղ կ’ուզեմ մեջբերել նվագագրություններու զույգ աղբյուրներ, որոնք, ավա՜ղ, անկարելի է դեռևս ուսումնասիրել ու վավերացնել:

 

Ա. երաժիշտ-նվագավար Ժիրայր Ասլանյանցի ձեռագիրները

1997-ին՝ նոյեմբերի երկրորդ շաբաթվա երեկոներեն մեկուն ընթացքին, Պոլսո Մխիթարյան Սանուց Միության սրահին մեջ այս նյութերուն շուրջ դասախոսություն մը տված միջոցիս, մաեստրո Ժիրայր Ասլանյանցը, որ ներկա էր, բարձրաձայն բացականչեց, թե Լեբլեբիջիի միակ հեղինակային նվագագրությունը աշխարհի վրա միայն մեկ հոգի ունի, այն ալ ի՛նքն է: «Սակայն մարդու չե՛մ տար»,- ավելցուց զայրույթով:

Պարոն Ասլանյանց այդ երեկո ուրիշ անակնկալ հայտարարություն մըն ալ ըրավ դահլիճին մեջ հավաքված հոծ բազմության դիմաց: Որքան ալ անստուգելի ըլլա իր հայտարարությունը, պարտք կը սեպեմ այս առթիվ զայն գրանցել այստեղ՝ հանուն պարկեշտության և, ո՞վ իմանա, գուցե ի շահ ապագայի՝ այս նյութերով զբաղվող հետազոտողներու:

Ան պնդեց, որ իր քով գտնվող ձեռագիրը Չուխաջյանի առաջին նվագագրությունն է՝ հորինված օպերային մեծ նվագախումբի համար, որ կատարված է 1875-ական թվականներու առաջին ներկայացումներու օրերուն միայն, և թե հետագային, նյութական դժվարություններու պատճառավ, Չուխաջյան ինքն իսկ ստեղծած է երկրորդ տարբերակ մը՝ ավելի փոքր օպերետային նվագախմբի սազական: Ըստ Ասլանյանցին՝ ահա այդ երկրորդ տարբերակն է, որ օգտագործված է հետագայի բոլոր ներկայացումներուն և ենթարկված կատարողական գործադրության (performance practice) բարդ ճակատագիրին: Սակայն իր քով գտնվող նվագագրությունը Լեբլեբիջիի հարազատ սկզբնաղբյուրն է, որ աշխարհի մեջ ուրիշ տեղ գոյություն չունի:

Որքան ալ այս հայտարարությունը «օդին մեջ ըսված խոսք» համարել ուզենք, անհավանական չի թվիր ըլլալ: Իրավ է, որ 1876-ին Չուխաջյանի՝ հազիվ ստեղծված օպերետային խմբի նյութական մեծ պահանջքներուն չհասնելով՝ Եղիազար Մելիքյան  խումբը հովանավորելու իր խոստումեն կը հրաժարի: Սերովբե Պենկլյան կը ստանձնե խմբի տնօրինությունը, և հավանորեն ծախսեր խնայելու միջոցներ կ’որդեգրվին:

Ուրեմն Չուխաջյան հորինած է փոքր նվագախմբի ավելի գործնական երկրորդ գործիքավորո՞ւմ մը: Անկարելի չէ:

Պրն. Ասլանյանցը պատմեց նաև, թե այդ ձեռագիրները ձեռք ձգած է 1920-ական թվականներուն Չուխաջյանի գործերը կատարող Ժորժ Ուգնատ (Ուգնատյան) անունով  նվագավարե մը, որ, իր ծերության օրերուն դրամական կարիք ունենալով, զայն ծախած էր Ասլանյանցին: Ցավով ավելցուց, թե Ուգնատի քով կային նաև Չուխաջյանի այլ օպերա կամ օպերետներ, սակայն իր նյութական միջոցները թույլ չէին տված, որ անոնք ալ գնե:

Որքան փորձեցի պարոն Ասլանյանցին համոզել, որ ցույց տա այդ նշանավոր նվագագրությունեն գոնե մեկ էջ, որ ստուգեմ՝ իրոք Չուխաջյանի՞ ձեռագիրն է, խստիվ մերժե՛ց: Տարիներով պոլսահայ երաժշտասեր ընկերներու և Ասլանյանցին մտերիմ հեղինակավոր մտավորականներու միջոցով շարունակեցի ամեն կերպ միտքը փոխել: Անկարելի եղավ:

Երաժշտագետ Հայկ Ավագյան գուցե իրավունք ունի, երբ այս նյութերուն շուրջ կատարած իր ծավալուն ուսումնասիրության մեջ կասկածով կը մոտենա այս հարցին: «Ասլանյանցի բնագիրը նորություն մը չի մուծեր Լեբլեբիջիի ձեռագրական սկզբնաղբյուրի տեսանկյունեն»,- կ’ըսե Ավագյան: Ան կը հիմնվի Պոլսեն ստացած Ասլանյանցին պատկանող պատճենի մը վրա (Հոր Հորի Գ. արարի արիան), որ տարիներ առաջ զայն կատարած պոլսահայ երգիչ մը ուղարկած է իրեն: Առաջին էջին վրա կա նույն 1920-ական թվականներուն գործող նվագավարի մը կնիքը՝ Alpino Capocelli անունով: Ըստ Ավագյանի՝ ձայնաթերթին վրա գտնվող թուղթի հասցեն այդ ընդօրինակության թվականը կը հասցնե մինչև 1920ական թվականները և ոչ ավելի հին: Ավագյան չի նշեր՝ այդ պատճենը նվագագրությո՞ւն է, թե՞ դաշնակագրություն: Կը խորհիմ, որ դաշնակագրություն ըլլա, քանի որ անսովոր է երգիչներուն ձեռքը նվագագրություն մը տալ: Ուստի անկարելի չէ բնավ, որ Ասլանյանցի քով գտնված ըլլա նաև Կապոչելլիի դաշնակագրութան մեկ ընդօրինակությունը՝ անկա՛խ Ուգնատեն գնված նվագագրության: Ի վերջո, Ուգնատն ու Կապոչելլին  նույն տարիներուն տարբեր առիթներով ղեկավարած են Լեբլեբիջին:

Պոլսահայ երգչուհի, երգչախմբի խմբավար ազնիվ ու տաղանդավոր ընկերուհիներես մին՝ Օվսաննա Գալենտեր, որ տասնամյակներ Ասլանյանցի հետ աշխատակցած և 1999-ին Պոլսո մեջ ղեկավարած է Լեբլեբիջիի համերգային ու դաշնակի ընկերակցությամբ կատարում մը, ինձի վստահեցուց, որ ինք իր աչքերով տեսած է Ասլանյանցի տան մեջ ակնարկված նվագագրության նոտաները, որոնք, արդեն տարանջատման ենթակա, շատ հին ձայնաթերթեր են, և թե զանոնք փորձերու համար օգտագործելը կամ լուսապատճենի ենթարկելը անհնարին է:

Հետևաբար, Լեբլեբիջին կատարելու համար երգիչ-երգչուհիներուն տրամադրված են հավանաբար Կապոչելլիի դաշնակագրության և կամ նույնինքը Ասլանյանցի ընդօրինակությունները:

Բնականաբար, Պոլսեն Կահիրե ուղարկված վերոհիշյալ պատճենը Չուխաջյանի ինքնագիրը չէր կրնար ըլլալ:

 

Անգամ մը ևս «կորած» ձեռագիրներ

Ասլանյանցը վերջերս մահացավ, և տիկին Գալենտերը, անոր այրին մոտեն  ճանչնալով, քանիցս փորձած է համոզել զինք, որ փրկե այդ նոտաները: Վերջերս  Ասլանյանցի այրին թույլ տված է տիկին Գալենտերին մտնել իրենց տունը և ջանալ գտնել զանոնք: Ապարդյուն ջանքեր: Ահա բառ առ բառ տիկին Գալենտերին Facebook-ով 24 հուլիս 2013-ին ինձի ուղարկած երկտողը. «Սիրելի Ժիրայր, շատ շնորհակալ եմ mailիդ համար: Կարճ և կտրուկ պիտի պատասխանեմ: Այս գարնան Ասլանյանցին կինը կանչեց և ըսավ, որ նոտաներուն նայիմ և ուզածներս ստուգեմ: Այդ աղտոտության մեջ 3 օր աշխատեցա, սակայն, ավա՜ղ, բուն փնտրածներս չկային: Կինը քիթիս խնդաց: Այդպես վարվելով՝ զիս լռեցուց (որովհետև ամեն ատեն զինքը անհանգիստ կ՛ընեի «Լեբլեբիջի»-ի ճակատագրին մասին): Հասկցածս՝ նոտաները եթե իրավ կային, անհետացած են: Շատ տխուր եմ… Կը ցավիմ… Սիրով՝ Օվսաննա»:

Թե որքանո՞վ հարազատ էին Ասլանյանցի ձեռագիրները՝ հարցական մնաց:

Միայն գիտեմ, որ իմ քովս կը գտնվի 1975-ի թրքական TV-ի ձայնագրությունը, որ կատարված է Ասլանյանցի ղեկավարությամբ և վստահորեն իր մոտ գտնված նվագագրության հիման վրա: Ինչպես վերևը հիշեցինք, Երևանի Գրականության և արվեստի թանգարանին մեջ կը պահպանվին Չուխաջյանի ինքնագիրով Լեբլեբիջիի նվագագրության  պատառիկներ,  օրինակ՝ Հոր Հոր Աղայի Ա. արարի «Արևելյան» տարբերակը: Համեմատեցի՛նք: Թրքական TV-ի՝ Ասլանյանցի ղեկավարած նկարահանման ձայնագրության այդ բաժինը բոլորովին տարբեր է  Չուխաջյանի հորինումեն: Թեև անհնար չէ, որ Չուխաջյան ի՛նք փոփոխություններ կատարած ըլլա, ինչպես նշեցինք տարբեր առիթներով, սակայն ձայնագրությունը այնքան ալ չուխաջյանական չի հնչեր: Չեմ բացառեր, որ նկարահանման առթիվ թրքական TV-ի արտադրիչները Ասլանյանցին ստիպած ըլլային գործիքավորման փոփոխություններ ներմուծել այս կամ այն թեքնիքական, նյութական կամ ճաշակի պատճառներով: Ամեն պարագայի, արիաներու իմաստով այդ նկարահանման մեջ կատարված են բազմաթիվ կրճատումներ: Կը հիշեմ Ժիրայր Ասլանյանցի դժգոհ արտահայտությունը Պոլսո դասախոսությանս օրը, երբ կը խոսեր հեռատեսիլային այդ կատարման մասին. ան ծաղրական կերպով ըսավ. «Այդ ալ «Լեբելբիջի՜» ըլլար…»…

 

Բ. Վաչե Պարսումյանի հավաքածուն, Լոս Անջելես

Պոլսահայ Աշոտ Մադաթյանի և բեյրութաբնակ Նիկողոս Հակոբյանի ջանքերով Լեբլեբիջիի նվագագրություն մը հասած է Բեյրութ, ուր ներկայացված է 1962 թվականին Վերածնունդ Միության կազմակերպությամբ և մասնակցությամբ Հայ Երգիչներու Անսամբլին (բեմադրիչ՝ Պոլսեն հրավիրված Աշոտ Մադաթյան, գլխավոր երգչուհի՝ Սիրարփի Հակոբյան):

Ի՞նչ նվագագրություն օգտագործված է այս առթիվ, և ինչպե՞ս հասած է այն Բեյրութ և ապա Լոս Անջելըս:

Աշոտ Մադաթյան և Նիկողոս Հակոբյան, Պոլսո մեջ գտնելով Մելիքյանի թոռնուհի Սոֆի Գուլոյանը, այդ ընդօրինակությունները կը գնեն իրմե ու կը փոխադրեն Բեյրութ:

Լիբանանի քաղաքացիական պատերազմի խառն օրերուն (1975–1991) լիբանանահայ երաժիշտ Վաչե Պարսումյան զայն կը գնե Նիկողոս Հակոբյանի այրի Սիրարփի Հակոբյանեն «նյութական մեծ զոհողություններով» (ըստ Պարսումյանի), ապա կը հաստատվիի Լոս Անջելըս: Այս դիպվածին համամիտ չէ տիկին Հակոբյանը, որ իր դժգոհությունը կը հայտնե Լոս Անջելըսի «Նոր Հայաստան» օրաթերթին մեջ «Ճշտումներ Տիգրան Չուխաջյանին ձայնատետրերու մասին» վերնագրյալ բաց նամակով մը (22 հունուար, 2005):

Պարոն Պարսումյանի քով կան նաև Չուխաջյանի այլ օպերետներ: Ես ինքս առիթն ունեցած եմ տեսնելու իր մոտ Լեբլեբիջիի այդ նվագագրությունը: Չուխաջյանի ինքնագիրը չէ՛, այլ ստեղծումեն մոտավորապես քառասունհինգ տարի ետք գրված գեղեցիկ ու մաքուր ընդօրինակություն մը՝ կատարված Եղիազար Մելիքյանի որդի Արամ Մելիքյանի կողմե Պոլսո մեջ: Պարսումյան 2003-ին ներկայացուցած է զայն Լոս Անջելըսի մէջ: Ցանկալի կ՛ըլլար այդ ներկայացման գեթ ձայնագրությունը լսել՝ գաղափար մը կազմելու համար նվագագրության որակին և չուխաջյանական ոճի հարազատության մասին: Առայժմ այդ նվագագրությունն ու անոր կատարման արդյունքը անմատչելի կը մնան չուխաջյանագիտությամբ զբաղվող սփյուռքահայ թե հայրենի մասնագետներուն:

Ուրեմն, այնպես կը թվի, որ Նուպար Ալիքսանյանի՝ 1926-ին գրած կոչը, թե օպերետի հարազատ բնագիրը Ժուբերի հրատարակչատան կը պատկանի, շատ հավանական է, որ ճիշտ ըլլա:

Ո՞ւր են այդ նշանավոր նոտաները, և ո՞ւր է Ժուբեր հրատարակչատունը.

Ո՞վ և ինչո՞ւ «ծախած է» գործը Ժուբերին:

Շարունակելի

Անդին 11, 2013

Share

Կարծիքներ

կարծիք