Ինչու ես լքեցի դահլիճը

20150901164647407

(երիտթուրք պարագլուխ Ջեմալ փաշայի թոռան՝ Հասան Ջեմալի գրքի շնորհանդեսի առիթով)

 

Ես իմ շատ տարեկիցների նման առաջին անգամ Ջեմալ փաշա անունը լսել եմ մանկությունից պատանեկություն տանող անցումային տարիքում, երբ «կորուսյալ հայրենիք», «ցեղասպանություն» հասկացությունները սկսեցին ավելի առարկայական տեսք ստանալ ու իրենց տեղը գրավել իմ ընկալման մեջ: Հետագայում արդեն Ջեմալ փաշա անունը ավելի խորը և նեղ մասնագիտական երանգ ստացավ թուրքագիտություն ուսանելուս և թուրքագիտության ոլորտում մասնագիտանալուս տարիներին:

Այդ նույն Ջեմալ ազգանվամբ մեկ այլ անձի՝ Հասանի մասին լսել էի մասնագիտական՝ թուրքագիտական դաշտում ավելի խորանալու ժամանակ և տեղեկացել, որ Հասան Ջեմալը երիտթուրք պարագլուխ Ջեմալ փաշայի թոռն է, Թուրքիայում բավական հայտնի լրագրող, հրապարակախոս: Իր լրագրողական գործունեության ընթացքում Հասան Ջեմալը երբեմն զբաղեցրել է նաև թուրքական պետության խոսափող լրատվամիջոցների գլխավոր խմբագրի պաշտոնը և, բնականաբար, կրել, քարոզել ու տարածել այդ նույն պետության գաղափարական թեզերը:

Հասան Ջեմալի անունը ավելի ուշ սկսեց զուգորդվել Թուրքիայում այլախոհ, ընդդիմադիր լրագրողների, հրապարակախոսների և հասարակական գործիչների այն խմբի հետ, ովքեր Հայոց ցեղասպանության խնդրի վերաբերյալ պետականից տարբերվող թեզերի մասին էին հայտարարում և անգամ նախաձեռնեցին «Ներողություն ենք խնդրում հայերից» ստորագրահավաքը: Այս ամբողջ գործընթացի մեջ Հասան Ջեմալը տարբերվում էր, սակայն, ոչ այնքան իր հրապարակախոսության առանձնահատկություններով, որը բոլորովին այլ վերլուծության թեմա է, այլ հենց միայն իր ազգանունով և տոհմական պատկանելությամբ. նա երիտթուրք պարագլուխ Ջեմալ փաշայի թոռն է, ուստի նրա պահվածքն ու հայտարարությունները փոքր-ինչ այլ ընկալում և տարածում էին գտնում:

2012 թ. Հասան Ջեմալը դարձավ թուրքական և միջազգային մամուլի, հասարակական-քաղաքական շրջանակների օրակարգի առաջնային կերպարներից մեկը, և դրա պատճառը այն էր, որ հրատարակել էր մի գիրք «1915. Հայոց ցեղասպանությունը» վերտառությամբ: Բարձրացավ աղմուկ, իսկ թուրքական իշխանությունների պարագայում՝ հիստերիա, և դրա պատճառը թաքնված էր ոչ այնքան գրքի բովանդակության մեջ, որը շատերին դեռ ծանոթ չէր, այլ հենց միայն հեղինակի ազգանվան և վերնագրի մեջ: Հայոց ցեղասպանությունը կազմակերպած և իրականացրած ոճրագործներից մեկի թոռը համարձակություն ունի այդ իրադարձություններին տալ իրենց իսկական իրավական անվանումը՝ ցեղասպանություն: Ինչևէ, աղմուկը հետզհետե մարեց, իսկ որոշ ժամանակ անց ևս մեկ անգամ բորբոքվեց, քանի որ Հասան Ջեմալին հանել էին թուրքական հեղինակավոր «Միլլիյեթ» թերթի սյունակագրի պաշտոնից, և շատերը դա կապեցին իր հայտարարությունների և մասնավորապես սկանդալային գրքի հետ:

Որոշ ժամանակ անց ես ծանոթացա Հասան Ջեմալի գրքին, որը կարող ենք համարել նաև նրա տարբեր տարիների հոդվածների ժողովածու, և կարևորեցի այն. գիրքը ոչ թե նվիրված է Հայոց ցեղասպանությանը՝ դրա պատմագիտական կամ իրավական կողմին, այլ ներկայացված է թուրքական հասարակության մեջ և, ավելի կոնկրետ, այդ հասարակության որոշակի հատվածում Հայկական հարցի վերաբերյալ ընդհանրապես ու Հայոց ցեղասպանության վերաբերյալ մասնավորապես ծավալվող քննարկումները, դրանց զարգացումը, լրագրողների և հասարակական գործիչների տեսակետների էվոլյուցիան, և այդ ամենը կառուցված է հենց իր՝ Հասան Ջեմալի անձնական օրինակի վրա: Նա որպես լրագրող հարելով պաշտոնական թեզին՝ տասնամյակներ անց սկսում է հետաքրքրվել այլընտրանքային պատմագրությամբ, որն ընդլայնում է նրա մտահորիզոնը, իսկ արդեն 2000-ականներին և հատկապես 2007 թ. Հրանտ Դինքի սպանությունից հետո դրդում նրան խոստովանել իրականությունը և այդ դեպքերը անվանել ցեղասպանություն: Սա, ինչ խոսք, հետաքրքիր և ուշագրավ զարգացում է Թուրքիայում, որը պետք է համապատասխան գնահատականի և վերաբերմունքի արժանանար ինչպես մասնագիտական, այնպես էլ հասարակական լայն շրջանակների կողմից:

Սակայն գիրքը արժևորելով հանդերձ որպես թուրքագետ ես չէի կարող չնկատել դրանում առկա որոշակի վիճելի դրույթներ, թուրքական և ադրբեջանական քարոզչության ակնհայտ կամ քողարկված տարրեր, անընդունելի և պատմական իրողություններին հակասող ձևակերպումներ և տերմիններ: Այս ամենը կարող էին բխել ինչպես հեղինակի գաղափարական և սկզբունքային կողմնորոշումներից, այնպես էլ խնդրի խորքային ասպեկտների մասին նրա անտեղյակությունից:

 

Կարդացեք ԱՆԴԻՆԻ 2014թ. 11-րդ համարում

 

Share

Կարծիքներ

կարծիք