Իրանի բարեփոխականները. ակնկալիքներ և հեռանկարներ

20142209143122782

Այս տարվա հունիսի 14-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում ավարտված 11-րդ նախագահական ընտրություններում հաղթեց բարեփոխական ուժերի քաղաքական հայացքներն արտահայտող միակ թեկնածուն՝ Հասան Ռոուհանին: Վերջինիս հաղթանակից հետո տարբեր տեսակետներ են հնչում բարեփոխականության և բարեփոխական գործիչների վերաբերյալ, և հաճախակի է քննարկվում նորընտիր նախագահի հնարավոր գործելակերպը:

Սխալ է այն կարծիքը, թե բարեփոխականությունն Իրանում իսլամական կառավարման սկզբունքներին և չափորոշիչներին հակասող գաղափարախոսություն է, իսկ բարեփոխականները՝ բարձրաստիճան հոգևորականներին ընդդիմադիր խմբավորում: Իրականում բարեփոխականությունն Իրանում իսլամական կառավարման համակարգի ծնունդ է: Բարեփոխական գաղափարների հետևորդներ կարող են լինել նույնիսկ բարձրաստիճան հոգևորականները, որոնք առանցքային դեր են կատարում գերագույն իշխանության համակարգում՝ անկախ այն հանգամանքից՝ կառավարումն իրականացնում են պահպանողականները թե բարեփոխականները:

Իրանում կառավարությունը գերագույն իշխանության համակարգի բաղկացուցիչ ինստիտուտներից միայն մեկն է և զուրկ է պետական քաղաքականություն մշակելու և իրականացնելու մենաշնորհից: Գոյություն ունի նաև գերագույն հոգևոր առաջնորդը, որը կարող է մերժել կառավարության ղեկավարի՝ նախագահի նախաձեռնությունները, եթե դրանք չեն համապատասխանում իսլամական կառավարման չափորոշիչներին: Գերագույն հոգևոր առաջնորդը կարող է նաև, ի հեճուկս նախագահի, պետական բարձրագույն իշխանության համակարգում ընդգրկել պահպանողական կամ բարեփոխական քաղաքական գործիչների, որոնք կարող են ակտիվորեն քննադատել նախագահին և կառավարությանը: Այդպիսի բարձրաստիճան քաղաքական գործիչ է, օրինակ, վարչակարգի նպատակահարմարությունը որոշող խորհրդի նախագահ, ԻԻՀ նախկին նախագահ (1989-1997 թթ.) այաթոլլահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին:

ԻԻՀ բարեփոխականության հիմքում ընկած են Իրանի նախկին նախագահ (1997-2005 թթ.) այաթոլլահ Մոհամադ Խաթամիի գաղափարները. երկրի ներքին քաղաքական կյանքումª քաղաքացիական հասարակության ձևավորումը, իսլամական կառավարման շրջանակներում ժողովրդավարության հաստատումը, երիտասարդությանը հուզող հիմնահարցերի լուծումը, իսկ արտաքին քաղաքականության ոլորտում՝ նրա «Քաղաքակրթությունների երկխոսություն» աշխատության մեջ ներկայացված հայեցակարգային դրույթները, համաձայն որոնց համաշխարհային ուժային կենտրոնների միջև եղած հակասությունները պետք է լուծել ակտիվ երկխոսությամբ և համագործակցությամբ, ինչն էլ կապահովի ժամանակակից աշխարհի կայուն զարգացումը:

Պահպանողականները նույնպես դեմ չեն երկխոսության գաղափարին, սակայն որոշ սկզբունքային հարցերում նրանք ավելի անզիջում են, ինչը կարող է բարդացնել երկխոսության գործընթացը:

Այժմ չորս տարի ժամկետով կառավարության ղեկը ստանձնել են բարեփոխականները: Ընտրությունների արդյունքները լիովին գոհացուցիչ կարող են լինել Իրանի բարձրաստիճան հոգևորականության համար, որոնք երկրի կառավարումը պահպանողականներից փոխանցել են բարեփոխականներին՝ պահպանողականներին հնարավորություն տալով վերակազմավորվել և համախմբվել: Այդ խնդիրը հրատապ էր դարձել Մ. Ահմադինեժադի նախագահության երկրորդ շրջանից ի վեր:

Հանդիսանալով պահպանողական ուժերի թեկնածու՝  2009 թ. Մ. Ահմադինեժադը վերընտրվել է նախագահի պաշտոնում: Հետագայում տարաձայնություններ են առաջացել նախագահի և մի շարք բարձրաստիճան պահպանողական հոգևորականների միջև՝ հիմնականում երկրի ներքին կառավարման հարցերում: Դա էլ զգալիորեն պառակտել է նրանց քաղաքական ճամբարը: Վերջին չորս տարիներին կառավարության գործունեությունը բազմիցս քննադատել է նաև գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին: Ահմադինեժադը և նրա համախոհները պիտակավորվել են որպես «իսլամական կառավարման ուղեգծից շեղված ուժեր»:

2013 թ. նախագահական ընտրությունները կարող էին բարենպաստ լինել պահպանողականների վերամիավորման հարցում, սակայն նրանք չկարողացան համախմբվել մեկ թեկնածուի շուրջ, ինչն էլ բացասականորեն ազդեց նրանց արդյունքների վրա: Եթե պահպանողականները կարողանային ոչ միասնական թիմով հաղթել նախագահական ընտրություններում, թերևս կխորանային տարաձայնությունները երկրի ներքաղաքական կյանքում՝ բացասաբար ազդելով գերագույն հոգևոր իշխանության հեղինակության վրա: Այդ իսկ պատճառով բարձրաստիճան հոգևորականության համար նպատակահարմար է աշխատել բարեփոխական կառավարության հետ, որի ներսում չեն լինի տարաձայնություններ, իսկ գործողությունները կլինեն կանխատեսելի և վերահսկելի: Բարեփոխականները կարող են նաև մեղմել Իրանի միջուկային ծրագրի շուրջ առաջացած լարվածությունը միջազգային ասպարեզում՝ մեծագույն ծառայություն մատուցելով բարձրաստիճան հոգևորականությանը:

Այսպիսով, 2013 թ. ԻԻՀ նախագահական ընտրությունները կարելի է գնահատել որպես զգալի առաջընթաց երկրի ներքին և արտաքին մարտահրավերներին դիմակայելու, պետության զարգացման և առաջադիմության տեսանկյունից: Առավել մասշտաբային հաջողությունների հասնելու համար անհրաժեշտ է ապահովել գործընթացների շարունակականություն, որը մեծապես կախված կլինի բարեփոխական կառավարության և բարձրաստիճան հոգևորականության հետագա փոխհարաբերություններից:

 

 

Անդին 6, 2013

Կարծիքներ

կարծիք