Իսկ քամին սուլում է պատուհանիս տակ

20141509135421183

Ամիսներ առաջ լրագ Արտակ Ալեքսանյանը, իր մի  հոդվածում անդրադառնալով արտագաղթի թեմային, համարյա  մեղադրեց  գործընկերներին` գրելով, թե` որպեսզի մարդկանց մոտ դատապարտվածություն չլինի, լճացման տպավորություն չստեղծվի, պետք է բարձրացնել լրատվական աշխատանքի որակը: Արտակ Ալեքսանյանը` որպես լրագրող, արտագաղթի բուժման իր բանաձևն էր առաջարկում, և նա՝ որպես մասնագետ, ցավոք, մնաց միակը, ում որպես մասնագետի, թեկուզեւ լրագրության բնագավառում, մտահոգեց առկա խնդիրը, որ արդեն տարիներ շարունակ ՙսուլում  է՚ յուրաքանչյուրիս  պատուհանի տակ:

Չեմ ուզում գնահատական տալ Արտակի հոդվածում տեղ գտած մտքերին, ընդամենը կցանկանայի միասնաբար խոհրեինք, թե ինչու հանկարծ արտագաղթն այսքան մեծ ծավալների հասավ, և ովքե՞ր են հիմնականում դրա մեղավորները: Անկեղծ լինենք և փորձենք տարանջատել արդեն 20 տարուց ավելի մեր ականջը սղոցող «արտագաղթ» բառի պատճառները, իսկ դրանք քիչ չեն: Արտագաղթը` որպես հիվանդության տեսակ,  քրոնիկական ախտ  է դարձել, և կարծես ոչ մի վիրաբուժական միջամտություն  զորու չէ կասեցնել դրա  ընթացքը:

Փթթուն արտագաղթ: Այլ կերպ չես անվանի արտագաղթի մեր` հայկական տեսակը, որ կարծես հաստատուն տեղավորվել է մեր գենի մեջ և իր արմատներն է գցել յուրաքանչյուրիս ուղեղի ծալքերում:

Արտագաղթի մասին վիճակագրական թվերն ահազանգում են նոր թշնամու  մասին: Թշնամի, որին այս դեպքում մենք ենք հոժարակամ ընտրել մեր անտարբերությամբ: Այն, ինչ հիմա կատարվում է, սոսկ արտագաղթ չէ, այլ ազգային ներուժի, որակյալ աշխատուժի էքստրադիցիա: «Արտահանվողների» գերիշխող մեծամասնությունը երիտասարդներ են, երկրի  ակտիվ աշխատուժ հանդիսացող տղամարդիկ, ասել է թե` մեր վաղվա օրը:

Անկախության ողջ ժամանակահատվածում տեղի ունեցող արտագաղթը առանձնահատուկ ուշադրության է արժանի, քանզի այն դարձել է հայաստանյան իրականության ամենատագնապալից իրողությունը: Իսկ պատկան մարմիններն ավելի հաճախ փորձում են անուշադրության մատնել խնդիրը: Ասում են` որքան քիչ խոսենք արտագաղթի մասին, որքան քիչ ուշադրություն դարձնենք, այնքան այն կնվազի: Սակայն, ի հեճուկս նման պնդումների հեղինակների, որքան քիչ ենք ուշադրություն դարձնում ու խոսում, այնքան ավելի է արտագաղթն ահագնանում: Արտագաղթի սոցիալ-տնտեսական և հոգեբանական պատճառները հստակ են: Տեսնողը տեսնում է և ամեն օր իր  «մաշկի վրա զգում», չտեսնողը կամ, ավելի ճիշտ, տեսնելու ցանկություն չունեցողը չի տեսնում: Այնինչ մեծ ջանքեր չեն պահանջվում դրա ընթացքը կասեցնելու, գոնե դանդաղեցնելու համար. հարկավոր է ընդամենը քաղաքական կամքի դրսևորում, գիտակցում և նվիրում պահանջող մոտեցում որոշակի հարցերի նկատմամբ, որոնց լուծման դեպքում քաղաքացիների շրջանում արթնացած արդարության  հույսի նշույլը  կարող է արգելակել արտագաղթելու ցանկությունը:

Որպեսզի կարողանանք հասկանալ արտագաղթի աճի բուն պատճառները, անհրաժեշտ է անկախության տարիները դիտարկել ըստ արտագաղթի տրամաբանության:

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մինչ անկախության շրջանը հայերիս համար «արտագաղթ» բառը ասոցացվում էր մեզ համար սև տարեթվի` 1915 թ.  հետ: Թուրքական յաթաղանից մազապուրծ մեր շատ հայրենակիցներ ճարահատյալ  արտագաղթեցին իրենց բնօրրանից: Հաստատվելով  օտար ափերում` նրանք երբեք չհրաժարվեցին հայրենիք վերադառնալու և սեփական օջախի ծուխը հայրենիքում ծխեցնելու երազանքից:

Նոր ժամանակաշրջանում արտագաղթի առաջին և բուռն փուլը, որքան էլ որ տարօրինակ է, անկախության առաջին տարիներին էր: Մարդիկ հեռանում էին երկրից` չզգալով երկրի «սեփականատերը» լինելու իրավունքը: Այդ տարիների արտագաղթողների գերակշիռ հատվածի համար հայրենիք կոչվածը ոչ թե Հայաստանի նորանկախ Հանրապետությունն էր, այլ անծայրածիր ԽՍՀՄ-ը` «մայր» Ռուսաստանով: Անհայրենիք մարդկանց դաստիարակությունը նրանց չէր պարտադրում հանուն հայրենիքի ապրել մի երկրում, որտեղ պատերազմ էր և բազում զրկանքներ: Մարդկանց այդ տեսակի հեռանալը երկրից, ինչ խոսք, ցավալի էր, բայց նաև որոշ իմաստով ցանկալի:  Սակայն այդ նույն տարիներին, հատկապես 1996-ի ընտրություններից հետո շատերը լքում էին Հայաստանն արցունքն աչքերին, անարդարությունից զզված: Ճարահատյալ հեռացածների մի մեծ զանգված այսօր էլ սպասում է իր ներգաղթի ժամին: Ոմանք նույնիսկ «շտապեցին» հայրենիք վերադառնալ, սակայն երկրորդ անդառնալի հարվածը ստացան` կրկին հիասթափված արտագաղթելով, և շատերի համար սա հերթական անգամ չոգևորվելու և չվերադառնալու ազդակ հանդիսացավ:

Արտագաղթի երկրորդ շրջանը, անկասկած, սկսվեց 1999 թ. հոկտեմբերի 27-ից հետո: Այս շրջանը պայմանականորեն կարող ենք նշել որպես անհանդուրժողականության, անարդարության և հատկապես երկրի հանդեպ անվստահության շրջան, երբ յուրաքանչյուրը մտածում էր ազատվել  անպաշտպանվածությունից:

Երրորդ շրջանը սկսվեց և ավելի ահագնացավ  2008-ի մարտի 1-ից հետո: Եթե ուշադիր զննենք  այս երեք ժամանակահատվածները, կնկատենք, որ  երկրի քաղաքական-հասարակական կյանքում առկա մի խավ, չհամակերպվելով ղեկավարման դիրքերը հանձնածի իր կարգավիճակին, իր շարունակական գործողություններով նպաստում է երկրում տիրող անհանդուրժողականության մթնոլորտի ծաղկմանը և դրանով գուցե անուղղակիորեն  աջակցում արտագաղթի աճին: Տեսաբանների և քաղաքական վերլուծաբանների մեկնաբանություններն այս կապակցությամբ շատ տարաբնույթ են,  բայց, ըստ իս, հարցին պետք է մոտենալ ոչ թե նման վերլուծությունների մակարդակով,  այլ պարզ, հասարակ տրամաբանությամբ:

Գալով 90-ականների արտագաղթի պատճառներին` չեմ կարող չնշել, որ այդ ժամանակաշրջանի արտագաղթը հիմնավորապես տարբեր էր ներկայիս արտագաղթից: Հիմա և՛ գազ կա, և՛ լույս: Չնայած պատերազմը դեռ չի ավարտվել բայց, փառք Աստծո, պատերազմական գործողություններ չկան, ինչպես նաև չկա պարտադրված զորակոչ: Բանտերը լցված չեն քաղբանտարկյալներով, մամուլի միջոցները համեմատաբար ազատ են`  ակնհայտ, բռնի միջամտության չեն ենթարկվում, սննդամթերքը լի է և, ամենակարևորը, առանց կտրոնների, բայց մեկնում են, հեռանում անվերադարձ: Ավելին` արտագաղթը, կարծես, մոդա է դարձել: Ում հետ խոսում ես, պարզվում է` երազում է օր առաջ հայրենիքը լքելու մասին: Ինչո՞ւ: Չէ՞ որ ընդամենը մի քանի տարի առաջ ներգաղթ էր սկսվել: Այնպես չէ, որ ներգաղթի տարիներին երկիրը թևակոխել էր բացառիկ ժամանակաշրջան, և ամեն ինչ հարթ ու հանգիստ էր: Հոգսերը նույնն են, ինչ այն ժամանակ:  Այդ դեպքում ի±նչը հանկարծ մարդկանց այսքան անհավատ դարձրեց  հայրենիքի ապագայի նկատմամբ: Պատճառներ կան, և դրանք բազմաթիվ են: Չեմ ցանկանում արդարացնել երկիրը լքած շատ ընկերներիս, բայց հանուն արդարության պետք է նշեմ, որ ես էլ  էի  սկսել հաճախ մտածել արտագաղթելու մասին: Նույնիսկ պահ  եղավ, որ արտահայտվեցի հրապարակայնորեն: Խորհրդարանական ընտրություններից հետո էր: Մի՞թե նորմալ է, երբ բացեիբաց, ընտրակաշառքով մարդուց` սոցիալապես անապահով մարդուց գնում են նրա ձայնի իրավունքը, իսկ հետո կապույտ էկրանից սրբի կեցվածքով խոսում ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների մասին:  Արդեն տարօրինակ էլ չէ, երբ  այդ նույն կապույտ էկրանից առաջատար լրագրողները, «սրտացավ» մտավորականները, «հաղթած» քաղաքական գործիչները, մոռանալով իրենց  մասնագիտական և բարոյական պարտքի մասին, շարունակում են քստմնելի խաբեությունը: Իհարկե, այս դեպքում խաբել բառը տեղին չէ, պետք է ասել` մանիպուլյատիվ հնարքներ գործադրել: Հավանաբար հենց այս մանիպուլյատիվ հնարքը նկատի ուներ հայտնի լրագրողը, երբ մեղադրելով գործընկերներին` հորդորում էր բարձրացնել աշխատանքի որակը: Մինչդեռ աշխատանքի որակի իրական բարձրացման դեպքում (խոսքս վերաբերում է բոլորին) ի հայտ կգա նաև իրական հայրենասիրության մոդելը, և հայրենիքն այլևս չի դիտվի միայն որպես բարեկեցիկ ապրելու վայր: Աշխարհի բոլոր ժողովուրդներն էլ իրենց բարեկեցությունը նվաճել են աշխատանքի, պայքարի և կրթվածության միջոցով:  Ոչ ոք մեղավոր չէ Հայաստանում ստեղծված աննորմալ մթնոլորտի համար, բացի մեզանից: Ցավոք, մենք այդպես էլ շարունակում ենք մնալ անհայրենիք մտածողությամբ, և յուրաքանչյուրս մեր հոգու խորքում թարմ ենք պահում արտագաղթի գաղափարը: Կարճ ասած` ապրում ենք արտագաղթով, իսկ արտագաղթողի հոգեբանությամբ քաղաքացին երբեք չի կարողանա երկիր կառուցել: Ոչ թե նրա համար որ չեն թողնում, այլ` որ այդ երազանքը չունի:

Դեպի երազանք ազգերին տարել են առաջնորդները: Մենք` հայերս, երբեք առաջնորդի պակաս  չենք ունեցել, բայց և այդ նույն առաջնորդից միշտ հունցել ենք դավաճանի կերպար: Անվստահության աստիճանը մեզ մոտ ամենաբարձր մակարդակին է: Գուցե պատճառն այն է, որ մեր առաջնորդները, որպես կանոն, իրենց շրջապատում են անվստահելիներով, ինչու չէ` նաև տգետներով: Դա էլ իր պատճառներն  ունի`  ժողովուրդն իմաստուն է: Այստեղից էլ գալիս է երկկողմանի անհանդուրժողականությունը, որը հանգեցնում է համակարգի կաթվածահարության: Նման համակարգերը  սոցիալական խնդիրներ լուծել ի վիճակի չեն: Նրանց մի բան է մնում` ապրել և կառավարել մանիպուլյատիվ միջոցներով: Իսկ քանի որ նման դեպքերում մանիպուլյացիայի չափաբաժինը խախտվում է, հասարակությունն իր հակազդեցությամբ  ինքն է դառնում այդ նույն չափաբաժնի կրողը: Այստեղից էլ ծնվում է անվստահությունն ու անպատժելիությունը:

Ժողովուրդն, իրոք, իմաստուն է և որպես հավաքական կերպար ավելի արագ է զգում մոտեցող վտանգն ու, հավաքականությունից մասնատվելով անհատի,  նախընտրում է ինքն իրենով լուծել իր անվտանգության խնդիրները: Հենց այստեղ է, որ անհատի ինքնուրույն որոշման արդյունքում առաջ է գալիս խնդրի լուծման ամենապարզ  բանաձևը` արտագաղթը, որն ընդամենը հարցի լուծման ժամանակավոր տարբերակ է: Դրանից հետո է, որ հայտնվում են անցանկալի իրավիճակներում, և որոնցից ձերբազատվելն այլևս  դառնում է անհնար:

Խնդրի բարդությունը գիտակցելու համար պետք է կարողանանք արժևորել մեր անցած ուղին և, ամենակարևորը, դաս քաղենք  գործած սխալներից, որոնց մասին, ցավոք, նախընտրում  ենք  լռել: Ամեն տեղ չէ և ոչ ամեն դեպքում է, որ լռությունը ոսկի է: Մեր դեպքում լռությունը կործանարար է: Ահավասիկ` Սիրիայի դեպքերը կամ  անծայրածիր «մայր» Ռուսաստանից համարյա ամեն օր հայրենիք բերվող դիակները:

Վերջերս Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Բերիո թեմի առաջնորդ  Շահան սրբազան Սարգիսյանը մի աներևակայելի միտք էր հայտնել: Ասել էր` սիրիահայությունը Հայաստան գաղթելու պատճառ չունի: Ես ինձ իրավունք եմ վերապահում ըմբոստանալ այս հայտարարության դեմ և բացատրել հարգարժան Սրբազանին, որ հայը Հայաստան չի կարող ԳԱՂԹԵԼ: Երբ նման արտահայտություն ես անում, նշանակում է` Հայաստանը հայի համար դարձնում ես հերթական երկրներից մեկը, ուր կարելի է գաղթել և ապրել այնքան, մինչև որ կհայտնվես միջկրոնական, ներազգային և այլ կարգի պատերազմական իրավիճակներում: Նման հայտարարությամբ նաև կրթում ես քո հոտը՝ որ հայրենիքը վերացական է, իրական հայրենիքն այն է, որտեղ ապրում ես: Այդ դեպքում հարգարժան հոգևորականը թող բացատրի, թե ինչ եղավ ժամանակին ամենամեծ և ամենահարուստ եգիպտահայ համայնքի հետ: Միայն այս մեկ դեպքը, իսկ դրանք բազմաթիվ են, լավ ուսումնասիրելու դեպքում կերևա մի պարզ ճշմարտություն`  որ ազգերը չեն կարող լինել կենսունակ, եթե չունեն սեփական  հայրենիք: Ցանկացած  երկիր, որը քեզ գրկաբաց ընդունել է, ինչ-որ  պահի քեզ կդարձնի երրորդ կարգի անձնավորություն: Եվ ոչ մի եվրոպական, արևմտյան  քաղաքակրթություն ի վիճակի չէ ապահովել քո անվտանգությունն ու ազգային ինքնությունը: Դարեր շարունակ խաբվել ենք և շարունակում ենք սիրահոժար խաբվել: Մեր մատի փուշն ալարում ենք հանել, բայց պատրաստակամ ենք օտարի գերանները քարշ տալ  ու  դեռ դժգոհում ենք, որ  փտախտ է սկսվել:

Ի±նչ անել: Լուծումը մեկն է: Մաքրել ավգյան ախոռները, հրաժարվել մանիպուլյատիվ մեթոդներից և ժողովրդի հետ լինել անկեղծ, աշխատել անկեղծ և սիրել: Հատկապես վերջինը քրիստոնեական է: Պետք է սիրել սեփական ժողովրդին: Արհամարհանքը ծնում է հակազդեցություն: Եվ պետք է բարձրաձայնել  արտագաղթի վտանգների մասին ոչ միայն երկրին պատճառելիքի առումով, այլ հենց արտագաղթողի ընտանիքի: Պետք է օրնիբուն աշխատել մարդկանց սոցիալական վիճակը կարգավորելու ուղղությամբ և, որ ամենակարևորն է,  վերականգնել արդարությունը: Արտագաղթողների մեծ մասը երկիրը լքում է արդարություն չգտնելու պատճառով: Իսկ արդարությունը կգա միայն մի դեպքում` երբ օրենքը կհարգվի վերևից ներքև, այլ ոչ թե այնպես, ինչպես ներկայում է:

Հասկանում եմ` խնդիրը շատ բարդ է, որովհետև հիվանդությունը շատ է խորացել: Ախտահարված է նույնիսկ քաղաքականացված երիտասարդությունը, որոնք պատրաստվում են  դառնալ երկրի վաղվա ղեկավարները: Վերարտադրության արդյունքում առաջացած ՙտեսականին՚ ավելի վտանգավոր է: Բայց պետք է հասկանանք, թե ովքեր են ջանք գործադրում իրենց տեսակը վերարտադրելու համար և ինչու: Կարճ ասած` երկրին պետք է մտածողության` մտքի հեղափոխություն: Սեփական ուժերով և սեփական ցանկությամբ: Պետք է մնալ, չգնալ`  ի հեճուկս այն  բոլոր պատեհապաշտների, որոնց համար հայրենիքը սոսկ փողի աղբյուր է և քնելավայր: Չպետք է դառնացած հեռանալ: Այդ դառնահամը հայրենիքի հետ ոչ մի կապ չունի: Հայրենիքը չի կարող դառը լինել, այն դառնացնում են նրանք, ովքեր հայրենիքի մասին բարձրակոչ կենացներ են ասում: Դրանք հենց այն անհայրենիք վարակակիրներն են, ովքեր իրենց գործունեությամբ «պարտադրում»  են մարդկանց դառնալ անհայրենիք և բռնել  գաղթի ճանապարհը: Պետք է գործի հակազդման մեխանիզմը: Մեկընդմիշտ և կտրուկ, բայց ոչ երբեք արնակալած աչքերով: Պարզ, քաղաքակիրթ և, որ ամենակարևորն է, հայկական քաղաքակրթության բանաձևով:

Այս իրավիճակից դուրս գալու հայկակա՛ն բանաձևը պետք է աշխատի,  ոչ թե վրացականը, որ վերջին շրջանում մատնացույց է արվում: «Վրացական երազանքը» մեր իրականության հետ ոչ մի աղերս չունի: Վրացական տարբերակ  չի լինի, որովհետև մենք վրացի չենք: Եվ լավ է, որ վրացի չենք, բայց, ցավոք, չենք գիտակցում նաև, որ հայ ենք:

 

Անդին 1, 2013

Share

Կարծիքներ

կարծիք